Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի ընդդիմությունը քննադատում է իշխանություններին

Թուրքիայի ընդդիմությունը քննադատում է իշխանություններին
23.01.2015 | 23:22

Թուրքիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ կառավարությունը մտադիր է ընդառաջել հայերի պահանջներին և նրանց վերադարձնել նախագահական Չանկայա պալատը և Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանի Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքի մի մասը:
Թուրքական մամուլը գրում է, որ հայկական սփյուռքը մտադիր է թափ հաղորդել իրավական պայքարին՝ վերադարձնելու 1915-ին կորցրած տարածքները՝ վկայակոչելով ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանին, ով վերջերս ասել էր, որ Հայաստանն ու Սփյուռքը քննարկում են Անկարայի դեմ իրավական գործընթացներ սկսելու հարցը, և եթե Թուրքիայի դատարանները մերժեն հայցերը, կդիմեն միջազգային դատարաններ:
Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Օկտայ Վուրալը Today’s Zaman-ին ասել է. «Ես գիտեմ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման ծրագիր ունի: Փորձագետները խորհուրդներ են տալիս և աշխատում են տարածքները հայերին վերադարձնելու ուղղությամբ»:
Նա ասել է, որ հայկական սփյուռքը իրավաբանորեն ձևակերպված պահանջներ ունի նախագահական Չանկայա պալատի և Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի տարածքների նկատմամբ: Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ օդանավակայանը տեղափոխվելու է Յեշիլքյոյի շրջանից: Օկտայ Վուրալը պահանջել է հստակեցնել՝ պատահական զուգադիպությո՞ւն է, որ օդանավակայանը տեղափոխելու մտադրության մասին կառավարությունը խոսում է այն պահին, երբ հայերը այդ տարածքը վերադարձնելու հարց են բարձրացնում:
Չանկայա պալատը մինչև անցյալ տարվա օգոստոսը Թուրքիայի նախագահների նստավայրն էր: Ռեջեփ Էրդողանը, ընտրվելով Թուրքիայի նախագահ, տեղափոխվել է նոր կառուցված նստավայր: Չնայած Էրդողանն ասել էր, թե նախագահական նստավայրը տրամադրվելու է վարչապետին, բայց ազգայնական գործիչը կասկածում է: «Արդյո՞ք Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը և նախագահական Չանկայա պալատը կհանձնվեն հայերին բավարարելու համար հայկական սփյուռքի պահանջները: Արդյո՞ք զուգադիպություն է, որ դրանք տարհանվում են հենց հիմա»,- նշել է Օկտայ Վուրալը:
Today’s Zaman-ը նշում է, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ, ԱՄՆ-ի 41 նահանգ, շատ պատմաբաններ և գիտնականներ ճանաչում են 1915 թվականի հայերի ցեղասպանությունը, բայց Վուրալը պնդել է, որ Հայերի ցեղասպանության հարցը չպետք է քաղաքականացվի, իսկ նրանց պահանջները չպետք է օրինականացվեն: «Այդպիսի վերաբերմունքը թուրքերին ստրուկներ կդարձնի իրենց սեփական հողում»,- հայտարարել է թուրք ազգայնական գործիչը՝ դժգոհելով. «Իսկ ի՞նչ կասի «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը, եթե մյուսները պահանջեն վերադարձնել Ստամբուլը, ասելով, որ ժամանակին Կոստանդնուպոլիս էր կոչվում: Նրանք, ովքեր ձգտում են հին խնդիրները ուշադրության կենտրոն բերել, պետք է իմանան, որ պատմությունը չի կարող չեղյալ համարվել քաղաքական գործընթացների պատճառով»:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ