Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շնաձկանը» թողած՝ ընկել եք «շերեփուկի» հետևից

«Շնաձկանը» թողած՝  ընկել եք «շերեփուկի» հետևից
13.02.2015 | 00:23

Էս չէինք տեսել, էս էլ տեսանք:
Երկու տուփ թխվածքաբլիթ «թռցրած» տղամարդուն երկրիս ոստիկանները մի այնպիսի դաժան եռանդով են «վնասազերծում», ասես օտարերկրյա մահապարտ ահաբեկիչ է ընկել ձեռքները, որ հենց նոր ուզում էր SAS սուպերմարկետն իր եղած-չեղածով հօդս ցնդեցնել: Մի հարցնող լինի՝ իսկ ո՞ւմ «ականջում» էին քնած SAS-ի անվտանգության աշխատակիցները, և ինչո՞ւ տեսախցիկներին հետևողնե՛րը չէին ֆիքսել «գողոնը», այլ հե՛նց ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Լավ, ֆիքսել՝ ֆիքսել էիք, հնարավոր չէ՞ր սուսուփուս քաշել մի անկյուն ու նորմալ-մարդավարի ասել՝ լավ բան չես անում, հայրենակից, հասուն տղամա՞րդն էլ երկու տուփ թխվածքաբլիթի համար ձեռնաքաշություն կանի: Կամ գուցե մի՜ քիչ էլ նեղություն քաշեիք ու փորձեիք հասկանալ, թե այդ նույն հասուն տղամարդն ինչու է հենց թխվածքաբլիթի վրա կանգ առել, գուցե թոռնիկն էր ուզել, ձեռքին էլ փող չկա՞ր: Չէ՜, ո՞նց կլինի, իրենք կարգուկանոնի մեռած օրինապաշտ ոստիկաններ են, դիմացինն էլ՝ հանցագործ, բռնվե՞լ ես՝ գող ես, վե՛րջ:
Բա հիմա ո՞նց շուռ չգաս ու նույն «օրինապաշտներին» չհարցնես՝ բռնող եք, երկիր գողացող էն զոռբա-օլիգարխներին բռնեք, որ թքած ունեն ձեր օրենքի վրա էլ, ձեզ վրա էլ, դրա համար էլ հաջողեցնում են երկրիս 1000 խոշոր հարկատուների ցուցակում «համեստորեն» ծվարել «խեղճուկրակ» միջին հորիզոնականներում ընդամենը: Թե՞ սրանց գողոնը ձեր հանապազօրյա հացն ու արևի տակ ձեր տեղն է ապահովում նաև, դրա համար էլ «շնաձկանը» թողած՝ ընկել եք «շերեփուկի» հետևից:
Հետո էլ ուզում ենք հասկանալ, թե երկիրն ինչու է դատարկվում, ու դրսի սուպերմարկետներից գողություն անելն էլ ե՞րբ դարձավ արտագաղթած հայերի հիմնական «արհեստը»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ