Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լևոն Տեր-Պետրոսյանը գենետիկորեն ընդգծված, երբեմն էլ ցինիկորեն արտահայտվող եսասեր անհատ է

Լևոն Տեր-Պետրոսյանը գենետիկորեն ընդգծված, երբեմն էլ ցինիկորեն արտահայտվող եսասեր անհատ է
27.01.2015 | 12:26

(սկիզբը` այստեղ)

1998 թվականի պաշտոնազրկումից հետո Լևոնի խորհրդավոր մենակությունը և նրա տասնամյա քաղաքական պարապուրդից անսպասելիորեն մեծ քաղաքականություն վերադառնալը ոմանք, առաջին հերթին հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձում էին մեկնաբանել և հիմնավորել XX դարի աշխարհի տաղանդավոր քաղաքական, պետական, Ֆրանսիային անմնացորդ ծառայած մի վառ կերպարով, ում կոչում էին Գեներալ դը Գոլ: Առնվազն ծիծաղել կարելի է, երբ...

Բայց մինչ ծիծաղելի մեկնությունը, փորձեմ բացատրել, թե ով էր Գեներալը: Մարդ, որի նշանաբանն է եղել. «Ամեն ինչ հանուն Ֆրանսիայի վեհության»: Մարդ... Բայց ավելի լավ է հիշենք վերմախտի գեներալներից մեկին` Կեյտելին, որը, տեսնելով Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի տակ ստորագրող Ֆրանսիայի ներկայացուցչին, ակամայից պոռթկացել է, թե` սա ո՞վ է: Իրոք, ո՞վ էր Ֆրանսիան, ընդամենը մի քանի օր կռված երկիր, որը ձեռքերն անամոթաբար վեր տնկեց Հիտլերի առաջ: Իսկ մինչ այդ ո՞վ էր դը Գոլը. ֆրանսիական զինվորականության կողմից չգնահատված անհայտ մի գնդապետ, որի «Ապագայի պատերազմը» աշխատությունը դարձավ վերմախտի տաղանդավոր գեներալներից մեկի` Գուդերիանի «Տանկերն առաջ» գրքի հիմնական հենքը: Ամբողջ պատերազմի ընթացքում գեներալը արժանապատվորեն պայքարել է Չերչիլի և Ռուզվելտի արհամարհանքների դեմ և կարողացել է հաստատել իր եսը հանուն Ֆրանսիայի: Այդ երկուսի դեմ պայքարում գաղտնի բանակցել է Ստալինի հետ, որը տվել է մեծ դիվիդենդներ Ֆրանսիային` հաղթողների շարքում դասվելու համար:

1946-ին, երբ դը Գոլը հեռացավ իշխանությունից, ավելի քան 10 տարի նա համարյա չէր շփվում քաղաքական որևէ գործչի հետ: Նրա հյուրերի շրջանակը շատ նեղ էր: Ասում են, նրան հյուր գնացողներից մեկը նշել է, թե այսօր եղանք գեներալի տանը և կերանք ոչխարի մսով ռագու: Գեներալը շատ համեստ կյանք է վարել և չի ապրել նախագահության տարիներին հանուն իր օրենք ընդունած, որ պաշտոնաթողությունից հետո պետք է ապրի առանձնատանը և ունենա թիկնապահների մի ամբողջ խումբ: Դը Գոլն անգամ թիկնապահներից է հրաժարվել, չի վախեցել ժողովրդի մեջ երևալուց: Ավելին, հանուն հաշմանդամների հրաժարվել է իր գեներալական թոշակից: Գեներալը տարիքն առնելուն զուգահեռ երբեք չգիրացավ: Գեներալը հեռանալուց առաջ որևէ ինտրիգ չհրահրեց յուրայինների շարքերում և որևէ բախտախնդրի չբերեց իշխանության, հույս փայփայելով, թե նրա օրոք երկրի վիճակը կվատանա և ազգովին իրեն կխնդրեն նորից վերադառնալ: Գեներալին` մեծ ինտելեկտով և տոհմիկ ազնվական ծագումով անհատին, խորթ են եղել ինտրիգը, խառնակչությունը: Գեներալը երբեք չի մտածել, որ թող Ֆրանսիայում վատ լինի, շատ վատ, որ իրեն հիշեն և կանչեն: Ինչպես կտեսնի ընթերցողը, Գեներալի և Լևոնի միջև համեմատության եզրեր չկան: Դը Գոլը տասը տարվա ընդմիջումից հետո վերադարձավ իշխանության ոչ թե իշխելու, այլ իր սիրած Ֆրանսիային, ժողովրդին անմնացորդ ծառայելու համար: Գեներալը 1946-ին իշխանությունից հեռանալիս, իր թիկնազորի պետի միջոցով ծառայողական մեքենան ինքնագնդակոծման չենթարկեց, որովհետև նրա թիկնազորի պետը գեներալ Բուդո չէր: Ասել կուզեմ, գեներալը չէր փորձում հեռանալիս երկիրը կանգնեցնել ցնցումների առաջ: Համեմատության որևէ եզրեր չկան նաև Ալժիրի և Ղարաբաղի պարագայում: Գեներալը հասկանում էր, որ Ալժիրի ժողովրդի պայքարը ազգային ազատագրական էր: Նույնն է Ղարաբաղի դեպքում: Ալժիրի պատերազմը քամում էր Ֆրանսիան տնտեսապես, Ղարաբաղի պատերազմը, հաղթանակած պատերազմը, մեզ չէր քամում տնտեսապես: Կառավարող էլիտան էր երկրի թալանչին: Ո՞Ւր գնաց միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմավարը, իհարկե` ոչ կռվողներին: Հանճարեղ է ասել Ֆիրդուսին. «Եվ կռվի դաշտում ճորտը մեռնում է, տերը ճարպոտում»:

Կռվողներից շատերը, չհաշված մի քանիսին, որ գեներալ դարձան, վաստակեցին միայն հենակներ և անապահով ծերություն: Խորհրդային պետության պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը երբ ցանկանում էր` գազը փակում էր, հատկապես ձմռանը, այն էլ ոչ ադրբեջանական գազը, երբ ցանկանում էր, վագոնների շարժը խափանվում էր հազար ու մի պատճառով, ադրբեջանական երկաթգծով: Այնպես որ, «Սերգո ջանը», ինչպես և Լևոնն ու նրա շրջապատը, այժմ էլ ապրում են լավ, վատ ապրելը դարեր շարունակ եղել և մնում է սովորական մարդու ճակատագիրը, ավելի ճիշտ` նրան պարտադրված ճակատագիրը:

Եվս մի օրինակ, որ ցույց տրվի այդ երկու անհատների համեմատության հանցավորությունը: Երբ 1968-ին դը Գոլը վերադարձավ իշխանության, իր կաբինետի անդամներին առաջարկեց գնալ և ծաղիկներ դնել Ֆրանսիայի` Դաքարում զոհված զինվորների գերեզմանին: Կառավարության շատ անդամներ առարկում են` ասելով, թե այդ քայլով մենք կվիրավորենք մեր դաշնակիցներին, չէ՞ որ ֆրանսիացի զինվորները Դաքարում կռվել են մեր դաշնակիցների դեմ: Ավելի քան իմաստուն էր գեներալի պատասխանը. «Ես չգիտեմ, թե ում դեմ են կռվել այդ զինվորները: Նրանք կռվել են հանուն Ֆրանսիայի»: Տեղին է հարցնել` Հայրենական պատերազմի ժամանակ խորհրդային բանակի հայ զինվորը ո՞ւմ համար էր կռվել, և ո՞րն է նրա մեղքը, երբ ՀՀՇ-ական մի ստահակ Գերագույն խորհրդի ամբիոնից լկտիաբար վիրավորում էր մեռած հայ զինվորին, ասելով, թե ինչու պետք է հարգենք այդ զինվորների հիշատակը, երբ մի տոտալիտար երկիր կռվել է մեկ ուրիշ տոտալիտար երկրի դեմ: Ինչպիսի ցինիզմ, մարդկային տականքի ինչպիսի բարոյական անկում: Լևոնի օրոք դադարեցվեց հիշել հաղթանակած զինվորի օրը` Մայիսի 9-ը: Մի՞թե Ֆրանսիայի ազատության համար զոհված Միսաք Մանուշյանը չէր կռվում Հայաստանի ազատության համար:

Ճիշտ է, 2008-ին երկրի սոցիալական վիճակը լավ չէր, բայց 1992-ն էլ չէր: Ճիշտ էր նաև, որ ժողովրդի մի մասը հոգնել էր Քոչարյանի վարած քաղաքականությունից, բայց այդ հոգնության այլընտրանքը Լևոնը չէր կարող լինել: Լևոնը կրած պարտությունից հետո իրեն դրսևորեց որպես մի վախկոտ, մորթապաշտ անհատ: Երկրից հեռացրեց տղային և ինքն իր խորհրդավոր սև տան մեջ, երբ Մյասնիկյանի արձանի մոտ արյուն էր թափվում, հանգիստ իր քունն էր առնում («Այդ գիշեր ես հանգիստ քնել եմ»,- մարտի 2-ին կասի Լևոնը):

Մի՞թե գեներալը կարող էր հանգիստ քնել, երբ փողոցում հանուն իրեն արյուն էր թափվում: Կրած պարտությունից հետո էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր շարունակում է իր խառնակչությունը: Շարունակում է, ավելի ճիշտ փորձում է երկրում հրահրել մայդան, մոռանալով, որ իր երգը վաղուց է երգված, որ Գագիկ Ծառուկյան օլիգարխը, քաղաքական գործիչը (ինչպիսի ծաղր` քաղաքական գործիչ) երբեք իր միլիոնները չի ենթարկի փորձության: Լևոն Տեր-Պետրոսյանն իր վարած քաղաքականությամբ որևէ կադր չի աճեցրել, որովհետև, իրենից բացի, որևէ մեկին չէր տեսնում իշխանության ղեկին:

Ստեղծված ճգնաժամային վիճակում երկրից տղային հեռացնելու որոշումը որևէ կերպ, թեկուզ և ծնողական զգացողության առումով, բացատրելի չէ: Իր գործողություններով մարդկանց փուռն է տալիս, արյուն է հեղվում, իսկ որդուն հեռացնում է երկրից: Իր որդու արյունը ումի՞ց էր կարմիր: Այստեղ ևս ցցուն արտահայտվում է նրա էգոիզմը: Ստալինի օրինակը չբերեմ, հիշենք պատմական ուրիշ դեպք. Վարդան սպարապետի տղան Ավարայրի ճակատամարտի ո՞ր դիրքում մեռավ: Այստեղ տեղին է ասել, որ նրա` Լևոնի էգոիզմով է դաստիարակված այսօրվա կառավարող ողջ էլիտան. հայ-ադրբեջանական շփման գծում ո՞վ է մեռնում. կուշտ փորով չսնվող, օրվա հացը մի կերպ աշխատող հայ մարդու երեխան: Ցույց տվեք այդ շփման գծում որևէ պաշտոնյայի, հարուստի երեխայի, որ զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում: Արժե մեկ անգամ ևս կրկնել, որ կռվի դաշտում ճորտը մեռնում է, տերը ճարպոտում: Ժողովրդի ուսերին իշխանության եկած, ճարպոտած Լևոնը (հիշենք նրա 1988-ին հագած վոդոլազկան, տեսքը և այսօր նրա գիրացած մարմինը) շատ էր մտահոգված իր Դավթի բախտով: Իսկ թե քանի դավիթներ կարող էին մեռնել Մյասնիկյանի արձանի մոտ, կարևոր չէ: Կարևորը նրա համար «Որքան վատ, այնքան լավ» նշանաբանն է: Լևոն Տեր-Պետրոսյանը գենետիկորեն ընդգծված, երբեմն էլ ցինիկորեն արտահայտվող եսասեր անհատ է: Եթե պետք է իշխանության հասնել, կսիրաշահի, ոչ բոլորի համար նկատելիորեն կքծնի ժողովրդին, եթե արդեն իշխանավոր է, լկտիաբար կասի` «Եղունգ ունես, գլուխդ քորի»:

2008 թվականի հունվարի 22-ին Ազատության հրապարակում հարթակից դիմեց ժողովրդին Չարենցի «Մահվան տեսիլ»-ով` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: Ինչպիսի՜ վեհություն, պատրաստ անձնազոհության ինչպիսի վառ կերպար, անհատ, մտածում էին հարթակից ներքև հավաքվածները: Քծնանքի, խաբեության դասական օրինակ: Անհատի էությունը երևում է ոչ թե խաղաղ պահին ասված վերամբարձ խոսքերից, այլ վճռական պահին, իսկ վճռական պահին նման կարգի «վառ անհատը», երբ զգում է, որ ոչ թե կյանքին, այլև իր գլխից մի մազ կարող է պակասել, դրսևորում է այն, ինչ գենետիկորեն նստած է նրա մեջ` եսասիրություն վախկոտություն, մորթապաշտություն: Նրա ելույթից մեկ օր հետո ես «Փակագիծ» թերթում տպագրեցի նրան ուղղված մի հոդված, թե գնանք հրապարակ, միասին հրկիզվենք և մեր վառվող մարմինները թող լուսավորեն ժողովրդի ճանապարհը նրա հաղթանակի վեհ գործում: Ես, որ լավ եմ ուսումնասիրել Լևոն քաղաքական գործչի ողջ հոգեկերտվածքը լավ գիտեի, որ նա փորձում է մեսիա խաղալ, բայց իրականում մեսիա չէ, որովհետև ի վերուստ նրան տրված չեն մեսիայի որակներ: Նա Պետրոսի նման կարող է դավաճանել Հիսուսին, մինչև աքլորը կանչի, բայց եթե Պետրոսը հետո կարող էր ապաշխարել, ապա Լևոնին դա էլ տրված չէ: Տեր-Պետրոսյանն իր հոգու ողջ ճղճիմությունը դրսևորել է 2008-ի մարտի 1-ի գիշերը: Նա գիտեր, թե ինքը և իր թիմակիցներն ինչպիսի կործանարար դոպինգ էին տվել ժողովրդին, բայց նա չգնաց հրապարակ, որովհետև իշխողները նրան թիկնազոր չտվեցին: Թիկնազորը պետք է զինված լիներ: Ի՜նչ իմանաս, ինչպես կպահեին իրենց այդ զինված մարդիկ: Լևոն Տեր-Պետրոսյանը եթե մեսիա լիներ, կզանգեր իր թիմակիցներին և կասեր` մի հարյուր հոգի ուղարկեք իմ առանձնատան մոտ, ես գալիս եմ ժողովրդի հետ լինելու: Թեպետ իսկական մեսիան դրա կարիքը չպետք է ունենար: Բայց նա չէր կարող դա անել, որովհետև պետք է հանգիստ քներ: Ամենևին չեմ կարծում, թե Տեր-Պետրոսյանի անվտանգության հետ կապված Քոչարյան-Սարգսյան քայլն անբարո է, ընդհակառակը, նրանք լավ էին հասկացել Տեր-Պետրոսյանի մորթապաշտությունը և գուցե հենց դա ևս մի քայլ էր նրանց կողմից ասելու ժողովրդին` մի՞թե դուք դեռևս շարունակում եք հավատալ այդ մորթապաշտին: Այնպես որ ղարաբաղցի «թաթար-մոնղոլներն» իրենց պրակտիկ խելքով ավելի ճիշտ դուրս եկան, քան իրեն մեսիա պատկերացնող գիտության դոկտորը: Քանի որ խոսք եղավ դոկտորի մասին, հիշեմ նորից նրա մենության տասը տարին. իբր այդ ժամանակ դը Գոլի նման նա էլ է լծված եղել աշխատություններ գրելուն: 10 տարում դը Գոլը գրել է եռահատոր գիրք, իսկ Տեր-Պետրոսյանը «Խաչակիրները և հայերը» պատմագրությունը: Այդ աշխատությունը չարժանացավ հայ պատմաբանների որևէ գնահատականին, հավատացած եմ, որ կարդացողների շրջանակն էլ լայն չի եղել, որովհետև ինչու կարդաս իրեն պատմաբան հորջորջող մեկի գիրքը, որը պատմությունն անվանել է սուտ գիտություն:

Ինչ վերաբերում է նրան, թե Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանն ապրեց ծանր ցնցումներ` քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, 2003-ի նախագահական ընտրությունների կեղծում և այլն, և այլն, կարելի է ասել, որ դա սովորական ձեռագիր է, որի հիմքը դրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Անկասկած, համամիտ եմ ՀԺ-ի «Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարի հեղինակի` Ա. Սմբատյանի տողերի հետ. «Տեր-Պետրոսյանն այսպիսով անվտանգության ընդդիմադիր դաշտում գերակայությունը պահպանելու, գուցե նաև այլ նկատառումներով քաղաքական առասպելի տիրույթից աննկատ քայլերով տեղափոխվեց քաղաքական խաբեության տիրույթ»:

Վերջացնեմ, խոսքս ուղղելով Ա. Սմբատյանին հայտնի առակի հայտնի տողերով.

-Խոստովանեցիր, զավակս:

(շարունակելի)

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ