Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մասիսները

Մասիսները
13.02.2015 | 11:22

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ


(սկիզբը` այստեղ)
Գլխավոր ապացույցների, փաստաթղթերի և հավաստի վկայությունների հետաքննության արդյունքը հետևյալն էր. «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարների կողմից սկզբնական շրջանում պատերազմական գործողություններին մասնակցելու համար ստեղծված «Թեշքիլաթը մահսուսե»-ն, ինչպես պարզ երևում է մեղադրական փաստաթղթերից, բացառապես գաղտնի բնույթ էր կրում, և նրա բուն նպատակը հանցագործ արարքներ կատարելն էր: Հետաքննությունից պարզվում է նաև, որ «Թեշքիլաթը մահսուսե»-ին և կուսակցության կենտրոնական կոմիտեին վերաբերող կարևոր գրությունները մեջտեղից վերացված են: Հավաստի ապացույցները վկայում են նույնպես, որ Թալեաթ բեյի պաշտոնանկությունից առաջ ներքին գործերի մինիստրությունից հասարակական անվտանգության նախկին տնօրեն Ազիզ բեյին ուղղված հրահանգներն ու այլ կարևոր թղթակցությունները չեն վերադարձվել (տե՛ս գործ N 31): Դիարբեքիրում տեղի ունեցած խոշտանգումներն ու կոտորածները տեղի են ունեցել փախուստի մեջ գտնվող Թալեաթ բեյի դրդմամբ: Այս հաստատվում է Դեր-Զորի մութասարիֆ Ալի Սուադ բեյի կողմից հիշյալ Թալեաթ բեյին ուղարկված ծածկագիր հեռագրի բովանդակությունից, ուր խոսվում է վալիին և կոմիսար Մեմդուհին իր համհարզի հետ մահապատժի ենթարկելու անհրաժեշտության մասին: Վերծանված պատասխան ծածկագիր հեռագրում կա «Ի պահ դնել» նշումը (Գործ N 8, փաստաթուղթ N 1):
Ներքին գործերի մինիստրության հատուկ գրասենյակի պետ Իհսան բեյը հաստատում է, որ այն ժամանակ, երբ ինքը գտնվելիս է եղել Քիլիսի կայմակամի պաշտոնում, Ստամբուլից Հալեպ գործուղված Աբդուլլահադ Նուրի բեյը հայտարարել է, որ «տեղահանման հիմնական նպատակը (հայերի) ոչնչացումն է», և ավելացրել է նաև, որ ինքն այդ հարցով կապի մեջ մտնելով Թալեաթ բեյի հետ՝ նրանից ուղղակի ստացել է կոտորածի հրաման, որ նա ձգտել է համոզել իրեն, որ դա է երկրի փրկությունը (տե՛ս հարցաքննության փաստաթղթերը, էջ 15):
Բալուի քաղաքագլուխ Մյուֆիդ բեյը 1331 (1915) սեպտեմբերի 11-ի թվագրությամբ ներքին գործերի մինիստրություն ուղարկած ծածկագիր հեռագրով հաղորդել է, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցության Բուրսայի պատասխանատու քարտուղար Միդհատ բեյը դեռևս Բալուի պատասխանատու քարտուղար եղած ժամանակ Չանկըրից դեպի Բալուի մութասարիֆություն ուղարկած հեռագրով հայտնել է, որ Անկարայի վիլայեթից աքսորված հայերի ընդհանուր թիվը հասել է 61000-ի, որ այդ տեղահանությունը նպատակահարմար է նախ տեղի մահմեդականների թիվը կայունացնելու, մյուս կողմից էլ այն հետագայում նպաստավոր կլինի Բալուի համար (գործ N 8, փաստաթուղթ N 2): Այս փաստը վկայում է, որ տեղահանությունը ռազմական կամ կարգապահական միջոցառում չի եղել, այլ այն տեղի է ունեցել զուտ կոմիտեի ցանկությամբ և նախաձեռնությամբ, ինչից և ներշնչվել է Միդհատ բեյը:
Կարճ ժամանակով Չանկըրիում գտնվող այս անձը հեռվից չէր կարող տպավորություն ունենալ Անկարայի վիլայեթի բնակչության մասին: Նա սխալ կարծիք ուներ նաև իր վիլայեթի բնակչության մասին: Չանկըրին մտնում է Կաստամոնուի մեջ, և այդտեղի մահմեդականները շրջակա վայրերում տեղի ունեցող դեպքերին վերաբերվել են ատելությամբ: Նույնիսկ մի օր մի խումբ մեծամեծներ և ավագներ իրենց մուֆթիի հետ դիմել են քաղաքագլուխ Ռեշիդ փաշային հետևյալ խոսքերով. «Շրջակա վիլայեթներից հայերին իրենց երեխաներով միասին, մորթվող անասունների նման քշում են դեպի լեռները և այնտեղ կոտորում: Մենք վախենում ենք աստծո ցասումից: Պետությունը ոչ թե դաժանությամբ է կառավարում, այլ բանականությամբ: Խնդրում ենք, որպեսզի մեր վիլայեթում այդպիսի կոտորած տեղի չունենա»: Այս անձինք արտասվալի աչքերով հեռացել են քաղաքագլխի մոտից՝ խոսք առնելով, որ իրենց վիլայեթում նման արարք չկատարվի (այս մասին արձանագրված է վկայությունների երկրորդ մասի 15-րդ էջում):
Ստորև բերվում է Էրզրումի վիլայեթի Թահսին բեյի 1331 (1915) հուլիսի 15-ի թվագրությամբ ծածկագիր հեռագիրը, ուր խոսվում է «Թեշքիլաթը մահսուսե»-ի և նրա հետ համագործակցող ժանդարմների կողմից հայերի հանդեպ գործադրված բռնությունների ու վայրագությունների մասին. «Ֆայիք անունով մի լեյտենանտ տիրացել է Արաբյանի 4 աղջիկներին, իսկ լեյտենանտ Քյամիլ էֆենդին հափշտակել է 1863 լիրա գումար, 35 բեռ ապրանք և մեծ քանակությամբ գոհարեղեն: Դրամի հափշտակությունը և կանանց հանդեպ գործադրված բռնությունները չափազանց ամոթալի և քաջության հետ ոչ մի առնչություն չունեցող երևույթներ են: Անհրաժեշտ է այդ վայրագություններին վերջ տալ, հատկապես «Թեշքիլաթը մահսուսե»-ի անվան տակ բոլոր կողմերում դեգերող հրոսակներին: Խարբերդի վալին հաղորդում է, որ բոլոր ճանապարհները լի են կանանց և երեխաների դիակներով, որոնց չեն հասցնում թաղել: Լավ կլինի, որ մենք պաշտպանենք մեր անցյալի քաջության նկարագիրը» (գործ N 8, փաստաթուղթ N 4): Փախուստի մեջ գտնվող Թալեաթ բեյին ուղղված այս հեռագիրը պահվում է Մեջլիսի 5-րդ բաժնի թղթապանակում: Այդ հեռագիրը հաստատում է Դեր-Զորի քաղաքագլուխ Ալի Սուադ բեյի վերոհիշյալ ծածկագիր հեռագրում արտահայտված գաղտնի նպատակները: Ստորև բերվում է Էրզրումի «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյի ստորագրությամբ Խարբերդի վալի Սաբիթ բեյին և Նազըմ բեյին ուղղված ծածկագիր հեռագրի բովանդակությունը, որի ֆոտոպատճենը գտնվում է N 9 գործում:
«Եղբայր իմ, մեզ պարզորոշ տեղեկացրեք՝ այդտեղից ուղարկված հայերին զտո՞ւմ եք, թե՞ ոչ: Վտանգավոր մարդկանց, որոնց վտարման ու աքսորի մասին հայտնել են, ոչնչացնո՞ւմ եք, թե՞ ճամփու եք դնում»: Այս փաստը ցույց է տալիս, որ մինչև այսօր փախուստի մեջ գտնվող վերոհիշյալ Ռեսնելի Նազըմ բեյը, այդ ժամանակ «Միություն և առաջադիմություն» կուսակցության Խարբերդի քննիչ-լիազորը լինելով, գաղտնի կապ է ունեցել «Թեշքիլաթը մահսուսե»-ի հետ և զբաղվել է հայերի բնաջնջման գործով:
Կուսակցության Բուրսայի ներկայացուցչի՝ 1330 (1914) թվականի դեկտեմբերի 19-ին կենտրոնական կոմիտեին ուղարկված գրությունը նույնպես հաստատում է, որ բանտերից դուրս բերված հանցագործներն ու ավազակները ընդգրկվելու են «Թեշքիլաթը մահսուսե»-ի մեջ: Եվ այս կապակցությամբ սկզբնական շրջանում ջանք գործադրվեց միամիտ մարդկանց համոզելու, որ այդ ավազակախմբերը իբրև թե մասնակցելու են պատերազմական գործողություններին: Մինչդեռ վերոհիշյալ ապացույցներն ու բոլոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հրոսակախմբերը ստեղծված էին տեղահանված հայերի քարավանները կոտորելու և ոչնչացնելու նպատակով: Լիովին ապացուցված է, որ այդ կոտորածները տեղի են ունենում Թալեաթ, Էնվեր և Ջեմալ բեյերի անմիջական հրահանգներով և գիտությամբ (գործ N 11): 1331 (1915) հուլիսի 21-ի թվագրությունը կրող Թալեաթ բեյի ծածկագիր-հեռագիրը, որն ուղղված է Դիարբեքիրի, ՈՒրֆայի և Դեր-Զորի վալիներին և մութասարիֆներին, հրահանգում է ճանապարհներին մնացած դիակները թաղելու, լքյալ գույքը վառելու, և, ընդհանրապես, դիակները ձորերը, գետերը և լճերը չգցելու մասին:
Չորրորդ բանակի հրամանատար Ջեմալ բեյի՝ 1331 (1915) հուլիսի 1-ի թվագրությամբ Դիարբեքիրի վալիին ուղղված մի այլ հեռագրում ենթադրվում է, որ Եփրատ գետի հարավային մասում ջրի երեսին հայտնվող դիակները կարող են ապստամբական շարժման ընթացքում սպանված հայեր լինել, ուստի պահանջվում է, որ դրանք հավաքվեն և թաղվեն իրենց բնակավայրերում (գործ N 11, փաստաթուղթ N 3): Ի պատասխան Ջեմալ բեյին՝ 1331 (1915) հուլիսի 3-ին թվագրությամբ «անձամբ» նշումը կրող հեռագրում ասված է. «Եփրատը առնչություն չունի մեր վիլայեթի հետ, հավանական է, որ այդ դիակները գալիս են Էրզրումի և Խարբերդի կողմից: Այստեղ ապստամբության ընթացքում սպանվածների դիակները գցվում են ամայի վայրերում գտնվող խոր քարայրները կամ էլ այրվում են: Թաղելը բացառված է»:
Դեր Զորի նախկին մութասարիֆ Ալի Սուադ բեյը, հիշյալ վայր ուղարկվող հայերի ճակատագրի մասին տեղեկություն տալով, նշել է, որ Հալեպի հեռագրական գործակալությունում աշխատող «Թասվիր Էֆթքյար» թերթի նախկին թղթակից Ակյահ բեյը Դեր-Զորի մութասարիֆ Սալիհ Զեքի բեյի հետ զրուցելիս հարցրել է. «Քո մասին ասում են, որ 10000 հայ ես ոչնչացրել, ճի՞շտ է»: Ի պատասխան այդ հարցումի՝ Զեքի բեյը պարծենալով ասել է. «Ես նամուս ունեմ, 10000-ն ի՞նչ է որ, մի քիչ վերև բարձրացիր» (տե՛ս գործ N 6 և N 14, փաստաթուղթ N 4, ինչպես նաև՝ գործ N 11, փաստաթուղթ N1):
1331 (1915) սեպտեմբերի 15-ի թվագրությամբ Ռեշիդի կողմից ներքին գործերի մինիստրություն ուղարկած ծածկագիր հեռագրում նշվում է, որ Դիարբեքիրից արտաքսված հայերի թիվը հասնում է 120000-ի, որը ցույց է տալիս կատարվող գործողության ծավալն ու նշանակությունը (գործ N12, փաստաթուղթ N1):


(շարունակելի)

Դիտվել է՝ 152571

Մեկնաբանություններ