Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանն ու Դավութօղլուն կարծում են, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում

Էրդողանն ու Դավութօղլուն կարծում են, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում
23.01.2015 | 14:07

Թուրքական «Էվրենսել» պարբերականի սյունակագիր Իհսան Չարալանը քննադատել է Դարդանելի գործողության 100-րդ տարելիցն ապրիլի 24-ին անցկացնելու և ՀՀ նախագահին այդ միջոցառումներին հրավիրելու Թուրքիայի որոշումները: «2015-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այդ իսկ պատճառով սպասվում է, որ որքան մոտենա ապրիլի 24-ը, Ցեղասպանությունը ճանաչելու համար Թուրքիայի վրա գործադրվող ճնշումն ավելի կմեծանա։
Թուրքիան՝ կարծելով, որ «ամենալավ պաշտպանությունը հարձակումն է», աշխարհի 102 երկրների առաջնորդների պաշտոնական հրավեր ուղարկեց՝ ապրիլի 24-ին Թուրքիայում նշելու Դարդանելի ճակատամարտի 100-րդ տարելիցը։
Հրավիրվածների թվում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ անմիջապես մերժեց Էրդողանի հրավերը՝ ասելով. «Դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»։
Թուրքիայում, որպես կանոն, ամեն տարի Չանաքքալեի հաղթանակը նշել են մարտի 18-ին, իսկ այս անգամ որոշել են դա անել ապրիլի 24-ին: Մինչդեռ ամբողջ աշխարհում գիտեն, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է։
Սակայն Էրդողանն ու Դավութօղլուն, ովքեր կարծում են, թե աշխարհն իրենց շուրջն է պտտվում, հավատում են, որ Հայոց ցեղասպանության օրը տոնելով Չանաքքալեի ճակատամարտում տարած հաղթանակը՝ իրենց կհաջողվի բոլորի ուշադրությունը սևեռել դեպի Թուրքիան։ Դեռ մի բան էլ ավելի՝ նրանք այդ օրը Թուրքիա են հրավիրել 102 երկրների նախագահների ու վարչապետների։
Այսօրինակ դիվանագիտության հետևանքով է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջ քաշած «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարևաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության։ Դավութօղլուի առաջարկած «ռազմավարական խորության» շրջանակներում կայացված որոշումը՝ կապված ապրիլի 24-ի հետ, Թուրքիայի համար արդյունավետ լինել չի կարող։ Իհարկե, դուք կարող եք այդ օրը հրավիրել 102 երկրների ղեկավարների, սակայն ո՞վ կընդունի հրավերը։ Թեև, ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ Դարդանելի գործողության 100-րդ տարելիցը նշելու համար ապրիլի 24-ին կլինի Թուրքիայում»,- գրում է Չարալանը։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ