«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հանրագիտարանն անպայման պետք է գրվի»

«Հանրագիտարանն  անպայման պետք է գրվի»
13.02.2015 | 00:16

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

-Ինչո՞վ եք բացատրում տարեսկզբից չդադարող ագրեսիայի ալիքը Հայաստանում՝ սպանություններ, ինքնասպանություններ, կախաղան, ինքնահրկիզում, առևանգում, ծեծուջարդ: Նախկինում էլ եղել են նման դեպքեր, այլ երկրներում էլ լինում են, բայց Հայաստանում կարճ ժամանակի մեջ ամեն ինչ խտացավ ու առավել տեսանելի դարձավ: Ի՞նչ է կատարվում: Միստիկա՞, թե՞ բացատրություն չկա:
-Բացատրություն, իհարկե, կա: Միստիկ համարվող երևույթներն ամենաշատ բացատրվողն են սովորաբար, բայց միստիկա չկա: Մենք չունեցանք այն, ինչ համաշխարհային մշակույթի պատմության մեջ կոչվում է էքզիստենցիալ ռեսպեկտ՝ քո անձի, իբրև անհատի, իբրև քաղաքացու գիտակցում, քո պետության՝ իբրև ներպետական կառույցի գիտակցում, այլ ոչ թե իբրև աշխարհաքաղաքական խաչուղիներում մշտապես սպանվող, գնդակահարվող, կողոպտվող զոհի գիտակցում: Քանի դեռ մենք այդ կարգավիճակում ենք, և տիրապետում է այդ սխեման ընդհանուր հայության ուղեղներում ու պետության կողմից անվերջ խրախուսվում է, չպետք է զարմանանք, որ ժողովրդին պարտադրվող զոհի կարգավիճակը պրոյեկտվում է անհատի վրա: Պայքարող հայի կոնցեպցիան այլասերվում է: Պայքարող հային ներկայացնում են պետության թշնամի, հայրենիքի թշնամի, մարդ, որ փորձում է խախտել երկրի կայունությունը, մարդ, որը սխալ քայլեր է անում, մինչդեռ մարդը, որ դուրս է գալիս հայ ժողովրդին պարտադրված զոհի կերպարից, պայքարող տարրն է, որ կոչված է ստեղծելու նոր տիպ՝ մտածողության, երկրի, պետության, բայց նրան թույլ չեն տալիս: Այդ ճնշումը հանգեցնում է ագրեսիայի՝ եթե դու պատմականորեն զոհ ես, կարգավիճակով զոհ ես, պետականորեն զոհ ես, հանրայնորեն զոհ ես, սոցիալական զոհ ես, մի օր ընդունում ես, որ իրոք զոհ ես: Դա շատ լուրջ մշակութաբանական խնդիր է, որը պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի: Պետք է ընդունել հրեաների հոլոքոստի տարբերակը՝ զոհ եղել են մեր պապերը, մենք մեր պատմության իրավահաջորդն ենք, բայց զոհականության իրավահաջորդը չենք: Տարբերակում պետք է դրվի:
-Ինչպե՞ս տարբերակել:
-Պետք է աշխատի պետական մեքենան, և այսօրվա հակառակ ուղղությամբ:
-Ինչո՞ւ պիտի պետական մեքենան աշխատի հակառակ ուղղությամբ, եթե այս իրավիճակը ձեռնտու է նաև իրեն՝ եթե դու զոհ ես, զոհ ես, եթե ունես զոհի կարգավիճակից դուրս գալու ինքնագիտակցություն, սկսում ես պայքարել քո իրավունքների համար:
-Ոչ մի պետական մեքենայի զոհի կարգավիճակը ձեռնտու չէ, ձեռնտու է իշխանական մեքենային: Իշխանական մեքենան կուլտիվացնում է զոհի կերպարը մինչև այն պահը, երբ հասկանում է, որ երկրի առաջընթացի բոլոր մեխանիզմները փակուղու մեջ են:
-Հայաստանում այդ պահը ե՞րբ է գալու, թե՞ արդեն եկել է:
-Իբրև աշխարհաքաղաքական միավոր՝ մենք մտել ենք քաղաքական ու տնտեսական փակուղում գտնվող Ռուսաստանի հովանու տակ: Երբ մեզ պետք են երկրի համար պրոֆեսիոնալ, կրեատիվ զարգացում, տնտեսական հեղափոխություն, ճակատում պայքարող մարդիկ, զոհի կարգավիճակն արդեն չի աշխատում: Եթե ուշադիր լինեք, երբ քարոզչությունը թիրախ ընտրում է ոչ թե զոհականությունը, այլ պայքարը, օրինակ, բանակի պարագայում, կառույցը աշխատում է: Եվ՝ հաջողությամբ: Ոչ այն պատճառով, որ մենք գերհզոր զինված ուժեր ունենք, այլ գիտակցությունը ճիշտ ուղու վրա է դրվում, մարդիկ հասկանում են, որ սահմանից հետքայլ չկա: Բայց այդ սահմանը միակը չէ: Մենք սոցիալական սահմանի վրա ենք, որից հետքայլ չկա, մենք արտագաղթի սահմանի վրա ենք, որից հետքայլ չկա, մենք արցախյան հարցի այն սահմանին ենք, որից հետքայլ չկա, բայց այդ սահմանը պետք է գիտակցել:
-Սահմանադրական բարեփոխումների պարագայում կարո՞ղ են աշխատել պետության շահերը:
-Վերջերս ուսումնասիրում էի անգլիացի և ֆրանսիացի լուսավորիչների անցած ճանապարհը, որը հիմք դրեց պետության ձևավորմանը: 18-րդ դարի Եվրոպայում Դենի Դիդրոյին բանտարկեցին, որովհետև ուզում էր անպայման Հանրագիտարան գրել, իսկ Հանրագիտարանի դեմ ընդվզում էր եկեղեցին: Հանրագիտարանն անպայման պետք է գրվի: Պատմության հրամայականն է, որ Հանրագիտարանը պետք է գրվի, շարժիչը պետք է հայտնագործվի, մարդիկ պետք է ապրեն հաշտ ու խաղաղ: Մեր Սահմանադրությունը գրված է, բայց դեռ իրացված չէ: Եթե սահմանադրական բարեփոխումներ գրվեն ու չիրացվեն, ո՞րն է իմաստը: Իսկ Սահմանադրության իրացման կետերից ամենակարևորը՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ի՞նչ բարեփոխում կարող է լինել ոչ ինքնիշխան երկրում:
-Ինքնիշխան երկիր լինելուն ի՞նչ է պետք՝ տնտեսությո՞ւն, թե՞ գիտակցություն:
-Նախ և առաջ՝ գիտակցություն: Մեզ պետք են Հանրագիտարան գրելու համար բանտ գնալու պատրաստ մարդիկ:
-Չկան, ի՞նչ անենք:
-Չկա՞ն: Կա երիտասարդություն, որ կատարել է իր ներքին հեղափոխությունը և թշնամու առասպելաբանություն չի ընդունում, ապրում է պրագմատիկ աշխարհում և մի օր ձեռքն է առնելու հաշվիչը ու հաշվելու է՝ սա օգտակար է, սա օգտակար չէ, սա ձեռնտու է, սա՝ ոչ:
-Այդ «մի օրը» ե՞րբ է գալու:
-Շատ քիչ ժամանակ է մնացել, հնարավոր չէ առասպելաբանության վրա ամրոց կառուցել 21-րդ դարում, որի տարածքները անվերջ բացվում են, ամեն պահ գիտակցության, հաղորդակցության, ընկալման սահմանները վերանում են:
-Ի՞նչ գիտակցության մասին է խոսքը, երբ մենք մեզ անվանում ենք «Արտակ», թեև որոշ ժամանակ առաջ կարող էինք «Արամ» լինել, բայց չեղանք, ավելի առաջ՝ «Սուրեն» կամ «Մանվել», բայց չեղանք, ու՝ այդպես: Գիտակցության նշույլ կա՞:
-88-ից հետո անհասկանալի ակնածանք կա զանգվածային ելույթների հանդեպ: Բոլորս դուրս կգանք հրապարակ, ու՝ Արցախը մերը կդառնա, բոլորս դուրս կգանք հրապարակ, ու… Հանրահավաքը, հեղափոխությունը, շարժումը այսուհետ հրապարակներում չեն, այլ ուղեղներում: Ով հիմա փորձում է բռնություններով, իմիտացիոն շարժումներով ղեկավարել մարդկանց ուղեղները, պիտի հասկանա, որ ղեկավարում է ուղեղների բացակայությունը:
-Իսկ եթե ուղեղների բացակայությունը գերակայո՞ւմ է ուղեղների առկայությանը:
-Որովհետև չի ընկալվում, որ զանգվածը չի որոշում: Այժմյան բանակի իրավիճակը ոչ թե քանակով է, այլ տեխնիկական զինվածությամբ, բիզնեսի ակտիվությունը ոչ թե աշխատողների քանակով է, այլ նրանց արդյունավետությամբ: Եկել է արդյունավետ քայլերի ժամանակաշրջանը, ով չի հասկանում, մնալու է տեղում, ու դա անխուսափելի է:
-Ի՞նչ է աշխարհում կատարվում, երրորդ համաշխարհային պատերազմը, որի մասին այդքան խոսում են, անխուսափելի՞ է:
-Երրորդ համաշխարհային աշխարհը, իհարկե, թույլ չի տա, որովհետև, ի տարբերություն Ռուսաստանի ու Հայաստանի, լավ է ապրում և չի ուզում կորցնել իր լավ կյանքը: Աշխարհը, իրոք, գտնվում է քաղաքակրթական սահմանազատման ճանապարհին: Խնդիրը մուսուլմանական ու քրիստոնեական քաղաքակրթական ստանդարտների հակադրումը չէ, խնդիրը ինքնագիտակցվող մարդու հակադրումն է հրահանգվող մարդուն: Ինքնագիտակցվող և հրահանգվող մարդու տարբերությունը հսկայական է՝ ինքնագիտակցվող մարդը չի անում այն քայլերը, որոնք կարող են վնասակար լինել մարդկության համար, հրահանգվող մարդը կույր գործիք է: Մարդկանց այս երկու տիպերի պատերազմը դեռ առջևում է: Աշխարհը բաժանվել է մտածող և ոչնչացնող մարդկանց երկու ստվար զանգվածների: Ալբեր Քամյուն գերմանացի ընկերոջը նամակ էր գրել 1942-ին, երբ պատերազմի ելքը բացահայտ հօգուտ Գերմանիայի էր, և ասում էր՝ դուք ձեր ձեռքը վերցրել եք սուրը և մեզ պարտադրել եք, որ մեր ձեռքում էլ սուր հայտնվի, բայց ես վստահ եմ, որ երբ սուրը բռնած ձեռքին մտածող գլուխը միանա, պայքարում հաղթելու է միտքը: Երբ հավասար են սրերը, միտքն է հաղթողը:
-Ես չգիտեմ՝ Քամյուին կհաստատեմ, թե կհակասեմ, բայց հենց մտածող մարդկանց մեջ չէ՞ խնդիրը, կառավարվողին ուղղորդում է մտածողը, ու ի՞նչ է նա մտածում: Մտածող մարդիկ էլ ունեն շահեր:
-Կառավարվող մարդկանց, որպես կանոն, չեն կառավարում մտածող մարդիկ, որովհետև մտածող մարդիկ ուղղորդելու խնդիր չունեն, նրանք մշակում են գործողությունների ծրագիր, ներկայացնում են մտածող մարդկանց խմբին: Կառավարվող մարդկանց հրահանգ տվող մարդիկ, որպես կանոն, նույնպես կառավարվող են: Բռնապետի ոչ մի հրաման տրամաբանությանը չի ենթարկվում: Բռնապետը անում է՝ ինչ ցանկանում է, ոչ թե այն, ինչ նպատակահարմար է: Մտածող մարդը կառավարելու խնդիր չունի, սելեկտիվ աշխարհ է, պրոֆեսիոնալների դար:
-Ասեմ՝ չհասկացա, բայց անցնենք առաջ: Ցեղասպանության ճանաչումը մե՞զ է պետք, թե՞ թուրքերին:
-Եթե թուրքերը ճանաչեն ցեղասպանությունը և ասեն՝ գնացեք, ապրեք ձեր պատմական հայրենիքում, ի՞նչ կլինի հետևանքը, ես չգիտեմ: Գիտեմ, որ Թուրքիան կդառնա վտանգավոր երկիր՝ լուծելով պատմական հարցը, կունենա նոր ազգային համախմբում, գուցե նաև Եվրամիության ճանապարհը հեշտանա ու այդ ժամանակ մենք կունենանք հզոր հակառակորդ, որովհետև հայկական ու թուրքական գործոնները չեն վերանալու ցեղասպանության ճանաչումով: Մենք պիտի մաքսիմալ դիվանագիտական օգուտների մասին մտածենք:
-Այդ օգուտների մեջ մտնո՞ւմ է պահանջատիրության բովանդակության սահմանումը:
-Պահանջատիրությունը պետք է լինի հոգևոր տիրույթում նախ՝ ապաշխարանքի խնդիրը: Այդ ներողությունից ու ապաշխարանքից հետո մենք վերջապես կփորձենք դուրս գալ անարդար նեղացվածի կերպարից ազգային մտածողության մեջ, որից հետո արդեն կարող ենք իրավական մասի վրա աշխատել: Ոչ թե փաստի ճանաչման՝ ցեղասպանության փաստը վիճարկելը պետական և ազգային հանցագործություն է, իրավական պահանջների ձևակերպման վրա կարելի է համատեղ աշխատել:
-Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարում հրապարակեցինք Համահայկական հռչակագիր, արտահայտո՞ւմ է Հռչակագիրը կատարվածի ժամանակային, բովանդակային և հեռանկարային կողմերը:
-Ես հռչակագրերի սիրահար չեմ: Խնդիրը՝ ի՞նչ ես դնում 100-ամյակի հիմքում: Եթե խնդիր ունենք աշխարհին ասելու, թե ինչքան անարդար են եղել մեր հանդեպ պատմությունը, հասարակությունը, ճակատագիրը, արդյունք չենք ունենալու: Ես կուզենայի՝ մտածենք մեր օգուտի մասին, որ գուցե շատ վայրենի է հնչում: Չեմ ուզում որևէ մեկի զգացմունքները վիրավորել, գուցե ցեղասպանության ճանաչումը համաշխարհային մակարդակով կլիներ լավագույն բոնուսը, բայց եթե դա հնարավոր չէ, գոնե այլ օգուտներ լինեն, ասենք՝ Ղարաբաղի հարցում առաջխաղացում, Հայաստանին տրվող տնտեսական օգնություն, եվրոպական երկրների հետ կապերի ամրապնդում, տնտեսական շուկայի ընդլայնում… Որպեսզի 100-ամյակից հետո մենք ոչ թե հերթական անգամ արձանագրենք, որ մեր ցավը ստորաբար չճանաչեցին, այլ պարզենք՝ ի՞նչ ավելացավ մեր ակտիվում: Դու երբեք չես կարող իմանալ՝ ինչ է կատարվել անցյալում, դու երբեք չես կարող հասկանալ՝ ինչ է կատարվում ներկայում, քեզ իրապես պատկանում է միայն ապագան, որ կարելի է ծրագրել ու քայլ առ քայլ իրականացնել:
-Ջեմալ փաշայի՝ Հայաստան եկած թոռը ասում էր՝ հայերդ 100 տարի ապացուցում եք, որ Անատոլիայում ձեզ սպանել են, քրդերը՝ որ ապրում են: Ի՞նչ պիտի անենք ապագայում: Վերադա՞րձ դեպի Անատոլիա:
-Մենք ավելի լուրջ խնդիր ունենք՝ վերադարձ դեպի Հայաստան: Մենք ոչ խոպանչի ենք, ոչ տրանսֆերտակիր, ոչ մանր առևտրական:
-Չե՞նք դարձել:
-Ոչ, այն մինի վերածնունդները, որ մենք ապրում ենք օրհասական պահերին՝ առանց աջ ու ձախ նայելու, ցույց է տալիս մեզ՝ ինչ կանք: Էքզիստենցիալ ու հոգեբանական բոլոր տեսությունները փաստում են, որ մարդու իսկական էությունը բացվում է սահմանային իրավիճակներում: Սահմանային իրավիճակներում բացվում է մեր լավագույն էությունը, լավագույն ես-ը, մեր խնդիրն է այդ լավագույն ես-ը տեղափոխել նաև հանգիստ պայմաններ:
-Հանգիստ պայմաններում մենք սկսում ենք ինքներս մեր դեմ պատերազմել: Վարդան Օսկանյանն ասում է՝ պատերազմ է սկսվել ժողովրդի դեմ, այդպե՞ս է:
-Ժողովրդի դեմ պատերազմ կարող է մղել միայն այլ ժողովուրդը: Մնացած բոլոր պարագաներում ժողովրդին կարող են ճնշել, ստորացնել, սխալ գործողությունների համակարգ կիրառել: Հաճախ մարդիկ կարծում են, որ հրահանգիչները շատ բանիմաց մարդիկ են ու այդ բանիմացության համապատկերում անում են չարակամ քայլեր, չեն հասկանում, որ մարդիկ կարող են բոլորովին բանիմաց չլինել ու բանիմացության պակասը հաջորդական սխալների պատճառ կարող է դառնալ: Նաև՝ տեղեկատվության պակասը, տեղեկատվություն չունենալու ցանկությունը: Մարդիկ ուզում են աչքերը փակել և ստանալ միայն հաճելի լուրեր: Ժողովրդի դեմ պատերազմ հնարավոր չէ վարել, պատերազմը պիտի լինի միայն հանուն: Հանուն հոգևոր բաղկացուցչի: Մարդկանց մտածողության համար հիմա մեծ պատերազմ է մղվում՝ մի կողմում նրանք են, որ ուզում են պահպանել հավերժական թշնամու տեսլականը, զոմբիացված, հրահանգավորված մարդիկ, մյուս կողմում նրանք են, ովքեր գիտակցելով բոլոր վտանգները՝ տեսնում են այդ վտանգները իբրև լուծելի խնդիր: Արևմտյան բառապաշարում վտանգ բառը փոխարինված է մարտահրավեր բառով, մարդը պիտի ոչ թե վտանգից վախենա, այլ մտածի մարտահրավերը չեզոքացնելու մասին:
-Մենք գնում ենք դեպի արտահե՞րթ ընտրություններ, թե՞ հերթական: Քաղաքական խա՞ղ է, թե՞ մարտահրավեր:
-Մենք գնում ենք դեպի տնտեսական ճգնաժամ, համաշխարհային տնտեսության ծիրից դուրս ենք ու ամբողջովին կախված ենք ռուսական տնտեսությունից, որը ևս այդ ծիրից դուրս է գալիս ու հիմա ներկրման, արտահանման, հարկերի, մաքսերի այնպիսի պրոբլեմներ են առաջանում, որոնց մեջ գլխավորը դառնում է ռեսուրսների բաժանման անհրաժեշտությունը: Թոմաս Ջեֆերսոնն ասում էր՝ երջանկությունը Աստծուց ու բնությունից քեզ հատկացված սեփականությունն է, երբ մարդուն զրկում ես սեփականությունից, զրկում ես երջանկությունից: Սեփականազրկման գործընթացը ահագնանալու է, արտահերթ, հերթական ընտրություն՝ ամեն ինչ դառնում է իլյուզիա, որովհետև չի լուծելու սեփականության վերաբաշխման հարցը: Խնդիրն ազատ շուկա տալն է, ներկա սեփականատերերը ապրում են մեծավորի բաշխած քվոտաների հաշվին, եթե շարունակեն գործել նույն կերպ, տնտեսության վերջը կգա, որպեսզի այդպես չգործեն, պիտի շուկան բացվի: Շուկան բացվի, գալիս է բոլորի վերջը: Այս դիլեման պետք է լուծել: Հանրագիտարանը պետք է գրվի: Շարժիչը պետք է հայտնագործվի: Գետը ուր տանում է՝ պիտի լողաս:
-Եթե լողալ չգիտե՞ս:
-Լողալ սովորում են գետում, ափին լողալ չեն սովորում:
-Եթե գետ չունե՞ս:
-Գետ բոլորն ունեն, կյանքը գետ է:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ