Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
06.02.2015 | 12:53

Ալաշկերտ


Ալաշկերտը տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք։ Այն համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակված Անաշա կամ Ալաշա քաղաքին, որ հետագայում հայտնի է դարձել Վաղարշակերտ, իսկ ապա՝ Ալաշկերտ անունով։
Արևմտյան Հայաստանի հազարավոր անունների նման Ալաշկերտի անունը ևս թուրքական տիրապետության շրջանում թուրքացվել է։ XV դարից թուրքերն այն կոչել են Թոփրախկալա (հողե բերդ)։ Նրանք այդ անունն են տվել նաև ուրարտական ժամանակներից ժառանգված Վանի միջնաբերդին և Վաղարշավան քաղաքին (որ հետո կոչվեց Հասանկալա)։
Ալաշկերտը գտնվում է համանուն դաշտում, նրա հյուսիսային ծայրաշրջանում, Սուկավետ լեռնագագաթի ստորոտին, Արածանիի աջակողմյան վտակ Շառիան գետի վտակներից մեկի հովտում։
Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ VIII դարից (մ. թ. ա.): Ըստ հայկական աղբյուրների` Ալաշկերտը հիմնադրվել է II դ. վերջում (մ. թ.)` Վաղարշ թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Համանուն շրջանի հետ Վաղարշակերտ-Ալաշկերտը մինչև 439 թվականը պատկանում էր Լուսավորչի տան կաթողիկոսներին:


XIV-XV դդ. ընկել է թուրքմենական ցեղերի, իսկ դրանից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության տակ։
Թուրքական տիրապետության շրջանում Ալաշկերտը դարձյալ վարչական առումով ուներ որոշակի նշանակություն. այն Էրզրումի գավառի Ալաշկերտի գավառակի (կազա) կենտրոնն էր, որ երբեմն մտել է նաև Բայազետի գավառի մեջ:
XVIII դ. վերջերին Ալաշկերտն ունեցել է 1300 տուն կամ 6500-7000 բնակիչ (մեկ ծուխը հաշվելով շուրջ 5 բնակիչ)։ 1877-1878 թթ. նա ուներ 1863 բնակիչ, որի մոտավորապես կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ քրդեր ու թուրքեր: XX դ. սկզբին նրա բնակչության թիվը շուրջ երկու հազար մարդու էր հասնում:
Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի նման թուրքական կառավարողների գործադրած բռնությունների, հարստահարության և բացահայտ ցեղասպանության հետևանքով Ալաշկերտը զրկվել է հայ բնակչությունից։
Ալաշկերտը գտնվում էր Արածանիի և նրա աջակողմյան վտակ Շառիանի հովտով ձգվող առևտրական քարավանային ճանապարհի վրա ու մասնակցում էր միջազգային առևտրին։ Նոր ժամանակներում այստեղով էր անցնում Էրզրում-Մակու ճանապարհը։ Քաղաքն ուներ երկու շուկա, որոնցից մեկը հինն էր, որ գտնվում էր բերդի ստորոտին և, ավանդության համաձայն, ունեցել է 1500 կրպակ ու խանութ: Վաղեմի այս շուկայի ավերակների վայրում տարբեր ժամանակներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ արծաթյա դրամներ։ Իսկ մյուսը նոր շուկան էր, XIX դարում և XX դ. սկզբներին ունենալով 100 խանութ ու կրպակ, որոնցից 20-ը` կտորեղենի, և նույնքան էլ մրգավաճառի։ Քաղաքում գործում էին ճաշարաններ, չորս գինետուն, սրճարաններ և այլն։

Ձմեռը սաստիկ է այստեղ, հոկտեմբերի մէջ կը սկսի ձիւնն իւր սպիտակ վերարկուով ծածկել լերանց գագաթներն, նոյեմբերի սկիզբը կը սփռուի նաև դաշտի մէջ, և 7 ամսուան համար, ամբողջ Ալաշկերտի դաշտի գիւղերու բնակիչք կþստիպուին բանտուիլ իրենց տանց մէջ:

Քաղաքաւանն բաղկացած է հազիւ 700 տներէ, յորոց 130-ը միայն հայ են, մնացեալք մեծաւ մասամբ քուրդ, 150 տան չափ ալ 1877-ին պատերազմէն վերջը Կարսէն, Կազուանէն և Պայազիտէն գաղթած թուրքեր:

Կարնէն կը բերեն հոս ոգելից ըմպելիքներ, իսկ Խարբերդէն՝ ընտիր կարմիր գինի և օղի, բայց տեղւոյս օղին լաւագոյն է, կը պատրաստեն չամչէ: Կտաւեղէնք ընդհանրապէս Բաղեշէն կը բերեն, ինչպէս նաեւ խաղող, չամիչ, կաղին, ընկոյզ, պաստեղ, տանձ, խնձոր և պատուական նուռ: Աստ տարուան մէջ միջին հաշուով առուտուր կþընեն.
կտաւավաճառք՝ 5000 օսմ. ոսկւոյ
մանրավաճառք՝ 1000 օսմ. ոսկւոյ
գինեվաճառք՝ 1000 օսմ. ոսկւոյ
ծխավաճառք՝ 2000 օսմ. ոսկւոյ
նպարավաճառք՝ 1000 օսմ. ոսկւոյ:
Համագումարն 10000 օսմ. ոսկի:
1879-90 թուականներուն տեղւոյս վաճառականութիւնն բոլորովին հայոց ձեռքն էր, իսկ այժմ խիստ ինկած վիճակի մէջ է:

Բաբերդ

Բայբերդ (Բայբուրդ, Սմբատավան և այլն) հնում վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառի, իսկ նոր ժամանակներում՝ Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։

Բաբերդը գտնվում է Ճորոխ գետի հովտում, Տրապիզոնից Կարին (Էրզրում) տանող ճանապարհին, Պոնտական լեռնահամակարգին պատկանող Կոփ լեռան ստորոտում։ Շրջակայքում կան արծաթի չօգտագործվող պաշարներ, որոնց մասին հիշատակություն կա տակավին անտիկ հեղինակների մոտ, և պղնձահանքեր, որոնք նոր ժամանակներում շահագործվում էին ոմն թուրք փաշայի և մի հայ վաճառական-արդյունաբերողի կողմից։


Մարկո Պոլոն դեպի Չինաստան կատարած (1271 թ.) իր ճանապարհորդական նոթերում նշում է Բաբերդի հարավ-արևմտյան կողմում գտնվող արծաթահանքերի մասին, իսկ Հ. Բարբաբոն վկայում է, որ այն 1474 թ. ունեցել է 1500 ընտանիք։
Իբրև բերդաքաղաք և տարանցիկ ճանապարհի վրա գտնվող առևտրի կարևոր կենտրոն, Բաբերդը հաճախակի դարձել է արտաքին նվաճումների առարկա, իսկ 1514-ին նրան տիրել են օսմանյան թուրքերը։
Բաբերդը 1870-ին ուներ 180 տուն հայ և 820 տուն թուրք բնակիչ, XIX դարի վերջերին նրա բնակչության թիվը հասնում էր 6000 մարդու, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 30000 մարդու, որից 10000-ը՝ հայ, իսկ մնացածը` թուրքեր, հույներ, քրդեր և այլք։ Մոտավորապես մինչև XIII-XIV դարերը Բաբերդը զուտ հայաբնակ քաղաք էր։ Դրանից հետո այստեղ տարբեր ժամանակներում բնակություն են հաստատել օտար ազգությունների պատկանող հազարավոր բնակիչներ։ 1829 թվականին, Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո, Բաբերդ քաղաքից և նրա շրջակայքից 1000 հայ ընտանիք գաղթել ու բնակություն է հաստատել Հայկական մարզում և Ախալցխայի գավառում։
Գտնվելով Կարին-Տրապիզոն առևտրական կարևոր ճանապարհի վրա՝ Բաբերդի տնտեսական կյանքը բավական առաջադիմել էր դեռևս վաղ ժամանակներում։ Առևտրական կյանքը Բաբերդում աշխույժ բնույթ ուներ XIX դարի երկրորդ կեսում և XX-ի սկզբներին։ Քաղաքում ամեն տարի մայիս կամ հունիս ամսին կազմակերպվում էր երկու շաբաթ տևողությամբ տոնավաճառ, որտեղ, տեղական ապրանքներից բացի, վաճառվում էին նաև ներմուծովի բազմատեսակ արտադրանքներ` գործվածքներ, ապակյա, բյուրեղապակյա, հախճապակյա, ճենապակյա զանազան անոթներ ու իրեր և այլ ապրանքներ։ Քաղաքը XX դարի սկզբներին ուներ մինչև 500 խանութ, կրպակ և արհեստանոց, 40 իջևանատուն, մի ընդարձակ շուկա, որի չորս կողմերում շարքերով դասավորված էին տասնյակ խանութներ ու կրպակներ: Քաղաքի տնտեսական կյանքում առևտրին համահավասար կարևոր դեր էին խաղում արհեստները` ոսկերչությունը, երկաթագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, գորգագործությունը և այլն։ XX դարի սկզբներին այստեղ աստիճանաբար առաջացել են սննդի ու թեթև արդյունաբերության մի քանի ոչ խոշոր և տեխնիկապես համեմատաբար ցածր մակարդակ ունեցող ձեռնարկություններ` հացի փռեր, 1 կաշեգործական, օճառի, ներկի, մոմի գործարաններ։ Քաղաքի բնակչության մի մասը զբաղվում էր երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ըստ որոշ աղբյուրների հաղորդած տեղեկությունների, այստեղ XX դարի սկզբներին գործում էին 3 ձիթհան և բազմաթիվ ջրաղացներ։
Արևմտյան Հայաստանի մյուս մասերի հայության ճակատագրի նման ողբերգական եղավ նաև Բաբերդի հայ բնակչության ճակատագիրը։ Թուրքերն այստեղ հայերին զանգվածային ջարդերի ենթարկեցին առաջին անգամ 1895-ի սեպտեմբերի 30-ին, կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացնելով։
Էլ ավելի ահավոր էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի կազմակերպած հայկական ջարդը՝ 1915 թվականի Մեծ եղեռնը, որի հետևանքով միանգամայն հայաթափ եղավ նաև Բաբերդ քաղաքը։

Ճորոխ գետը կþանցնի քաղաքիս մէջէն հարաւէն դէպ ի հիւսիս և երկու մասերու կը բաժնէ զայն, որք իրարու հետ կապուած են 3-4 կամուրջներով: Գետս իւր ընթացքին մէջ ունեցած երբեմն աղմկալից շառաչման համար բնակիչներէն կը կոչուի Տելի (Յիմար) Ճորոխ, որ քաղաքիս առաջին բնական զարդն է: Իւր երկու կողմը բաւական ընդարձակութեամբ ծառազարդ պարտէզներ, եզերքներուն վրայ եւս կարգաւ ծառեր տնկուած են:
Հակառակ իւր այս նպաստաւոր դրից, որով մէկ կողմանէ ցամաքային ճանապարհով կը միանայ Տրապիզոնի, Կարնոյ և Պարսկաստանի հետ և միւս կողմանէ Ռուսիոյ հետ, այսօրուան օրս Բաբերդ այն աստիճանի ծաղկած չէ, ինչպէս երբեմն: Սակայն իւր շրջակայից երկրագործական արդիւնաբերութիւնը խիստ առատ և նշանաւոր են. ընտիր են արմտիք՝ ընդեղէններ, պտուղներ, ձի, արջառ, ոչխար և այլն:
Բաբերդ քաղաքի բնակչաց թիւն որոշ չենք գիտեր, բայց յայտնի է, որ բազմութեան կողմանէ առաջ են մահմետականք, յետոյ հայք և ի վերջոյ յոյնք:
Քաղաքին տները մեծաւ մասամբ միայարկ են, ընդհանրապէս անշուք և ողորմելի տեսքով և հողայարկ. գետին եզերքներէն երթալով կը բարձրանան մինչեւ լերանց ստորոտը և նոյնիսկ անոնց բարձրութեան կէսը կը հասնին: Այս պատճառով տուներէն շատերը մէկ կամ երկու կողմերէն խրած են հողի մէջ և տանիքները հաւասարած են բլրոյն:
Քաղաքի մէջ կա կառավարչի (միւթէսարըֆ) պալատը, զօրանոց, բանտ, 3 բաղնիք, 15 հասարակաց աղբիւրներ, 481 կրպակ և վաճառատունք, 40 խան, 177 ցորենի ջրաղացք, 3 կտաւատի հնձան, 19 փուռ, 1 կաշեգործարան, 2 օճառի, 1 ներկի և 1 մոմի գործարաններ:
Ոսկերիչները և գոհարավաճառները կը շինեն արծաթէ, վրան սեաւ կիտուածներով զարդարուած ամէն տեսակ իրեղէններ. այս արհեստով կþզբաղին միայն հայք, և իրենք զարգացուցած են թէ Թուրքիոյ զանազան քաղաքաց և թէ Ռուսիոյ և Վրահայաստանի մէջ:
Բաբերդը տարին մէկ անգամ՝ մայիս և յունիս ամիսներու մէջ, տոնավաճառ ունի, որ առաջ հինգ-վեց շաբաթ և այժմ 15 օր կը տեւէ: Այդ աւուրց մէջ բոլոր գիւղացիք տեսակ-տեսակ վաճառքներով քաղաք կը թափին և Բաբերդը աւելի շարժուն և կենդանի դիրք մը կþառնու:
Հայոց եկեղեցիները թուով չորս են՝ Ս. Աստուածածին, Հրեշտակապետք, Աստուածամայր և Ս. Յովհան: Ժողովուրդը եկեղեցիներու թուով թաղերու բաժնուած է, ունին արական և իգական սեռի յատուկ մէկ-մէկ վարժարան:
Բաբերդի գաւառակն կþինկնայ Կարնոյ կուսակալութեան տակ և ունի 186 գիւղեր, յորս գլխաւորաբար 30-ը հայաբնակ են, որոնք վերջին դէպքերու ժամանակ (հեղինակը նկատի ունի համիդյան ջարդերը - Խ. Դ.) մեծապէս վնասուեցան, քաղաքն եւս իւր վնասներն ու զոհերն ունեցաւ:

Քաղաքը ծաղկման վիճակի մեջ է, նա ունի ընդարձակ շուկա` ավելի քան 500 խանութներով, կրպակներով և բազմապիսի արհեստանոցներով։ Բացի այն, որ գավառի խոշոր բերքերի առևտուրը Բայբուրթի շուկայում է կատարվում, տարին մեկ անգամ` մայիս և հունիս ամիսների ընթացքում, այստեղ տեղի է ունենում երեքշաբաթյա տոնավաճառ, որի ժամանակ բազմատեսակ բերքերով հարստացած և բազմատարր ամբոխով խառնված շուկան ավելի ևս կենդանություն է ստանում։
Բայբուրթում կան 400 տուն հայեր, որոնց գլխավոր պարապմունքն են առևտուրը և արհեստները. արհեստներից առանձին կատարելության է հասել ոսկերչությունը, բայբուրթցի ոսկերչի պատրաստած արծաթյա զարդերը վաճառքի են հանվում նույնիսկ շատ հեռավոր վայրերում։

1915 թ. օգոստոսի դրությամբ Բաբերդից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 17000 հայ:

Բենկյան

Հին և նշանաւոր աւանգիւղ Ակնայ: Դիրքն խիստ ամուր է և կրնայ համարուիլ ապաստանարան մը կամ ամրոց՝ ժայռերուն փակուած: ՈՒնի նեղ և խոր կիրճեր, որոց միջէն Եփրատ գետը կծկելով, սղմուելով կþանցնի պտոյտընթաց:
Բենկեանցի հայք հռչակուած են իրենց քաջութեամբ, ընտիր նժոյգներ ունին, քաջավարժ հեծեալներ են և արագոտն գիտեն վազել քարեր ու լեռները: Տեղւոյս հայք հարուստ, քաղաքակիրթ և քաջարի են և եթէ իրարու հետ սիրով լինին, բոլոր հայութեան կրնան օրինակ լինիլ:
Բենկեանի ստորոտը քանի մը տուն թուրքեր կը բնակին զատ և կþապրին հայոց շնորհիւ: Թուրքաց թաղը կþանուանի Ռաթաթ, և իրոք աւանգիւղիս հին անունը Հռաթաթ եղած կը համարուի, զոր Սենեքերիմայ Բենիկ իշխանը նորոգեր է, և այնուհետև կոչուեր է Բենկայ կամ Բենկան տուն:
Բնակիչք 1000-ի կը հասնին և ունին երեք եկեղեցի՝ Հրեշտակապետ, Աստուածածին, Երեք Մանկունք, և երկու վարժարան՝ Մեսրոպեան և Նունեան:
Վերջին դէպքերուն (հեղինակը նկատի ունի համիդյան ջարդերը- Խ. Դ.) աւանգիւղս այրեցաւ, և ժողովուրդը լեռները փախավ, բայց ի վերջոյ նորէն սկսաւ շէննալ:


Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ