ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Աղաչում եմ քեզ, սուրբ Աստվածածին, բարեխոսի՜ր ալեկոծ ու տառապյալ հայոց ազգիս համար

Աղաչում եմ քեզ, սուրբ Աստվածածին, բարեխոսի՜ր ալեկոծ ու տառապյալ հայոց ազգիս համար
23.01.2015 | 12:40

Հայտնի փաստ է՝ հենց Գյումրիում է գտնվում Տիրամոր «Յոթ վերք» կոչվող եկեղեցին: Բայց ի՞նչ իմանայինք, որ հենց այդ քաղաքում էլ յոթ դառնագույն վերքեր են բացվելու՝ վեցը մահացու, յոթերորդը արյունահոսող ու դարձյալ մահվան ելքով, այն էլ այդ գերդաստանի ամենափոքրիկը, որ այդքան շուտ «համտեսեց» մարդկության մեղքի ցավալի հետևանքը, իր ողջ ընտանիքի մահվան գնով: Այս մանկիկը յոթ օր անընդմեջ իր անգիտակից ցավը կրեց։ Իսկ ի՞նչ կլիներ, երբ արդեն իր հասկանալի ցավի գույժն ըմբռներ, որ մի անլույս առավոտ իր ընտանիքը «յոթ պորտի» կորուստ է ունեցել: Բայց նա հենց յոթերորդ օրը՝ հունվարի 19-ին, երբ Բեթղեհեմում սուրբ Հակոբյանց վանքի մեր հայոց միաբանները Հիսուսի Սուրբ ծնունդն էին տոնում (քանզի այնտեղ այն հին տոմարով են նշում), Սերոժիկ-մանկիկը գերադասեց մեկնել երկինք՝ իր ծնողների մոտ, չնայած մեր լավագույն բժիշկների բոլոր ջանքերին:

Աստծո խաղաղությունը թող լինի այս մանուկի հոգուն ևս։ Նա այլևս այս այլանդակված ու հրեշակերպ աշխարհին չի պատկանում, այլ Երկնքի Արքայության հրեշտակների ներկայության ուրախությունն է վայելում։ Նա չխաղաց մանկական խաղալիքներով, բայց հիմա կխաղա իրական ու կենդանի հրեշտակների հետ։ Թող երկրի վրա մնացողները մտածեն իրենց թշվառ գոյատևման մասին։

Գյումրու հրապարակի Սուրբ Աստվածածնի եկեղեցին «Յոթ վերք» է կոչվում, քանզի այնտեղ է գտնվում Հայաստանի թերևս հնագույն սրբապատկերներից մեկը, որը հենց այդպես էլ կոչվում է «Յոթ վերք», քանզի պատկերված Տիրամոր սրտում յոթ սուր կա մեխված։ Սա մեղավոր մարդկության պատասխանն է մեր մայրերի Մորը, ով իր բացառիկ սրբության մեջ Հիսուս Մանուկին ծնեց, Աստծո Միածնին, ասել կուզի` ադամական մեղքի քավության զոհին՝ Աստծո անմեղ գառանը: Իսկ յոթ վերքերի խորհուրդը բացվեց այն ժամանակ, երբ ութերորդ օրը մանուկ Հիսուսին տարան թլպատելու, որտեղ և Նրան հոգով առաջինը ճանաչեց զառամյալ Սիմեոն ծերունին: Ավետարանն այդ մասին գրում է. «Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստուածավախ էր և ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. և Սուրբ Հոգին էր նրա մէջ: Եվ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսնէր Տիրոջ Օծեալին: Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, և երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն և ասաց.

«Այժմ, ո՜վ Տէր, խաղաղութեա՜մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խօսքի. որովհետև աչքերս տեսան փրկութիւնը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար և փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար»:

Եվ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին: Սիմէոնը նրանց օրհնեց և ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՜ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակութեան: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան» (Ղուկաս 2. 25-31):

Ըստ մեր եկեղեցու հայրերի մեկնաբանության` այդ յոթ վերքերը հետևյալն են. 1. Սիմեոն ծերունու վկայությունը, որ Մարիամի Սիրտը սրով կխոցվի: 2. Ընտանիքի Եգիպտոս փախչելը մանկասպան ու արյունարբու Հերովդեսի պատճառով: 3. Մանուկ Հիսուսին երեք օրով կորցնելը Աստծո Տաճարում: 4. Հիսուսի դատապարտությունը Խաչի մահվան Պիղատոսի ձեռքով: 5. Խաչի տակ Տիրամոր ուշաթափվելը, երբ տեսավ իր Որդու անմարդկային տառապանքները: 6. Հիսուսի Հոգին բարձր աղաղակով ավանդելը Խաչի վրա: 7. Հիսուսի թաղումը գերեզմանում: Որպես լրացում ասվածի` այս հոդվածում զետեղում ենք Աստվածամոր յոթ վերքերի սրբապատկերը, որը, ինչպես ասացինք, գտնվում է Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցու ձախակողմյան խորանում: Ի՜նչ իմանաս, գուցե Ավետիսյանների նահատակ ընտանիքը մի օր հենց այդ սրբապատկերի առջև մոմ է վառել, աղոթք հայցել, դեռ չիմանալով, որ հենց իրենք էլ այդ յոթ վերքերի դառնությունից պետք է համտեսեին ընտանյոք հանդերձ:

Նպատակս ընթերցողներին սրտաշարժ անելը չէ, առանց այդ էլ մեր սրտերը շատ ցավ ու զայրույթ «համտեսեցին» վերջին օրերին: Հիմա չեմ ուզում սրտաճմլիկ տողեր ավելացնել, քանզի դրանցով լեցուն է մեր մշակութային ու քաղաքական դաշտը, այլ ուզում եմ մխիթարության խոսքեր գտնել եղածի համար, չնայած մահկանացուին դժվար է այդ անել, բայց Աստծո մոտ, ՈՒմ Սուրբ Հոգին նաև Մխիթարիչ անունն է կրում, թերևս հնարավոր է:

Երանելի տեր Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսի (VI դար) Աղվանի Վաչագան արքային ուղղված նամակը. «Իմացի՛ր ո՜վ սիրելի, որ եթե հանգուցյալների հոգիների համար տգիտությամբ տեղեկացված լինես, քանզի ոչ թե հանգուցյալներն են, այլ Աստված է ընդունող պատարագների և ուխտերը կատարող: Լսում է ողջերի՝ մարմնով կենդանիների աղոթքները և թեթևացնում է մեռածների հոգիների բեռները, որ հույսով ննջեցին: Սա են մեզ ուսուցանում նաև սուրբ գրքերը, ինչպես Եղիսեն, ոչ թե մեռած մանկանը լսելով, այլ մոր աղաչանքները լսելով էր, որ կենդանացրեց մանկանը և հանձնեց մորը (Գ Թագ. 14.17-23): Եվ ասվում է՝ մեր Տեր Աստվածը գթաց այրի կնոջը և հարություն տվեց նրա միակ որդուն: Նաև առաքյալները այրիների արտասուքն ու ողբը տեսնելով, հարություն տվեց Տաբիթային:

Եթե ողջերի աղոթքով մեռելությունից կենդանություն բերել գիտի աստվածային զորությունը, որքան առավել նաև հույսով ննջեցյալների մեղքերին թողություն ստանալուն պիտի հավատանք, երբ ողջերս նրանց համար Աստծուն խնդրենք»: Եվ դարձյալ նույնի մասին.

ՎԱՉԱԳԱՆ ԱՐՔԱՅԻ ՀԱՐՑՄՈՒՆՔԸ ԵՐԵՑ ՄԱՏԹԵԻՆ

Վաչագան արքան հարցնում է. «Մարմնին հրաժեշտ տված հոգիները զգայություն ունե՞ն, թե՞ անզգա են, կամ մարմնով ողջերս ննջեցյալներին ինչպե՞ս կարող ենք օգնել»:

ՊԱՏԱՍԽԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ. «Կարող են օգնել` աղաչելով Աստծուն պահքով, աղոթքներով ու պատարագներով, կամ այլ բարեհիշատակ գործերով, որ նրանց անունով է կատարվում։ Քանզի, ինչպես Դավիթը Սավուղի սպառազինությամբ զգեստավորվելով սկսեց կաղալ և սայթաքել, իսկ երբ մերկացավ դրանցից ու սպառազինության ծանրությունը դեն գցելով և թեթևանալով, դարձյալ իր բնությունը ստացավ, այդպես են նաև հոգիները. քանի դեռ մարմնի սպառազինությամբ են զգեստավորված կամ ծանրացած, իսկ երբ սա մի կողմ են դնում սրատես ու քաջատեղյակ ու առավել զգայուն են լինում։ Եվ ովքեր ասացին, թե հոգին մարմնից ելնելով անզգա է լինում, նրանց հանդիմանում ենք Աստվածաշունչ գրերի վկայությամբ։ Ասված է. «Իմ ծառա Մովսեսը վախճանվեց» (Հեսու 1.2), բայց Աստծո առաջ, Թաբոր լեռան վրա Մովսեսի չքնաղազգեստ փառքով եկավ, սակայն ոչ մարմնով զգեստավորված, որի բաղձանքով Պետրոսը Տիրոջից խնդրում էր անդենական բնակություն։ Իսկ եթե անզգայություն էր մարգարեի հոգին, ինչպես պնդում են, ինչպե՞ս եկավ այդպիսի վայելուչ կերպարանքով խոսելու Աստծո Որդու հետ։ Ասվեց. «Աստված ողջերի, և ոչ թե մեռելների Աստված է» (հմմտ. Մատթ. 22.22)։ Չէ՞ որ մեռած մարմինն անզգա է, իսկ անզգայացած հոգին է հայտնում մեռածի անզգայությունը իր զգայական կենդանությամբ...։

Եվ դարձյալ ասվում է Սողոմոնին, թե՝ «Վերակացու կլինեմ այդ քաղաքիդ (Երուսաղեմին) Իմ ծառա Դավթի համար» (հմմտ. Եսայի 33.35)։ Ահա՜, ասա ուրեմն, անզգայացած հոգուն (Դավթի) ի՞նչ մեծարանք էր նրա զավակին վերակացու լինելը։ Մի այլ մարգարեի կենդանի հոգու համար շնորհ արեց քաղաքին փրկելու նրանց թշնամուց։

Եվ Պողոս առաքյալն ասում է. «Մարմնից ելնելն և Քրիստոսի հետ լինելն եմ լավ համարում» (Փիլի. 1. 23)։

Որ նաև կենարար Բանն է ասում Հորը. «Որոնց Ինձ տվեցիր, կամենում եմ, որ Ինձ հետ լինեն և Իմ փառքը տեսնեն» (Հովհ. 17.24)։

Ահա ըստ քո խոսքի՝ անզգա հոգիներին ինչպես էր հնարավոր Տիրոջ հետ լինել կամ Իր անճառելի փառքը տեսնել։ Կամ մեծահարուստի հոգին ինչպես կարող էր տանջարանից սրատես աչքերով Աբրահամին ու Ղազարոսին տեսնել կամ ճանաչել։ ՈՒրեմն հայտնապես Փրկչի խոսքը ցույց է տալիս, թե հոգին առավել քաջատեղյակ և իմաստուն է լինում, երբ դուրս է գալիս մարմնից»։

Այս ամենը գրեց ու մատուցվեց ի մխիթարություն և տեղեկություն ընթերցողներին մեր անցած-գնացած ննջեցյալների վերաբերյալ, որպեսզի անհավատությամբ ու անհուսությամբ չտկարանանք ու մեր հոգու կապը չկտրենք Երկնքից, ուր մի օր բոլորս ենք հավաքվելու, բայց և Արդար դատաստանով զատվելու ըստ մեր բարի ու չար գործերի դատվելուց հետո։

ՈՒրեմն յուրաքանչյուրս, ով հավատում է այս մխիթարիչ խոսքերին, թող իր թեկուզ կցկտուր աղոթքներում ասի. «Մեր հայրերի Աստված ու Տեր, ողորմի՜ր Ավետիսյանների ընտանիքի բոլոր ննջեցյալ հոգիներին, ու նրանց հոգիներին հանգիստ պարգևիր, ու այդ ընտանիքի նորոգ նահատակ վերջին կանթեղին՝ Սերյոժային»:

Երեկ, երբ գրում էի այս տողերը, հիշեցի, որ ինձ տեղեկացրել էին, թե Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցի են բերելու Սերաֆիմ Սարովսկի հայտնի սրբի սուրբ Տիրամոր այն միակ սրբապատկերը, որի առաջ նա միշտ աղոթել է ու հենց այդ պատկերի առաջ էլ ծնկած հոգին է ավանդել Աստվածամոր ձեռքերի մեջ: Այդ պատկերը կոչվում է «ՈՒմիլենիե», որտեղ Կույս Մարիամը պատկերված է առանց Հիսուսի, խոնարհաբար ձեռքերը ծալած իր սրտի վրա: Երբ ասված ժամին գնացի այնտեղ, զարմացած նկատեցի, որ բազմաթիվ հավատացյալներ էին հավաքվել, որ հաղորդ լինեն այս սրբապատկերի միջոցով փոխանցվող օրհնություններին: Երբ Մոսկվայից Հայաստան բերող պատասխանատու հոգևորականը պատմեց այդ սրբապատկերի մասին, ու հասկացանք, որ այն անձամբ Սերաֆիմ Սարովսկուն պատկանող սրբապատկերը չէ, այլ լիտոգրաֆիկ պատճենը, որը 19-րդ դարում հրաշագործ պատկերի է վերածվել, քանի որ այդ պատկերի հետևում դեռ երկու դար առաջ Տերը մի այլ հրաշքով հաստատել է Իր Մոր պատկերի առանձնահատկությունը նրանով, որ հակառակ կողմում մարդուն անհասկանալի կերպով առաջացել է Կույս Մարիամի յուրահատուկ գեղեցիկ պատկերը, իսկ քիչ ներքև՝ սրտի կողմում, տառապող Հիսուսի դեմքը, ինչպես Թուրինյան վարշամակի վրա է հայտնվել Իր հարությունից հետո: Իսկ 1999 թվականից այդ սրբապատկերից սկսել է անուշահոտ մյուռոն հոսել: Երբ այդ սրբապատկերը տեսա, սկզբում կարծեցի, թե ցուրտ եղանակին, տաք եկեղեցի բերելու պատճառով է, որ դիմացի ապակին քրտնել ու ինչ-որ կաթիլներ են հոսում վրայից, բայց երբ ուղեկցողը պատմեց այդ հրաշքի մասին, ուշադիր նայելուց հետո հասկացա, որ դա իսկապես հրաշագործ սրբապատկեր է, քանզի տակը հատուկ զետեղված բամբակյա շերտ կա, որպեսզի իր մեջ հավաքի այդ հոսող մեռոնը:

Հիմա, այս հոդվածի միջոցով մեր ընթերցողներին հնարավորինս փոխանցեցի, բաժին հանելով իմ ստացած օրհնություններից, իսկ մնացյալը թող ինքը ջանք անի իր աղոթքներով ու Ավետարանի ընթերցանությամբ լրացնել, քանզի առանց դրանց մեր հոգիները թառամող ծաղկի են նման:

Միգուցե ընթերցողը տարակուսի, թե ինչու եմ այս մասին հենց այս հոդվածի մեջ գրում. պարզաբանեմ: Այս տառապալից շաբաթվա ընթացքում մեր ազգը մի մեծ փորձության ենթակվեց ու դեռ շարունակում է կրել դրա հետևանքները, ու այս սրբապատկերը Հայաստան բերելը ըստ իս պատահական չէր, քանզի Տիրամայրը որպես մեզ սիրող բարեխոս, կամեցավ իր սրբապատկերի մխիթարությամբ փարատել ու մեղմել մեր ցավերը, քանզի այդ սրբապատկերը հաջորդ օրը տարվելու էր նաև Գյումրի, ուր ամենաշատ մխիթարության կարիք ունեն մեր հայրենակից եղբայրներն ու քույրերը:

Ի լրումն այս ամենի, ավարտենք մեր մեծագույն սրբի՝ Նարեկացու աղոթքով, առ Տիրամայր.

«Աղաչում եմ քեզ, սուրբ Աստվածածին,

Հրեշտակ մարդկությունից, մարմնատեսիլ քերովբե,

Երկնային Արքայուհի, եթերի պես ջինջ,

Լույսի պես մաքուր, անշաղախ ինչպես բարձրյալ արուսյակի պատկեր,

Գերազանց, քան բնակարանն անհաս սրբության,

Երանելի խոստումնավայր, շնչավոր Եդեմ,

Բոցեղեն հրով պաշտպանված անմահության Կենաց ծառ …»,

Բարեխոսի՜ր ալեկոծ ու տառապյալ Հայոց ազգիս համար:

Ի մխիթարություն ամենքիս` քաղեց

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ