Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ «խամաճիկներ» են կանգնած Գյումրիի ողբերգության և հետագա իրադարձությունների թիկունքում

Ինչ «խամաճիկներ» են կանգնած Գյումրիի ողբերգության և հետագա իրադարձությունների թիկունքում
30.01.2015 | 11:58

Ինչ «խամաճիկներ» են կանգնած Գյումրիի ողբերգության և հետագա իրադարձությունների թիկունքում

Գյումրիի ողբերգությունից 12 օր անց (հոդվածը գրելու օրվա հաշվառմամբ) արդեն հնարավոր է սառը դատողությամբ փորձել հասկանալ, թե ինչ է լինելու հետո։ Տեղի ունեցածը պարտավոր են իմաստավորել Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները. երկու երկրների հասարակությունը կարող է որքան ասես զոռ տալ երևակայությանը, վարկածներ առաջադրել։ Մարդասպանի գործողություններում չափազանց շատ են հարցերը, և ոչ ոք չի կարող դրանց բոլորին միարժեք պատասխան տալ` առանց քննության նյութերին ծանոթանալու։ Իսկ քննությունը մի տեսակ գաղտնիացված է։ Հայաստանի գլխավոր դատախազի սկզբնական հակասական հայտարարությունները շարունակում են մնալ անհասկանալի. ահա Գևորգ Կոստանյանի հունվարի 22-ի հայտարարությունը, որ նա արեց Գյումրիի ողբերգությանը նվիրված ունկնդրումների ժամանակ։ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, պատասխանելով մի շարք պատգամավորների հարցերին, թե ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանի համապատասխան մարմիններին ինչ և ինչպես են հաղորդել Պերմյակովին բռնելու մասին, մեր գլխավոր դատախազն ընդգծել է, որ ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանախախտ անձին, տվյալ դեպքում` Պերմյակովին, հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին։ Բայց չէ՞ որ դրանից առաջ խորհրդարանում կայացած նույն նիստում Կոստանյանը նաև ընդգծել էր, որ իրավական տեսակետից ռուսական բազայում գործում է ՌԴ-ի իրավազորությունը, այդ թվում` ռուս զինծառայողների նկատմամբ, քանի որ զորամասի տարածքը Հայաստանի իրավազորության սահմաններից դուրս է 1997 թ. երկկողմ համաձայնագրով։ ՈՒ, երևի, չի հիշել, որ Պերմյակովը արտաքուստ նման չէ ո՛չ հայի, ո՛չ էլ թուրքի կամ քրդի, որ սահմանապահները «շփոթեին» ու տեղնուտեղը ինքնաբերաբար հանձնեին մեր իրավապահներին։ Գլխավոր դատախազը իրավացի կլիներ միայն մեկ դեպքում, եթե ենթադրենք, որ ՌԴ-ի սահմանապահները տեղյակ չլինեին դասալիքի փախուստի մասին և իրենց ձեռքին չունենային հանցագործի կալանման հայտորոշիչներ։ 1997 թ. պայմանագրի նրբերանգները, իհարկե, կարելի է դարձնել սույն հոդվածի կամ այլ վերլուծական դատողությունների առարկա, բայց, ներեցեք, Հայաստանի քաղաքացիները դրա կարիքը չէ, որ ունեն։ ՈՒստի կասեմ մեկ բան. եթե սահմանապահները չեն իմացել, որ Պերմյակովը քրեական հանցանքներ է գործել, այլ իմացել են միայն փախուստի, զենքի հափշտակման մասին և գիտակցել են, թե գործ ունեն պետական սահմանի անօրինական խախտման փորձի հետ, ապա նրանք գործել են ճիշտ և իրենց լիազորությունների շրջանակներում` կալանելով հանցագործին և հանձնելով 102-րդ բազա։ Այլ բան է, որ վերջին փաստի գծով քրեական գործը չէր կարող միակողմանի լինել. ո՛չ հայկական, ո՛չ ռուսական։ Իրավական այս հակասությանը դեռ կանդրադառնանք, որովհետև շատերը սկզբնական շրջանում պարզապես չէին ուզում տեսնել մի ամբողջ շարք կարևորագույն գործոններ։ Նայեք հունվարի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի տարածած տեսակադրերը, ուր պատկերված է Պերմյակովը. վախի, զղջումի ոչ մի նշույլ աչքերում։ Դեմքի ընդհանուր արտահայտությունը, կարծես, ուզում է ասել. «Է՞լ ինչ եք ուզում ինձնից։ Ես ընդունել եմ մեղքս։ Ե՞րբ է այս ամենն ավարտվելու»։ ՈՒշադիր նայեք։ Եվ ահա այս տականքին Հայաստանի և Ռուսաստանի որոշ «լիբերալներ» այսօր ձգտում են ներկայացնել մե՛կ իբրև «օլիգոֆրեն», մե՛կ իբրև «փսիխ», մե՛կ` «փսիխոպա՞տ»։ Գիտեք, անգամ այն վարկածը, թե այս սրիկան ինչ-որ սադրանքի համար զոմբիացվել է, ոչ մի քննադատության չի դիմանում։ Մարդասպանը գիտի, թե ինչ է արել։ Իհարկե, նա այնքան էլ չի պատկերացնում, այնքան էլ չի հավատում, թե ինչ է իրեն սպասում։ Դեռ ինչ-որ հույսեր է փայփայում։ Ոչ մի ընկճվածություն` գոնե ապրումներ ու ափսոսանք, որ Թուրքիա անցնելը ձախողվել է։ Այդ դեպքում ինչի՞ համար են հայաստանցի և ռուսաստանցի «իրավապահների» և արևմտամետ գործիչների ճղճղոցները։ Ֆիզիկապես և հոգեպես միանգամայն առողջ 18-ամյա երիտասարդ, գերազանցիկ տանկիստ, նույնիսկ հատուկ ջոկատային չէ, թեև արդեն լուր կա, թե «ինչ-որ վրիժառուներ» Մինվոդիում «Ավետիսյանների ընտանիքի վրեժը լուծել են», սպանելով մի, ճիշտ է նախկին, հատուկջոկատայինի։ Ի՞նչ է սա։ Համարժեք պատասխա՞ն։ Ո՜չ։ Սա քաղաքական խևություն է։ Քաղաքական խևությունից ավելի մեծ մեղք է քաղաքական սադրանքը, առավել ևս, նախապես ծրագրված և, իմ կարծիքով, ԱՄՆ-ի այս կամ այն շրջանակների ֆինանսավորած սադրանքը։ Բոլորին քաջ հայտնի է, թե իրենց նախընտրական ծրագրերում ինչի օգտին էին հանդես գալիս Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու մի շարք այլ թեկնածուներ։ Այդ թվում` ռազմաբազայի առումով։ Բոլորին քաջ հայտնի է նաև, թե իր հայտնվելու առաջին իսկ պահից ում էր խանգարում ռուսական ռազմաբազան. հիշենք Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի բարձրացրած աղմուկը, ԱՄՆ-ի դիվանագետների ու ՆԱՏՕ-ի «խորամիտ ակնարկները» 1991-2014 թթ. ընթացքում` այն մասին, որ «ցանկալի չէ օտարերկրյա ռազմական ներկայությունը» Հայաստանում։ Խնդիր չկա, ասեմ. անձամբ ես 90-ականներին բացահայտորեն կոչ էի անում հօգուտ այն բանի, որ Հայաստանը որևէ դաշնախմբի մաս չկազմի, նախազգուշացնելով, որ դա չի նշանակում, թե մեր երկիրը, Թուրքիայի կողքին լինելով, պետք է «անդամակցի» ՆԱՏՕ-ին կամ մեկ այլ ռազմաքաղաքական կառույցի, միաժամանակ ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքի հետ ցանկացած մերձեցում ինքնաբերաբար մեծացնում է սպառնալիքի աստիճանը Հայաստանի անվտանգության համար, քանի որ տարածաշրջանում Իրան կա։ Եվ նախազգուշացնում էի, որ միայն վերջին տկարամիտը կարող է կոչեր անել և անգամ գործել` առանց հաշվի առնելու Իրանի գործոնը անվտանգության կազմակերպման ընդհանուր համակարգում, ընդ որում, արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի։ Բայց տեսեք, թե ինչ են անում հայ արևմտամետները, թեկուզ լրատվամիջոցներում ու տարբեր սոցցանցերում։ Մտածեցի, մտածեցի ու գտա դրա անվանումը. Հայաստանի «բանդերացման» խրախճանք։ Իհարկե, ՈՒկրաինայի օրինակով, մեր երկրի «մայդանացման» հեռանկարով։ Իսկ առիթ արդեն փնտրել անգամ պետք չէ։ Նույնիսկ աստառը` ճիշտ և ճիշտ սիրիական կամ լիբիական։ Քանի որ Երևանում «հայկական հեղափոխություն», դե, ոչ մի կերպ չի «կպչում», եկեք որպես մեկնահարթակ վերցնենք Հայաստանի երկրորդ քաղաքը` Գյումրին։ Բարեբախտաբար, այնտեղ բնակչությունը տառապում է թե՛ «հեղինակությունների» բռնություններից, թե՛ անչափ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Եվ ահա «հարմար» առիթ. Ավետիսյանների ընտանիքի սպանդի վայրենի պատմությունը։ Կայծը նետված է խոտի դեզի մեջ, և դեզն արդեն սկսել է մարմանդ այրվել։ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների մի սխալ քայլ, և արևմտամետ ուրացողները վերստին կհայտնվեն Գյումրիում, արտաքուստ, կարծես, ազնիվ կոչերով` «ճիշտ տեղեկություն տալ հետաքննության մասին» կամ «խստիվ պատժել բոլոր մեղավորներին»։ Մի երկու խելոքներ, ահա, արդեն կոչ են անում ոչ միայն վերցնել և Հայաստանից դուրս բերել 102-րդ ռազմաբազան, այլև անպայման դատել բազայի հրամանատարին ու սպաներին։ Հետաքրքիր է, իսկ նրա՞նց ինչու։ Կամ էլ կիսախելագար պահանջները` դատել Պերմյակովին զորակոչած բժիշկներին։ Որտեղի՞ց գիտեք, թե մարդասպանը հոգեպես անառողջ է։ Եվ ինչո՞ւ եք այդքան վստահ ձեր սեփական անսխալականությանը, վերջապես։ Ինչպես ասում են, քանի դեռ լռում է հետաքննությունը, քանի դեռ լռում է (իսկ նա լռում է) մարդասպան Պերմյակովը, դրան ինչ-որ արտաքին ուժերի մասնակցության ապացույցներ չեն լինի։ Բայց ի՞նչն է աչքի զարնում. 1) Հայաստանի արևմտամետ ուժերը, ասես լարված, պատրաստ էին նման բանի և կայծակնային արագությամբ սկսեցին պտտեցնել հակառուսական քարոզչության, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի ներկայության դեմ ուղղված քարոզչության թափանիվը, 2) թուրքերը սաստկացրին բարոյական ճնշումը հայերի ու հայության նկատմամբ, բառացիորեն թութակի պես կրկնելով, թե, իբր, թուրքերն ու հայերը պարտավոր են «համատեղ հասկանալ» և «ապրել միասին ու ապագան կառուցել միասին», 3) Ադրբեջանը հենց հունվարի 12-ից սաստկացրեց և կտրուկ ակտիվացրեց դիվերսիոն-հետախուզական հարձակումները Հայաստանի սահմաններում և Արցախի հետ ռազմաճակատի գծում, հունվարի 24-ին մեր պաշտպանության նախարարությունը հանրությանը տեղեկացրեց, որ հունվարի 17-24-ին Ադրբեջանի և Արցախի շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի խախտման մոտ 1800 դեպք է եղել, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց։ Ադրբեջանցիները ձեռնարկել են քսանից ավելի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, սակայն հետ են շպրտվել ելման դիրքեր։ Ադրբեջանական կողմի կորուստները կազմել են 14 սպանված և 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է հրամանատարական մեկ մեքենա և զինծառայողների փոխադրման համար նախատեսված «Սադկո» տիպի մեկ ավտոմեքենա։ Հայկական կողմից զոհվել է 5 զինծառայող։ Այնուամենայնիվ, բազայի վրա առաջին «հարձակումը» ձախողվեց. գյումրեցիները խոհեմ գտնվեցին։ Բոլորին քաջ հայտնի է, թե, օրինակ, ինչ եկավ Ջավախքի հայության գլխին Ախալքալաքից 62-րդ բազայի դուրսբերումից հետո։ Կամ որ Վազիանիից ու Մառնեուլից ռուսների դուրս գալուց հետո այդտեղի բազաներն արագորեն վերածվեցին թուրքական ռազմաբազաների։ Եվ նույնքան օպերատիվ կարգով ասպարեզ նետվեց «բանավիճային հարցերի» երկու տարբերակ. 1) պահանջել, որ Պերմյակովը հանձնվի բացառապես Հայաստանի իրավազորությանը, 2) դատավճիռը պետք է կայացվի բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։ Բացատրեմ և՛ մեր իրավապահներին, և՛ այլոց, թե ինչու է առաջին պահանջը անհեթեթ. ոչ միայն այն պատճառով, որ ՌԴ-ն, իր Սահմանադրության համաձայն, իր քաղաքացիներին այլ պետությունների չի հանձնում։ Ի վերջո, Հայաստանում եղել են նախադեպեր, երբ մեր դատավորներն էլ, ռուսական կողմի հետ համաձայնեցնելով, դատել են ռուսների, ընդ որում` զինծառայողների։ Ահա վերջին ապացույցը. «Հայաստանի Գյումրի քաղաքի դատարանը 15 և 14 տարի ազատազրկման է դատապարտել ռուսաստանցի երկու սահմանապահների` եֆրեյտոր Ալեքսանդր Կամենևին և շարքային Դենիս Պոպովին։ Սույն թվի ապրիլի 14-ին սահմանապահները ոչ սթափ վիճակում Գյումրիի քաղաքային շուկայում սպանել էին մեկ և վիրավորել ութ քաղաքացու»։ Հաղորդագրությունը թվագրված է 2014 թ. դեկտեմբերի 28-ի ամսաթվով։ Բայց խնդիրն այն է, որ առնվազն երկու հանցագործության գծով Պերմյակովն ընդդատյա չէ Հայաստանին, քանի որ նա այդ երկու հանցանքը գործել է ընդդեմ Ռուսաստանի. խոսքը դասալքության փորձի և 102-րդ բազայի հաշվեցուցակային զենքի հափշտակման մասին է։ Ո՞վ կարող է «հրամայել», որ Ռուսաստանի բանակի հանդեպ բացահայտ դավաճանությունը իրավական գնահատական չստանա։

Այդ երկու հանցանքի համար Պերմյակովին իրավունք ունի դատելու միայն Ռուսաստանը և ոչ թե Հայաստանը կամ, ասենք, ԱՄՆ-ը։ Իսկ ահա երեք ընդհանուր քրեական հանցագործությունը և մեկ պետական հանցագործությունը արդեն բացառապես Հայաստանի իրավազորության ոլորտում են։ Ապօրինաբար բնակարան մտնելը, ծանրացուցիչ հանգամանքներում զանգվածային սպանությունը, այդ թվում` երկու երեխայի, ինչը հավասար է երկու անձանց սպանության, որոնք հանցագործության պահին մարդասպանի համար գտնվել են կանխահայտորեն անօգնական վիճակում, բնակարանից գողություն կատարելը և, վերջապես, ապօրինաբար սահմանը խախտելու փորձը։ Այս քրեական գործը բարդացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Հայաստանի դեմ կատարված հանցանքները միմյանց հետ շաղկապված են բազմաթիվ թելերով ու գործոններով։ Եվ տրամաբանական չի լինի երկու առանձին հետաքննություն անցկացնել, ինչպես և հետո` երկու առանձին դատավարություն։ Ասենք, Ռուսաստանը կարող է պնդել, որ (ինչպես հիմա արվում է) ընդհանուր քրեական հանցագործությունների գծով էլ Պերմյակովի դատն անցկացնի Ռուսաստանի զինվորական տրիբունալը։

Բարեբախտաբար, այդ հանցատեսակների համար քրեական պատժամիջոցները Հայաստանի և Ռուսաստանի ՔՕ-երում, փաստորեն, նույնն են։ Բայց ինչպե՞ս վարվել Հայաստան պետության դեմ ուղղված հանցագործության` պետական սահմանն ապօրինաբար հատելու փորձի հետ։ Չէ՞ որ Պերմյակովը պատրաստվում էր խախտելու ոչ ռուսաստանյան սահմանը։ Ռուսաստանի ոչ մի դատարան իրավազոր չէ Պերմյակովին դատելու այդ հանցագործության համար։ Հետևությունը թելադրվում է ինքնաբերաբար. քանի որ բուն հանցագործությունն անսովոր է, հանցաշարի բնույթ է կրում, տարբեր հանցակազմերի միախառնման գործոնով աննախադեպ է, ապա հետաքննությունն ու դատավարությունն էլ պետք է աննախադեպ լինեն։ Սա այն բացառիկ դեպքն է, երբ հանցագործի նկատմամբ դատավճիռ պետք է կայացնի ոչ թե մեկ, այլ երկու պետություն։ Հետևաբար, դատարանի կազմը ևս պետք է լինի համատեղ` Ռուսաստանի զինվորական դատավորների և Հայաստանի դատավորների կոլեգիաները։ Եվ, ներեցեք, երկու երկրներն էլ դատավարության ժամանակահատվածում պարտավոր են հրաժարվել մահապատժի մորատորիումից։ Ընդ որում, հանցագործը պետք է նախապես իմանա այդ մասին, որովհետև դա կարող է բացել նրա լեզուն, և նա շա՜տ հետաքրքիր բաներ կպատմի հայ ու ռուս քննիչներին։ Այդ թվում` Գյումրիում (կամ նույնիսկ Երևանում) 102-րդ բազայից դուրս իր ունեցած շփումների մասին, ինչպես նաև այն մասին, թե այդ ինչու հանկարծ իր մեջ այնպիսի՜ «ցանկություն առաջացավ ջուր խմելու» հենց Ավետիսյանների տանը, որ նույնիսկ «դիմացավ» համարյա հինգ կիլոմետր, միայն թե հենց այնտեղից «ջուր խմեր»։ Վերջապես, կպատմի այն մասին, թե ինչո՞ւ և ո՞ւմ ազդեցությամբ է որոշում ընդունել փախչել թուրքական սահմանի կողմը։ Միջազգային իրավաբանական փորձը մահապատժի մորատորիումից «ժամանակավորապես հրաժարվելու» նախադեպեր ունեցել է. ժամանակին, երբ Իսրայելը, ի վերջո, կարողացավ բռնել հրեաների դահիճներից մեկին, այդ ֆաշիստի դատավարության և դատավճռի ի կատար ածման ժամանակահատվածում Թել Ավիվը հրաժարվեց մահավճիռ չկայացնելու իր պարտավորությունից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ