Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մի՛ խառնեք մեզ վայրի արջի ցեղերին…

Մի՛ խառնեք մեզ վայրի արջի ցեղերին…
10.02.2015 | 12:25

Վերջերս մեր մտավորականների շրջանում արմատացել է այն վարկածը, թե Աստվածաշնչում նկարագրված ամաղեկացիները հնագույն հայերն են, ու այդ թյուր եզրույթից բխող յուրովի մեկնություններ են անում` յուրաքանչյուրն իր բնագավառին հարիր: Այդպես պնդողները այս ու այնտեղից լսած լինելով հիշյալ վարկածը, առանց Սուրբ գիրքը բանալու ու ճշտելու, ակամա վարակ են տարածում, չգիտակցելով դրա ցավալի վախճանը: Այժմ միասին բացենք Աստվածաշունչը ու քննենք, թե իսկապես ովքեր են ամաղեկացիները, որոնց մասին բազմիցս հիշատակված է Սուրբ գրքում:
Ամենավաղ վկայությունն այդ ազգի մասին արված է Ծննդոց գրքում. «Թամնան Եսավի որդու Եղիփադի հարճն էր, որ Եղիփադին Ամաղեկը ծնեց» (Ծննդոց 36.12): Առաջին ծանոթությունն այդ ազգի ծննդաբանության հետ արդեն պետք է որ զգուշացնի հայորդիներիս, քանզի նախ այդ ծնված Ամաղեկ կոչվածը հարճի ծնունդ էր, այն էլ Եսավի որդու, ով, ըստ Սուրբ գրքի, հայր Աբրահամի որդու` Իսահակի որդին էր։ Եսավին Աստված մերժեց հենց իր մոր որովայնից, քանզի Տերը մարդկանց սրտերը հենց իրենց մոր որովայնից է տեսնում: Եվ իսկապես, երբ Եսավը որպես անդրանիկ զավակ ծնվեց, ըստ հրեական ավանդության, նա էլ պետք է լիներ ազգի հետագա առաջնորդն ու գլուխը, օրհնողն ու անիծողը, բայց Եսավն իր երկվորյակ եղբորը՝ Հակոբին, իր անդրանիկության իրավունքը երդումի ուխտով վաճառեց, կամ փոխանակեց մի աման ոսպապուրով, ասելով. «Ինչի՞ս է պետք անդրանիկությունը, քանզի հիմա սովից մեռնում եմ»։ Այդ պատճառով սուրբ հայրերը Եսավին որպես մարմնավոր ու նյութապաշտ մարդու խորհրդանիշ են ընդունում, ով անարգում է հոգին ու պատերազմում նրա դեմ: Այդպես էլ գրել է Պողոս առաքյալը. «Մարմինը հոգու դեմ է պատերազմում, հոգին մարմնի դեմ։ Դրանք իրար հակառակ են»: Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Հոգին է կենդանարար, մարմինը օգուտ չունի», քանզի մարմինը ժամանակավոր է, իսկ հոգին հավիտենական:
Բայց շարունակենք սուրբգրային մեր քննարկումը. երբ դարեր անց հրեաները Մովսես մարգարեի առաջնորդությամբ վերադառնում էին Եգիպտոսի գերությունից, նրանց դեմ դուրս եկավ Ամաղեկի հզորացած ազգը, որոնց անհնար էր հաղթել, եթե չլիներ Տիրոջ ամենահաղթ զորությունը: Ահա այդ պատերազմի տեսարանը` նկարագրված Սուրբ գրքում. «Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ: Մովսէսն ասաց Յեսուին. «ՈՒժեղ տղամարդիկ ընտրի՛ր և առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»: Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը: Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները: Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան և նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին: Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը: Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»: Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»: Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ» (Ելք 17.8-16):
Համոզվեցի՞ք հիմա, որ ամաղեկացիները Տիրոջ դեմ մարտնչողների ազգ են, բայց անմտաբար շատ հայորդիներ այդ անիծյալ ազգն ուզում են Աստծուց օրհնված ազնվացեղ մեր ազգի հետ համեմատել:
Իսկ հիմա քննենք, թե այս ի՞նչ գաղտնի վիրուս է ներարկվում մեր ազգի մեջ և ի՞նչ նպատակով:
Որքան էլ զարմանալի թվա, այժմ հրեաների ժառանգության վերականգնման խնդրի ոչ պակաս կարևոր մի թնջուկ կապված է հայոց ազգի հետ, քանզի Հայոց թաղամասը այդ ազգի սուրբ լեռան` Սիոնի վրա է տեղավորվել, իր տարածքում ունենալով հրեաների վերջին քահանայապետերի տները: Շատերին հայտնի է, որ հինավուրց Երուսաղեմը բաժանված է չորս մասի. Հրեական, Հայկական, Քրիստոնեական և Արաբական: Ինչպես տեսնում ենք, դրանցից երկուսն ընդհանուր անուններ են, իսկ երկուսն էլ ազգային պատկանելության` Հրեական ու Հայկական: Հայկական թաղամասը ներառում է 150000 քառակուսի մետր տարածություն ունեցող Սուրբ Հակոբյանց վանքը, որի շրջակայքում հայերին պատկանող տներն ու խանութներն են:
Հայերը, Գյուլբենկյանի ջանքերով, նոր քաղաքի կենտրոնում նույնպես հողեր ունեն, որտեղ դարասկզբում կառուցված երեքհարկանի երեք մեծ շենքեր կան, իսկ դրանց կողքին գտնվող նորակառույց ամենաթանկարժեք ու շքեղ «Դան Պեռլ» հյուրանոցը հրեաները մեզանից իրավաբանական հնարքներով վերջերս կորզած շենքի տեղում են կառուցել:
Որպես կարևոր տեղեկություն նշենք, որ, ըստ Ղևոնդ Ալիշանի պրպտումների, «Աստված դրախտ տնկեց Եդեմում` արևելյան կողմում, և այնտեղ դրեց Իր ստեղծած մարդուն: Մի գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը, որը բաժանվում էր չորս ճյուղերի: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս էր, չորրորդ գետը Եփրատն է: Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի և պահպանի այն» (Ծննդոց 2:8-17): Իսկ պատմաբանները մեզ հեշտությամբ կապացուցեն, որ Փիսոնը Ճորոխն է, Գեհոնը մեր Արաքսն է, իսկ մյուս երկուսի անունները այդպես էլ չեն փոխվել: Եվ ըստ ավանդության` Ադամն ու Եվան դրախտից վտարվելով բնակվում են այժմյան Հրեաստանում, այդ պատճառով Սուրբ գրքում, եթե ուշադիր եղաք, հատուկ նշվում է արևելքում բառը: Կարծում եմ, որ հետևությունը ինքներդ կանեք և կհամոզվեք նախախնամական ժամանակներից սկսած հրեահայկական կապի գոյության մասին: Իսկ եթե սուրբգրային ճշմարտություն եք ուզում` իմանալու հայոց ազգի լինելության անձնագիրը, կարդացեք այս տողերը ևս. «Դրոշ բարձրացրե՛ք երկրի վրա, փող փչեցե՛ք բոլոր ազգերի մեջ, զորագնդեր կանչեցե՛ք նրա դեմ: Իմ կողմից հրաման տվեք Արարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին» (Երեմիա 51.27): Հին ազգերի մարմնավոր պատերազմի թատերաբեմը այժմ տեղափոխվել է հոգևոր ասպարեզ ու նրանց միջև եղած լարվածությունը ոչ պակաս է, քան դարեր առաջ:
Ահա, սիրելի հայորդի, կարդանք ու Աստծուն փառավորենք, թե ի՛նչ զորավոր ու աշխարհասասան ազգեր եկան ու գնացին, իսկ մեր փոքրաթիվ ազգը մնացել է աշխարհի թատերաբեմում: Մնացել է, քանի որ Տերն Ինքն է անձամբ ընտրել մեր ազգը, որ նա բոլոր ազգերից առաջինն իրավունք ունենա Իր Որդու անունը կրելու, ուրեմն նա պիտի մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Իսկ ըստ Ղևոնդ Ալիշանի, աշխարհի չորս հինավուրց ազգերից երկուսը նույնպես հայերն ու հրեաներն են, իսկ մյուս երկուսը չինացիներն ու հնդիկներն են:
Այնպես որ, ո՛վ հայկորդիներ, ինչպես Վահան Տերյանը կասեր` մի՛ խառնեք մեզ վայրի արջի ցեղերին…, այլ ձեր ազնվացեղ Հայկյան քաջության ու Հայոց սուրբ նախնիների շավիղներով քայլեք, ու հաղթող կլինենք հաղթողների երկնային շքահանդեսում:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ