«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Վանը բովանդակ Հայաստանի մայրաքաղաքն է»

«Վանը բովանդակ Հայաստանի մայրաքաղաքն է»
22.01.2015 | 14:54

1973-ի հունվարի 27-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում նորագույն զինյալ ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը, 78 տարեկան հասակում, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին և դատապարտվեց ցմահ բանտարկության:

Գուրգեն Յանիկյանը գործողությունից առաջ 120- էջանոց նամակ էր ուղղել «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթին, նկարագրել Հայոց ցեղասպանության պատմությունն ու իր արարքի դրդապատճառները: Նամակը նաև կոչ-պատգամ էր՝ ուղղված հայությանը:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսություն` նվիրված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի 40- ամյակին: Հանդիսությունն օրհնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
Հնչեց ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ կենդանի խոսքը՝ ձայնագրված բանտում. «Ես տեսել եմ մեր հայրենի գետերը կարմիրով ներկված, տեսել եմ, թե ինչպես մեր գետերի ալիքները տանում էին իրենց հետ մեր հարազատների անշունչ դիակները, անշունչ, կտրված գլուխները, կացնահար արած հայի բալիկները, արյունաքամ եղած մեր մայրերն ու բռնաբարված մեր քույրերը: Տեսել եմ այս բոլորն ու սարսափել, թե ուր է մարդկության խիղճը, որտեղ է պահվել արդարության աստվածը...»:
ԱՍԱԼԱ-ի հերոսի համար Հայ դատը մեկ իմաստ ունի` վերադարձնել հայրենական հողերը և հատուցել մեզ հասցրած վնասների դիմաց: Նա գիտեր, որ մենակ չի մնալու իր պայքարում:
1975-ի հունվարի 20-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ռմբահարելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակը, որ զբաղված էր հայերի արտագաղթի կազմակերպմամբ, ի լուր աշխարհի հայտարարվեց Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի ծնունդը:
Պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ ԱՍԱԼԱ-ի նպատակը ցեղասպանության ճանաչումը չէ, այլ հայոց հողերի ազատագրումը. «Ցեղասպանության ճանաչումը ածանցյալ է: Նրանք նաև վրիժառուներ չեն, ինչպես ընդունված է կարծել: Վրիժառուներ էին «Նեմեսիս» գործողության շատ խնկելի հերոսները»: Պատահական չէ նաև, որ ԱՍԱԼԱ-ն իր բոլոր փաստաթղթերում ստորագրել է «Վան»: «Վանը բովանդակ Հայաստանի մայրաքաղաքն է»,- ընդգծեց պատմաբանը:
Գրող, գրականագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կարծիքով (ԱՍԱԼԱ-ին նվիրված «Հատուցման տասներեք ղողանջ» գրքի հեղինակն է)՝ գաղտնի բանակի նպատակն էր աշխարհին հիշեցնել մեր և մեր ցավերի մասին. «Մինչև 1975 թվականը աշխարհը չգիտեր Ցեղասպանության մասին, շատերը չգիտեին անգամ, թե ով է հայը, Հայաստանը: Մեր գաղթօջախները ապրիլի 24-ը նշել են եկեղեցիների բակում, ակումբներում, իրենք իրենց մեջ ամփոփված: Միայն 50-60 տղաների շնորհիվ հնարավոր եղավ աշխարհին պարտադրել, որ խոսեն այս ցավի մասին»:
Գաղտնի բանակը 1975-ից մինչև 1991 թվականները իրագործել է մոտ 400 գործողություն, որոնք, բոլորն էլ համարվում են հաջողված: Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ճանապարհին զոհվել են ԱՍԱԼԱ-ի երեք տասնյակից ավելի մարտիկներ, մի քանի տասնյակ անդամներ կալանավորվել են և դատապարտվել: Եռաբլուրում ԱՍԱԼԱ-ն ունի իր անկյունը. Կարո Վարդանյանի բնորոշմամբ՝ խորհրդանշական տապանաքարեր են` առանց աճյունների…
Ինչպես նշվեց երեկոյի ընթացքում, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը չի լռել նաև Արցախյան գոյամարտում: Հանդիսությունն իրենց ներկայությամբ պատվել էին ԱՍԱԼԱ-ի մարտիկները: Մարտիրոս Ժամկոչյանը, Վազգեն Սիսլյանը, Սիմոն Նաիրյանը, Վարուժան Կարապետյանը, Հակոբ Ջուլֆայանը, Եսայի Ջուրյանը, Ներսես Դեմիրճյանը պարգևատրվեցին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ