Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապրիլի 24-ից ուղիղ 3 ամիս առաջ

Ապրիլի 24-ից ուղիղ 3 ամիս առաջ
24.01.2015 | 19:35

Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածագիր Էմրե Աքյոզն անդրադարձել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրադարձություններին, ամփոփել է անցյալն ու խոսել հնարավոր տարբերակների մասին:
«Այսօր ամսի 24-ն է… Ապրիլի 24-ին ընդամենը 3 ամիս է մնացել: Այժմ այդ ամսաթվի կարևորության մասին… «Իթթիհաթ վե Թերաքիի» ժամանակաշրջանում հայերին այս հողերից «մաքրելու» որոշում կայացվեց: Դրա մի մասն էլ 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլից հարյուրավոր հայ քաղաքական գործիչների, մտավորականների ու արվեստագետների ձերբակալությունն ու աքսորն էր:
Ապրիլի 24-ը ցեղասպանության սկզբի օր է հիշատակվում և ոչ միայն հայերի կողմից: ԱՄՆ-ի նախագահները, օրինակ, ամեն ապրիլի 24-ին «Հայկական հարցի վերաբերյալ» ելույթով են հանդես գալիս, սակայն Անկարային անհանգստություն չպատճառելու համար «ցեղասպանություն» եզրույթը չեն օգտագործում:
Օրինակ՝ Բարաք Օբաման, որ նախագահ դառնալուց առաջ քարոզչության ընթացքում «Հայոց ցեղասպանություն» էր ասում, նախագահ դառնալուց հետո 1915-ը բնութագրելու համար հայերի օգտագործած «Մեծ եղեռն» հոմանիշը նախընտրեց:
Դրա փոխարեն, օրինակ, 2012-ին ասածը ցեղասպանության ճանաչումն էր՝ արտահայտված այլ խոսքերով։ «Օսմանյան կայսրության վերջին տարիներին դաժանաբար կոտորված կամ մահվան երթի հարկադրված մեկուկես միլիոն հայերի հիշատակն ենք հարգում»,- ասել էր նա: Հաջորդ տարիներին էլ գրեթե բառ առ բառ նույնը կրկնեց: Նախագահներն այդ գիծն են նախընտրում, սակայն ԱՄՆ-ում այլ կարծիքի մարդիկ էլ կան: ԱՄՆ-ի 50 նահանգներից 41-ը ճանաչում է Ցեղասպանությունը: Աշխարհի 22 երկրների խորհրդարաններ էլ են ճանաչել Ցեղասպանությունը:
Այդ առումով Անկարայի կողքին կանգնող փոքրաթիվ երկրներից մեկն էլ Իսրայելն է: Իսրայելի պնդումը հետևյալն է. «Հոլոքոստը՝ ֆաշիստների կողմից հրեաների ցեղասպանությունը, աննախադեպ է և դրա նմանը չի եղել»: Հետևաբար՝ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում՝ հրեաների ցեղասպանության առաջնայնությունը պահպանելու նպատակով:


Չանաքքալեի (Գալիպոլի) ռազմավարությունը
Եվ ահա, 2015-ի ապրիլին ընդառաջ Թուրքիայի համախոհների թիվը մեծ չէ: Այդ պատճառով էլ Անկարան Ցեղասպանությունը ժխտող իր թեզն առաջ տանելու համար շատ ջանքեր պետք է թափի:
Փոքր պետություն Հայաստանը մեծ ազդեցություն չունի, բայց հայկական սփյուռքը… այսինքն՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունից աքսորված ընտանիքների թոռները լուրջ արշավ են իրականացնելու: Տեսնենք Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փարիզում բարձրանալիք աղմուկին Անկարան ի՞նչ պատասխան է տալու:
Մյուս կողմից` Անկարայի ռազմավարությունը քիչ թե շատ հայտնի է. Ցեղասպանության դեմ «Չանաքքալեի պատերազմն է» առաջ քաշվելու, քանի որ այդ կերպ ժողովրդի մեծ մասի զգացմունքներին մոտենալն է հեշտ՝ թուրք լինելու, մուսուլման լինելու, Արևմուտքի դեմ հանդես գալու միջոցով: Օրինակ՝ երկու տարի անց բոլոր համալսարաններում մարտի 18-ին որպես ճաշ ցորենի ապուր, կոմպոտ և հաց տալու առաջարկ եղավ. 1915-ին Չանաքքալեում զինվորները դրանք էին կերել: Այժմ էլ ուսանողները նույնն են ուտելու և Չանաքքալեի զոհերի հիշատակը վառ են պահելու… Իրական նպատակը 2015-ին նախապատրաստվելն էր անշուշտ:
Ապրիլի 24-ին հայկական սփյուռքը մի կողմից` «ցեղասպան թուրքեր» է բղավելու, իսկ մյուս կողմից` Անկարան դրան ի պատասխան ասելու է. «Երբ մեր զինվորները զոհվում էին, հայերը մեզ թիկունքից հարվածեցին»: Այս վիճաբանության ընթացքում ինձ ամենից շատ նեղացնողը լինելու են «սպանել ենք, դարձյալ կսպանենք» ասողները…»։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ