Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռաբիսն ու ռաբիս երգիչները մեր հոգեկերտվածքին անդառնալի վնաս են հասցրել

Ռաբիսն ու ռաբիս երգիչները մեր հոգեկերտվածքին անդառնալի վնաս են հասցրել
23.01.2015 | 16:21

Թող ոչ ոք չնեղանա ու նրանց չպաշտպանի։ Ցավում եմ, որ Թաթուլը հիմա էլ գնում է մշտական բնակվելու և շա՜տ փող աշխատելու հայկական ամենամեծ սփյուռքում, որովհետև սփյուռքում ապրող, մանավանդ ամենակուլ Ամերիկայում մեր հայրենակիցներն ավելի վտանգված են, երբ մանկուց սնվում են աղճատված ու աղավաղված երաժշտությամբ, որը ոչ մի հոգևոր կապ չունի հայի երաժշտական մտածողության ու ընկալման հետ: Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս և ովքե՞ր ռաբիսը բարձրացրին ակադեմիական մակարդակի, ինչպե՞ս եղավ, որ Կոմիտաս ծնած, ազգագրական համարվող ժողովրդական մաքուր, դուդուկի հնչողություն ունեցող երգարվեստ ստեղծած ժողովրդին պատվաստեցին, լեզուս էլ չի պտտվում՝ ասեմ երաժշտություն։ Ես կարդացի մի քանի հոգու մեկնաբանությունները Թաթուլի՝ ԱՄՆ մեկնելու վերաբերյալ, և անկեղծորեն՝ հուսահատվեցի. էս ինչքան խորն է աղավաղվել մեր ժողովրդի հոգին ու աշխարհընկալումը, որ Թաթուլ-Բղդո-Թաթա-Հայկո-Արմենչիկ-Արման և այլք համարվում են մեր մշակույթը զարգացնող տաղանդներ: Թվարկելով մեր հայրենակիցների անունները, բնավ նպատակ չունեմ նրանց անձնական վիրավորանք հասցնելու, նրանք երգում են այնպես, ինչպես սովորել են մանկուց և ինչպես կարողանում են։ Բայց ես և շատերը նրանց չենք խրախուսում, որ նրանք իրենց երաժշտական ճաշակը պարտադրեցին ու մանավանդ պատվաստեցին երիտասարդ սերնդի հոգում։ Ձեզնից որևէ մեկը լսու՞մ է Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության հաղորդած ժողովրդական համերգները մեր ազգագրական մաքուր ու առանց կըլկըլոցի երգերն են՝ թուրքերեն հարմարեցված բանաստեղծական խոսքով, իսկ կոմպոզիտորական երգ-ստեղծագործությունները զերծ են ավելորդ մուղամ-կլկլոցից: Այդ ոճով երգվում են միայն իրենց ազգային-դասական համարվող երգերը, որոնք կոչվում են «թուրքիե»: Համեմատե՛ք այդ երգերը մեր ռաբիսի հետ. դրանք նույն աղբյուրից են սնվում, բայց թուրքերը հիմնականում հաղորդում են հայկական լադային ՝ մեղեդային համակարգում եղած երգերը և այդպիսով զարգացնում են իրենց սերնդի երաժշտական ճաշակը։ Իսկ ի՞նչ ենք արել ու ի՞նչ ենք անում մենք։. բավական չէ, որ հեռանում ենք հայրենի ու հարազատ միջավայրից, ավելին՝ ինքնակամ աղավաղում ու փչացնում ենք օտարության մեջ մեծացող հայ երեխաների ազգային նկարագիրն ու աշխարհընկալումը։ Այստեղ չի գործում ապրանքային շուկայի առաջարկ-պահանջարկ դասական սկզբունքը այստեղ միայն մի սկզբունք կա. ԴԱ ԱՌԱՋԱՐԿԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ։ Եթե մարդուն միշտ միևնույն ոճի հագուստ հագցնեն՝ համոզելով, որ դա իր ուզածն է, սազում է իրեն, որովհետև դա է իրեն նաև մատչելի, նրա համար դա դառնում է միակ ընտրությունը, նույնիսկ հաճելի ու սիրելի: Իսկ նրան, ում դուր չի գալիս, մի ամիս չի լսի, մի շաբաթ կխուսափի, բայց կյանքը մի օր նրան կպարտադրի Թաթուլի միջոցով հարազատի կամ ընկերոջ հարսանիքում կհնչի նրա երգը, և ինքն ակամայից թևերը կբարձրացնի ու մի քիչ էլ գինով կպարի ու շախ կանի, եթե նրա հոգու սափորը կիսով չափ դատարկ է, իսկ նա, ում հոգին ձևավորվել է մեր ազգային ազնիվ ու բարձրարվեստ երաժշտությամբ, նրա հոգու սափորը ոչ մի անարժեք ելևէջ չի սողոսկի։ Մի ճշմարիտ ասացվածք կա. «Մենք այն ենք, ինչ լսում ենք»: Ահա, այսպես, ցավում եմ, որ Թաթուլը հիմա էլ Ամերիկայի հայ երեխաների՝դեռ չլցված հոգու սափորի պարունակությունը պիտի «լցնի»։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ