Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս ողբերգությունն առաջինը Աստծուն հարկավոր չէր, երկրորդը` Ավետիսյաններին, միգուցե երրորդն էլ՝ ռուս ազգին»

«Այս ողբերգությունն առաջինը Աստծուն հարկավոր չէր, երկրորդը` Ավետիսյաններին, միգուցե երրորդն էլ՝ ռուս ազգին»
23.01.2015 | 00:36

Գյումրիում տեղի ունեցածը դեռ երկար կմնա հանրային գիտակցության մեջ, վշտի խորությունը ժամանակն անգամ ի զորու չէ ամոքելու: Այսօր ամեն մեկն ունի իր վարկածը, մեկնաբանությունը, ու մինչ սպանության լիարժեք բացահայտումը վարկածների թիվը դեռ կբազմապատկվի: Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ տվյալ թեմայով «Իրատես de facto» ակումբում հրավիրված ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին։

«ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է»

-Կատարվել է սարսափելի դեպք: Հայաստանում նման ևս երկու դեպք եմ հիշում, երբ ընտանիքներ են ոչնչացվել, որոնցից մեկը բացահայտվել է։ Ցավոք, նման նախճիրներ լինում են: Այս դեպքի առանձնահատկությունն այն է, որ ողջ դաժանության ֆոնին նաև երեխաներ են սպանվել, ավելին, վեց ամսական տղեկ է սվինահարվել: Ի դեպ, Պերմյակովը երեխային սվինահարել է՝ պատճառաբանելով, թե փամփուշտ չի ունեցել, այնինչ տանը երկու չկրակած փամփուշտ է թողել: Ըստ իս, սրիկան պատվիրատուի պահանջով է իրականացրել այդ արարը, որպեսզի ահազդու լինի, երևա ձեռագիրը` օրորոցում սվինահարված երեխա: Մարդիկ բորբոքվեցին ու փողոց դուրս եկան: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց այդ ազնիվ մարդկանց շարքերում կային այնպիսիները, ովքեր կրակի վրա յուղ էին լցնում` մարդկանց հոգիներն ավելի ալեկոծելով:

-Կատարված հրեշագործությունն ո՞ւմ էր ձեռնտու:

-Ցանկացած հանցագործություն բացահայտելու համար քննչական մարմինները նախ պարզում են մոտիվը: Դեպքի վայրում և հետագա ցուցմունքներում նախճիրի մոտիվը չկա: Մի քանի աղճատված նախադասությունները, որ մամուլով հրապարակվեցին, մոտիվ չեն: Հանցագործն ասում է, թե ինքը գնացել էր ջուր խմելու, պատահական արթնացան, ու սպանեց, որ իրեն չմատնեն: Հարց է` վեց ամսական երեխան պիտի ցուցմունք տա՞ր, որ դեռ իր կյանքի առաջին բառն իսկ չէր թոթովել: Հետո էլ յոթ կիլոմետր է անցնում գիշերով, քաղաքում թափառում ու որոշում օտար մարդու տուն մտնել` ջուր խմելու: Տեսնելով, որ դուռը փակ է, ապակին հանում ու ներս է մտնում: Այս ամենն ընդհանրապես անտրամաբանական և սուտ է: Հստակ կարելի է ասել` հանցագործն ինչ-որ բան թաքցնում է: Մի՞թե յոթ դիակը «համարժեք» էր զորամասը լքելու վախին:

«ՈՐՏԵ՞Ղ Է ԽԼԱՑՈՒՑԻՉԸ»

-Մարդկանց գնդակահարելուց հետո երկու չկրակած փամփուշտ է թողնում, հանում է շորերը, որոնց վրա իր անուն-ազգանունն է գրված, հագնում է քաղաքացիական շորեր, ինքնաձիգի հետ միասին բոլորը թողնում է տանն ու հեռանում: ՈՒղևորվում է հայ-թուրքական սահման: Հարևանների ցուցմունքից երևում է, որ իրենք «թփոց» են լսել, իսկ երբ ինքնաձիգից նման ձայն է լսվում, նշանակում է՝ խլացուցիչ է օգտագործվել: Այս դեպքում որտե՞ղ է այն: Նա ամեն ինչ թողել է, բացի դրանից: Հետևաբար, եթե խլացուցիչը վերցրել է, ուրեմն նա զորամասից դուրս է եկել Ավետիսյաններին գնդակահարելու նպատակով: Որպես կանոն, եթե հատուկ ծառայությունները որևէ գործողություն են կատարում, թողնում են խճճված, սխալ հետք, որպեսզի նախաքննական մարմիններն իրենցից բացի ամեն տեղ գնան:

-Ձեր «հատուկ ծառայություններ» ասածը տվյալ դեպքի՞ն է առնչվում։

-Ո՛չ միայն։

-Ասել է` չեք կասկածում, որ կատարվածում խառն է ինչ-որ երկրի «հատուկ ծառայությունների» մատը։

-Կա թուրք-ադրբեջանական հետք։

-Ինչո՞վ եք բացատրում, որ ոճրագործը նման հանցանշաններ է թողել:

-Այդքան իրեղեն ապացույցների առկայությունը պատվիրատուի գծած սցենարով է: Նա տվել է հասցե, որտեղ կան երկու մանկահասակ երեխաներ, որոնցից մեկն օրորոցում է։ Պարզ է՝ փոքրիկների մահն առանձնահատուկ կցնցեր հասարակությանը։ Սա այն էր, ինչ պատվիրատուին պետք էր: Այս ընթացքում հատկապես սոցցանցերով այնպիսի վարկածներ շրջանառության մեջ դրվեցին, որ շատ շատերին ստիպեցին մտածել` մի՞թե այսքան հիվանդ մարդ կա Հայաստանում: Զորօրինակ, վարկածներից մեկը. Պուտինը հանդիպել է Էրդողանին, որ այս հանցագործությունը պլանավորեն։ Կամ գրում են, թե ռուսական հատուկ ծառայությունները մի քանի տարի մշակել են հրեշավոր այդ ծրագիրը: Այս ողբերգությունն առաջինը Աստծուն հարկավոր չէր, երկրորդը` Ավետիսյաններին, միգուցե երրորդն էլ՝ ռուս ժողովրդին, որպեսզի այսպես չպախարակվեր:

«102 ՌԱԶՄԱԲԱԶԱՆ ՀՀ-Ի ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՆ Է»

-Ռազմաբազայի հանդեպ դժգոհությունը, հակառուսական ելույթները մեզ ձեռնտու չեն, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից: 102 ռազմաբազան Թուրքիայի կոկորդին է կանգնած։ ՈՒ թուրքերը ոչ մի ձևով չեն կարող այն կուլ տալ: Ապրիլի 24-ին` մեր համազգային սգի օրը, Էրդողանը մեզ խնջույքի է հրավիրում: Եվ ո՞ւր` Թուրքիա: Եթե մի պահ թուլանանք, այդ գյուրզան մեզ կծելու է: Այսօր 102 ռազմաբազան մեր և թուրքերի միջև կառուցված ամուր պատ է: Դա ՀՀ-ի ապահովության պատն է: Մինչդեռ այսօր ազգովին ցանկանում ենք այդ պատից ազատվել: Սա ինձ հիշեցնում է պատմական մեկ այլ դրվագ, երբ պոռոտախոսների, կիսախելագարների, գործակալների խելքին ընկած թողեցինք Կարսի անառիկ ամրոցը, որտեղ 5 տարվա սնունդ և ռազմամթերք էին կուտակված։ Գործակալների միջոցով Կարսի ամրոցի պաշտպաններին խուճապի մատնեցին։ Եթե այնտեղից պաշտպանները դուրս չգային, հավատացած եղեք, Կարսի ամրոցը մինչ օրս մերը կլիներ:

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՈՒՄ»

-Սկսվեց հակառուսական հիստերիա, որը պետք էր նրանց, ովքեր մինչ Գյումրու դեպքերը չէին կարողանում տասը հոգի հավաքել և հակառուսական հանրահավաք անցկացնել: Դեպի Մայդան տանող կոչերը ո՞ւմ են հարկավոր: Իհարկե, այն ուժերին, որոնք նախապես ծրագրել են, թե Հայաստանը որտեղ պետք է լինի: Վերջիններս մոռացել են, որ արևմտյան այդ ուժերի աչքի առջև 1915-ին մի ողջ ազգ մորթեցին: Անգլիացիներն ասացին, որ «կօգնեինք հայերին, բայց, ցավոք, մեր նավերն իրենց լեռները չեն բարձրանա»: Թողնելով հայ բնակչությանը թուրքին, ֆրանսիացիները սկսեցին Սսի նավահանգստից փախչել` ձիերի սմբակներին շոր կապելով, որ ձայնը չլսվի: Իտալացիները, անգլիացիներն Իզմիրի (հայկական Զմյուռնիայի) նավահանգստում չտեսնելու են տալիս հայերի սպանդը: Մի գիշերում 30 հազար հայ մորթվեց: Նավերի իտալացի և անգլիացի անձնակազմերին հրամայված էր ծով դուրս չգալ, որ ջուր նետվածներն իրենցից փրկություն չհայցեն: Օրինակները բազմաթիվ են, թե ինչպես են արևմտյան տերությունները վերաբերվել հայկական ջարդերին: Վաղը, եթե ընկնելով գործակալների խելքին, 102 ռազմաբազային ասենք` ո՛չ, չգիտեմ այդ ասողներից քանիսը զենքով կկանգնեն թուրքի ժամանակակից հրասայլերի դեմ դիմաց, ու նրանց մուտքը Հայաստան կկանգնեցնեն: Այնպես որ, այս ոճրագործության կապը թուրք-ադրբեջանական և նրանց հատուկ ծառայությունների տանդեմում պիտի տեսնել: Այդ ծառայություններն ունեն ձեռագիր, որոնք մեր տարածք մուտք գործեցին տարաբնույթ ՀԿ-ների միջոցով: Հատուկ օրենքներ մեզ ընդունել տալով, տեղավորվեցին «փափուկ» անկյուններում: Եկան, օրինակ, աղանդավորական կազմակերպություններով: Հայտնի է, որ ոճրագործի հայրը աղանդի ղեկավար է: Աղանդների միջից են հենց նման հավաքագրումներ իրականացվում: Այս վարկածին պիտի ուշադրություն դարձնեն իրավապահները:

«ՌՈՒՍՆԵՐԻ ՊԵՍ ԿՎԱՐՎԵԻ»

-Ռուսական կողմի դիրքորոշումն ինձ լիովին հասկանալի է: Ես էլ լինեի՝ այդ սրիկային կպահեի, կխոսեցնեի, կպարզեի, թե էլ ով ունի ռազմաբազայում: Չէ՞ որ ամբողջ ռազմաբազան նստած է վառոդի վրա, եթե պայթյուն լինի, հազարավոր մարդիկ կզոհվեն: Պետք է այդ պատասխաններն ունենայի, հետո միայն հանձնեի հայ իրավապահներին: Ինձ համար անհասկանալի է մեր իշխանությունների մոտեցումն այս խնդրին: Գյումրիում մեկ շաբաթ պայթյունավտանգ իրավիճակ է, ոստիկանությունն ու ժողովուրդն անսանձ հարձակվել են միմյանց վրա, բայց մերոնք լուռ նստած են: Ընդամենը մեկ բան պիտի անեին: Դեպքի երկրորդ օրը իրավաբան նստեցնեին իրենց Հ1-ում, որը պետք է բացատրություններ տար, թե ինչու է գործն այսպես ընթանում, որ մարդիկ այդ ճշմարտությունը փողոցից չիմանային: Իրականությունը մեկն է. այս ամենն ամրագրված է ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ և պայմանագրով: Հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է մերոնք զբաղվեն դրանով, իսկ քանի որ ռուս զինծառայող է իրականացրել, ռուս իրավապահները ևս պետք է գործին հետևեն, այսինքն՝ հանցագործությունը, առավել ևս մարդասպանին պետք է քննեն երկու երկրների իրավապահները զուգահեռ: Եվ, ի վերջո, հանցագործը չունի ազգություն: Ես երբեք չեմ կարող ասել, որ Իոնիսյան ստորը հայ է, նա մարդասպան է, չեմ կարող ասել, որ այս սրիկան ռուս է, սա ոճրագործ մարդասպան է կամ Չիկատիլոն ուկրաինացի է, նա մարդակեր, ստոր մարդասպան է: Պետք է այս ամենը տարբերենք իրարից, թե չէ այսպես ո՞ւր ենք գնալու:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ՇԱՏ» ՑԱՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ

-Մաքսային միության, հայ-ռուսական հարաբերություններին դեմ խոսողների համար լայն պրոսպեկտ բացվեց: Չի կարելի Ավետիսյանների տան ողբերգությունն այսպես օգտագործել: Այդ ընտանիքի հարազատները մի քանի անգամ խնդրեցին` թողեք հանգիստ մեր ցավի մեջ «տապակվենք»: Պարզվեց, ազգականներից ավելի ցավող մարդիկ կան: Երբ այս ոճրագործությամբ փորձում ենք այլ խնդիր լուծել, որը Հայաստանում անլուծելի է, կներեք, բայց սրիկայատիպ է: Իսկ որ օր առաջ պիտի ազատվել այս ամենից, որպեսզի ունենանք ոչ թե դեկլարատիվ ապահով Հայաստան, այլ Հայաստան, որն այդ դեկլարացիայի դրույթներից չի խոսում, բայց կանգնում է իր քաղաքացու պաշտպանության սուրբ գործին, կասկածից վեր է։

Նշեմ նաև, որ Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում ավերումը սկսվեց համարյա նույն ձեռագրով։ Կատարված սպանություններով մարդկանց ոտքի հանեցին, հետո համացանցը միավորեց։

Գրի առավ

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ