Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սինա բիբլիական լեռան վրա

Սինա  բիբլիական լեռան վրա
03.02.2015 | 12:06

Աշխարհի բոլոր քիչ թե շատ կրթված ազգերն էլ գիտեն Աստծո տասը պատվիրանների մասին, բայց հաճախ ընդամենը տեղյակ են, որ նման պատվիրաններ կան, բայց անտեղյակ են դրանց էությանը։ Թող չզարմանան ընթերցողները, եթե փաստեմ` հայորդիներս այս հարցում երբեմն հետամնաց ազգերին հավասար տգիտություն ենք ցուցաբերում ու չգիտենք Տիրոջ տված տասը պատվիրանների գոնե կեսը: Այդ պատճառով էլ հիշեցնելու կարգով ևս մեկ անգամ վկայակոչենք այդ պատվիրաններն ու անցնենք բուն նյութի շարադրմանը։

1. Ես եմ քո Տեր Աստծվածը, Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի ունենաս:

2. Դու քեզ կուռք չշինես:

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չարտաբերես:

4. Շաբաթ օրը սուրբ պահիր:

5. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի երկար ու բարի օրեր տեսնես:

6. Մի՛ սպանիր:

7. Մի՛ շնացիր:

8. Մի՛ գողացիր:

9. Մի՛ ստիր:

10. Մի՛ ցանկացիր ուրիշի ունեցածը:

Այս էլ իմանանք, որ Աստծո տասը պատվիրանները Տերը Մովսես մարգարեին է փոխանցել քարե տախտակների վրա փորագրելով, որպես հավիտենական ու համամարդկային արժեք, Սինա լեռան վրա, ուր Մովսես մարգարեն 40 օր առանձնացավ Աստծո ներկայության մեջ:

Տարիներ առաջ եղավ այնպես, որ ինձ հրավիրեցին Եգիպտոս` ուխտագնացության: Այդ ընթացքում գնացինք դիտելու Կահիրեից ոչ հեռու աշխարհահռչակ բուրգերը, իսկ հետո մտանք նրանց քրմերի հսկայածավալ տաճարները: Սեփական աչքով տեսնելով այդ հզորագույն պետության դարեր ու ժամանակներ հաղթող զորության կնիքները՝ ես խորհում էի. այս ազգը հիրավի մեծագույնն է եղել իր ժամանակներում, բայց նրա մեծությունը դարձավ ոչինչ, իսկ նրա երկիրը տրվեց մի փնթի ու անհանճար ազգի, որ մեծավ մասամբ պատերազմելուց ու խախուտ հյուղակներ շինելուց զատ ոչինչ չի կարողանում անել (իհարկե, չեմ ուզում նսեմացնել արաբ ժողովրդի շատ ընտիրների մեծ գործերը): Ինչո՞ւ այդպես եղավ: Պատճառն այն էր, որ Եգիպտոսը իր ներսում ապրող հրեաներին պիղծ էր համարում ու մերժեց նրանց պաշտած Աստծուն, չնայած հրեազգի Հովսեփ Գեղեցիկի միջոցով Տերն այդ պետությունը փրկեց սովից ու աննախադեպ զորության հասցրեց: Եվ այդ նույն Աստված իր հզոր ձեռքով ու մեծամեծ հարվածներով հրեաներին դուրս բերեց Եգիպտոսից, նրանց մատնելով փարավոնի թագավորության ժամանակավոր փառքը մերժող Մովսես մարգարեի ձեռքը: Իսկ երբ նույն հրեաները մերժեցին այդ նույն Աստծո Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այդ ժամանակ Տերը հայերին տվեց հրեաների փառքը՝ Սիոն լեռան բարձունքը և աշխարհի զորավորների հետ բաժնեկից արեց մեզ Սուրբ Հարության տաճարում, իսկ եգիպտացիներին մեզ հետևակ դարձրեց:

Այդ ուխտագնացության ժամանակ մեզ տարան ցույց տալու նաև փարավոնների խորհրդավոր դամբարանները, փորված լեռների ընդերքում: Երբ անցնում էինք լաբիրինթոսի նմանվող և ամբողջովին նկարազարդված միջանցքներով, բազմաթիվ հիերոգլիֆների մեջ հանկարծ նկատեցի քրիստոնյաներիս խաչը: Երբ ավելի մոտիկից զննեցի, հասկացա, որ դա ավելի ուշ ժամանակների գործ է, և հոգիս ուրախությամբ համակվեց՝ տեսնելով մեր պարծանք Սուրբ խաչի նշանը, որ նկարել էին նախնի քրիստոնյաներն այդ հզորագույն պետության թագավորների դամբարանում: Այդ պահին մի ներքին հպարտություն ապրեցի (բայց ոչ ամբարտավանություն. ինչ զգացի, ա՛յն եմ ասում) մեր իմաստնագույն նախնիների համար, որոնք, կանխատեսելով գալիքը, առաջինը հրաժարվեցին անշունչ կուռքերից ու Քրիստոս Տիրոջը որպես Աստծո և Փրկչի ընդունեցին և հարյուրավոր ազգերի մեջ դարձան անդրանիկը բոլոր քրիստոնյաների:

Այդ ուխտագնացության ծրագրի մեջ կար նաև այցելություն դեպի Սինա բիբլիական լեռ: Չնայած արդեն նոյեմբեր ամիսն էր, բայց բավականին շոգ էր, այդ պատճառով պետք է բարձրանայինք գիշերով, որ չթուլանայինք շոգից: Ոմանք գերադասեցին տեղաբնակ բեդվինների ուղտերից օգտվել, որի համար 12 դոլար պետք է վճարեին, բայց հայերս որոշեցինք անպայման այդ սուրբ լեռը բարձրանալ ինչպես Մովսես մարգարեն, այսինքն` ոտքով: Գիշերային վերելքը դեպի լեռան գագաթ, որտեղ Տեր Աստված Իր արարչական Մատով գրեց տասը պատվիրանները, տևեց մոտ չորս-հինգ ժամ: Ամբողջ ճանապարհը, ավելի ճիշտ` նեղլիկ կածանը, հազիվ մի ուխտավոր ու մի հետիոտն էր տեղավորում, կարծես մի հսկայական օձ էր փաթաթվել քարաժայռերին, որոնք երբևէ ոչ անձրև են տեսել, ոչ էլ կանաչ բուսականության հմայքը ճաշակել. ամուլ ժայռեր, որոնք միայն մի բանի էին պիտանի՝ Աստծուն, որի ծրագրերը խորախորհուրդ են ու զարմանալի:

Հոգնած ու երբեմն էլ կատաղած ուղտերի ոտքերի տակ չընկնելու համար (որովհետև կանաչ դոլարների համար այդ խեղճերին նրանց տերերը մի գիշերվա ընթացքում մի քանի անգամ սարն են բարձրացնում ու իջնում), տեղ-տեղ զգուշությամբ հանգստանում էինք։ Տեղի փնթի արաբներն անլվա բաժակներով ծարաված ուխտավորներին մուգ, թեյանման, բայց գոնե տաք, ինչ-որ հեղուկ էին մատակարարում ամենաշքեղ ռեստորանների գներով, որովհետև գիշերային ցուրտը ցերեկվա տապից հետո անսպասելի էր շատերիս համար: Բայց վեր՝ դեպի Սինա լեռան խորհրդավոր գագաթը կանչող, ձգող աներևույթ ուժն այնքան զորավոր էր ու հստակ, որ ոչ մի արգելք չէր կասեցնում տարբեր տարիքի ու սեռի, գույնի ու դավանանքի մարդկանց իրագործելու իրենց սրտի բաղձանքը. հոգնությունից ու լարվածությունից դողացող ոտքներս հազիվ շարժելով` բոլորս էլ անպայման ձգտում էինք հասնել բաղձալի սարի գագաթը մինչև արևածագը:

Երբ մեր խումբը տեղ հասավ, դեռ վաղորդյան աղջամուղջ էր տիրում: Թեթև, ամառային հագուստներով ու անսպասելի ցրտին անպատրաստ շատ ուխտավորներ արդեն այնտեղ էին, ու արաբների կողմից «մեծահոգաբար», էլի մի քանի դոլարով վարձով տրված կարկատած ու մաշված կեղտոտ փալասներով փաթաթված, հայացքները դեպի արևելք, անձկությամբ լուսաբացին էին սպասում: Եվ ահա աղոթարանի (ըստ հայոց հնավանդ ժամանակացույցի, առավոտյան ամենավաղ պահը կոչվում է աղոթարան) ժամին, երբ խորհրդավոր ու ծիրանագույն մթնշաղը ծագող արեգակի ավետիսն է տալիս աշխարհին, հանկարծ հեռավոր լեռների գագաթից մի ճառագայթ մեղմորեն, կարելի է ասել, քնքույշ սիրով ճեղքեց գիշերային թագավորության վերջին շղարշն ու սկսեց իր հաղթական վերելքը: Պահը խորհրդավոր էր, քանզի աշխարհի տասնյակ ազգերի ու այլակրոն դավանանքների մարդիկ, կանգնած այդ սուրբ լեռան վրա, սրտի հուզմունքով կաս-կարմիրով հուրհրացող արևն էին դիմավորում, ի խորհուրդ այն բանի, որ այստեղ՝ այս սուրբ վայրում գրված պատվիրանները վերաբերում են համայն մարդկությանը: Ես չգիտեմ, թե մյուս կրոնների մարդիկ որպես ինչ էին դիմավորում ծագող արեգակը, բայց այն քրիստոնյաներիս համար խորհրդանշում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Արդարության Արեգակին, Ով ի լուր համայն աշխարհի ասաց. «Ես եմ լույսն աշխարհի»:

Եվ մենք՝ հայորդիներս, ներքին հուզմունքով մի վեհ զգացմունք ապրեցինք, որ այստեղ հավաքված բոլոր մեծ ու փոքր ազգերի նախնիներից առաջինը մեր իմաստուն հայրերը հավատով որպես Տեր ու Փրկիչ ընդունեցինք ծագող Արեգակին՝ Աստծո Որդուն, ու իրենց ձեռքով փշրեցին մոլար կուռքերն ու Տիրոջ հաղթական Խաչը կանգնեցրին:

Թող Տերը օրհնի Հայաստան աշխարհը, որ ճշմարիտ պատվիրանապահությամբ մինչև Իր Երկրորդ գալուստը հավատարիմ մնանք Իր Մեծ ու Սուրբ Անվանը: Ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ