Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամենատարածված մեղքերը

Ամենատարածված մեղքերը
13.02.2015 | 11:43

Այս մասին գրում եմ, քանի որ շատերը, նույնիսկ կրթված և ուսյալ անձնավորությունները, ինչքան էլ զարմանալի է, չունեն մեղքի տարրական գիտակցում։ Նմանները համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են ու անսխալական: Մինչդեռ Հովհաննես առաքյալն իր ուղերձներից մեկում գրում է. «Եթե ասենք՝ մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտութիւն չկա մեր մէջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամէն անիրավութիւնից: Եթե ասենք՝ չենք մեղանչել, սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհաննես 1.8-10): Այդ պատճառով է, որ ամեն կիրակի, սուրբ Պատարագի ընթացքում հավատավոր քրիստոնյաների համար կատարվում է մեղքերի խոստովանանքի ու արձակման կարգը, որը միայն օծյալ քահանային տրված իշխանությամբ է կատարվում: Այդ կարգի կատարման ժամանակ նշվում են բազմաթիվ կամա և ակամա մեղքեր, որոնք հնարավոր է մարդը կատարի, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որոնց թվում են` յոթ մահացու մեղքերը՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը և բղջախոհությունը:
Սուրբ հայրերից մեկն ասել է. «Ճանաչի՛ր քեզ ու կճանաչես Աստծուն» (հայր Եվագր), իսկ Բարսեղ Կեսարացի սուրբը հորդորում է. «Ծանի՛ր զքեզ», այսինքն` ճանաչի՛ր քեզ, քանզի ճշմարիտ ինքնաճանաչողությունից են բխում մարդկային բոլոր արարքների պտուղներն ու մեր հավիտենական հոգու փրկությունը: Իհարկե, մարդկային մեղքերի ցուցակը դժբախտաբար խիստ երկար է, ու այստեղ չենք թվարկի անհաշիվ այլասերվածությունները, որոնք ինքնին պղծություններ են յուրաքանչյուր բանական մարդու համար, բայց հիմա ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում մարդկության ամենատարածված մեղքերի ցանկը, որպեսզի յուրաքանչյուր ոք այդ հոգևոր «հայելու» մեջ ինքը տեսնի իր մինչ այդ կատարած ծածուկ և հայտնի մեղքերն ու մտածի դրանցից ազատվելու մասին:
Ահա մարդկության հնարավոր մեղքերի այսբերգի տեսանելի ու կարճառոտ ցանկը. հպարտությունը, փառասիրությունը, մեծամտությունը, միայն սեփական անձի օգուտը, ինքնասիրությունը, նախանձը, ագահությամբ կուտակելու մոլուցքը, ուրիշի ունեցվածքի ցանկությունը, դաժանությունը, խստասրտությունը, հիշաչարությունը, վավաշոտ պղծասիրությունը, դատելու մոլուցքը, չարամտությունը, չարահավանությունը, ատելությունը, աններողամտությունը, անդադար տրտունջն ու բողոքը ամեն առիթով, բամբասանքները, փոքրոգությունը, ինքնախղճահարությունը, ամեն առիթով ինքնարդարացումը, սեփական մեղքի արարքների անտեսումը, ապաշխարությամբ մեղքերից ազատվելու հնարավորության մերժումը, բարկացկոտությունը, սրտմտությունը, անհամբերությունը, նեղացկոտությունը, ընտանեկան դավաճանությունը, ծնողների հանդեպ անհարգությունն ու անօգնական թողնելը, մերձավորների վշտերի հանդեպ անտարբերությունը, ու առավելը՝ չարախնդությունը նրանց փորձանքների ժամանակ, հարազատների նկատմամբ անխղճաբար ճնշումները, երեխաներին մեղքի հանդեպ գայթակղելը, նրանց նսեմացնելը, դեռ չծնված երեխաներին աբորտով ու այլ դեղամիջոցներով սպանելը, սուտը, ծուլությունը, ալարկոտությունը, հեշտասիրությունը, թերահավատությունը, շատակերությունը, դատարկախոսությունը, հայհոյախոսությունը, խեղկատակությունը, երկրիդ իշխանավորների ու առաջնորդների հանդեպ հայհոյանքն ու բամբասանքների և ծաղրալից ասեկոսեների տարածումը, կեղծավորությունը, մարդահաճությունը, քծնանքը, շողոքորթությունը, աղքատների հանդեպ անտարբերությունը, թշվառացած հիվանդներին և անդամալույծներին անօգնական թողնելը, մեծահասակներին չհարգելն ու տեղ չզիջելը հասարակական տրանսպորտում:
Եվ վերջապես, Աստծո հանդեպ երկյուղի բացակայությունը, զանազան գրբացների ու կախարդների կենցաղային ու առողջական հարցերով դիմելը, Տիրոջ սրբերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, Հիսուսի չարչարանքների հանդեպ անտարբերությունը, Նրա փրկագործության ավետիսի մերժումը, կեղծ աստվածապաշտությունը, սնոտիապաշտությունը, ննջեցյալ հարազատներին մոռացության տալը, եկեղեցու օծյալների ու ծառաների հանդեպ արհամարհանքն ու չարախոսությունը նրանց հասցեին, սրբապղծությունն ու նաև սեփական մեղքերի համար Աստծո արդարացի հատուցման, վերջին դատաստանի ու հավիտենական կյանքի մասին Ավետարանի խոսքի մերժումը:
ՈՒ թող Տերը մեզ իմաստացնի այդ մեղքերը տեսնելով ու գիտակցելով, մերժենք նախ մեր սրտերում, ապա խոստովանությամբ ու ապաշխարությամբ զատվենք այդ բոլորից, որպեսզի Իր խոստացած Արքայությանն արժանի լինենք: Ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ