Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչպե՞ս է Չինաստանից ներգաղթը կասեցնելու տեղաբնիկների թվի նվազումը Հեռավոր Արևելքում

Ինչպե՞ս է Չինաստանից ներգաղթը կասեցնելու տեղաբնիկների թվի նվազումը Հեռավոր Արևելքում
23.01.2015 | 00:16

ՉԺՀ-ում դեռևս ընդունված է տարեվերջին զեկուցել պլանների կատարման և տարատեսակ նվաճումների ձեռքբերման մասին, ինչպես, ասենք, լրատվամիջոցների տարածած այն հաղորդագրությունը, թե չինական Հեյլունցզյանի նահանգի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է 21,4 մլրդ դոլարի։ Դա 7,3 %-ով ավելի է, քան 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Նման հաշվետվությունները լիովին համապատասխանում են պահպանված ավանդույթներին և շարքային չինացիների շրջանում առանձին հույզեր, հնարավոր է, չեն առաջացնում։ Ռուսաստանում, ընդհակառակը, նման տեղեկությունը հատուկ լավատեսություն է առաջ բերում և հաստատում է նախագահ Պուտինի այն խոսքերը, թե «ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Չինաստանի միջև 2014 թվականին կհասնի 90 մլրդ դոլարի և կշարունակի աճել, չնայած տնտեսական բարդ իրավիճակին»։ Բայց այդ հաղորդագրության մեջ կան որոշ նրբություններ, որոնք առանձնակի նշանակալիություն են հաղորդում դրան։ Բանն այն է, որ չինական հյուսիսարևելյան Հեյլունցզյանի նահանգը գտնվում է Ամուր գետի ավազանում և սահմանակից է ՌԴ Անդրբայկալյան, ՈՒսուրական, Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասերին, այսինքն, այն տարածքներին, որոնք միայն 19-րդ դարի կեսերին են միացվել Ռուսաստանին, 1929 թ. եղել են խորհրդային և չինական զորքերի միջև մարտական գործողությունների ասպարեզ և որոնք, չինացիների մեծամասնության համոզմամբ, իրենց պապենական հողերն են։ Նկատենք, այդ տարածքների տնտեսության մեջ մեկ տարի առաջվա համեմատ Հեյլունցզյանի կապիտալ ներդրումների 20 % աճը կազմում է 1 մլրդ դոլար։ Ի դեպ, այդ ցուցանիշին է բաժին ընկել Ռուսաստանում չինական ներդրումների ավելի քան 30 %-ը, իսկ եթե դրան ավելացնելու լինենք Հեռավոր Արևելքի և Սիբիրի տարածաշրջանում չինական պատկառելի ներդրումները, ապա կստացվի, որ Ռուսաստանում բոլոր ներդրումների առյուծի բաժինը չինացիները նախընտրում են կատարել իրենց կողքին, կամ, ինչպես իրենք են ասում այդ հողերի մասին, «կորցրած տարածքներում»։

Մինչդեռ ռուսական իշխանություններին այս հանգամանքը, կարծես, ամենևին չի անհանգստացնում, ավելին, իրենք են այդ միտումները խորացնում։ Այսպես, «Առաջանցիկ զարգացման տարածքների մասին» օրենքում, որը երկար և բուռն քննարկվում էր Ռուսաստանում, և որը Պուտինը ստորագրեց անցած տարեվերջին, խոսվում է Հեռավոր Արևելքում հատուկ տարածքներ սահմանելու մասին։ Դրանցում սահմանափակվելու է ռուսական օրենսդրության գործողությունը, վերացվելու է տեղական ինքնակառավարումը, և դրանք կարող են երկարատև վարձակալության հանձնվել օտարերկրացիներին։ Օրենքից մի քանի մեջբերում անենք. «Առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման տարածքների՝ գործատուի գործառույթ իրականացնելու ռեզիդենտներն աշխատանքային գործունեության իրականացման համար ներգրավում և օգտագործում են օտարերկրյա քաղաքացիների... ընդ որում. 1) օտարերկրյա աշխատողների ներգրավման և օգտագործման համար թույլտվություն ստանալ չի պահանջվում, 2) աշխատանքային գործունեության նպատակով Ռուսաստանի Դաշնություն մուտքի հրավերը, ինչպես նաև առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման տարածքներում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվությունները տրամադրվում են առանց դրանց տրամադրման քվոտաների հաշվառման...»։ Այնուհետև, «Առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման տարածքների ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման ու զարգացման նպատակով թույլատրվում է առգրավել հողամասեր և (կամ) դրանցում գտնվող անշարժ գույքի օբյեկտներ, այլ գույք, ընդ որում, առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման տարածքների հողամասերի առգրավման որոշումը կարող է ընդունվել ընկերության կառավարչի միջնորդությամբ»։ Այ, այսպես։ Այսինքն, այս նոր օրենքով ստացվում է, որ ՌԴ տարածքում սեփականության իրավունքը, փաստորեն, չեղարկվում է, և վարձակալման համար նախատեսված տարածքներում, այդ օրենքի համաձայն, հողն ու գույքը կարող են բռնագրավվել ռուս սեփականատիրոջից՝ «ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման ու զարգացման համար»։ Ընդ որում, այդ տարածքներում ցանկացած թվաքանակով և ձևականորեն կապրեն ու կաշխատեն օտարերկրացիները։ Թե ո՞ր, դժվար չէ գուշակել։

Իհարկե, բնությունը, որպես կանոն, դատարկություն չի հանդուրժում, և այն, որ հսկայական հարստություններ ունեցող Հեռավոր Արևելքին և Սիբիրին «աչք է տնկել» լճացում ապրող Ռուսաստանի հաջողակ հարևան Չինաստանը, միանգամայն բնական է։ ՉԺՀ-ն վաղուց արդեն չի թաքցնում իր ձգտումը ձեռք մեկնելու Սիբիրի և Հեռավոր Արևելքի հումքային բազային, միաժամանակ նաև թեթևացնելու իր երկրի ժողովրդագրական բեռնվածությունը՝ իր բնակչության մի մասին վերաբնակեցնելով Հեռավոր Արևելքում։ Եվ պատահական չէ, որ նրանք վաղուց արդեն՝ հին պայմանավորվածությունների ու նախագծերի ժամանակներից, պայման են դրել. Հեռավոր Արևելքում երկաթուղիների ու ավտոմայրուղիների շինարարության, նույնիսկ Ռուսաստանի տարածքի վերամշակման ձեռնարկությունների շինարարության ասպարեզում կաշխատեն ՉԺՀ-ի քաղաքացիները։

Սակայն Կրեմլին էլ կարելի է հասկանալ, որը հույս ունի, թե ՉԺՀ-ի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը կխթանի տարածաշրջանի զարգացումը։ Իսկ այն, ինչպես հայտնի է, ռուսական ամենասուր խնդիրների մի յուրօրինակ համաձուլվածք է, հսկայական տարածություններ, որոնք ունեն թույլ տնտեսություն ու ցածր կենսամակարդակ և, որպես դրա հետևանք, համատարած սակավաբնակություն։ Բավական է ասել, որ վերջին 20 տարում օկրուգի բնակչությունը կրճատվել է մեկ քառորդով։ Դաշնային կենտրոնն անընդհատ ընդգծում է. «Հեռավոր Արևելքը ՌԴ-ի անբաժանելի մասն է», բայց միաժամանակ ռուսական ղեկավարության ձեռքն առանձին ծայրամասային շրջանների, ինչպես ասում են, չի հասնում, ասենք, փողն էլ վերջին ժամանակներս աղետալիորեն չի հերիքում։ Բայց ինչպե՞ս է այդ հաստատված նոր տնտեսական քաղաքականությունը նպաստելու ռուսական խնդիրների լուծմանը։ Ինչպե՞ս է Չինաստանից ներգաղթը կասեցնելու տեղաբնիկների թվի նվազումը Հեռավոր Արևելքում։ Եվ ինչո՞ւ պետք է չինական ընկերությունները փող ներդնեն ռուսական տնտեսության արդիականացման գործում։ Համաձայնեք, փաստորեն միշտ, օտարերկրյա կապիտալը, հոսելով օտար երկիր, շահագրգռված է շահույթ կորզելով, իսկ օտար տնտեսության զարգացումն ամենևին էլ առաջնահերթ չէ։

Եվ էլի մեկ հանգամանք, որը, թվում է, պետք է անհանգստացնի։ Ղրիմի պատմության պատճառով գերլարված ռուսական հասարակությունը, ավելի քան երբևէ, ենթակա է անհանդուրժողականության, և այլատյացությունը Պրիմորիեում ու Հեռավոր Արևելքում ևս բարձր մակարդակի վրա է։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, հարցման ենթարկվածների մոտ 54 %-ը համաձայն է այն պնդմանը, թե բոլոր ներգաղթյալներին՝ օրինական, թե անօրինական, ու նրանց երեխաներին հարկավոր է արտաքսել։ Հարցվածների գրեթե երեք քառորդը դեմ է արտահայտվել ներգաղթյալներին Պրիմորիեում մշտական բնակության իրավունք տալուն։ Իսկ այն հարցվածների թիվը, ովքեր, ըստ էության, անընդունելի են համարում իրենց մերձավորների ամուսնությունը չինացիների հետ, հասել է 90%-ի։ «Ռուսաստանը՝ ռուսներին» կարգախոսը պաշտպանող հարցվածների թիվը հասել է 77%-ի։ Ահա այսպիսի պատկեր է, և թե այն ինչպես է հարաբերակցվելու օտարերկրյա ընկերությունների օգտին հողի օտարման վերաբերյալ ռուսական նոր օրենքի և նրա դրույթների հետ, դժվար է ասել։ Մարդու մտքին ամենամռայլ սցենարներն են պատկերվում։ Իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի Չինաստանը, թեև կա ևս մի քանի հետաքրքիր հանգամանք։ Նախ, ռուսական այդ շրջանների զգալիորեն շատ բնակիչներ են վերջին տարիներին մեկնում Չինաստան, նրանց թիվը հասնում է հարցման ենթարկվածների 38 %-ին։ Անձամբ ես էլ եմ վկայում՝ Շանհայի ռուսական համայնքը մեծ մասամբ բաղկացած է ռուսական այդ տարածաշրջաններից գաղթածներից, նրանք այստեղ ապրում են ընտանիքներով, բավական հաջողակ են և, փաստորեն, մտադիր չեն մոտ ժամանակներս հեռանալ Չինաստանից։ Հասկանալի է, որ Ռուսաստանին հարող ՉԺՀ-ի նահանգներում նրանց թիվը շատ ավելի մեծ է։ Բացի այդ, Ռուսաստանի և Չինաստանի տարածքային հարցերը լիովին կարգավորվեցին 2005 թվականին։ Ռուսական գերատեսչությունների տվյալներով, Չինաստանին փոխանցվեցին 337 քառ. կմ ընդհանուր մակերեսով տարածքներ։ Իսկ չինական աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանը Չինաստանին է հանձնել 600 քկմ ընդհանուր մակերեսով տարածք, այդ թվում՝ Ամուր գետի մի շարք կղզիներ, նաև այն կղզիները, որտեղ Խաբարովսկի բնակիչների ամառանոցներն էին։ Չինաստանին հանձնված կղզիների մեջ է նաև Դամանսկի կղզին (չինական անվանումը՝ Չժենբաո), որի շուրջ ռազմական բախում էր եղել դեռ խորհրդային տարիներին։ Սակայն, չնայած դրան, երկու տարի առաջ՝ 2012-ին, Չինաստանը նորից պահանջներ առաջադրեց Ռուսաստանին, այս անգամ Ալթայի առնչությամբ։ Թե հետո ինչ է լինելու, ոչ ոք չգիտե։

Իսկ առայժմ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, «Հեռավոր Արևելքի որոշ շրջանների բնակիչներ, նայելով տեղի շինությունների վրա աշխատող չինացիներին, տխուր կատակում են. լավ են կառուցում... իրենց համար»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ