Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր

Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր
13.02.2015 | 11:11

Օրերս, տուն վերադառնալիս անցնում էի մի ռեստորանի մոտով: Մի առիթով գրել եմ, որ Աջափնյակում ռեստորաններ շատ կան, և մենք՝ բնակիչներս, այլևս ձանձրանալու կամ տխրելու առիթ չունենք: Իսկ գիշերային հրավառությունները ոչ միայն զարդարում են մեր գորշ կյանքը, այլև միշտ սթափ ու մարտական են պահում մեր ոգին... Այդ օրը ես կրկին համոզվեցի դրանում։ Այգուն հարող ռեստորանի երաժշտության ձայնն այնքան բարձր էր, որ լսվում էր մոտ հիսուն մետր հեռավորությունից: Իսկ երբ բացվում էր դեպի պատշգամբ տանող դուռը, և քեֆ անողները շոգից, իսկ կանայք ու երեխաները ծխախոտի թանձր ծխից մի քանի վայրկյանով փախչելու և, թեև ձմեռվա ցուրտ գիշեր էր դրսում, մաքուր օդ շնչելու համար դուրս էին գալիս պատշգամբ, այդ պահին երգչի ու նվագախմբի ձայնն ավելի բարձր էր հնչում, իսկ սրահի ներսում երևում էին ինքնամոռաց պարողները՝ թևերը պարզած «խրոխտ» պարելիս: Սրահի ներսում խռպոտ մի ձայն գոռում էր ու հորդորում, խնդրում էր ու համոզում ֆիդայապետ Գևորգ Չավուշին՝ «Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր, դուշմանը շատ է, Հայոց ազգի համար մեռնելը փառք է»: ՈՒ պարում էին ինքնամոռաց, «հայրենաշունչ ու ոգեշնչված», իսկ երգիչը, պարողների անունից, ոգեկոչում էր Գևորգ Չավուշին՝ ազգի նվիրյալ այն ֆիդայուն, ով իր կյանքը սիրով ու հավատով դրել էր հայ ազգի ազատության զոհասեղանին, համոզում էր, որ նա ելնի ու գնա թշնամու դեմ կռվելու, քանի որ մեր ազգի դուշմանը շատ է: Լսում էի ու վիրավորանքից հոգիս կծկվում էր... Այո՛, դուշմանը շատ է, դուշման-թշնամին ամեն օր հարձակվում է մեր սահմաններին: Ճիշտ է՝ մենք մեր տուն ու դուռը, մեր ընտանիքները պաշտպանող զինվոր տղերք ունենք, Աստված նրանց պահապան լինի, ոգին ու կամքն ամուր պահի, բայց մենք ասես հոգով ու ոգով մասնակից չենք մեր սահմանների, ասել է թե՝ մեր տան ու դռան, մեր ընտանիքների պաշտպանությանը։ Սահմանային կրակոցները, բարեբախտաբար, մեզնից հեռու են, և այդ կրակոցների արձագանքը, ցավոք, լսում են միայն այն ընտանիքները, ովքեր զինվոր զավակ են կորցրել երկրիս սահմանը պաշտպանելիս։ Բայց այդ կորուստը միայն նրանցը չէ, այլ բոլորինս է ու ամեն մեկինս։ Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն այս իրավիճակում, որն այնուամենայնիվ տևական խաղաղություն ապահովեց Հայաստանի ու նրա քաղաքացիների համար, մենք ազգովին սխալ հասկացանք ու ըմբռնեցինք: Արցախյան պատերազմում, որը, ըստ էության, համազգային պատերազմ էր, մենք հաղթեցինք, որովհետև ճիշտ էինք հասկացել ու ըմբռնել պատերազմի օրենքներն ու նրա պահանջները։ Պատերազմի մեջ ներքաշված երկիրն ու նրա ժողովուրդը իրենց առաջ խնդիր են դնում՝ հաղթել, որպեսզի ապրեն։ Ա՛յ, դժվարն ու պատասխանատուն հաղթելուց հետո է, երբ ժողովուրդն իր հաղթանակով վաստակում է Աստծո պարգև ապրելու իր իրավունքը։ Խաղաղության տարիներին են ազգերն ապացուցում Աստծուն ու իրենց հարևաններին, թե արդյոք արժանի՞ են իրենք այդ խաղաղությանն ու մարդկային այն շնորհներին, որ շռայլել է Աստված, որպեսզի նրանք շենացնեն իրենցը, որը Աստծո ստեղծած մեծ Աշխարհի մի հատվածն է։ Աստված պատերազմի կողմնակից չէ, բայց երբեմն թվում է, որ նա փորձության է տանում որևէ ժողովրդի՝ կա՛մ որպես հրահրողի, կա՛մ որպես պատերազմի մեջ բռնի ներքաշվողի, որպեսզի նրանց ցուց տա խաղաղության արժեքը: Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր, տե՛ս, թե ինչպես են քո ազգակիցները վատնում այն ազատությունն ու անկախությունը, որոնց համար դու և քո ֆիդայի ընկերները կռվեցիք շուն թուրքի դեմ ու ձեր կյանքը մատաղ արեցիք, որ հետո մենք՝ անարժաններս, մեզնից ոմանք խրախճանքի ու զեխության մեջ, ոմանք՝ աղքատության մեջ, մոռանանք մեր երկիրը, մեր տունն ու դուռը պաշտպանելու մեր սուրբ պարտականությունը ու քեզ կանչենք օգնության։ Ելե՛ք, տղե՛րք, ելե՛ք, թշնամին շատ է։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ