Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եզրափակչին վայել մրցակցություն

Եզրափակչին վայել մրցակցություն
23.01.2015 | 13:14

Շաբաթվա միջնամասը եվրոպական ֆուտբոլային գերտերություններից չորսում գավաթային խաղերի օրերն էին (գերմանացիները դեռ հանգստանում են): Ժամանակային առումով եզրափակիչ խաղերը թեև որոշակիորեն հեռու են` եզրափակիչ ելնելիք զույգերով, սակայն անգամ այս ընթացիկում եղան այնպիսիները, որոնք անվիճելիորեն եզրափակիչ կզարդարեին:

Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է իսպանական «Բարսելոն»-«Աթլետիկո» զույգի երկռաունդանոց հանդիպման առաջին փուլի խաղին: Այն, գավաթային անհաշտ բնույթից զատ, առանձնանում էր նաև նրանով, որ ընդամենը հաշված օրեր առաջ, երկրի առաջնության շրջանակներում, կողմերը մրցել էին միմյանց հետ (պիտի որ մոռացած չլինեք` «Նոու Կամպում» կատալոնցիները 3:1 հաշվով պարտության մատնեցին մադրիդցիներին): Ասել է թե, Սիմեոնեի սաները հրաշալի հնարավորություն էին ստացել ապացուցելու, որ «Բարսելոնը» նույնքան իրենց ատամի բանն է, որքան մադրիդյան հանրահայտ «Ռեալը», որին այս տարի արդեն երկու ծանրագին հարված են հասցրել ինչպես երկրի առաջնության, այնպես էլ գավաթային խաղերում, էլ չենք ասում, որ գավաթային երկրորդ հանդիպումում մոտ էին երրորդ դաժանությունը կրկնելուն:

Ինչևէ: «Աթլետիկոն» արժանավայել խաղ ցույց տվեց, բայց ի՞նչ կարող ես անել, երբ մրցակիցն ունի Մեսի կոչված հրաշք, ով կարող է իրեն թույլ տալ տասնմեկմետրանոցից դարպասը չգրավելու «շռայլություն», սակայն նույնը կրկնել խաղային դիրքից:

Ի դեպ, նկատենք, որ ինչպես առաջնության խաղում, այնպես էլ այստեղ դեղին քարտերի հրավառություն էր, որոնցից հինգը բաժին հասավ հանդիպման վերջին տասներկու րոպեներին:

Իհարկե, պատասխան խաղում լիովին հնարավոր է ոչ միայն չեզոքացնել նվազագույն հաշվով կրած պարտությունն ու անգամ հասնել հաղթանակի, սակայն դրա համար, բնականաբար, խիզախել է պետք, տակտիկական առումով ինչ-որ նորամուծություն կիրառել, քանզի դրանից այն կողմ ուրիշ ռեսուրս չունի Սիմեոնեն, եթե, իհարկե, մարզիչ-ֆուտբոլիստներ մակարդակում ինչ-որ մոծակ դարձյալ չխայթի կատալոնցիներին:

Հօգուտ տանտերերի, նվազագույն հաշվով առավելություն է գրանցվել նաև «Վիլյառեալ»-«Խետաֆե» մրցակցությունում:

Գավաթային մակարդակով պակաս հետաքրքիր չէր նաև «Մալագա»-«Աթլետիկ» բախումը, ու թող մարզասերի մեջ թյուր պատկերացում չստեղծի հանդիպման գոլերի բացակայությունը: Ճիշտ է, ոչ-ոքին մրցաշրջանում հաջող հանդես չեկող բասկերին առանձնապես մեծ հնարավորություններ չի տալիս, բայց ի՞նչ իմանաս, թե նրանք ինչ կարող են անել սեփական մարզադաշտում:

Երեկ կայացած «Էսպանյոլ»-«Սևիլիա» հանդիպումով ավարտվեց արքայական գավաթի խաղերի դիմակայության առաջին փուլը:

Եթե Իսպանիայի արքայական գավաթի հանդիպումներում եզրափակչին ավելի մոտ կանգնած հանդիպումների շարք էր, ապա Իտալիայում, Ֆրանսիայում անցնելու ավելի երկար ճանապարհ է մնացել: Ինչ վերաբերում է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությանը, այստեղ իսպանականից էլ առաջընթաց գրաֆիկ է գործողության մեջ: Անդրադառնանք և դրանց:

Իտալական գավաթի մեկ ութերորդում մրցեցին «Ինտերն» ու «Սամպդորիան», «Ֆիորենտինան» ու «Ատալանտան»: Երկուսում էլ շոշափելի է եղել տանտերերի առավելությունը: «Ինտերը» հաղթել է 2:0, «Ֆիորենտինան»` 3:1 հաշվով: Երեկ կայացած «Նապոլի»-«ՈՒդինեզե» հանդիպմամբ ավարտվեցին Ապենինյան թերակղզու տվյալ փուլի եզրափակիչները: Ավելի վաղ մեկ քառորդի ուղեգիր էին նվաճել «Միլանը», «Պարման», «Լացիոն», «Յուվենտուսը», «Ռոման»:

Ֆրանսիայի գավաթի մեկ տասնվեցերորդի կենտրոնական հանդիպումը, հարկավ, «Պարի Սեն Ժերմեն»-«Բորդո» դիմակայությունն էր: Այն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2:1: Հիշատակենք նաև 2:0 հաշվով «Մոնակոյի» հաղթանակը «Էվիանի» նկատմամբ:

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպման առաջին փուլում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»` 1:0: Ավելի վաղ կայացած «Լիվերպուլ»-«Չելսի» դիմակայությունում կողմերը բաժանվել են այդպես էլ իրար նկատմամբ առավելության չհասած` 1:1: Հարկ է նշել, որ սա բացառիկ սուր մրցակցությունում անցած խաղ էր, որտեղ Մոուրինյոյի սաները, բնականաբար, ունեին ավելիին հասնելու ախորժակ, սակայն լիվերպուլցիները մինչև վերջ համառեցին ու վարձահատույց եղան իրենց համառության համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ