Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը»

«Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը»
30.01.2015 | 12:29

Քրիստոսի քաջ և անհաղթ վկան՝ սուրբ Սարգիսը, գերագույնը հանդիսացավ բոլոր թագավորներից և իշխաններից, որ պարտության մատնեց աշխարհի իշխանին՝ սատանային: Սուրբ Սարգիսը, որը կոչվում է նաև մար Սարգիս, կամ եր տեր Սարգիս, Կապադովկիայի Կեսարիա նահանգից էր, և ապրում էր Մեծ Կոստանդիանոսի և Տրդատ թագավորի ժամանակաշրջանում:

Նրա ժամանակ, երբ քրիստոնեական հավատը տարածվեց Հռոմեական կայսրության և համայն տիեզերքի մեջ, պայծառացան եկեղեցիները, կապադովկիացիների աշխարհի մեջ իբրև լուսապայծառ աստղ ծագեց երանելի սուրբ Սարգիսը, որն ամենքին հիացնում էր իր բարեպաշտությամբ ու զորավոր հավատով:

Հին ժամանակագիրներից մեկը այսպես է վկայում նրա մասին.

-Սարգիսը շնորհալի մի այր էր և եռում էր Աստծո Հոգով. ու ինչ Աստծուց խնդրում էր, Աստված տալիս էր նրան: Քանզի այս Սարգիսը քրիստոնյա էր և Աստծուն սիրում էր իր ամբողջ սրտով ու ամբողջ զորությամբ: Նա զորացած էր Սուրբ Հոգով և սիրելի էր Աստծուն ու ինչ գործ որ ձեռնարկեր, Աստված նրան հաջողություն էր պարգևում:

Նա աշխարհական էր, պաշտոնով զինվորական, ինչպես ասում է կենսագիրը.

-Նա զորական էր և զինվորական համազգեստ հագած, հրամանատարի ձեռքի տակ պաշտոն էր վարում: Իմաստուն էր և հանճարեղ ու ծանոթ բոլոր դատավորներին և իշխանավորներին:

Շնորհալի վկայողն ավելացնում է.

-Արքունիքի հրամանով կարգված էր որպես զորական՝ Կապադովկիայում գտնվող թագավորի մյուս զորքերի հետ: Բարբարոսների դեմ մղված ճակատամարտերի մեջ գերազանց էր իր զինվորականներից: Եվ նրա կատարած քաջագործությունների արձագանքը հասնում է թագավորի ականջին:

ՈՒ այսպես, օրեցօր նա ավելի էր առաջադիմում իր սխրագործությունների մեջ: Կոստանդին թագավորը բազմաթիվ նվերների հետ շնորհեց նաև ստրատելատության (այսինքն՝ զորավարի) պատիվը իր նահանգի համար և հրաման տվեց, որ բոլոր իշխանների ու դատավորների մեջ բարձրագույն տեղ գրավի: Այնպես որ, մերձակա գավառները՝ գավառապետերով, նրան ենթարկվեին, լինի քրիստոնյա, թե հեթանոս: Ոչ մեկը չէր համարձակվում ընդդիմանալ նրա հրամաններին:

Երբ Աստծո այս սքանչելի այրը այսպիսի մեծապատիվ ճոխության և իշխանության հասավ, նա դրանք չէր օգտագործում նյութական շահի և սնոտի փառքի համար, այլ հոգևոր և աստվածահաճո գործերին էր ծառայեցնում: Շրջում էր իր իշխանության տակ եղող քաղաքներում ու գյուղերում և նահանգների զանազան գավառներում, մաքրում նրանց կռապաշտությունից: Արգելում էր կուռքերին զոհեր մատուցել, ինչը տարածված էր շատ տեղերում, և ամենքի առջև բացում էր աստվածգիտության ուղին, որն անձամբ քարոզում էր Սուրբ Հոգու անխափան իմաստությամբ, որովհետև քաջահմուտ էր Հին և Նոր կտակարաններին, որով կրթվել էր մանկուց:

ՈՒ այսպես՝ շատերին խոսքով էր որսում Քրիստոսի ավետարանի ուռկանի մեջ, ուրիշներին՝ իր անձի բարեպաշտության ու մարդասիրության օրինակով: Որովհետև հաճախ ողորմություն էր տալիս և իր ինչքերը բաշխում աղքատներին ու կարոտյալներին: Ոմանք ընդունում էին ճշմարտությունը և հրաժարվում մոլորությունից, որովհետև իր ունեցած իշխանությամբ սպառնում էր արտաքսել երկրից։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում էին անգիտության խավարը աստվածպաշտության լույսից, արտաքսում էր հեռու երկիր, որպեսզի Քրիստոսին հավատացողներին գայթակղության պատճառ չդառնա:

Հիմնահատակ քանդում էր մեհյանները, կործանում բագինները և նրանց տեղը շինում Աստծո եկեղեցիներ և սրբերի վկայարաններ: Բազմացնում էր քահանաների և Քրիստոսի պաշտոնյաների դասը, որով մեծապես հրճվում էին աստվածապաշտները, իսկ մեծապես տխրում հեթանոսները և ինքը՝ բանսարկուն: Երանելի այրը նույնպես ուրախանում էր Քրիստոսի փառավորումով և սատանայի կործանումով:

ՈՒ այսպես շատ տարիներ սրբությամբ և արդարությամբ ապրելով՝ մեծ անուն է շահում և թագավորի կողմից նորանոր պարգևների արժանանում: Եվ Աստված իր հզոր աջով պահապան էր նրան, և նրա բոլոր գործերը հաջողությամբ էին ավարտվում:

Սակայն բարու թշնամի բանսարկուն շատ էր նախանձում ու բարկանում, տեսնելով երանելի Սարգսի հաջողությունները: Նա ջանում էր զանազան փորձություններով խափանել նրա հոգևոր առաջադիմությունը, սակայն այդ նրան չհաջողվեց այնքան ժամանակ, որքան ողջ էր հավատի սյունը՝ Կոստանդիանոս կայսրը, ինչպես և նրա համանուն որդիները՝ Կոստանդինը, Կոստանդիոսն ու Կոստասը:

Սակայն երբ նրան հաջորդեց չարաբարո Հուլիանոսը, որ մականվանված էր ուրացող և ապստամբ սուրբ հավատի դեմ, որը դևի չարության անոթ եղավ, եկեղեցու խաղաղությունն ալեկոծեց, միտք անելով՝ կա՛մ Քրիստոսին բոլոր հավատացողներին կռապաշտ դարձնել, կա՛մ նրանց ամբողջությամբ բնաջնջել:

Այս գործելաոճն ուրախացրեց մնացած մոլի կռապաշտներին, և նրանք սկսեցին հալածել հավատացյալներին: Քանդում ու ավերում էին եկեղեցիները և հալածում նրա պաշտոնյաներին: Դարձյալ վերաշինում էին ավերված մեհյանները և ստիպում էին բոլորին, որ Հուլիանոսի հրամանով կուռքերին զոհեր մատուցեն: Այդ պատճառով էլ բազմաթիվ քրիստոնյա եկեղեցականներ, զինվորականներ և ռամիկներ նահատակվեցին զանազան տանջանքներով: Շատերն էլ հայրենի գավառներից փախուստի դիմեցին դեպի օտար երկրներ:

Տեսնելով այս ամենը, քաջ Սարգիսը մտատանջվում է, թե որն է Աստծո կամքը, որ ըստ այնմ գործի: Եվ ահա Հիսուսը տեսիլքի մեջ երևալով՝ ասաց.

-Ժամանակը հասել է, ո՛վ Սարգիս, որ հեռանաս քո երկրից, ազգիցդ, ինչպես Աբրահամ նահապետը, և գնաս այն երկիրը, որ քեզ պիտի ցույց տամ: Այնտեղ է, որ պետք է ստանաս քրիստոնեության պսակը:

Եվ մինչ երանելին խորհում էր տեսիլքի նշանակության մասին, այդ ժամանակ լուր տարածվեց, թե Հուլիանոսը մեծ պատրաստություն է տեսնում դեպի Արևելք՝ պատերազմելու Պարսից թագավորի հետ: Նա հույսը դրել էր հեթանոս չաստվածների սուտ պատգամների վրա, որ իբր Մեծ Ալեքսանդր Մակեդոնացու նման փառքի պետք է տիրանա և տիրապետելու է աշխարհի բոլոր թագավորությունների վրա:

Այդ ժամանակ հասկացավ բարեհաղթ զորավար Սարգիսը, թե այս է տեսիլքի մեջ իրեն ցույց տրված ժամանակը: Քանի որ անհնար էր գործակցել Հուլիանոսի հետ, կամ մասնակիցը լինել նրա գործած չարիքներին, որ պետք է կրեին եկեղեցիները Հուլիանոսի արշավանքների ընթացքում։ Նա պատրաստվեց մեկնելու քրիստոնյաներին սահմանակից մեկ ուրիշ թագավորություն, իմա` Հայաստան:

Ապա թողնելով Կապադովկիայի մեջ ունեցած իր հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունները, փառքը, բազմաթիվ զորքերի հրամանատարությունը և առօրյա կյանքի բոլոր վայելքները, ըստ այն պատվերի, որ տվել էր Տերը մեծատունին, ու վաճառելով իր ստացվածքները՝ բաշխեց կարոտյալներին, և այս ձևով թեթևանալով երկրավոր նյութերի ծանրություններից, սրանց փոխարեն առնելով Քրիստոսի Խաչը, գնաց իր Փրկչի հետևից:

Նրան ընկերակցեց նաև որդին, որը մորից որբ էր, և որ հետո իր գործով ստացավ Մարտիրոս անունը: Նա պակաս չէր իր հորից թե՛ մարմնավոր քաջագործություններով, թե՛ հոգու առաքինությամբ:

Նախ ուղևորվեցին Հայաստան և ապաստանեցին Տիրան արքայի մոտ, որը որդին էր Խոսրովի՝ Տրդատի որդու: Հայոց արքան մեծ պատվասիրությամբ հյուրընկալեց քաջ Սարգսին և որոշ ժամանակ իր մոտ պահեց։

ՈՒրացող և դաժան Հուլիանոսը անհամար զինվորներով շարժվեց դեպի Պարսկաստան: Այս լուրը հասավ նաև Հայաստան և այնտեղ էլ սկսեցին վախենալ ամբարիշտի գալուստից։ Նույնիսկ Տիրան արքան երկյուղեց իր մոտ պահել բարեպաշտ Սարգսին, մտածելով, որ գուցե Հուլիանոսը տեղեկանա և իրենից պահանջի զորավարին, իսկ հրաժարվելու դեպքում՝ խռովություն կծագի հոռոմների և իր երկրի միջև: Ապա խորհուրդ է տալիս Սարգսին հեռանալ այստեղից և դիմել պարսից Շապուհ արքային:

Սարգիսը մեկնեց Հայաստանից և որդու հետ գնաց Պարսկաստան: Լսելով, որ Շապուհ արքան Տիզբոնից ելել և Խորասան է անցել, ինքն էլ գնաց այնտեղ թագավորին դիմավորելու:

Արքան մեծ պատիվներով ընդունեց նրան և գլխավորներից մեկը նշանակեց իր զորքի մեջ: Տեղյակ լինելով նրա քաջության և հավատարմության մասին, բազմաթիվ գնդեր դրեց նրա տրամադրության տակ: Ապա մասնակցեց բարբարոսների դեմ մղված բազմաթիվ պատերազմներին և բոլորի մեջ էլ Աստված նրան հաջողություն շնորհեց: Այս պատճառով էլ թագավորի ու նրա մեծավորների սիրելին դարձավ: Իսկ երանելին այս հաղթանակները ոչ թե իր անձին, այլ Աստծո զորությանն էր վերագրում:

Այն ժամանակ լուր հասավ, թե Հուլիանոսի զորագնդերից մեկը ասպատակեց և ավերեց Տաճկաստանը, որը գտնվում էր Շապուհի գերիշխանության տակ և սահմանակից էր հոռոմների երկրին:

Թագավորը փութով ուղարկեց սուրբ Սարգսին Տաճկաստանի կողմերը պահպանելու համար, նրա որդուն պահեց իր պալատում:

Սուրբն առնելով իր զորագունդը՝ հասավ նախատեսված վայրը և այնտեղ մնաց երեք ամիս: Դիրք ընդունելով Հուլիանոսի ուժերի դեմ, երկիրը պաշտպանեց թշնամու ասպատակություններից:

Վախն ընկավ թշնամիների մեջ, երբ լսեցին այս ամենի մասին: Իսկ իրենք հարձակվելով թշնամիների վրա ավերեցին նրանց բանակը. շատերին սպանեցին, մնացածներին հալածեցին:

Թշնամի զորքերի ուրիշ բազմություններ, բազմաթիվ մասերի բաժանված, ուզում էին գունդ¬գունդ հարձակվել այն գավառի վրա, որը գտնվում էր Սարգսի պաշտպանության ներքո: Բայց ամենքն էլ խարխափելով, մառախլապատ ճանապարհներին մոլորվելով, չէին կարողանում հասնել իրենց նպատակադրված վայրը: Դրանից հետո ցիրուցան լինելով չէին կարողանում իրար գտնել: Իսկ եթե հանկարծ իրար էին գտնում, պատմում էին միմյանց անմարմին զորքերի տեսիլքների մասին, և նրանց ձայնը, որ ասում էր. «Մի՛ հանդգնեք պատերազմել Աստծո ծառայի՝ սուրբ Սարգսի դեմ, եթե ոչ, ամենքդ էլ կկորսվեք»:

Սուրբն այս ամենը տեսնելով և լսելով, փառք էր տալիս ամենազոր Աստծուն և իր զինվորներին վերստին հավաքելով բանակատեղում, ասում էր նրանց.

-Տեսնո՞ւմ եք Բարձրյալի բազուկը. մեծ է Տերը և մեծ են Նրա սքանչելիքները: Եկե՛ք, եղբայրներ, փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իր ողորմությունը ցույց տվեց իր ծառաներին և Իր զորությունը՝ մեր հակառակորդներին:

Իսկ զինվորները, ճշմարիտ հավատի մեջ զորացած, աղաղակում էին և ասում.

-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը և անասելի է Նրա զորությունը: Այսուհետ հավատում ենք ամենասուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը, որ քարոզեց Սարգիսը:

Դրանից հետո շատերը մկրտվեցին սուրբ Սարգսի հետ եկած քահանաների ձեռքով և բոլորն էլ երկրպագում էին Աստծուն և ուրախանում էին սրբի վարդապետությամբ:

Իսկ բանսարկու սատանան զինվորներից ոմանց դրդեց, որոնք դեռևս մնացել էին պարսկական մոլար աղանդի մեջ, մատնել սրբին: Նրանք, գնալով Շապուհ թագավորի մոտ, ասացին.

-Արքա՛, Սարգիսը ապստամբեց ձեր աստվածների և ձեր դեմ: Նա Հիսուս Նազովրեցու մասին քարոզեց և համայն զորքը ապստամբեցրեց, տանելով իր մոլորության հետևից: ՈՒ նաև համաձայնություն է կնքել հռոմեացիների հետ:

Թագավորն այս ամենը լսելով՝ շատ խռովվեց և իր ավագանու հետ խորհում էր, թե ինչ պետք է անել, որ աղմուկ չբարձրանա և երկպառակություն չծագի զինվորների մեջ: Եվ ատյանի խորհրդով, կեղծավորաբար թանկարժեք նվերներ ուղարկեց, ինչպես նաև գրեց հետևյալ նամակը. «Քո մասին շատ գովասանքներ լսեցինք, պատվավոր հրամանատարդ, Սարգիս, և թե դու հավատարիմ ես մեր թագավորությանը: Շատ ուրախացանք, և մեր սերը քո հանդեպ բազմապատկվեց՝ որպես հավատարիմ ու իմաստուն ծառայի: Այս նամակի հետ միասին մեր թագավորությունը քեզ՝ մեծությանդ վայել արժանավոր նվերներ ենք ուղարկում: Ո՛ղջ լինես»:

Մի քանի օր անց, թագավորը երանելի Սարգսին որպես պատվիրակ ուղարկեց Նրա որդուն՝ Մարտիրոսին, որը պալատում էր գտնվում, ուրիշ երևելի անձնավորությունների հետ, որ առանց կասկած առաջացնելու, շուտափույթ արքունիք վերադառնա: Նրանց հետ ուղարկեց նաև հետևյալ նամակը. «Վեհագույնդ զորագլուխների մեջ, ով Սարգիս, քո կորովամիտ իմաստության համբավը մեզ հասավ: Արդարև, իմաստուններին հատուկ տրամաբանությամբդ էր, որ ապահովեցիր երկրիս խաղաղությունը, հաղթելով թշնամիներին: Արդ, քանի որ այս ամենից հաջողությամբ գլուխ հանեցիր, մեր թագավորությունը հրամայում է՝ քո զավակի հետ շտապ գալ, որովհետև կարիք է զգում քո կատարյալ խոհեմությանն արժանի լինել հռովմեացիների թագավորության մասին խորհուրդների, որը մտադրված է մեր դեմ պատերազմելու: Ողջ լինես»:

Երբ պատանի Մարտիրոսը ճանապարհ ելած գալիս էր իր ուղեկիցներով և մոտեցել էր այն սահմաններին, որտեղ գտնվում էր իր հոր բանակը, հանկարծ ճանապարհին պաշարվեց թշնամու բանակի կողմից և իր ուղեկիցների հետ ձերբակալվեց և հակառակորդի բանակը տարվեց:

Երբ երանելի սուրբը լսեց այս պատահարի մասին, տխրությունը պատեց նրան և զորքին: Սակայն անտեսելով մարդկային օգնությունը՝ Աստծուն ապավինեց: Ծնկի եկած՝ արտասուքով աղաչում էր Աստծուն, հիշելով իր աղոթքի մեջ այն բոլոր հրաշագործությունները, որոնք կատարվել էին դարերի ընթացքում. Նոյի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի և բոլոր նահապետների ժամանակ ու այսպես ասում.

-Ինչպես որ նրանց աղոթքը լսեցիր, Տեր, լսիր նաև մեղավորիս աղոթքը: Եվ ինչպես որ արդար Հակոբին ողորմություն արեցիր, որ Հովսեփին տեսնի, ինձ էլ վերստին որդուս շնորհիր: Որպեսզի այս ժողովուրդը, որ քո ծառայի քարոզությամբ քեզ դարձավ, գայթակղվելով դարձյալ չկորչի: Այնպես արա, որ նրանք տեսնեն քո ողորմությունն իմ հանդեպ, և կրկին փառավորվի քո Անունը:

Եվ անցնելով խիստ պահեցողության, երեք օր անդադար աղոթում էր՝ գիշեր ու ցերեկ, Աստծուն ասելով.

-Չպիտի ուտեմ ու չպիտի խմեմ: Ահա քո ծառան քո առջև է. արդ ո՞ւր է իմ որդին: Ինչո՞ւ ինձ մատնեցիր իմ թշնամիների ձեռքը՝ որ նախատեն, և որդուս՝ նույն թշնամիների ձեռքը, նույնպես նախատվելու համար: Ինչո՞ւ իմ որդուն մատնեցիր նրանց ձեռքը և ինձ թշնամիներիս առջև նախատինքի առարկա դարձրիր: Որովհետև Խաչի թշնամիները պիտի հոխորտան և պիտի ասեն. «Ահա Սարգսի պաշտած Աստվածը թող հիմա իրեն վերադարձնի իր որդուն»:

Բայց ես ասում եմ՝ Դու ես իմ Աստվածը, և քեզ մոտ չկա անհնարին ոչինչ, Տեր իմ Հիսուս Քրիստոս: Դու կարող ես ինձ փրկել իմ թշնամիների ձեռքից և ինձ վերադարձնել իմ որդուն։

Նա երեք օր անընդհատ չէր դադարում մեծ հավատով Աստծուն խնդրելուց, ինչպես զավակը իր հորից է խնդրում սիրով ու համոզելով։ Եվ ահա չորրորդ օրվա ժամը երեքին հանկարծ տեսավ, որ թշնամու բանակից մի հեծյալ է գալիս: Նա իր հետ բերել էր պատանուն և նրա հետ եղողներին: Սարգսի զորքերի առջև հեծյալն ասաց.

-Մեր բանակից յոթ հոգի գերի բռնեցին ու բերեցին այս պատանուն: Երբ բերեցին՝ նույն օրը յոթն էլ մեռան: Հետո ամենատարբեր փորձություններ ու հարվածներ տեղացին մեր բանակի վրա ու մեր զորքերի մեջ խռովությունն անպակաս դարձավ. մինչև իսկ սկսեցին իրար սպանել: Դրանից հետո մեր զորավարը տեսիլք տեսավ և ասաց իր զորապետներին. «Մեր վրա եկած հարվածները այս պատանու պատճառով են: Շո՛ւտ առեք և տարեք: Որովհետև եթե այս պատանուն իր հորը չվերադարձնենք, մեր ամբողջ զորքը կբնաջնջվի»:

Ահա այդ պատճառով նրան այստեղ բերեցինք ու չգիտեմ, թե ում զավակն է: Ցո՛ւյց տվեք ինձ իր հորը, որ պատանուն վերադարձնեմ: Թերևս այս ձևով Աստծո բարկությունը դադարի մեր բանակի վրայից:

Երբ Սարգսի զինվորները լսեցին այս ամենը, աղաղակեցին և ասացին.

-Իրապես մեծ է Սարգսի Աստվածը և չկա ուրիշ Աստված, որ այսպիսի հրաշքներ գործի:

Իսկ երանելի Սարգիսը գոհություն մատուցելով՝ ասում էր.

-Աստծո բոլոր ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջը:

Եվ զորքը ձայնակցում էր սրբի սաղմոսերգությանը:

Իսկ Սարգիսը իր տղայի ձեռքը բռնած՝ փառք տվեց Աստծուն և ասաց.

-Շնորհակալ եմ քեզնից, Հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ ամենը ծածկեցիր իմաստուններից և գիտուններից և հայտնեցիր տղաներին և մեղավորներին:

Եվ սուրբ աղոթք արեց նաև թշնամու բանակի համար, որպեսզի Աստծո բարկությունը դադարի նրանց վրայից: Եվ երեք օր հետո լուր եկավ թշնամու բանակից, թե արդարև մեծ է Սարգսի Աստվածը, որովհետև նրա աղոթքներով դադարեցին հարվածները մեր բանակի վրայից, և մենք հավատում ենք Սարգսի Աստծուն:

Եվ երանելին ասում էր.

-Գոհություն քեզ, Տեր իմ Հիսուս Քրիստոս, որովհետև դու հայտնեցիր Քեզ նրանց, որ քեզ չէին ճանաչում:

Սուրբ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի ազատության օրվա առթիվ, իր ամբողջ բանակում այն ուրախության տոնի վերածեց: Եվ բոլորն էլ Տիրոջ կատարած հրաշքներով ուրախանում էին հոգով ու մարմնով:

Աստծո կատարած այս սքանչելիքների համբավը արագ տարածվեց ամբողջ աշխարհում: Լուրը շուտով հասավ նաև պարսից արքունիքը: Այդ դեպքի մասին ոխակալ իշխաններն ասում էին.

-Մենք կարծում էինք, թե դավադրությամբ կկարողանայինք կործանել Սարգսին: Բայց նա դեռ ողջ է ու ամբողջ երկիրը մոլորեցրեց, և ամենքը հավատում են նրա կախարդությանը:

Իսկ երբ սուրբ Սարգիսը տեղեկացավ, որ իրեն ու իր որդուն թագավորը հապճեպ պալատ է կանչում, հոգով հասկացավ թագավորի ու նրա իշխանների չար մտադրության մասին և, իր մոտ կանչելով իր բոլոր զինվորներին, որոնք հավատացին Քրիստոսին, ասաց նրանց.

-Եղբայրներ, ահա հասել է ժամը, երբ պետք է ի հայտ գա մեր հավատի բարեպաշտությունը, և մեր Տեր Հիսուս Քրիստոսին խոստովանենք մարդկանց առջև, որպեսզի Նա էլ մեզ խոստովանի իր Հոր առջև:

Իսկ զինվորները միաբերան ասացին.

-Քեզ հետ ենք, ո՛վ պատվական հայր, ապրելու, թե մեռնելու համար:

Եվ սուրբն ասաց.

-Աստծուց մեզ հրամայված է չծածկել մեր հավատի լույսը, այլ դնել աշտանակի վրա և քարոզել տանիքների վրայից: ՈՒ չվախենալ նրանցից, որ մարմինը կարող են սպանել, բայց ոչ հոգին: Բայց ես՝ անպիտանս, ամեն բանի մեջ անպատրաստ գտնվեցի մեր Տիրոջ հրամանին, քանզի մինչև հիմա գաղտնի պահեցի թագավորից և նրա մեծավորներից իմ հավատի լույսը, իբրև ճրագ կողովի տակ պահած, մարդկանցից ծածկելով: Իսկ հիմա, եղբայրներ, աղաչեք Տիրոջը, որ ինձ քաջություն տա, համարձակաբար քարոզելու Աստծո անունը՝ թագավորների ու իշխանավորների առջև. թող Տերը ամրացնի իմ ոտքերը հավատքի վեմի վրա, որ չսասանվեմ մարդկանցից, որոնց առջև պիտի ելնեմ:

Երբ հասան այն վայրը, որ կոչվում է Սալեր, որտեղ պետք է կատարվեր քաջարի սրբի վախճանը, ձեռքերը վեր տարածելով՝ բարձր ձայնով ասաց.

-Տեր Աստված, որ արժանի արեցիր ինձ մեռնելու Քո սուրբ Անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը: Ընդունիր ինձ նրանց հետ, ովքեր սիրեցին Քո գալստյան օրը և Քեզ ուղեկից եղան խաչի և մահվան չարչարանքներով: Եվ եթե չարից խաբվելով մեղք եմ գործել մանկությունիցս մինչ հիմա, կամա թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ, լվա՛, մաքրիր ինձ ողորմությամբդ՝ իմ արյան հեղումով: Քեզ հավատացողներին էլ, որ Քո Անունը կհիշեն, մեղքերին թողություն տուր և յուրաքանչյուրին հոգևոր ու մարմնավոր վտանգների փրկություն և ախտերի բուժում: Դևերի հալածանք ու հիվանդների բժշկություն: Պատերազմների մեջ հաղթություն, բանտից ու կապանքներից արձակում: Ծառայությունից ազատություն, խռովություններից՝ խաղաղություն: Նեղություններից՝ անդորրություն, ճանապարհորդներին պաշտպանություն: Ծովի վրա ալեկոծվողներին՝ հանդարտություն: Երաշտի ժամանակ՝ անձրևների առատություն ու առատ պտղաբերություն: Կարկտաբեր ու ցրտաբեր օդի սաստկության դադարում, մորեխների և զեռունների, որոնք քո բարկության պատճառով մարդկանց վրա որպես պատուհաս են գալիս, հալածում: Եվ նրանք, որ նվիրական ընծաներով մեր հիշատակը կկատարեն, ընդունվեն որպես անուշ հոտ։ Եվ վարձատրիր բյուրապատիկ բարություններով՝ այստեղ և հանդերձյալում: Եվ ընդունիր իմ հոգին արդարների օթևանում՝ հավիտենական հանգստի համար, և Քեզ փառք հավիտյանս հավիտենից, ամեն:

Աղոթքը անելուց հետո, երկնքից հրեշտակ իջավ նրա մոտ, ձեռքի մեջ բռնած լուսապայծառ պսակ: Եվ ասաց.

-Քրիստոսի քաջ նահատակ, զորացի՛ր, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանում, որովհետև քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը: Եվ ինչ խնդրեցիր Աստծուց, շնորհվեց քեզ: Եվ հավատացյալների խնդրանքները պիտի կատարվեն Աստծո կողմից:

Իսկ սուրբը, դառնալով հավատացյալ զորքերի կողմը, ասաց.

-Այժմ ինձ լսեք, ո՛վ Քրիստոսին հավատացողներ, որ մոտ լինելով ականատեսը պետք է լինեք իմ նահատակությանս, չլինի թե մարմնիս մեռնելը տեսնելով՝ տխրեք, քանզի այսօր, կամ վաղը այս մարմինը նախահոր պարտքը պիտի վճարի, բայց Քրիստոսի հանդեպ ունեցած հույսս անվախճան է, որով Նրա գալստյան ժամանակ դարձյալ պիտի ունենամ այն՝ անմահ ու անապական: Եվ ես ցնծում եմ և ուրախ եմ, որ մանկությունիցս ի վեր ունեցածս փափագը Տերը կատարեց, Իր չարչարանքներին ու նահատակների պսակին հաղորդակից դարձնելով: Եվ ինչպես Տերը ինձ զորացրեց մարմնավոր թշնամիների դեմ մղած պատերազմների մեջ, այսօր ևս կզորացնի հոգիների թշնամու դեմ: Եվ ես կյանքիս ընթացքը կատարելով և հավատը հաստատուն պահելով, ուրախությամբ Քրիստոսին կվերադառնամ: Եվ Աստծո խաղաղությունը ձեզ հետ թող լինի հավիտյան, ամեն:

Այս ասելով՝ ծնկելով դեպի արևելք, խաչակնքեց և պարանոցը խոնարհեցնելով սրի առջև, ասաց.

-Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին:

Եվ դահիճը սրով կտրեց երանելու սուրբ գլուխը:

Եվ նույն ժամին երկնային լույս փայլատակեց և շրջապատեց երանելու մարմինը: Եվ նույն լույսից բոց ժայթքելով՝ հեթանոսներից շատերին այրեց: Մնացածներն էլ փախուստի դիմեցին:

Նույն ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.

-Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը:

Հավատացյալները սուրբ Սարգսի մարմինը առնելով, տարան Համիան քաղաքը: Ապա Մեսրոպ մեծ վարդապետը գալով՝ առավ սրբի մարմինը և տարավ Կարբի և պատվով թաղեց: Ապա նույն տեղում հռչակավոր վանք շինեց, որ մինչև այսօր մնում է (այժմ, դժբախտաբար, այն կիսավեր ու խոնարհված վիճակում է, չնայած արդեն կա վերականգնման ճարտարապետական գծագիրը):

Սուրբ Սարգսի մեծազոր բարեխոսությունը թող լինի մեր համայն ազգի, մանավանդ երիտասարդների վրա, որոնց են վստահված մեր ապագա հաղթանակները:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ