Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հոլոքոստ

Հոլոքոստ
30.01.2015 | 12:25

Սա «եղեռն» եզրույթի միջազգայնորեն ընդունված տարբերակն է՝ հրեաների վերաբերյալ: Ամեն տարի հունվարի 27-ին աշխարհի բոլոր հրեաները նույն ժամին (մեր ժամանակով 14.00-ին) հիշատակի տուրք են մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նահատակված մոտ վեց միլիոն հրեաներին: Այդ օրն ամբողջ Իսրայելում, նույն ժամին, շչակներն ազդարարում են Հոլոքոստի զոհերի հիշատակման պահը, և կարծես մի աներևույթ հրամանով ճիշտ այդ ժամին բոլոր հրեաշատ վայրերում մեկ րոպեով կանգ են առնում բոլոր փոխադրամիջոցները, մարդիկ անշարժանում են իրենց կանգնած տեղում, մինչև չարագույժ շչակի ոռնոցը դադարի, որը հեռավոր կերպով հիշեցնում է պատերազմական դժնդակ օրերը: Աշխարհի մնացած ազգերը լռությամբ են հիշատակում այդ օրը, իսկ այստեղ՝ շչակով ու անշարժությամբ։ Սա էլ մյուս ազգերից հրեաների տարբերության հատկանիշներից մեկն է։

Որպեսզի Հոլոքոստի խորհուրդն ընկալենք, պատմական մի հայացք գցենք անցյալ դարի 1933 թվականին, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում ու Լեհաստանում, կար մոտ 9 միլիոն հրեա՝ բարգավաճ ու ծաղկող մի ամբողջ ազգ, բայց մինչև Երկրորդ համաշխարհայինը, քանզի Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո ամեն բան շուռ եկավ գլխիվայր: Սկսվեց «վհուկների որսը», ու քաղաքական թիրախ դարձան միլիոնավոր անցանկալիներ, այդ թվում՝ կոմունիստներ, սոցիալիստներ, արհմիությունների ակտիվիստներ, կրոնական այլախոհներ (օրինակ, Եհովայի վկաներ), գնչուներ, իսկ վերջում էլ՝ հրեաներ, որոնք Մովսիսական օրենքներով էին առաջնորդվում, պահելով շաբաթը որպես սուրբ օր, և աղոթում էին Միակ Աստծուն, մերժելով մնացածների կրոնը: Սկզբում այդ «այլախոհներին», որոնք վտանգ էին ներկայացնում ապագա արիական Գերմանիայի համար, առանձնացրին համակենտրոնացման ճամբարներում, բայց նրանց քանակը գնալով ավելացավ, ավելորդ բեռ չլինելու համար սկսեցին ոչնչացնել տարբեր միջոցներով՝ արհեստական սով, հիվանդություններ և այլն, իսկ հետո որոշեցին առավել «էժան ու անվնաս» մեթոդներով՝ գազախցիկներում, որտեղ միանգամից հարյուրավորների խցկելով, իբր բաղնիքում լողանալու, ջրի փոխարեն ցնցուղներից թունավոր գազ էին բաց թողնում… քստմնելի ու ահավոր մարդկային ոճիր, որը ոչ մի բանով պակաս չէր Հայոց եղեռնից։ Այդ հրեշավոր սպանդի գլխավոր հրեշը՝ Հիտլերը, իր ու մնացածների խիղճը բթացնելու համար, ասել է. «Կոտորե՛ք անխնա. ի վերջո, ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածները»: Բայց այս ամենին վերջակետ դնելու ժամն էլ հասավ. 1945 թ. մայիսի 7-ին գերմանական զինված ուժերը առանց նախապայմանի հանձնվեցին, ու պաշտոնապես հայտարարվեց այդ դաժան պատերազմի ավարտը, որի ընթացքում մոտ 30 միլիոն մարդ զոհվեց: Խորհրդային պետությունն այդ օրը տոնում էր Մայիսի 9-ին: Իսկ հաղթանակած պետությունների աջակցությամբ ողջ մնացած հրեաների մեծ մասը 1948 թ. արտագաղթեց Իսրայել՝ հիմք դնելով այժմյան հզոր ու ծաղկուն պետությանը:

Հիմա այդ ամենի արձագանքների մասին՝ մեր օրերում։ Այս տարվա հունվարի 27-ին, ժամը 14.00-ին, հայաստանյան փոքրաթիվ հրեական համայնքի ներկայացուցիչները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի, Հայաստանի հրեական համայնքի ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի, ինչպես նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի գլխավորությամբ Երևանի կենտրոնական այգում տեղադրված Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի մոտ հավաքված, կիդուշ-աղոթքով հիշատակեցին միլիոնավոր նահատակված հրեաների հիշատակը, ապա, ծաղիկներ ու վառվող մոմեր դնելով հուշահամալիրի մոտ, շարժվեցին դեպի Ազգային գրադարանի դահլիճը, որտեղ փոքրիկ ցուցահանդես էր կազմակերպված Հոլոքոստի զոհերին նվիրված՝ համապատասխան լուսանկարներով, գրքերով ու պլակատներով: Այնուհետև ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ Աուշվից-Բիրկենաուի ազատագրման մասին՝ այդ դաժանությունները վերապրածների կենդանի վկայություններով:

Դե, ինչ, թող մեր երկու ազգերի՝ հրեաների ու հայերի եղեռնի հիշատակության օրերը հերթական դաս լինեն մնացյալ ազգերին, քանզի ժամանակները չար են ու անկանխատեսելի:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ