Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մուսաները Արցախում չեն լռում

Մուսաները Արցախում չեն լռում
20.01.2015 | 13:07

Արցախի պետական կամերային նվագախմբի տարեվերջյան համերգը (դեկտեմբերի 26-ին) Ստեփանակերտում նվիրված էր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին։

Համերգը վարում և մեկնաբանում էր նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԼՂՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։

Մենակատարներնէիներգչուհիներ Լիլիթ Պետրոսյանը, Սոֆյա Մելքումյանը և Երևանից հրավիրված, միջազգային մրցույթի դափնեկիր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան, ջութակահար Ֆելիքս Հարությունյանը (պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի դասարան)։

Երեկոն բացվեց մաեստրո Մուրադյանի ողջույնով ու բարեմաղթանքով, այնուհետև հնչեց Վոլֆգանգ Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադի» 1-ին մասը։

Ավելի տոնական սկիզբ դժվար էր պատկերացնել. Պուշկինը կասեր՝ «ոսկեհուր շամպայնի շիթեր ցայտեցին»։ Տոնական տրամադրությունն ավելի թեժացնելու նպատակով սերենադի կայծկլտուն ֆինալը մաեստրոն հնչեցրեց համերգի վերջնամասում` ծիածանի պես կամարակապելով ու ամբողջացնելով ծրագիրը։

Մոցարտագետ Ալֆրեդ Այնշտայնն այս կառուցիկ, ճախրուն սերենադը բնորոշել է որպես «գլուխգործոց»։ Թեպետ նվագախումբն ընդամենը տասը տարվա խոչընդոտներով լի պատմություն ունի, սակայն, շնորհիվ սիրո և միաբանության, սերենադը հնչեց «մոցարտավարի»՝ նրբագեղ ու լուսեղ։ Եվ եթե դահլիճում ներկա լիներ որևէ ավստրիացի, հավանաբար, կկռահեր, որ մաեստրո Մուրադյանն իր արվեստը խորացրել ու կատարելագործել է հենց Մոցարտի երկրում՝ Վիեննայում։

Ծրագրի 2-րդ ստեղծագործությունը մեզ «տեղափոխեց» Իտալիա՝ հնչեց Արկանջելո Կորելլիի «Երեք պիես» շարքը։ Այն կազմվել է ջութակի համար գրված Կորելլիի երեք տարբեր սոնատների առանձին մասերից և փոխադրվել նվագախմբի համար։ Սարաբանդան՝ օպուս 5, թիվ 7 սոնատից է, Ժիգան՝ թիվ 9, Բադիներին («Կատակը»)՝ թիվ 11 սոնատից։

Սարաբանդան ծագումով իսպանական պար է՝ սգո, վեհաշուք բնույթի, իսկ Կորելլիի մոտ՝ նաև պաթետիկ և ողբերգական շեշտերով։ Ժիգան անգլիական է. ի սկզբանե առնական, աշխույժ։ Կորելլիի մոտ այս պարն ավելի քնարական է, միջերկրածովային հովերով համակված, մինչդեռ «Կատակը» խաղացկուն է, սրընթաց, վերջում տեսիլքի պես մարող ու չքացող։ Մաեստրոյի մեկնաբանումը, նվագախմբի կատարումը միանգամայն համահունչ էին Կորելլիի երաժշտության տառին ու ոգուն։ Դառնալով համերգի ծրագրին՝ նշենք, որ այն փնջված էր ճաշակով ու ներդաշնակ. ինը գործիքային պիեսների կողքին շողշողում էին հինգ երգեցիկ գործեր՝ նվագախմբի ընկերակցությամբ։

Առաջին վոկալ գործը Տոսկայի արիան էր՝ Ջակոմո Պուչչինիի «Ֆլորիա Տոսկա» օպերայի 2-րդ գործողությունից։ Այս արիան արտացոլում է հերոսուհու հակասական հոգեվիճակը. Տոսկան կամ պետք է ենթարկվի անբարո ոստիկանապետ Սկարպիայի ստոր կամքին, որպեսզի նա մահապատժից ազատի իր սիրեցյալին` գեղանկարիչ Կավարադոսիին, կամ էլ պիտի սպանի այդ դահճին։ ՈՒ Տոսկան իր պատիվը փրկելու և Կավարադոսիին ազատելու նպատակով ստիպված դաշունահարում է Սկարպիային։ Սակայն դա էլ չի փրկում, քանզի դահճի կեղծաբար խոստացած դատարկ փամփուշտների փոխարեն Կավարադոսսիի վրա կրակում են լեցուն փամփուշտներով։ Եվ Տոսկան, խուսափելով դահիճներից, ամրոցի պարսպից նետվում է անդունդը։

Ահա այս ապրումներն են արտացոլվում Տոսկայի արիայում։

Ապրելով արվեստով, ապրելով սիրով,

Ես երբեք ոչ մեկին վնաս չեմ պատճառել։

Տեսնելով աղքատի, տնանկ-թշվառի,

Օգնել եմ բոլորին, ծպտյալ, աննկատ։

Հավատով անբասիր աղոթել եմ ես

Սրբերին խնդրելով բարեխոս լինել։

Հավատով ու սիրով, վարդ-մանուշակով

Խորանն եմ զարդարել, փառք տվել Աստծուն։

Ինչո՞ւ Դու, Արարիչ, իմ վշտի պահին

Այդպես ես հատուցում քո հեգ ծառային։

Զարդերս տվել եմ Մարիամին ընծա,

Երգերս առաքել առ երկինք, աստղեր,

Որ երկնակամարի լույսն են շատացրել,

Մեզ ժպիտ ընծայել ու պայծառացել։

Ինչո՞ւ Դու, Արարիչ, իմ վշտի պահին

Այդպես ես հատուցում քո հեգ ծառային։

(թարգմանությունը՝ Դանիել Երաժշտի)

Հոգևոր երգի, աղոթքի ոգով ստեղծված այս արիան երաժշտագետները համեմատում են Ռաֆայելի, Վերածննդի շրջանի այլ մեծերի պատկերած «մադոննաների» հետ, նկատելով մեղեդու հանդարտիկ ծավալումը, որը, ծաղկի պես բացվելով, հասնելով գագաթին, խոնարհվում է, բայց և մնում անթառամ։

Այսպես էլ արիան կատարեց շնորհաշատ երգչուհի Սոֆյա Մելքումյանը՝ մաեստրո Մուրադյանի զգայուն նվագակցությամբ։ Նույնքան հուզիչ էր Անուշի երգը Արմեն Տիգրանյանի համանուն օպերայից։

Երաժշտության ծավալումը հաճախ համեմատում են գետի հոսանքի հետ։ Այս երգում, կարելի է ասել, երկու «գետ» է հոսում և ընդխառնվում՝ կոմպոզիտորի ստեղծածը և բանաստեղծական տեքստի «երաժշտությունը»։

Ահավասիկ, մի հատված Հովհաննես Թումանյանի ջինջ պոեզիայից.

Ասում են ուռին

Աղջիկ էր ինձ պես,

Մընում էր յարին

ՈՒ չեկավ նա տես։

Խեղճը դողալով,

Անհույս կռացավ,

Դարդից չորացավ,

ՈՒռենի դարձավ...

Այս սրտառուչ երգը կատարեց Լիլիթ Պետրոսյանը, որը խորաթափանց կերպով վերստեղծեց Անուշի խոնարհ, անարատ կերպարը։ (Ի դեպ, Լիլիթն Արցախում առաջինն է ամբողջությամբ ներկայացրել Անուշի դերը՝ համերգային կատարմամբ)։ Լիլիթից հետո կրկին բեմ բարձրացավ Սոֆյա Մելքումյանը։ Այս անգամ նա երգեց Լաուրետայի արիան Պուչչինիի «Ջաննի Սկիկկի» կոմիկական օպերայից։ Սյուժեն հիմնված է Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի վրա (Դժոխք, երգ XXX)։

Հակիրճ հիշեցնենք օպերայի բովանդակությունը։ Երիտասարդ Ռինուչչոյի ընտանիքը դեմ է նրա ամուսնությանը աղքատ, անօժիտ Լաուրետայի հետ։ Հիշյալ արիայում աղջիկն օգնություն է խնդրում հորից՝ Ջաննի Սկիկկիից։ Վերջինս, իմանալով, որ Ռինուչչոյի ազգական Բուոզո Դոնատին իր ամբողջ հարստությունը կտակել է հոգևորականներին, թաքցնել է տալիս հանգուցյալին, ինքն էլ «մահամերձ» Դոնատի ձևանալով, անտեղյակ նոտարին թելադրում է «իր» հարստությունը կտակել «իր» հավատարիմ ընկերոջը... Ջաննի Սկիկկիին, այսինքն՝ իրեն իսկ։

Այսպիսով նա կարողանում է օժիտ տալ դստերը և ամուսնացնել Ռինուչչոյի հետ։

(Մի պահ շեղվելով համերգից, նշենք, որ «Ջաննի Սկիկկի» օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1918-ի դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերայում», որտեղ Բետտո դի Սինայի դերակատարն էր հայազգի Պաոլո Անանյանը։ Ժամանակին Պաոլո Անանյանը երգել է Ֆյոդոր Շալյապինի, Բենիամինո Ջիլյիի, Տիտո Սկիպայի և այլ մեծերի հետ, մասնակցել «Բորիս Գոդունով», «Ֆաուստ», «Տոսկա» և այլ օպերաների ներկայացումներին)։ Դառնալով համերգին՝ մեջբերենք Լաուրետայի արիայի տեքստը, որը հիանալի երգեց Սոֆյա Մելքումյանը.

Ո՛վ իմ հայրիկ, սիրելիս,

Նա ինձ շատ է դուր գալիս,

Ազդեցիկ է ու արի։

Պորտա Ռոսսա կմեկնեմ,

Բերեմ նրան մատանի,

Որ նա սիրտն իր բաց անի։

Իսկ թե սերս խափանվի,

«Վեկիո» կամուրջ կգնամ,

Առնո գետը կնետվեմ։

Տառապում եմ ես սիրուց՝

Ինչո՞ւ պիտի համբերեմ։

Աստվա՛ծ, մեռնել կուզեմ ես,

Հայր, ինձ չանես սևերես։

(թարգմանությունը՝ Դանիել Երաժշտի)

Հաջորդ երգեցիկ գործը Կլարայի «Օրորոցային երգն» էր Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես» օպերայից։

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1935 թ. սեպտեմբերի 30-ին, Բոստոնի «Կոլոնիալ» թատրոնում։ Այս մանրամասնը նշում ենք, քանզի այստեղ էլ, ինչպես ասում են, հայի մատը խառն է։ Հիրավի, օպերայի բեմադրողն էր անվանի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։ Իսկ այսօր այդ օպերայի հատվածները երգում են նաև Արցախում, և լավ են երգում ու նվագում։

Այդպես հնչեց հենց Կլարայի «Summer Time» («Ամառվա պահին») երգը՝ Լիլիթ Պետրոսյանի կատարմամբ։ Ահա այդ աղքատ ու թշվառ նեգրուհու երգի տեքստը.

Ամառվա պահին կյանքն է սիրուն,

Առատ է ձուկը, բամբակն է ծաղկում,

Հայրիկդ սիրելի հարուստ է, հարուստ,

Մայրիկդ՝ գեղուհի, օժտված ի վերուստ։

Էլ ի՞նչ ես դու լալիս, բալիկս, մի՛ լար,

Խաղաղվիր, փոքրիկս, մանչուկս, մի՛ լար։

Մի օր էլ գեղեցիկ հնչումով երգի,

Քո բացված թևերով կճախրես երկինք։

Բայց մինչ այդ քեզ ոչինչ ցավ չի պատճառի,

Քանզի քո հայրիկը, մայրդ սիրասուն

Թիկունքիդ կանգնած են՝ հանց ամուր մի տուն։

Էլ ի՞նչ ես դու լալիս, բալիկս, մի՛ լար,

Խաղաղվիր, փոքրիկս, մանչուկս, մի՛ լար։

(թարգմանությունը՝ Դանիել Երաժշտի)

Վերջին վոկալ գործը Ջոակինո Ռոսսինիի «Երկու կատու» զավեշտական զուգերգն էր, որի տեքստը թարգմանության կարիք չունի, քանզի ամբողջությամբ հիմնված է «մյաու» մլավոցի վրա։ Եվ երգչուհիները, կարելի է ասել, հիանալի «մլավեցին» այս զուգերգը։ Կոմիկական էֆեկտն ընդգծվում էր նվագակցության չակերտավոր լրջությամբ։

Համերգի հայտնությունը ջութակահար Ֆելիքս Հարությունյանն էր։ Նա առաջին անգամ էր Արցախում, առաջին անգամ էր հնչում Արցախում նաև Նիկոլո Պագանինիի 2-րդ կոնցերտի ֆինալը՝ «Կամպանելլան» («Զանգակներ») (Արցախի կամերային նվագախմբի համար պարտիտուրան փոխադրել է Դանիել Երաժիշտը)։

«Կամպանելլան» դժվարագույն գործերից է՝ տեխնիկական հնարքների մի հանրագիտարան (կրկնակի ֆլաժոլետներ, ձախ ձեռքի մատներով պիցցիկատոներ, որոնք կիթառ են հիշեցնում, գլխապտույտ պասսաժներ, ակորդներ և այլն)։ Երիցս ճիշտ էր Ջակոմո Մեյերբերը, երբ ասում էր. «Այնտեղ, ուր վերջանում է մեր երևակայությունը, սկսվում է Պագանինին»։ Եվ, ի պատիվ Ֆելիքսի, ասենք, որ նա կարողացավ վիտուոզ կերպով հաղթահարել այդ դժվարությունները։ Անարդար կլիներ չնշել Ֆելիքսի նվագի մաքրամաքուր, զուլալ ինտոնացիան, որն առողջ սրտի պես աշխատում է անխափան, բայց իրեն զգալ չի տալիս։ Այդ հաջողությանը նպաստել էր նաև այն, որ ջութակահարը մինչ այդ մասնակցել էր Մալթայում և Հոլանդիայում կայացած վարպետության դասերին, հանդես եկել մենահամերգով, որտեղ և նվագել էր «Կամպանելլան»։ Բացի այդ, Ֆելիքսը Արցախ էր եկել ամբողջ ընտանիքով։ Նրանք այցելեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և մոմ վառեցին։ Եվ այդ մոմը լուսավորել էր դեպի «Օլիմպոս» տանող ճամփան...

Ինչ վերաբերում է Տիգրան Մանսուրյանի «Ադաջոյին»՝ «Ձյունե թագուհին» բալետից, ապա նախքան հիշյալ համերգը, Գ. Մուրադյանի ղեկավարած նվագախումբն այն կատարել էր կոմպոզիտորի հոբելյանական համերգին և արժանացել հեղինակի դրվատանքին։ Ավելի հեղինակավոր գնահատական դժվար է պատկերացնել։

Տպավորիչ հակադրություն էր Անդերսենի հեքիաթն արտացոլող Տիգրան Մանսուրյանի «հյուսիսափայլ» երաժշտությունը և Ռուբեն Ալթունյանի մշակած արևավառ «Քոչարին»։ Ժողովրդական այս պարն ունի հերոսական անցյալ. հայ զինվորները Բեռլինում այս պարով նշանավորել են 2-րդ աշխարհամարտի հաղթական ավարտը, այս պարով հայ ազատամարտիկները նշել են իրենց հաղթանակն Արցախում։ Այս պարն ունի ոչ միայն անցյալ, այլև ապագա. ինչպես պոետն է ասում.

Պարի՛ր,

Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,

Եվ այս պարը

ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՛Ն ՊԱՐԵՍ...

ԻսկհամերգըեզրափակողՌ. Ալթունյանի«Բերդ»պարիհրաշունչակորդներըվստահություններշնչեցին, որհայության«բերդը» այսուհետև էլ կմնա անսասան և անառիկ։ Համերգի վերջում մաեստրո Մուրադյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։ ՈՒնկնդիրների պայթուցիկ ծափողջույններից, ահռելի աշխատանքի արդյունքից ոգևորված՝ Գ. Մուրադյանը վստահեցրեց, որ, ի շարս մյուս նվաճումների, կլինեն նաև մշակութային ձեռքբերումներ։ Կամերայինը կընդլայնվի, կվերածվի սիմֆոնիկ նվագախմբի, ապագայում կհիմնադրվի օպերային թատրոն և այլն։

Հիրավի, այնժամ Պագանինիի «Կամպանելլայի» զանգակներին Արցախի լեռներում կարձագանքեն Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին», Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» և այլ օպերաների, և վերջապես, Արամ Խաչատրյանի «Զանգով սիմֆոնիայի» հաղթական ղողանջները։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Հ. Գ.

Հարցազրույցը մաեստրո Գևորգ Մուրադյանի հետ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ