Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
23.01.2015 | 13:12

Մեզիրե / Էլյազըգ

1617-ին, Սուլթան Ահմէտ Գ-ի օրով, Չօփան օղլի աւատապետը Խարբերդ քաղաքը իր շրջականերով հիմնայատակ կը կործանէ և ամբողջ բնակչութիւնը սուրէ կ’անցնէ:

Այդ ջարդէն ու աւերներէն եօթը ընտանիքներ, որոնք ազգականական մօտիկ կապերով կապուած են իրարու, փախուստ կու տան ու կու գան կը հաստատուին Խարբերդ քաղաքէն երեք քառորդ ժամուան հեռաւորութեան վրայ գտնուող դաշտին վրայ՝ Իպրահիմ պէյ անունով թուրք զինուորականի մը կալուածին վրայ ու կը հիմնեն գիւղակ մը և զայն կը կոչեն մօտակայ գիւղին անունով՝ Մէզիրէ:

Մէզիրէ բուն անունով Միզիրա է: Արաբերէն է և կը նշանակէ ցանատեղի, ցանելու տեղ:

Այդ եօթը ընտանիքները եղած են Նորսոյենք, Խաչոյենք, Թերզոնք, Լուսիկանք, Էգնոյենք, Օյնոյենք և Թագոյենք:

Նորահաստատ ընտանիքները, իբրև երկրագործներ կը հերկեն Իպրահիմ պէյի ընդարձակ կալուածները և արդիւնքը կը բաժնեն անոր հետ:

Սուլթան Մահմուտ Բ-ի յայտարարած Թանզիմաթով (Բարեկարգութիւն) երբ հայերու և քրիստոնեաներու իրաւունք կը տրուի սեփական կալուածներ ունենալու, այս եօթը ընտանիքները կրկին կը սկսին գնել և տիրանալ այգիներու, արտերու, պարտէզներու և ընդարձակ կալուածներու և ապրիլ առատութեան և երջանկութեան մէջ:

Ժամանակի ընթացքին հայոց թիւը կը բազմանայ և շրջակայ շրջաններէն կու գան հաստատուելու Մէզիրէի մէջ, որ որոշ առաւելութիւններ ունէր և ապագայ յառաջդիմութիւններ կը խոստանար:

Մեզիրեն հիմնադրել են խարբերդցի հայերը 1617 թ.: Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով, կային նաև արտադրական ձեռնարկություններ: Ֆաբրիկատորյան եղբայրների հիմնադրած (1869 թ.) մետաքսի գործարանի արտադրանքն արտահանվել է Մերձավոր Արևելքի շատ քաղաքներ:

Մեզիրեում գործել են Ս. Սարգիս, Ս. Աստվածածին, հայ բողոքականների, հայ կաթոլիկների եկեղեցիները, Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանը, Աղջկանց վարժարանը, ֆրանսիական կոլեժը (հիմնադրվել է 1895 թ.), գերմանական քոլեջը (հիմնադրված 1897 թ.), Կապուցիների միաբանության հիմնարկությունը, նախակրթարաններ ու մանկապարտեզներ:

1914 թ. Մեզիրեի բնակիչների (16 հազար) կեսը հայեր էին, որոնք տեղահանվել են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

Մէզրայի ժողովուրդը շատ ճարպիկ, ճկուն և ուշիմ է: Ամէն գործի, ամէն ձեւի կը յարմարի: Գործի մէջ «Բերնով ճնճուղ կը բռնէ»: Իր քալուածքն իսկ յատկանշական արագութիւն մը ունի: Մինչև իսկ գործ չունեցող մը այնպէս արագ կը քալէ, որ կը թուի, թէ հազարաւոր հակ ապրանքներ իրենց խանութին դուռը կը սպասեն:

Մէզրացի ժողովուրդը շատ ալ ձեռներէց է, կրցած-չկրցած բանի մէջ կը մտնէ, գիտցած-չգիտցած բանը ընելու ճարպիկութիւնն ունի: Բամբասելու շատ ժամանակ չունի և եթէ «բաղդին քսակէն» քիչ մը ժամանակ անցնի ձեռքը՝ քեյֆի կը յատկացնէ:

Մէզրայի մէջ յարաբերութիւնները շատ բարեվարի են և կեղծաւորութիւնն ալ եւրոպական է:

Հագուստները Մէզրայի մէջ շատ նրբացած են: Ապրուստը դժուար է հոս, որովհետև ամէն մարդ ստիպուած է իր միջավայրին յարմարիլ, որ շատ փայլուն է: Խարբերդցիք Մէզրան «պզտիկ Պոլիս» կը կոչեն:

Յունիե

1885 նոյեմբեր 29 ուրբաթի գիշերուան ժամը 3-ին Յիւնիա հասանք:

Հայք 120 տունէ կը բաղկանան, որք ունին մի եկեղեցի Սուրբ Մինաս անուն, մէկ վարժարան Սուրբ Մեսրովպեան 40 աշակերտով: Ժողովրդոց մէկ մասը վաճառականութեամբ կըզբաղի, իսկ մէկ մասն ալ մանրավաճառութեամբ և զանազան արհեստներով, երբեմն եղեր են ոմանք նաւուց տեարք, իսկ այժմ դադարեալք:

Հայք ունին երկու գերեզմանատուն, մին քաղաքի գլուխը Չաքըռ Թիփիսի ըսուած զուարճալի վայրն է, իսկ միւսն տաճկաց թաղին մէջ, որուն գերեզմանաքարեր ասկից երեք տարի առաջ հաներ ու ճամբային գործածուեր է հայոց անտարբերութենէն:

Քաղաքիս մէջ հայոց գաղթականութեան սկիզբն երեք հարիւր տարիէ ի վեր կը յիշուի, յորս կը գտնուին Թամզարայէ, Գարահիսարէ, Կիւմիւշխանէէ, Տրապիզոնէ և այլ տեղերէ:

Յիւնիա տունք տաճկաց 1500:

Իւնիէ Տրապիզոնի կուսակալութեան մէջ ծովեզերեայ փոքր քաղաք մ’է: Իր բնակչութիւնը կը կազմեն, գիւղերով միասին, 51165 թուրք, 4720 հայ և 4554 յոյն:

Պատուական է Իւնիէն իր խաղողի արտադրութեամբը: Հաւկթի վրայ գործառնութիւնք վերջին տարիներս ընդարձակուած են: Իւնիէ տարին կ’արտածէ 8500 սնտուկ հաւկիթ: Իւնեցիք մղում տալ սկսած են կաղինի մշակութեան: Տեղւոյս գլխաւոր արտադրութիւններն են եգիպտացորեն, վարսակ, կանեփ, լուբիա, գարի:

40-50 տարի առաջ Իւնիէ նաւաշինութեան կեդրոն մ’էր: Իբրեւ մեքենական արտադրութիւն, պիտի յիշենք միայն աղիւսը:

Արմտիքի վաճառականներ են եղբարք Գարագաշեան, Բ. Բարսեղեան, Ս. Մութաֆեան, Կ. Մալթապէկեան:

Մանիֆաթուրայի կարեւոր գործառնութիւններ ունին Յար. Բարսեղեան, Գր. Զաքարեան, Գէորգ Բարսեղեան և Գալուստ Մութաֆեան:

Կարաքիլիսե

Թուրքերն այժմ կոչում են Կարաքյոսե (Ղարաքյոսե)։ Գտնվում է Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Ալաշկերտի բարեբեր դաշտում, Տրապիզոն-Թավրիզ ճանապարհի վրա։

XIX դարի առաջին կեսում Կարաքիլիսեում հայերը կազմում էին գյուղաքաղաքի բնակչության բացարձակ մեծամասնությունը։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից առաջ այստեղ կար 200 տուն հայ բնակիչ, որից 120 տունը պատերազմի ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան, իսկ 80 ընտանիք մնացել էր տեղում։ Հետագայում հայ բնակչության թիվը բավական ավելանում է։ 1909 թ. Կարաքիլիսեի 600 տնից 350-ը հայկական էր 2450 բնակիչներով։ Այդ նույն թվականին նրա բնակչության ընդհանուր թիվը հասնում էր մոտ 4500 մարդու։ Մինչև XIX դարի 90-ական թվականները գյուղաքաղաքը կարելի է ասել զուտ հայաբնակ էր. 1877-1878 թթ. պատերազմից հետո այստեղ հայերից բացի կար միայն քրդական 3 ընտանիք 19 բնակիչներով։ Աբդուլ Համիդի օրոք, 1895-96 թթ. հայկական ջարդերից հետո, Կարաքիլիսեում հաստատում են բավական բազմամարդ կայազոր։ Բացի դրանից, այդ նույն ժամանակներում, քաղաքի բնակչության հայկական միատարրությունը վերացնելու նպատակով թուրքական իշխանություններն այստեղ բնակեցնում են թուրքական և քրդական 100 ընտանիք։

Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ գյուղաքաղաքների նման Կարաքիլիսեի բնակչության զբաղմունքը նույնպես արհեստները, առևտուրը և երկրագործությունն էին։ Արհեստների նման, առևտուրը ևս հիմնականում գտնվում էր հայերի ձեռքին։ XX դարի սկզբին Կարաքիլիսեն ուներ իր շուկահրապարակը՝ մոտ 200 խանութներով ու կրպակներով։ Այստեղի հայկական եկեղեցին ևս ուներ իր կրպակները՝ թվով 25, որոնց հասույթներով պահվում էր եկեղեցուն կից գործող վարժարանը։

Առաջին համաշխարհային պատերազմը և թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը ճակատագրական եղան նաև Կարաքիլիսեի հայության համար։ Նրանց մի մասը ոչնչացվեց 1915 թ. եղեռնի հետևանքով, իսկ մյուս, ավելի փոքր մասը տեղահանվեց զանազան կողմեր։

ՀԱՅԿ ՓԻԹՈՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

(13 օգոստոսի 1916 թ.)

Գարաքիլիսէի մէջ պատերազմէն առաջ կ’ապրէին 1000 տուն հայեր և նոյնքան թուրքեր: Հայերը մեծամասամբ վաճառականութեամբ և զանազան առևտուրներով կը զբաղէին, իսկ մնացեալ մասն ալ՝ հողագործութեամբ: Գարաքիլիսէի մէջ կար Ս. Աստուածածին անունով եկեղեցի մը, որ Նեքին Դարաբի քիւրտ Դարվիշ աղայի ձեռքով այրուած է: ՈՒնէր մէկ դպրոց՝ ութը դասարաններէ բաղկացած (այժմ՝ այրուած), 4 ուսուցչով և 500 երկսեռ աշակերտներով: Եկեղեցիին թանկարժէք անօթները, ձեռագիրները և այլն՝ բոլորն ալ թալանուած են քիւրտերու կողմէ:

Պատերազմէն առաջ հայերու վիճակ շատ նախանձելի էր, բոլորն ալ նիւթական բարւոք վիճակի մէջ կգտնուէին: Գարաքիլիսէի հայեր ունէին 3000 գլուխ ոչխար, 2600 տաւար: Քաղաքի տասն տեղէ նախիր դուրս կ’ելլէր: Այժմ գիւղը կը գտնուի ռուսական տիրապետութեան ներքոյ, հոն կը գտնուին միայն քանի մը հայ առևտրականներ: Ժողովուրդին կ’արգիլուի բնակիլ Գարաքիլիսէի մէջ: Ամէն տուն ունէր իր սայլը (ընդամէնը մօտ 600) և 4-5 զոյգ սևատաւարը: Կային այնպիսիներ, որ 50 խալվար ցանելու հող ունէին: Հողագործներու գութաններուն թիւը 150-ի կը հասնէր: Տարեկան 3000 սայլ խոտ կ՛արդիւնաբերուէր: Գարաքիլիսէն զուրկ է պտղատու ծառերէն, բայց ուռիի և բարդիի անտառները և ուրիշ անպտղատու ծառերու քանակութիւնը շատ է:

Երբ 1914 յուլիս 21-ի Թուրքիայի ընդհանուր զօրաշարժը յայտարարուեցաւ, 20-45 տարեկան բոլոր տղամարդիկը՝ հայ, թուրք հաւասարապէս հաւաքեցին և տարին Էրզրում, ուր զինավարժութեան վարժեցնելէ յետոյ՝ քշեցին զանազան ուղղութեամբ: Զօրք տարուած հայերուն թիւը Գարաքիլիսէի մէջ 300-ի կը հասներ: Այս թիւէն 200 հոգի հետզհետէ փախան՝ չկրնալով տոկալ բանակի և զինուորական ծանր ծառայութեան, մանաւանդ տեղի ունեցած անհանդուրժելի խտրութեանց: Ի վերջոյ, երբ սկսուեց ռուս-տաճկական պատերազմը, հայ զինուորները բոլոր զինաթափ ըրին և տարապարհակ տաժանելի աշխատանքներ կատարել տուին, որոնց չկրնալով ա՛լ դիմանալ՝ հայ զինուորները ծածուկ, խումբ-խումբ փախան: Մօտ երկու հարիւր հոգի կ’անցնին Կարս, ուր ռուսերը կարծելով, թէ ասոնք լրտես են և կամ ուրիշ յետին նպատակներով փախեր-եկեր են, բոլորին ալ ամսու մը չափ բանտարկեցին: Երբ հայ կամաւորական խումբերը դուրս եկան, այս մարդիկ ազատուեցան: Ոմանք կամաւոր գրուելով՝ բանակներու մէջ մտան, իսկ մնացեալ մասը ցրուեցաւ Կովկասի զանազան կողմերը: Խումբը 300 հոգիէ կը բաղկանար: Ինչպէս վերը յիշեցի, 200 հոգի փախան Կարս, իսկ 100 հոգի մնացին Կարնոյ մէջ: Այս 100 հոգիի մասին ոևէ տեղեկութիւն չկայ:

Զօրահաւաքէն յետոյ սկսան պատերազմական հանգանակութիւն ընել՝ հաւաքելով հաց, մածուն, պանիր, աղ, հաւկիթ, իւղ, թել, բուրդ, ջուալ և այլն, և այլն:

Ռուս-տաճկական պատերազմը երբ յայտարարուեցաւ, հայերու դրութիւնը երթալով ծանրացաւ: Տղամարդիկ հետզհետէ թողեցին փախան, մնացին կիները և երեխաները թուրքերու ու քիւրտերու ձեռքին: Գերի տարին 20-ի մօտ կիներ և աղջիկներ, որոնք ռուսերուն յառաջխաղացումով յաջողեր էին ազատուիլ:

1914 թ. դեկտեմբերի 18-ին ռուսերը նահանջեցին, ժողովուրդն ալ անոնց հետևեցաւ: Բազմութիւնը ճամբայ ելաւ սայլերով և տաւարներով. ցուրտ ձիւնը սոսկալի եղած է: Մուրատ գետէն անցքը շատ անտանելի եղաւ: Գետը հսկայական սառոյցի կտորներ կը բերէր. երբ սայլերը, մարդիկ, բեռնակիր անասունները ջուրը կը մտնէին՝ միւս ափը դուրս գալու համար, սառոյցի կտորները հոսանքի ուժգին թափով ասոնց կը զարնէին ու կը գլորէին, կը տանէին: Ոմանք խեղդուեցան, ոմանք հեռաւոր գետափեր հազիւ յաջողեր էին դուրս գալ, իսկ գետը անցնողներուն մեծ մասին ոտները, ձեռքերը ցրտահար ըրաւ, շատեր հիւանդացան և անկար ու անօգնական՝ ճամբու ձիւնին վրայ ինկած մնացին: Երեխաներէն շատ ու շատեր չկրցան դիմանալ սաստիկ ցուրտին և մեռան: Մայրերը իրենց ձեռքով ձիւնը կը փորէին և երեխաները մէջը կը թաղէին:

Գարաքիլիսէն ճամբայ իյնալով, ժողովուրդը 16 օրէն կը հասնի Կովկաս: Մեծ մասը կ,ապրին Երևանի և Էջմիածնի մէջ: Այժմ մնացեր են 300 տուն գարաքիլիսեցիք, որոնց մէջ հազիւ 150 տղամարդ կայ: Կովկասի մէջ մեռան 300 հոգի (կին, տղամարդ, երեխայ) բծավոր տիֆով: 18 տուն իրարու հետ ազգականութեամբ կապուած ընտանիքներէն այժմ մնացեր են 4 տուն:

Իրենց տուներուն մեծ մասը այժմ քանդուած կամ այրուած է, շարժական ստացուածքներէն ոչինչ մնացեր է: Իւրաքանչիւր տան վնասը՝ աղքատ-հարուստ, միջին հաշուով մօտաւորապէս 800-1000 լիրայի վնաս կրած է:

Պիթլիսցի Հաճի Նուրի կոչուած թուրքը, որ երկար տարիներէ ի վեր Գարաքիլիսէի մէջ կ’ապրէր, բաւական ատեն կարողացեր էր կարգ մը ընտանիքներ պաշտպանել: Այս պարագան անձամբ կը վկայեմ, որուն համար ալ կը ստորագրեմ:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ