«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հպարտ ու հզոր ենք մեր բանակով

Հպարտ ու հզոր ենք մեր բանակով
27.01.2015 | 00:23

Այսօր մենք մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին հանուն մեր ընդհանուր տան:

Ամանորյա իր ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել և զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն»: Իսկ մեր հասարակության և պետության անվտանգ զարգացման երաշխավորն ու ապավենը մեր զինվորն է, մեր զինված ուժերն են: Հայոց բանակի զինվոր, եղիր այն ամուր վահանը, որ երբեք ոչ ոք չկարողանա խոցել քեզ, իսկ մենք հավատում և վստահում ենք մեր վահանի ամրությանը: Չէի ցանկանա երբեք որևէ մեկին ասել՝ հայրենասեր եղիր, չէ՞ որ մենք պարզապես այդպիսին պետք է լինենք: Հայրենիքին, ժողովրդին ծառայելու գործում պարտավոր ենք հավասարակշռված ու չափավորված լինել, նաև մարդասեր, աստվածավախ ու աստվածապաշտ:

Սկսվել է 2015 թվականը։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ` բավականին բուռն զարգացումներով: Դրան զուգահեռ շարունակվում ու խորանում են նաև 2014 թ. գործընթացները: Տարին սկսել ենք սահմանից տխուր լուրեր ստանալով, բայց մի բան հստակ է` ես հավատում ու վստահում եմ մեր բանակին, մեր անվտանգ և խաղաղ կյանքի երաշխավորին: Խնդրում և կոչ եմ անում` այս օրերին, երբ հակառակորդը, միջազգային գերտերությունների աչքի առջև, խախտում է հրադադարի պահպանման բոլոր նորմերը, սատար կանգնենք մեր բանակին:

Բանակաշինությամբ զբաղվող մեր հայրենակիցներ, մեր սիրելի քաջ զինվորներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչով ապավինելու ենք ձեզ: Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, բանակաշինության սուրբ գործում միասնական ու միակամ լինենք, որ աշխարհի հզորներն ու վտանգավոր հարևանները հաշվի նստեն մեզ հետ: Մենք այն սերունդն ենք, որին վիճակված է աշխարհին ապացուցել, որ հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի աշխարհում այլևս նման ողբերգություններ չլինեն: Հայաստանը դժբախտ երկիր չէ, և մենք միասնաբար թույլ չենք տա ինչ-որ մարդկանց և երկրների, որ մեր ընդհանուր տունը` Հայաստանը, դժբախտ երկրի վերածեն: Մեր անվտանգության ապահովման արդյունավետ ճանապարհը մեր բանակին հավատալը, վստահելը, սատարելն ու թիկունք կանգնելն է, մանավանդ սրընթաց փոփոխվող այսօրվա մոլորակում: Սիրենք մեր բանակը` յուրաքանչյուրիս գերագույն արժեքը: Մենք հպարտ ու հզոր ենք մեր բանակով, նրա որակական առաջընթացով, թող այս տարին մեր բանակի համար լինի «մարտական կարողությունների զարգացման տարի», ինչպես իր խոսքում ասել է մեր հարգարժան նախարար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորում ենք մեր բանակին, ուժ և կորով մաղթում մեր զինված ուժերին: Փառք ու պատիվ մեր զինվորին, բոլոր զինծառայողներին:

Աստված ապավեն:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ