«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ով ղեկին է, նա թալանում է, իսկ ով ընդդիմություն է, ձգտում է իշխանության, որ կարողանա թալանել

Ով ղեկին է, նա թալանում է, իսկ ով ընդդիմություն է, ձգտում է իշխանության, որ կարողանա թալանել
23.01.2015 | 12:20

Միանգամից ասեմ, որ ողջունում եմ «ՀԺ» օրաթերթի նախաձեռնությունը, որով փորձ է արվում վերլուծել երրորդ հանրապետության քառորդդարյա անցած ուղին: Ցանկացած քաղաքական վերլուծություն ես կհամարեմ կիսատ-պռատ, ոչ ամբողջական, եթե քաղաքական վերլուծության մեջ ուշադրությունից դուրս է մնում տնտեսական վերլուծությունը:

Քանի որ բարձրացված հարցը շոշափում է ոչ միայն մեր երկրի քառորդդարյա պատմությունը, ապա հույս ունեմ (թեպետ իմ ասածին այնքան էլ չեմ հավատում), որ այն ինչ-որ տեղ պիտի օգնի ապագայի քաղաքական պետական գործիչներին` թույլ չտալու նախորդների սխալների կրկնություն, որովհետև վերջին հաշվով անկախություն ձեռք բերած ժողովուրդը բարոյական իրավունք չունի այն կորցնելու, որովհետև այն կորցնելը նշանակում է մահ ոչ միայն պետության, այլև ժողովրդի:

Ասեմ, որ քառորդդարյա պատմությունը ցույց է տալիս, որ մեր բոլոր քաղաքական այրերին պակասել և պակասում է ամենակարևորը` պրակտիկ հայրենասիրությունը, որովհետև հայրենիքը հայրենասիրաբար թալանողների պակաս (կառավարման բոլոր աստիճաններում, վերևից ներքև, ներքևից վերև` գյուղապետից սկսած մինչև նախագահ) մենք չունենք:

Անկախության համար պայքարելը, բանտ նստելը, կռվելը, արյուն թափելը ոչ մեկին իրավունք չեն տալիս իշխանության հասնելուց հետո իշխանաբար հայրենիքը թալանելու: Իշխանության հասնելուց հետո երևում են երեկվա անկախականի, հայրենիքի ազատության համար արյուն տված անհատի բոլոր հատկանիշները: Իշխանության ժամանակ չկորցնել այն դրական հատկանիշները, որ կային անհատի մեջ մինչև այդ և կուլ չգնալ նյութապաշտությանը, ընչաքաղցությանը: Դա է կարևորը: Այսինքն` հրապարակի հարթակում երեսով դեպի ժողովուրդը կանգնած ճառասանը իշխանության հասնելուց հետո չթքի ժողովրդի վրա և խուլ պատի նման մեջքը չդարձնի նրան:

Թող որ քաղաքական գործիչը լինի անփորձ, ունենա գիտելիքի պակաս, այդ բոլորը կարելի է լրացնել և ներել, եթե մարդը մտահոգված է երկրի ապագայով և իր պրակտիկ գործունեությամբ, անձնական օրինակով ապացուցում է ժողովրդին, որ նրա մի մասնիկն է, որ չի օգտագործում պաշտոնը նրան թալանելու, հարստանալու համար:

Ոչ թե հարյուր տոկոս, այլ հաստատապես կարող եմ ասել, որ հանրապետության առաջին նախագահից սկսած առայսօր, ես չեմ կարող առանձնացնել որևէ քաղաքական գործչի, որի պրակտիկ գործունեության նշանաբանը չի եղել «նախ մորթուս, հետո որդուս» կարգախոսը: Այն անսահմանափակ հեղինակությունը, ժողովրդի սերը և այդ սիրուց, հեղինակությունից բխող իշխանությունը, որ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում, միանշանակ էր մինչև 1992 թվականի սկիզբը: Ընդամենը մեկ տարի, նկատի ունեմ 1991 թվականի նախագահական ընտրությունից հետո, և ժողովրդից ստացած իշխանությունը նա մսխեց: Եթե մինչև 1992 թվականը Հայաստանի որևէ քաղաքացի որևէ բացասական խոսք ասեր նրա հասցեին, ապա առնվազն լսողը ասողին կբնութագրեր «բանսարկու» և «ստոր» որակումներով:

Պատերազմական վիճակի պատճառաբանությամբ բացատրել երկրում տիրող թալանը ոչ միայն ընդունելի չէր, այլև անհասկանալի էր ժողովրդի համար: Ժողովուրդը տեսնում էր, թե ինչպես է յոթանասուն տարում կուտակվածը փոշիանում իր աչքի առջև: Եվ բոլորի համար կարծես մեկ էր, թե ինչ է կատարվում, որովհետև երկրում ստեղծվել էր անբարո-հոգեբանական մթնոլորտ: Բերեմ մեկ օրինակ: 1992 թվականի ձմեռն էր: Ապրանքներով բեռնավորված 70 վագոն մեկ գիշերում թալանվեց Մեղրի կայարանում: Եվ այդ թալանի կազմակերպիչն էր տեղի ոստիկանապետը, այժմ հանգուցյալ, որի անունը չեմ ուզում տալ, մեկ ուրիշ պաշտոնյա, իսկ սրանց հովանավորողը` ոչ անհայտ այն ժամանակ, փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Եթե վերջինս կփորձի հակառակվել և արդարանալ, ես նրան կհիշեցնեմ այդ հարցով մեր ստուգման ժամանակ (իմ և գլխավոր դատախազության աշխատակից Հրաչյա Հովհաննիսյանի հասցեին Քոչարյանի լկտի հայհոյանքներն ու սպառնալիքները, ինչի մասին գործուղումից հետո ես հոդված տպագրեցի «Երկիր» թերթում` «Փոխնախարարը սպառնում է» վերնագրով): Մեկ օրինակ ևս. երբ Ագարակում բոլորովին նոր խողովակներով բարձված «ԽԸԾԸի»-ները սպասում էին իրենց հերթին հայ-իրանական սահմանը հատելու, զանգահարեցի գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հովհաննիսյանին և ներկայացրի իրադրությունը, նա պատասխանեց` ջհանդամը, թե չեն տանում, ի՞նչ անեմ: Ինչու եմ բերում այս օրինակները (նման օրինակներ կարելի է շատ բերել): Հիմնավորելու, որ Հայաստանում դրվել էր տնտեսությունը քանդելու, հանրապետությունն արդյունաբերություն չունեցող երկրի վերածելու Արևմուտքի ծրագրի հիմքը: Ասել, թե այդ թալանին, այդ ծրագրերին անտեղյակ էր երկրի նախագահը, կնշանակի ոչինչ չասել: Նկատի ունեմ նաև հետագայում Լ. Տեր-Պետրոսյանի 2008-ին վերադարձի փորձի ժամանակ հնչեցրած նրա արդարացումները, թե երկրում պատերազմական վիճակ էր: Փաստորեն, իշխանության անցնելուց կարճ ժամանակ անց, նա սեփական գործունեությամբ սկիզբ դրեց իր վարկաբեկմանն ու ժողովրդից մեկուսացմանը:

1992 թվականից սկսած ընդդիմության բոլոր հանրահավաքները ոչինչ չէին տալիս, բացի ժամանակի վատնումից:

1995 թվականին «ընդունվեց» ՀՀ առաջին Սահմանադրությունը: Ընդդիմության միակ դերն այդ ժամանակաշրջանում կարելի է դրական գնահատել մեկ հարցում. հասավ այն բանին, որ ժողովուրդը դեմ քվեարկեց Սահմանադրությանը, բայց վերջինս պարտադրվեց ժողովրդին: Անհրաժեշտ օրինակով կրկին փաստեմ ասելիքս. չգիտեմ` պահպանվե՞լ են արդյոք սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ մեր գյուղում ընտրություններին մասնակցած 1600 ընտրողներից Սահմանադրությանը կողմ էր քվեարկել ընդամենը 181 մարդ: Եվ դա միայն մեր գյուղում չէր: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը երկրում կատարեցին առաջին լուրջ ընտրական կեղծիքը: Այդ նույն ժամանակ Գերագույն խորհրդի ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանն ու իր թիմը «հաղթեցին» (բացահայտ կեղծիքներ ու լցոնումներ չեն եղել, բայց եղել են շատ մեծ կաշառքներ բնամթերքի տեսքով¤, քանի որ գործել է ընտրաբյուլետեններ «ֆռռացնելու» տեխնոլոգիան: Ինչու եմ այդպես մանրամասն անդրադառնում այդ հարցերին, որովհետև գլխավոր կեղծիքի` 1996 թվականի նախագահի ընտրության օրը, երկրում և ժողովրդի մեջ ստեղծվել էր ատելության մթնոլորտ դեպի իշխող վերնախավը` վերևից ներքև: Ի դեմս նրանց ժողովուրդը տեսնում էր կոռումպացված բախտախնդիրների մի ամբողջ բանդա: 1996 թվականի նախագահական ընտրությունը ժողովրդի մեջ հույսեր է արթնացնում, թե օրինական ճանապարհով, առանց արյան կարելի է հասնել իշխանափոխության: Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը բացահայտ պարտություն կրեցին, բայց ինչպես Շեքսպիրի հերոսը` Համլետը, կասեր Հորացիոյին` մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցին հարսնասեղանի հրավիրյալներին: Դեռ ընտրության արդյունքները լրիվ չամփոփած, հաջորդ օրը ժամը 11-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները շամպայնով լեցուն բաժակները շրխկացրին, և Լևոնն ասաց, թե հաղթել է եվրոպական ստանդարտներով 51 %-ից փոքր-ինչ ավելի: Ասենք դրանից բարձր տոկոս չէր էլ կարող ասել, որովհետև պարտությունը կատարյալ էր: Դարձյալ բերեմ մեր գյուղի օրինակը, չնայած բաժանված ընտրակաշառքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց ընդամենը 27 % ձայն, այն դեպքում, երբ 1991-ին նրա հաղթանակը մեր գյուղում կազմել էր 95 %: Վստահության այդպիսի կորուստը բացատրել կարելի է միայն նախագահի կառավարելու անկարողությամբ, երկրում ծավալված ժողովրդական ունեցվածքի թալանով, երկրում ծայր առած քաղաքական սպանություններով և ահաբեկումներով: Բայց այդ բոլորով հանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր պատրաստվում հեռանալու իշխանությունից ոչ միայն խայտառակ պարտությունից հետո, այլև գալիք 20 տարում: Ինչպես հիշում եք, երկրում տարածվել էր այն թևավոր խոսքը, որ չկա այն քաղաքական ուժը, ՀՀՇ-ից բացի, որ կարողանա հասնել իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով անգամ չէր անցնում, որ իրեն մինչև իրենց կյանքի վերջը «պարտական» (քաղաքականության մեջ «պարտական» հասկացություն չի կարող լինել) երկու ղարաբաղցիներ վզակոթին տալով կհեռացնեն իշխանությունից (այդ մասին ավելի հանգամանորեն` փոքր-ինչ հետո):

1996-ի նախագահական ընտրությունում խայտառակ պարտությունից հետո է՛լ ավելի խայտառակ վիճակ ստեղծվեց երկրում, երբ ԱԺ-ի սեպտեմբերի 27-ի նիստում, դահլիճում բացահայտ քացու տակ էին գցել ընդդիմադիր պատգամավորներին, այն էլ այն ժամանակ, երբ անփառունակ ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը (վստահ կարող եմ ասել, որ անկախության տարիների և ոչ մի գլխավոր դատախազ իր դատախազական դեմքը չի ունեցել) միջնորդում էր խորհրդարանի «ըմբոստ» պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրանց դատի տալու միջնորդությամբ: Միայն զզվանքով կարելի էր տեսնել, թե նախրի յուրաքանչյուր անդամ ինչպիսի ոգևորություն և եռանդ էր դրսևորում միջնորդության քվեարկության ժամանակ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է արմատական քայլեր ձեռնարկեր, ինչին անընդունակ էր, որովհետև թալանը, տնտեսության, գյուղատնտեսության անկումը ի վիճակի չէր կասեցնելու, բայց կոսմետիկ շտկումների պատրաստ էր: Այդ կոսմետիկ շտկումներով նա ոչ միայն փորձում էր ժողովրդի աչքին թոզ փչել, այլև լուծել 2001 թվականին նախագահական ընտրությանը ազգովին իրեն խնդրելու ցնդաբանական երազանքը: Դրա համար նա ՆԳ նախարարի պոստից հեռացրեց Վանո Սիրադեղյանին և երկու ուժային նախարարություններից ստեղծեց սուպերնախարարություն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք, ովքեր կարծել և առայսօր կարծում են, թե Սերժ Սարգսյանն էն ժամանակ եղել է ամորֆ, հլու կատարող, առանց ամբիցիաների, չարաչար սխալվում են: Սերժ Սարգսյանը, հավանաբար, լավ է ուսումնասիրել և հասկացել Մաո Ցզեդունի միտքը, որը նստած բարձունքին հանգիստ հետևում է հովտում կռվող հովազներին և սպասում է այնքան, մինչև կոչնչացնեն իրար, կամ մահացու արյունաքամ կլինեն, նոր միայն ինքը կմտնի խաղի մեջ: Սերժ Սարգսյանը խաղի մեջ չմտավ անգամ 1998-ին, այլ սպասեց ուղիղ տասը տարի, երբ հերթը կհասնի իրեն: Այնպես որ նրա բոլոր քաղաքական հաշվարկները ճիշտ դուրս եկան: ՈՒստի կարելի է վստահորեն ասել, որ նա որպես պետական պաշտոնյա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին էր ծառայում, այլ կատարում էր իր գործը և սպասում իր աստեղային ժամին: Այստեղ կարելի է ճիշտ հարցադրում կատարել, որտե՞ղ են այսօր Վանո Սիրադեղյանը և նրանք, ովքեր Արշալույս գյուղում կերուխումից հետո, տաք գլուխներով պարծենում էին, որ եթե պետք լինի, 500 հոգու էլ կկոխեն տանկերի տակ: Սերժ Սարգսյանը երբեք, անգամ իշխանության գագաթին գտնվելու ժամանակ, ցինիկորեն չի արտահայտվել, երբեք և ոչ մի պարագայում չի հոխորտացել, միշտ ընթացել է իր գործելաոճով` լուռ ու հանգիստ:

1996-ն անցավ, և այդ չարաբաստիկ տարին իր ծանր կնիքն է դրել հայ ժողովրդի հոգում, և այդ տարվանից ժողովուրդը համոզվեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխություն չի կարող լինել օրենսդրական ճանապարհով: Ընտրությունների ժամանակ իմ այն հարցին, թե ինչու ես ձայնդ ծախում 5-10 հազար դրամով, լսել եմ կոնկրետ պատասխան շատերից, թե Ստալինն ասել է, որ կարևորը ոչ թե ընտրությունն է, այլ թե ինչպես են հաշվում ձայները: Իսկ ձայները մեզ մոտ հաշվում են ուժի դիրքից:

Շփվելով քաղաքական շատ գործիչների հետ (իշխանության ղեկին, թե ընդդիմադիր ժամանակ), համոզվել եմ` ով ղեկին է, նա թալանում է, որքան կարող է, իսկ ով ընդդիմություն է, ձգտում է իշխանության, որ կարողանա թալանել այնքան, որքան կարող է:

Բերեմ մեկ օրինակ:

Ո՞վ չի ճանաչում հանրահայտ Դավիթ Վարդանյանին, որն ընդդիմության ժամանակ բոցաշունչ ճառեր էր ասում ազնվության, հայրենասիրության մասին, իսկ երբ Քոչարյանի ժամանակ (Քոչարյանն այդպիսիներին լռեցնելու լավ հատկանիշ ուներ) ստացավ պետական գույքի ապապետականացման վարչության պետի պաշտոնը... ավելի լավ է խոսքը տանք նրա նկատմամբ պետական գույքի հափշտակության հոդվածով հարուցված քրեական գործին: Այդ քրեական գործի կարճման որոշմանը ես լավ ծանոթ եմ: Քրեական գործով կատարված հափշտակությունը հասնում էր մի քանի միլիոնի: Գումարը Դ. Վարդանյանը վերականգնել չէր կարող, մնացել էր օդում կախված: ՀՀ ֆինանսների նախարարությունը գրավոր դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործով պետությանը հասցված վնասի ճակատագիրը լուծելու համար: Գլխավոր դատախազը գրության վրա մակագրել էր` կազմել օբյեկտիվ տեղեկանք քրեական գործի վերաբերյալ: Իմ կազմած օբյեկտիվ տեղեկանքն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Քրեական գործը կարճվեց, պետությանը հասցված վնասը չվերականգնվեց: Ինչո՞ւ եմ նշում այդ դեպքը, որովհետև «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր ակտիվիստները, որոնք երբևէ գրավել էին պաշտոններ, մեղադրյալի աթոռներին արժանի հանցագործներ էին, հիշատակելու արժանի անուն է նաև Սամվել Գևորգյանը` բանդայի հայտնի գործով: Հիշեմ նաև տնտեսական բազմաթիվ հանցագործություններ կատարած, «փառաբանված» նախագահի փառաբանված եղբորը` Թելման Տեր-Պետրոսյանին, որն անհասկանալի պայմաններում իր մահկանացուն կնքեց Վեդու շամպայնի գործարան այցելելու պահին: Նշեմ նրա կատարած, ասենք ինչ կատարած, երկրի տնտեսական բազան թալանած նրա բազմաթիվ օրինակներից մեկը: Այդ մասին ինձ պատմել է Հայաստանի կոմկուսի կուսկոնտրոլի նախագահ Մելիքյանը: Հրազդանի գործարանը (հայտնի «Հրազդանմաշը») ԽՍՀՄ-ի քանդվելու նախօրյակին ձեռք էր բերել տասնմեկ հատ արտասահմանյան արտադրության դազգահ, յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար արժողությամբ: Եվ այդ բոլորը Թելմանի շնորհիվ հայտնվեց Պարսկաստանում: Բնականաբար հարուստ երկրի կառավարման բարձր պոստում հայտնված մեկը ցանկացած խառնակչություն պիտի աներ իր իշխանությունը հավերժացնելու համար: Հիշում եմ այդ տարիներին նրան հասցեագրած բանաստեղծությունս.

Նազարի պես եկել, բազմել է հայոց գահին

Հալեպցի մանրահոգին,

Եվ քշում է որպես գրաստ

Հայ գյուղացուն և բանվորին,

Մտավորական հային դարձրել է չարչի,

թափառական,

Եվ անչափ գոհ իր քոռ բախտից,

Մեռած լեզվի գիտնականի իր կոչումից,

Հրճվում է իր պալատում`

Վանո, Բաբո, Վազգեն ընկերներով,

Հալեպցի մանրահոգին:

Պետրոսյանի նման չար, մարդատյաց բնավորությամբ մեկը չէր կարող մտածել «գահաժառանգի» մասին: Նա չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ իրենից հետո ինչ-որ մեկը կարող է երկրի կառավարիչ լինել: Դրա համար նա հարվածեց Վանոյին, ջարդեց Բաբկենին, Վազգենին և իր իշխանությունը հավերժացնելու համար դիմեց քաղաքական մանիպուլյացիաների: 1996 թվականի նախագահական ընտրությունում Վազգեն Մանուկյանից կրած պարտությունից Լևոն Տեր-Պետրոսյանը նրա նկատմամբ հաղթանակով դուրս եկավ: Վազգեն Մանուկյանի հետընտրական ավանտյուրան նրա քաղաքական կարիերայի տապանաքարը դարձավ: Չտեսնելով իր դիմաց կանգնած որևէ քաղաքական գործչի, Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց իր համար կանխատեսելի քայլի: Վարչապետ նշանակելով Ռոբերտ Քոչարյանին, մտածելով, որ ղարաբաղցի երկու ջահելները իրեն շնորհակալ կլինեն դեռ երկար ժամանակ, մոռանալով, որ քաղաքականության մեջ շնորհակալություն, երախտագիտություն, երախտապարտություն և նման կատեգորիաները ժամանակավոր կյանք ունեն: Ռոբերտ Քոչարյանին նշանակելով վարչապետ, իր մտքում հավանաբար ծաղրում էր գրական հայերենով նորմալ խոսել չկարողացող այդ տղեկին: Ռոբերտ Քոչարյանի թերագնահատումը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գալիս է նրա բնածին մեծամտությունից (այդ մեծամտության մասին` քիչ հետո), որովհետև ով լսել էր դեռևս 1992 թվականին ռուսական հեռուստաալիքով հեռուստամեկնաբան Կարաուլովի «ԾՏՎպվՑ ՌրՑՌվօ» հաղորդման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները, չէր կարող Քոչարյանի մասին, որպես հասուն քաղաքական գործչի, թյուր կարծիք ունենալ:

1990 թվականին ՀՀՇ-ի` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում տարած արյունալի հաղթանակից հետո (ասում եմ արյունալի, որովհետև 1990 թվականի մայիսի 27-ին Երևանի երկաթգծի կայարանում հայոց հողի վրա թափվեց ՀՀՇ-ից խաբված մի խումբ զինված նվիրյալների արյունը) աշխատանքային ընդմիջման ժամանակ ճաշի սեղանի շուրջ ես և Կիմ Բալայանը խոսում էինք օրվա քաղաքական վիճակից, Կիմն ասաց. «Հոգուս խորքում դեմ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ»: Իմ զարմացած հարցին, թե` ինչո՞ւ, ավելի քան տարօրինակ էր նրա պատասխանը. «Վերին աստիճանի մեծամիտ է, ինքնահավան, որևէ կարծիք ոչ թե չի ընդունում, այլ չի ուզում լսել: Այդպիսի մեկին իշխանություն տալը շատ վտանգավոր է»: Այդ մեծամիտ, ինքնահավան մարդը, չճանաչելով Քոչարյանի որակները, մտածում էր, որ նա իր ձեռքում կառավարելի միջոց կլինի հիմնականում Վազգեն Սարգսյանի դեմ: Նշանակվելով վարչապետ, բնականաբար, նա Վազգեն Սարգսյանի կալպակի տակ էր: Նա չէր կարող գործել Վազգենի դեմ հօգուտ Լևոնի, ավելի ճիշտ` նա գործում էր Վազգենի հետ ընդդեմ Լևոնի: Հիշենք, թե ինչ պատասխանեց Վ. Սարգսյանը 1998-ի հեղաշրջումից առաջ լրագրողի` իրեն ուղղված հարցին, թե` չե՞ք վախենում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ կարող է ազատել պաշտոնից։ Թող փորձի, եղավ պատասխանը։

Բնականաբար, Լևոնն արդեն քաղաքական դիակ էր: Ժողովուրդը, որը դեռևս 1992 թվականից փորձում էր ազատվել երկիրն ավերող, քանդող քաղաքական այդ լպրծուկից, սիրով ընդունեց Լևոնի հեռացումը: Այդ կապակցությամբ հիշենք «Ղարաբաղ» կոմիտեի մի անդամի ¥միակ ազնիվ մարդն այդ կոմիտեից, որ մինչև վերջ մնաց մաքուր և անկաշառ¤` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի, Ազատության հրապարակում ասված խոսքերը. «Ժողովուրդն ուրախ կլինի և կողջունի, եթե Վազգենը Լևոնին հեռացնի իշխանությունից»: Այսինքն` Լևոնն իր եսակենտրոն բնավորությամբ, աշխատելու իր անկարողությամբ իրեն արժեզրկել էր թե՛ ժողովրդի աչքում և թե՛ քաղաքական կազմակերպված հանցախմբում: Քոչարյանը Հայաստանի հողում գործում էր չափազանց զգույշ, իմ ներքին համոզմամբ` նա այդ հողում իրեն Հայաստանի քաղաքացի չէր զգում: Հիշենք թեկուզ նրա ասած ոչ պակաս, գուցե և տեղին, բայց ցինիկ միտքը` ո՞ւր է այն տղամարդը... որով կարծես ուզում էր ասել` ինձնից ոչ մի լավ բան չսպասեք, այս հողն ինձ համար այնքան էլ հարազատ չէ:

Հիշեմ մի դեպք 1998 թվականին Արտաշատի թատրոնի հրապարակում ընտրական քարոզարշավի ժամանակ նրա հետ ունեցած իմ հանդիպումից: Ժողովուրդը սիրով ընդունեց նրան: Մեկի հարցը լսելի չէր նրան, նրա ձեռքում չկար միկրոֆոն, և արտաշատյան բարբառն այնքան էլ ընկալելի չէր դեռևս նորմալ հայերեն չխոսող մեկի համար: Ինձ հարցրեց, թե ինչ է ասում, ես ներկայացրի հարցը, թե այդ գողերը (արտաշատցին բարբառով գողերին անվանել էր կյողեր) պատասխան տալո՞ւ են, թե՞ ոչ: Քոչարյանը հազիվ ինձ լսելի ասաց` որի՞ն կանչես պատասխանատվության, դրանք շատ են: Նրա այդպիսի պատասխանն ինձ դուր չեկավ: Հետագայում էլ համոզվեցի, որ նա իրեն Հայաստանի քաղաքացի չզգաց, չցավեց այս երկրի համար, չմերվեց երկրի մտավորականության հետ։ Հիշենք նրա լակոնիկ պատասխանը լրագրողի հարցին, թե` գիտե՞ք ինչ են գրում թերթերը։ Հետևեց նրա անմիջական պատասխանը` ես թերթ չեմ կարդում:

Երկրորդ նախագահն իր վարքագծով հասկանալ տվեց. «Եթե դուք` տեղացիներդ, ուռա կանչելով ախպարի հետ թալանել եք երկիրը, ապա ես` ղարաբաղցիս, ինչո՞ւ պիտի ցավեմ ու պայքարեմ նրանց դեմ»: Նրա վարչապետության ժամանակ ծախվեց Հայաստանի կապը: Քրեական գործով հիմնավորվել էր, որ պետությանը պատճառվել էր մեկ միլիոն դոլարի վնաս: Որպես օրենք, քրեական գործը երբեք չի բացահայտում կամ ամենաշատը կարող է բացահայտել տնտեսական հանցագործությամբ պատճառված վնասի 30 %-ից ոչ ավելի: Քոչարյանի օրոք ոչ ոք պատասխան չտվեց իր կատարած արարքների համար: Քոչարյանը չտվեց նաև իր նախորդների արարքների իրավական գնահատականը: Եվ չէր էլ կարող տալ, որովհետև ազնիվ հայրենասերը, հայրենիքի ազատության համար պայքարող մեկը այլ է, և բոլորովին այլ է նա, երբ սկսում է վայելել երբևէ չտեսած բարիքները: Հիշում եմ մի ղարաբաղցի դատախազի խոսքերը` «Երբ աղքատը կապի միս, նա կդառնա շնից փիս»: Քոչարյանի կառավարման տարիներին էլ ավելի խորացավ սոցիալական անարդարությունը: Մոնումենտի, Դալմայի այգիների բոլոր հողերը նա էժան գներով տալիս էր պաշտոնյաներին, ծախում էր Երևանի հողերը, և այդ քայլը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ: Նա այդ քայլով փորձում էր ստեղծել հարուստների դասը, որն էլ պիտի դառնար իր քաղաքական հենարանը: Որպեսզի ասածս չհնչի որպես ձայն բարբառո հանապատի, հարցնեմ` Մոնումենտին հարակից հողերում կա՞ գոնե մեկ միջին խավի ներկայացուցիչ, որն իր համար առանձնատուն է կառուցել։ Հավանաբար` ո՛չ: Ես չեմ ցանկանում ասել, և ոչ էլ կարող եմ հիմնավորել, թե որքան է հայրենասիրաբար Քոչարյանը հայրենիքը թալանել, բայց կնշեմ, որ նրա վարորդ Գրիշա Սարկիսովի առանձնատան հարստությունը հուշում է, որ եթե այդքան ունի «շոֆերը», ապա տիրոջ ունեցվածքի չափը պարզ է: Մեկ հարցով էլ շոշափեմ Լինսի հիմնադրամի հարցը: Իմ գործընկեր Գրիշա Մանուկյանի հետ գնացել էինք Էջմիածին գեներալ Մելքոնյանին պատկանող քարի արտադրամասում Գրիշայի հանգուցյալ հոր գերեզմանի համար քար պատվիրելու: Դա այն ժամանակ էր, երբ այդ հիմնադրամով բուռն կերպով վերանորոգվում էին Երևանի փողոցները: Ճանապարհին Գրիշան ասաց, թե գիտե՞ս ինչ էր ասում քար կտրող վարպետը, թե բորդյուրի քարի մեկ գծամետրը մեզնից գնում են 18 դոլարով, իսկ ձևակերպում են 30-ով: Իսկ դու շարունակիր գրել հայրենիքի, հայրենասիրության և երկրի ապագայի մասին, չթաքցրած հեգնանքով ասաց Մանուկյանը:

Գալով իշխանության, Քոչարյանը երբե՛ք չգնաց ուղիղ ճանապարհով, և նրա կարգախոսը` ժողովուրդն իմ կուսակցությունն է, լկտի սուտ էր: Նա ոչ մի անգամ չի ընտրվել նախագահ: Նրա բոլոր ընտրությունները կեղծվել են, կեղծվել է անգամ նրա օրոք սահմանադրական երկրորդ հանրաքվեն: Խառնակիչ Տեր-Պետրոսյանը մեր ժողովրդին էն գլխից դատապարտել է ծանր փորձության, որն առայսօր շարունակվում է: 2008 թվականի «Մարտի մեկի» գործով կասեմ միայն, որ գուցե մեկ տասնյակ տարի հետո ինչ-որ մեկը նրա կազմակերպիչներից կամ գործը քննողներից ազնվություն կունենա (թեպետ կասկածում եմ, որովհետև հայ մարդը քրիստոնյա չէ, անգամ մահից առաջ նա երբեք չի ազնվանում) և կասի, որ «Մարտի մեկի» գործով երեք մարդու սպանել են այսինչ քաղաքական կուսակցության այսինչ ղեկավարի մարդիկ, երեքին` այսինչ օլիգարխի սափրագլուխները, իսկ մնացածին, դե ինչ կարևոր է, ով է այսօր հիշում կայարանամերձ հրապարակի անմեղ զոհերին, Մասիսի, մետաքսի կոմբինատի թունավորումները և մնացած բոլոր հանցագործությունները, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված: Չէ՞ որ այդ անմեղ արյունով է սնուցվել մեր օրերի այսօրվա օլիգարխիան: ՈՒրեմն կեցցեն նրա հիմնադիրները: Ինչ վերաբերում է ՀԺ-ի հրապարակման այն մտքին, թե իր քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանը եղել է ռացիոնալ, հավասարակշռված, պրագմատիկ և տաղանդավոր քաղաքական գործիչ, իմ կարծիքով ամենևին էլ այդպես չէ, որովհետև ընդամենը կառավարման մեկ տարում բացահայտվեց կառավարելու նրա ողջ անկարողությունը: Եվ այստեղ կցանկանայի կատարել հետևյալ հարցադրումը. այդ ինչպե՞ս եղավ, որ խորհրդային Խթը-ի գոյության պայմաններում նա գործում էր բացարձակապես անսխալ, շարժումը հասցվեց իր նպատակին, իսկ կառավարման ընդամենը մեկ տարի և խայտառակ ձախողումների մի ողջ շարան: Եզրակացությունը մեկն է: Արտասահմանի տերերն այլևս խորհուրդ չէին տալիս: Նրանք լավ էին հասկացել, որ ապաշնորհ կառավարիչը քանդելու, ավերելու, խառնակչության մեծ վարպետ է:

(շարունակելի)

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ