Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հետո՞ ինչ, որ մարդը փող ունի և մի ստահակ դատավորի օգնությամբ սրբագրված-վերականգնված «փառավոր», «մաքուր» անցյալ

Հետո՞ ինչ, որ մարդը փող ունի և մի ստահակ դատավորի օգնությամբ սրբագրված-վերականգնված «փառավոր», «մաքուր» անցյալ
06.02.2015 | 00:14

Ցանկացած բռնություն դատապարտելի է: Իսկ ո՞վ ասաց, թե պակաս դատապարտելի է բռնություն հրահրողը, որը, խաղալով մարդկանց բարի և ազնիվ զգացմունքների վրա, նրան հրահրում է բռնության, իսկ թե որքան ծանր են հետևանքները, երբ բռնության հրահրում են ամբոխի վերածված զանգվածին, դժվար է ասել:
Օրերս թերթերից մեկում տպագրված էր հետաքրքիր մի տեղեկություն, թե հունվար ամսին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ժիրայր Սէֆիլյանին հրավիրել է Արցախ` հանդիպման: Զրույցի ընթացքում Բակո Սահակյանը հորդորել է` Արցախը, որպես առաջին գիծ և առանձին հանրապետություն, այս փուլում չներքաշել հայաստանյան ներքաղաքական գործընթացների մեջ: Բայց արի ու տես, որ Ղարաբաղի անկախության համար կռված մարդը, չհասկանալով իրեն ուղղված պարզ և մարդկային խոսքը, հավաքում և հրահրում է մարդկանց մի զգալի հատված և ուղղվում է Ղարաբաղ: Եվ եղավ այն, ինչն արդեն փաստ է: Եվ փաստն այն է, որ այսօր հայաստանյան իշխանություններից դժգոհ մի զգալի հատված ¥դժգոհ մարդը նախապես իրեն զրկում է մտածելու կարողությունից), չզատելով բուն նպատակը, կարևորը երկրորդականից, միանգամից ապուշություն է դուրս տալիս Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների մասին: Ասենք` ինչո՞ւ զարմանաս սովորական մտածելակերպով քաղաքացու վրա, երբ մտավորական կոչված, իրեն իմաստուն համարող մեկը կարող է մամուլում գրել այդ հարաբերությունների մասին շատ ստոր ձևով, անգամ նշելով հատուկ կետով, որ ավելի քան սրվել է հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժանը:
Նախկինում ասել եմ և այժմ էլ եմ ասում, որ սովորական ազնիվ հայ մարդու համար` գրող, բանաստեղծ, նկարիչ, երգիչ, առևտրական, ուսանող, բանվոր, գյուղացի, չի եղել և չի կարող լինել հայաստանցի-ղարաբաղցի ջրբաժան: Այդ ջրբաժանի մարդկանց խորհուրդ կտայի լինել Ղարաբաղում, գյուղերում, շփվել հողի մարդու, բանվորի, ազնիվ մտավորականի, ուսանողի, զինվորի հետ։ Այդ դեպքում միայն տվյալ անձինք կհասկանան (թեպետ կասկածում եմ, թե կհասկանան, որովհետև նմանների մեջ պակասում է ճիշտն ընկալել-ըմբռնելու ցանկությունը), որ որևէ տարբերություն չկա այնտեղի և մեր նույնանման մարդկանց միջև, ինչպես տարբերություն չկա այնտեղի զոռբայի, թալանչու, գռփողի, կարճ ասած բարոյական օրենքներից զուրկ տղերքի և մեր մոտի համանման տղերքի մեջ: Սերժ Սարգսյանի հետ կռիվ անող տղերքը թող այստեղ իրենց խոսքն ասեն (հավանաբար, այստեղ նրանք որևէ արժեք չունեն, որովհետև մեր ժողովուրդը կուշտ է նման անհատներից, ուղեղի օնանիզմով զբաղվողներից), նաև գիտակցեն, որ Ղարաբաղում պետք չէ լարվածություն ստեղծել, հասկանան, որ ղարաբաղցի շարքային հայն էլ կուշտ է իրեն թալանողներից, բայց հանուն իր երկրի, ժողովրդի անվտանգության լռում է ատամները սեղմած, գուցե և օրական մի քանի անգամ կրկնելով Հայնրիխ Հայնեի «Սիլեզիայի ջուլհակները» բանաստեղծության տողերը` «Անեծք երկրի ունևորներին», ասել կուզե՝ երկիր թալանողներին:
Ես չեմ ճանաչում, բայց միշտ հիացմունքով եմ լցված եղել անգամ հետագայում ինչ-ինչ պատճառներով մեղադրյալ դարձած այն բոլոր տղաների նկատմամբ, ովքեր Ղարաբաղի համար ծանր օրերին կռվել են, արյուն են թափել, և դրանցից մեկն էլ եղել է Ժիրայր Սէֆիլյանը: Փա՜ռք նրանց բոլորին: Բայց այդ փառքը շատ ծանր բեռ է, պարտավորեցնող բեռ:
Ես ամենևին հնազանդության կոչ չեմ անում նրանց, ովքեր ակտիվորեն պայքարում են երկիրը թալանողների և նրանց հովանավորողների դեմ, բայց այդ պայքարը, ինչպես և ցանկացած պայքար, պիտի լինի խոհեմ և այն կերպ, որ երբեք չվնասի երկրի անվտանգությանը: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր ՈՒկրաինայում: Այն էլ ասեմ, որ մենք ՈՒկրաինա չենք: Նրանց տարածքը մեծ է, և վաղը, եթե ինչ-որ հրաշքով տապալվի ներկայիս վարչակարգը, նրա ժողովրդին բնաջնջում չի սպառնա: Մերն ուրիշ է, և համեմատության եզրեր չկան:
Ընդամենը մի քանի ամիս, և մեր ողջ ժողովուրդը պիտի նշի մեր մեծ ցավի 100-րդ տարելիցը: Այն պետք է նշվի, ըստ իս, մեր ժողովրդի կամքի բացառիկ դրսևորման պայմաններում, ուստի որևէ հակաիշխանական քայլ չպիտի կատարվի, որովհետև այդ քայլը հղի է ծանր հետևանքներով: Օրինակ, ի՞նչ է նշանակում 100-ամյակն առանց ներկայիս վարչակարգի: Թող ներեն ինձ, բայց դա դասական հիմարություն է, որից վատ սպասելիքներ որքան ուզես, բայց և ոչ մի լավի ակնկալիք:
Հունվարի կեսերին պատահաբար միացրի «Կենտրոն» հեռուստաալիքը և ի՞նչ... Բելգիայում հայ համայնքի կազմակերպած հավաքին ելույթ էր ունենում մեր քաղաքական «էլիտայի», հայտնի «էլիտար» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Թող ներվի ինձ, բայց նրա ելույթը մեծ չափաբաժնով լցված թույնի արտանետում էր առ երկրի այսօրվա նախագահը: Եվ կարելի էր կռահել, որ ամեն դժբախտություն երկրում գալիս է միայն և միայն նրանից, իսկ թե որ ծակն են մտել մյուսները (բոլորս էլ գիտենք, թե որ կենդանին է ծակ մտնում), տիկին Զոհրաբյանը չնշեց տվյալ կենդանուն, հավանաբար կռահելով իր համար ոչ հաճելի հետևանքները: Եվ այս վիճակից երկրի դուրս գալու ելքը ժամ առաջ նախագահի հեռանալն է իշխանությունից, և նրա փոխարեն պիտի գա ոչ այլ ոք, եթե ոչ ժողովրդի բախտով ապրող, նրա բարգավաճումը երազող մարդը (մարդ, որը սոված ժողովրդի հաշվին սիրում է թարմ մսով կերակրել իր առյուծներին)` Գագիկ Ծառուկյանը: Մարդը փող ունի, և մի ստահակ դատավորի օգնությամբ սրբագրված-վերականգնված «փառավոր», «մաքուր» անցյալ: Ցանկանանք, որ իրականանա տիկին Զոհրաբյանի երազանքը, և Հայաստանը դառնա ծաղկած, բարգավաճ Հայաստան, թեպետ դա չի նշանակում ամենևին, թե բարգավաճ ասելով Հայաստանը բարգավաճ կդառնա, քանզի արևելյան ասացվածքը ճշմարիտ է` որքան էլ ասես հալվա, բերանդ չի քաղցրանա: Ասելիքս, թե բարգավաճ դառնալու համար մարդն ի սկզբանե և անցյալի պրակտիկ գործունեությամբ պիտի ապացուցեր, որ ինքն էն գլխից բարգավաճ մտքեր ուներ և ոչ թե պատահաբար անձնական բարգավաճությունը ձեռք բերելուց հետո, կարելի է որոճալով մտածել նաև մի ամբողջ երկրի բարգավաճության մասին: Չեմ ցանկանում երկար շարունակել, որովհետև մտածում եմ, որ գոնե մինչև ապրիլի 24-ը բոլորս պիտի դեն նետենք մեր բարգավաճ մտքերը և ազգովին ցույց տանք աշխարհին, թե որոնք են մեր ասելիքն ու ցանկացածը, որն է ապրիլի 24-ի մեր խորհուրդը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Քառորդդարյա մեր անկախության տարիներն ապացուցեցին, որ կյանքի, արվեստի, հայրենասիրության, գրականության, փիլիսոփայության և շատ ու շատ բնագավառներում մենք ավելի շատ կորցրել ենք, քան ձեռք բերել: Այլապես ամեն մի բախտախնդիր իր ճաշակով (սա էլ գողանալով բարգավաճ լինելու դժբախտությունն է) չէր հանդգնի ձեռնամուխ լինելու... ախր ինչպես ընտրեմ բառը, որ հավատարիմ մնամ իր խոսքին և չվիրավորեմ որևէ մեկին:
Պարզապես ասեմ` այ մարդ, բա մարդ այդքան ստոր կլինի՞ իր ազգի նկատմամբ, բա մարդ այդքան կանարգի՞ իր նախնիների արյունը, թե մտածել է` փող ունեմ, կարող եմ ամեն հիմարություն ինձ թույլ տալ, անգամ եղեռնի թեմայով ֆիլմ հանել:

Դիտվել է՝ 1824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ