ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Իմ կարոտի, իմ սիրո և իմ վրեժխնդրության հրաբուխը»

«Իմ կարոտի, իմ սիրո և իմ վրեժխնդրության հրաբուխը»
23.01.2015 | 12:31

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայության ղեկավար ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ: Մեր զրույցի առիթը նրա «Էրգրականչ» իրապատում պատմվածքների ժողովածուն է, որում ընդգրկված գործերը ծանոթ են մեր թերթի ընթերցողին: Զրույցի ընթացքում գրքի հեղինակն իր խորին շնորհակալությունը հայտնեց «Իրատես de facto»-ի խմբագրությանը՝ իր պատմվածքները սիրահոժար տպագրելու և հանրությանը հասցնելու համար: Խոստովանեց, որ ինքը մեր թերթի ամենապրպտուն ընթերցողներից մեկն է: Իսկ մենք հավելենք, որ «իրատեսականների» ու Վրեժ Սարուխանյանի բարեկամություն-համագործակցությունը դուրս է եկել թերթի շրջանակներից. «Էրգրականչի» նկարիչն է մեր թերթի գեղարվեստական խմբագիր Նիկօն:

«ՄԱՐԴԻԿ ՓԱՓԱԳ ՈՒՆԵԻՆ, ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԷՐԳԻՐԸ ՏԵՍՆԵԼ»

-Վրեժ, Ձեր գրքում զետեղված պատումները վավերագրության և գեղարվեստական հորինվածքի միջակայքում են: Ինչպե՞ս եք կարողացել պահել այս երկու մոտեցումների միջև հավասարակշռությունը:

-Մինչ այս պատմվածքները ես բանաստեղծություններ էի գրում: Երբ կորցրինք մեր տաղանդավոր, երջանկահիշատակ ընկերոջը՝ Վրեժ Իսրայելյանին, ներսս տակնուվրա եղավ, զգացի, որ մեծ կորուստ ենք ունեցել մեր գրականության մեջ և պարտավոր ենք մեր ուժերի սահմաններում պահել ու ներկայացնել Վրեժի գրականության թեման: Համընդհանուր արժեզրկման այս ժամանակներում եթե չլինի այդ տեսակի գրականությունը՝ Էրգրի գրականությունը, մենք շատ բան կորցրած կլինենք: Խաչիկ Դաշտենցի գրականությունը շարունակել են Մուշեղ Գալշոյանը, Վրեժ Իսրայելյանը: Հիմա նոր շարունակություն էր պետք, և ես այդ գիտակցումով գրեցի «Էրգրականչը»՝ ընդամենը հինգ-վեց ամսում: Ամբողջովին իրապատում է այս գիրքը, բայց միայն փաստերը ներկայացնելը ես քիչ համարեցի: Նաև քիչ համարեցի գեղարվեստական գրականության ժանրում այդ ամենը ներկայացնելը: Պետք էր մի այնպիսի ժանր գտնել, որով հնարավոր կլիներ և՛ լիարժեք ներկայացնել իրական պատմությունը, և՛ ապահովել գեղարվեստականությունը: Գտնվեց այս մոտեցումը: Եթե Ցեղասպանության 100-րդ տարելիցին ցանկանում ենք իմանալ, թե ինչ է եղել մեր ազգի հետ իրականում, եթե ցանկանում ենք այսօրվա երիտասարդին կոնկրետ տեղեկություն տալ 100 տարի առաջ պատահածի մասին, ապա այսպիսի պատկերներով, իրապատում գործերով պիտի դա անենք: Թե չէ մարդիկ ընդամենը լսում են «ցեղասպանություն» բառն ու որևէ կոնկրետ բան չգիտեն այդ երևույթի մասին: Ես փորձել եմ իմ ձեռքի տակ եղած փաստերով նկարել պատկեր: Ոչ միայն ցեղասպանության, այլև ահավոր գաղթի մասին եմ գրել, որովհետև դա պակաս ծանր չէր, քան կոտորածը: ՈՒ զարմանալիորեն Էրգրից եկած, այդքան տառապած մարդիկ ապրում էին 100-105 տարի:

-Այո՛, Դուք այդպիսի հերոսներ ունեք («Դուռեն ժպտում էր…» պատմվածքի Դուռեն, «Կրկոն» պատմվածքի Կրկոն), ինչո՞վ դա կբացատրեք:

-Որովհետև մարդիկ փափագ ունեին, ուզում էին Էրգիրը տեսնել:

-Եվ անգամ բնակավայրն էին ընտրում՝ ըստ այդ փափագի: Ձեր պատմվածքում այսպիսի տողեր կան. «Ամենահարմարը Ալեքսանդրապոլի գավառի Թալինի շրջանի Աշնակ գյուղն է: Հենց Էրգրի ճամփի վրա է, Մասիսն էլ՝ աչքի դեմ… Էրգրի ճամփեն որ բացվի, էստեղից շուտ կհասնինք,- վճռեցին սասունցիք»: Արևմտյան Հայաստան գնալու, Էրգիրը տեսնելու այսօրվա ստեղծված հնարավորությունը կարո՞ղ էր այդ մարդկանց համար որոշակի սփոփանք լինել:

-Գաղթ տեսած սերնդի համար մուրազ էր Էրգիրը տեսնելը: 60-ական թվականներին ինչ-որ մարդիկ կարողացան գնալ սահմանից այն կողմ ու տեսնել մեր հողերը, իրենց հետ բերել այնտեղի լուսանկարները: Դրանք սասունցիք ձեռքից ձեռք էին փախցնում, սուրբ մասունքի նման դնում աչքներին, պաշտամունքի առարկա դարձնում: Իսկ այսօրվա գնացողները տարբեր են: Նայած թե ով ինչի համար է գնում: Եթե գնում են հազար ու մի այլևայլությունների համար, դա ցածր բան է: Բայց եթե գնում են մեկ անգամ ևս ուժեղանալու, ոգի ստանալու, մասունքները տեսնելու, ճիշտ գնահատելու-ճանաչելու եղածը, դա լավ բան է: Ինձ համար Էրգիրը առասպել էր մինչև այնտեղ գնալս: Բայց երբ իրական աչքով տեսա, ապշելու բան էր, ուրիշ զգացողություն էր: ՈՒ ես այնտեղից վերադարձա մեծ վրեժով լցված: Եկա ու երկու օրում բերածս նյութերի վրա պատրաստեցի իմ «Էրգիր» ֆիլմը, որը արտասահմանում բազմիցս ցուցադրվել է: Դա ժայթքումի, հրաբխի պես մի բան էր, որ դուրս եկավ միջիցս, տասնամյակներով մեջս կուտակված ամբողջ կարոտն էր պոռթկում թե՛ այդ ֆիլմում, թե՛ այս գրքում: Դա իմ կարոտի, իմ սիրո և իմ վրեժխնդրության հրաբուխն է:

«ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՈՎ ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆՔ»

-Ձեր պատմվածքները համեմել եք ժողովրդական խաղիկներով, բանահյուսական նմուշներով, որ տարածված են եղել Էրգրում: «Յարխուշտա» պատմվածքի հերոս Գըրբե Գրիգորը հիմնադրում է աշնակցիների պարի խումբը՝ հետևյալ մտայնությամբ. «Տղե՛րք, իմ որոշում հաստատ է՝ էսօրվանից Աշնակի սասունցիական պարի խումբ ունինք, մեր պարով Էրգիր չի մեռնի, մենք լը չընք մեռնի…»: Այսինքն՝ Էրգրի հուշը պահելու «դեղատո՞մս» եք համարում բանահյուսությունը, ազգագրական մշակույթը:

-Իհարկե: Այսօր մեր մշակույթով, ոգեղենությամբ, հատկապես տարոնականության գաղափարով պիտի ապրենք ու շարունակվենք: Նժդեհն ասել է, որ տարոնականությունը պետք է մեր ազգային գաղափարի հիմքը դառնա: Եթե այսօր մեր երգը, պարը, լեգենդը, առասպելը, վրեժխնդրությունը չպահենք ու չփոխանցենք հաջորդ սերնդին, այդ սերունդը կմեռնի: Սովից կմեռնի: Այ դա՛ կլինի «ոգու սով»: Այսօր շատերն են խոսում «ոգու սովի» մասին, դա դարձել է թևավոր խոսք շատերի համար, բայց մենք պիտի հստակ գիտակցենք, որ այն կտիրի մեզանում, եթե մենք կտրվենք մեր ազգային արմատներից, մեր ակունքներից: Թե չէ այսօր Եվրոպայից եկած բարքերից են խոսում, դրանց վտանգներն են մատնանշում: Դրանք ամբողջ աշխարհում էլ տարածված են, բոլորին էլ կարող են վնասել: Պարզապես մեր սիրտը, մեր հոգին ուրիշ է, բուռն է, ակտիվ է: Մենք էլ մեր սրտի, մեր հոգու կարողության չափով ենք փչանում: Մենք գենետիկորեն շատ ավելի ակտիվ ենք, քան մյուս ազգերը: Թող չթվա, թե ես հայավարի գլուխ եմ գովում: Դա անժխտելի փաստ է: Բայց մեր ակտիվությունը նաև մեր փչանալու մեջ է դրսևորվում: Մեր հոգին, մեր սիրտը ինչ անում են, ուժեղ են անում, հայավարի: Մեր ամեն ինչն ուրիշ է, այդպես ենք ծնվել:

«ԵԹԵ ԹՈՒՅԼ ԵՍ, ՈՒՐԵՄՆ ԶՈՀ ԵՍ. ԴԱ Է ՈՐՍԻ ԳԱՂԱՓԱՐԸ»

-Ձեր գրքում բազմիցս շեշտադրվում է այն գաղափարը, որ մենք ոչ մեկի վրա չպետք է հույս դնենք, որովհետև օտարները մեզ փրկում են թշնամուց՝ իրենց այս կամ այն նպատակի համար: Ահա «Առաքելոց վանքի կռիվը» պատմվածքում Անդրանիկ Զորավարի ձևակերպումը. «Ռուսական արջն ու անգլիական աղվեսը թուրքական բորենու ճանկերից են ուզում մեզ խլել, բայց իրենց համար»: Այսօր որևէ բան փոխվե՞լ է մեր ճակատագրում: Երբ, օրինակ, Երևանում Ջեմալ փաշայի, այսպես կոչված, հայամետ թոռանն ենք հյուրընկալում ու մեծարում, արդյո՞ք դիվանագիտական խաղերի խամաճիկներ չենք դառնում:

-Եթե ագռավը գալիս է ճնճղուկի վրա, ու արծիվը փակում է նրա ճամփան, ճնճղուկի համար ի՞նչ տարբերություն՝ իրեն ագռա՞վը կհոշոտի, թե՞ արծիվը: Բորենին կհոշոտի հային, արջը, թե աղվեսը, որևէ տարբերություն չկա: Այդ պատճառով էլ մենք պետք է ունենանք պաշտպանական համակարգ: Շատերը դա կոչում են ազգային ծրագիր: Ով ինչպես ուզում է, թող կոչի: Կարևորն այն է, որ մենք հոգեպես մեզ պաշտպանված զգանք: Եթե դու ունես քո ծրագիրը, քո ազգային գաղափարախոսությունը, ուրեմն դու դու ես: Իսկ եթե չունենաս այդ բաները, բոլորն էլ կտրորեն քեզ: Բոլորն էլ այս աշխարհում թույլի, զոհի են փնտրում: Ով թույլ է, ուտում են. ջունգլիի օրենք է: Թույլ չպիտի լինես, որ չկողոպտվես, չհոշոտվես: Եթե թույլ ես, մի բողոքիր, որ քեզ կողոպտում են, բռնաբարում, սպանում: Բա ի՞նչ պիտի անեն: Եթե թույլ ես, ուրեմն զոհ ես. դա է որսի գաղափարը: ՈՒ պետք չէ բողոքել հայի բախտից: Պետք է ուժեղանալ, պայքարել, որ մեզ կուլ չտան, ինչպես ենթադրում է թույլի և ուժեղի օրենքը: Թե չէ հույս դնել, որ մեզ Եվրոպան, Ռուսաստանը կամ Ամերիկան պիտի փրկեն, հիմարություն է: Մենք մեզ պիտի փրկենք, ուրիշի վրա ի՞նչ հույս դնենք:

«ԵԹԵ ՀԱՅՆ ԻՐ ԹՇՆԱՄՈՒ ԱՉՔԸ ՉՀԱՆԻ, ԹՇՆԱՄԻՆ ՄԻՇՏ ՀԱՅԻ ԱՉՔԸ ԿՀԱՆԻ»

-«Աղջեն» պատմվածքում շեշտադրված է հայի դյուրահավատության պարագան. Շառոն զոհ է գնում իր իբրև թե հավատարիմ քուրդ ծառայի դավադրությանը: Այսպիսի օրինակներից դասեր քաղելու հույս տեսնո՞ւմ եք մեզ համար:

-Դա մեր ազգային հատկանիշն է: Սասնա Դավիթն էլ ձեռքով կրակ է բռնել: Ո՞Ւր պիտի փախչենք սրանից:

-Ձեռքով կրակ բռնող մի հերոս էլ Դուք ունեք գրքում՝ «Տալվորիկցի Մըյրոն» պատմվածքի հերոս Հայկը: Գալշոյանի Ձորի Միրոյի պատմությունն է կրկնվում: Այս երկու պատմությունները նույն փաստական հիմքի՞ց են ծնվել:

-Ո՜չ, ոչ: Բոլորովին տարբեր պատմություններ են, բայց երկուսն էլ՝ իրական: Այդպիսի դեպքեր եղել են Սասունում: Բաներ կան, որ նկարագրում է Մուշեղ Գալշոյանը, բայց մեկ այլ տեղում ևս եղել են նման փաստեր: Փաստերը նույնանման են, բայց նույնը չեն: ՈՒ ես, այդ մասին գրելով, ոչ թե թեմատիկ կրկնություն եմ անում, այլ հաստատում եմ փաստերը:

-Ձեր գրքում նաև հայ կնոջ կերպարին է մեծ տեղ տրված. Մըյրոն, Այծեմնիկը գալիս են հավաստելու այն ճշմարտությունը, որ հայ կինը ոչ միայն տան ջերմությունն ու բարեկեցությունը պահողն է, երեխա դաստիարակողը, այլև թշնամու դեմ պայքարելու առաքելության կրողը:

-Դա ևս պատահական բան չէ: Շատերի մեջ հիմար մտածողություն կա, որ հայ կինն իր օջախում ճնշված է, արհամարհված, ստորադասված տղամարդուն: Այդպիսի մտածողությունից ելնելով էլ մեզ դրսից այսօր գենդերային հավասարություն են քարոզում, կնոջ իրավունքների պաշտպանության դասեր են տալիս, փորձում են հայ կնոջը փրկել հայ տղամարդուց: Ամոթ է, վիրավորական է: Հայ կինը երբեք անտեսված, արհամարհված չի եղել տանը, իր ամուսնու կողմից: Հայ կինը միշտ եղել է իր օջախի քուրմը, տղամարդուն հերոսության մղողը, հերոս որդիներ ծնողը: Եվ հայ տղամարդը միշտ էլ պաշտել է հայ կնոջը, պարզապես նրա սերը մի քիչ ամոթխած է, չերևացող, զերծ ձևականություններից: Հայ տղամարդը հայ կնոջը, հայ մորը պաշտում է: Եվ հատուկ սկզբունքով եմ կազմել գիրքս. յուրաքանչյուր երրորդ պատմվածքը նվիրված է հայ կնոջը:

-Արդյո՞ք Ձեր հերոսների ճակատագրում մի նոր ցեղասպանություն չէր 37 թվականը, որը նույնպես չեք շրջանցել գրքում:

-Մեր ազգային ողբերգության մեջ ամենածանրը հենց այն է եղել, որ մենք հիսուն-հարյուր տարին մեկ մի մեծ եղեռնի ենք ենթարկվել: Եվ եղեռնը մինչ օրս էլ շարունակվում է: Պատահական չէ, որ Սասնո երկրի մասին այս պատմությունների մեջ ես զետեղել եմ մեկը՝ արցախյան պատերազմի մասին՝ «Ալի՛, ողորմի ձեր մեռելին…» պատմվածքը: Եղեռնը հիմա էլ շարունակվում է ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք օտար տանիք ենք փնտրում մեզ համար, մեծ հայր ու պաշտպան ենք փնտրում դրսում: Եթե մենք ինքներս մեզ ներսում չպաշտպանենք, անընդհատ կկոտորվենք: Եվ հատուկ եմ գրքում թռիչք կատարել դեպի մեր 10-րդ դարի պատմությունը՝ Աբաս արքայի ժամանակները՝ «Տաճարն օծվեց հայավարի» պատմվածքում: Ես այդ իրապատում պատմվածքով եմ ավարտել գիրքը՝ հուշելով, որ հայը, այդքան կոտորածներից հետո, ի վիճակի է Աբասի պես վարվելու. թշնամուն՝ Աբխազաց Բեր իշխանին, իր որջում բռնելու, բերելու Հայաստան, ցույց տալու հոյակերտ հայկական եկեղեցին, օծելու այն հայավարի, թշնամու աչքերը հանելու, դնելու բուռն ու ճամփելու հետ: Հայն այսպիսին պիտի լինի, որ թշնամիները վախենան: Եթե հայն իր թշնամու աչքը չհանի, թշնամին միշտ հայի աչքը կհանի: Ես գիրքս ավարտում եմ հենց այդ վրեժի կանչով, Աբաս թագավորի նման թագավոր ունենալու ցանկությամբ: Մենք խոնարհվելով առաջ գնալ չենք կարող:

Զրույցը վարեց

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ