Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մշակույթի տեր ժողովուրդը ագրեսիվ լինել չի կարող»

«Մշակույթի տեր ժողովուրդը ագրեսիվ լինել չի կարող»
13.02.2015 | 11:51

«Իրատես de facto»-ի հյուրն է դիրիժոր ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ծնվել է 1947 թ., Երևան քաղաքում։
1973-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը։
1974-1990 թթ. Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, որի հետ իրագործել է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ֆոնդային ձայնագրություններ։
1983-ին Մոսկվայում կայացած դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր է։
1986-87 թթ. կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։
1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, իսկ 1995-ին` ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ Գ. Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է ՀՊՖՆ-ի հոգևոր երաժշտության համերգները։ Գ. Մուրադյանն աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Մայր Տաճար Սուրբ Էջմիածնի եկեղեցական երգչախմբերի հետ։
Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից էր։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, բազմիցս՝ Պարսկաստանում և Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։
2004-ին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
2009-ին արժանացել է ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման։
2012-2013 թթ. նվագախումբը համերգներով հանդես է եկել Բերգեն (Նորվեգիա), Մոսկվա (Ռուսաստան) քաղաքներում։

-Հարգելի մաեստրո, 1988 թ. երկրաշարժից հետո և Արցախյան պատերազմի օրերին սկիզբ առան արտագաղթի առաջին ալիքները և մինչ օրս շարունակվում են: Սրան հակառակ Հայաստանին օգնության հասան սփյուռքի մեր նվիրյալ հայորդիները՝ ազատամարտիկները, մշակույթի գործիչները և այլք։ Դուք, որ ժամանակին հաջողությամբ հանդես եք եկել դիրիժորների համամիութենական մրցույթում, կատարելագործվել Վիեննայում, որ այդքան ներդրում ունեք Երևանի նվագախմբերում, թողնելով արտասահմանում աշխատելու շահեկան հրավերները, հանկարծ հայտնվեցիք Արցախում։ Ի՞նչը հրապուրեց, ի՞նչը ձգեց Ձեզ պատերազմի հետևանքները թոթափող ու վերածնվող Արցախում, որտեղ Դուք հիմնադրեցիք և ահա տասը տարի է, ինչ ղեկավարում եք Ղարաբաղի պետական կամերային նվագախումբը։
-Այլ կերպ չէր կարող լինել, չէ՞ որ արյուն ենք թափել, ձերբազատվել խուժան-թուրքից, և առհասարակ, ես էությամբ կառուցող մարդ եմ, լինի դա Երևանում, Արցախում կամ այլ տեղ։ Ո՞նց կարող էի հայացքս հառել այլ կողմ. ես այստեղ ընկերներ եմ կորցրել, ի՛նչ զոհեր ենք տվել։ Միայն խոսքերով օգնելը քիչ է, գործել է պետք։ Արցախին պետք են ոչ միայն արվեստագետներ, այլև բոլոր բնագավառներից մասնագետներ պիտի գան Արցախ, ապրեն, աշխատեն։ Միայն ազատագրելը քիչ է, պատերազմն էլ դեռ չի ավարտվել։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ են անում թշնամիները։
Մի հարցազրույցում ասել էի, թե հպարտ եմ, որ ապրում ու արարում եմ Արցախում։ Ես եթե միլիոնատեր լինեի, նման գովազդ չէի կարողանա կազմակերպել, ինչպես արեց «Ռեգնում» գործակալությունը։ Մոտ 10 րոպե անց «Ռեգնումը» կրկնել էր խոսքերս և ամփոփել. «Այսպես է ասում չճանաչված երկրի մի դիրիժոր՝ ագրեսոր, ինտերվենտ»։
-Բավական բարձր «տիտղոսներ» ունեք, իսկ մենք չգիտեինք։
-Ես գոհ եմ, որ այստեղ եմ։ Ճիշտ է, որ մարդը նախ իր այգին պիտի ջրի. մեր այգին էլ այս փոքրիկ հողակտորն է, մեր հայրենիքը, որը մի քիչ ընդլայնվեց։ Ես հույս ունեմ, որ Արցախը վաղ, թե ուշ կճանաչվի, այլ կերպ չի կարող լինել։ Մեծ բերկրանքով եմ եկել Արցախ, և որպես արվեստագետ այստեղ ինձ լավ եմ զգում, նույն բերկրանքով էլ ստեղծագործում եմ։
-Այսինքն, կարելի է ասել, որ արվեստը Ձեզ համար ոչ միայն գեղագիտական արժեք է, այլև ունի էթիկական, բարոյական նշանակություն։
-Իհա՛րկե, իհա՛րկե, եթե արվեստը չունենա էթիկական, բարոյական նշանակություն, էլ ի՞նչ արվեստ։
-Մենք ականատես ենք եղել Ձեր նվաճումներին դեռ Երևանի սիմֆոնիկ նվագախմբերի և երգչախմբերի հետ աշխատելիս, նկատի ունեմ Անտոն Բրուկների «Te Deum»-ի, Ջոակինո Ռոսսինիի «Stabat Mater»-ի, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի և այլ կոթողների ոգեշունչ կատարումները։ Նույն խանդավառությունը տեսա և Արցախի հերոսական համայնապատկերում։ Այստեղ էլ Ձեր ոգևորությունից «բռնկվում» է նաև նվագախումբը, և այն փոխանցվում է ունկնդիրներին։
-Թեպետ այստեղ մեծ հնարավորություններ չունենք, բայց ինչ էլ կատարում ենք, կատարում ենք անմնացորդ նվիրումով. տվյալ դեպքում քանակը չէ գլխավորը, այլ որակը և նպատակը։
-Մաեստրո, իմ, գուցե և շատերի պատկերացմամբ՝ Արցախի նվագախումբը տեսիլվում է որպես մի գողտրիկ ծաղիկ, որը բացվել է ազատագրված Արցախի հոգևոր անդաստանում։ Հիշենք Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» հարության տաղը, որտեղ ասվում է.
«Երբնազարդ հոգւոյն տունկք
Կանաչացան կենդանությամբ -
Երեւյալ լոյս Յարութեան...»:
Խոսքս մատաղ սերնդի հոգևոր դաստիարակության մասին է, ինչպե՞ս է դա իրականացվում Ձեր ասպարեզում։
-Ի դեպ, մենք շատ ենք սիրում Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղը, հաճախ ենք կատարում, և իհարկե, ոչ միայն այդ երգը։ Մեր երկացանկը հարուստ է հոգևոր երաժշտության նմուշներով։ Բացի այդ, Ռադիոյում բացել ենք դասական ալիք, և ամեն շաբաթ ներկայացնում ենք բավական լուրջ ծրագիր, օրինակ, հենց Բրուկների սիմֆոնիաները, հատվածներ օպերաներից, որոնք ուղեկցվում են իմ բացատրական խոսքով։ Ավելին, անվանի երգչուհի Նաիրուհի Ալավերդյանի հետ վարում ենք «Դպրոցականի ֆիլհարմոնիա» համերգ-զրույցների շարքը։ Պատկերացնո՞ւմ եք, դահլիճում ոչ մի շշուկ չի լսվում։ Նույն ելույթները ներկայացնում ենք Մարտակերտում, Ասկերանում, Շուշիում, Քաշաթաղում, Լաչինում, ինչպես նաև զորամասերում։
-Շարունակելով նվագախումբը համեմատել «ծաղկի» հետ, հարցնեմ՝ որքա՞ն «մեղու» է իր բուրմունքով հրապուրել-ձգել Ձեր «ծաղիկը»։
-Հաճույքով կթվարկեմ Ձեր ասած «մեղուներին». մեզ հետ ելույթ են ունեցել Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Էդուարդ Թադևոսյանը, ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկովսկին, նորվեգացի դիրիժոր Էսպեն Սեռլվիկը և շատ շատեր։ Մեր համերգներին մասնակցել են նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Լևոն Չաուշյանը։ Դժվար է բոլորին թվարկել։ Չեմ կարող չնշել, որ հրավիրված արտիստներից ոմանք փորձերի սկզբին մտահոգություն էին ցուցաբերում։ Բայց գնալով համոզվում էին, որ մեր երաժիշտների համառ ջանքերը ցանկալի արդյունք են տալիս։ Չեմ ասում, թե մենք «Հռոմի վիրտուոզներն» ենք, բայց աշխատասիրությունն ու սերն իրենց գործն են անում։
-«Հռոմի վիրտուոզներ» չեք, դուք էլ «Արցախի վիրտուոզները» կլինեք։ Տա՛ Աստված, որ Արցախի հետ միջազգային հանրությունը ճանաչի նաև ձեզ՝ որպես «Արցախի վիրտուոզների»։
-Առաջին քայլերն արդեն արել ենք։ Մեզ ոգևորում է նաև օտարների գնահատականը, ինչպես դա տեսանք Մոսկվայում, Նորվեգիայի Բերգեն քաղաքում...
-Գրիգի ծննդավայրում։
-Այո, Էդվարդ Գրիգի։ Առաջիկայում չեն բացառվում հյուրախաղերը Ամերիկայում։ Բայց հյուրախաղերն ինքնանպատակ չեն։ ՈՒր էլ լինենք, ես ընդգծում եմ, որ ներկայացնում ենք Արցախը։ Օրինակ, Բերգենում՝ Ֆրիտյոֆ Նանսենի արձանի մոտ, որտեղ տեղադրված է նաև խաչքար, մենք ծածանել ենք Արցախի դրոշը և նկարահանվել, վավերացրել։ Հայտագրերում էլ նշում ենք՝ «Արցախի պետական նվագախումբ»։ ՈՒզում եմ ասել, որ արվեստը, որպես հզոր ուժ, մեծ նշանակություն ունի Արցախի ճանաչման գործում։ Երբեմն ավելի ազդեցիկ է, քան դիվանագիտական անցուդարձը, կարգախոսները։
-Այնուամենայնիվ, դժվար է ճեղքել, «ռմբակոծել» միջազգային հանրության «խլությունը» լարային նվագախմբի ակորդներով. շեփորներ ու թմբուկներ են պետք, այսպես ասած, «Երիքովի շեփորներ», որոնց «համազարկերից» փլուզվեցին մեղքի մեջ թաղված Երիքով քաղաքի պատերը։ Լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ։ Օրինակ, ինչպես հասկացնես աշխարհին, որ վայրենի ազերիները կրակում են ոչ միայն սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների վրա, այլև «կրակում» են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Կոմիտասի, մի խոսքով, ամբողջ մշակույթի, քաղաքակրթության վրա, ջանում ոչնչացնել լուսակիրներին, դարերով կուտակված համամարդկային արժեքների վրա, արժեքներ, որոնք արդարացնում են մարդու գոյությունը տիեզերքում։
-Հենց սերմանելով լույսը` մենք պայքարում ենք խավարի դեմ մեր ունեցած միջոցներով։ Ի պատիվ մեր կառավարության, նշեմ, որ Արցախում մեծ տեղ է տրվում մշակույթին։ Նշվածից բացի, ասեմ, որ այստեղ ավանդական է դարձել «Տնջրե» անունը կրող միջազգային փառատոնը։ Տնջրեն հազարամյա մի հսկա ծառ է, որի փչակում կարող է տեղավորվել մոտ հարյուր մարդ։
-ՈՒրեմն այդ ծառի փչակում կտեղավորվի մի ամբողջ սիմֆոնիկ նվագախումբ, լավ էլ «ակուստիկա» կունենա։
-Այո (ծիծաղում է), հենց այդպես։ Եվ տարեցտարի փառատոնի աշխարհագրական շառավիղն ընդլայնվում է։ Մասնակցում են Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Մոսկվայից։ Ընդ որում, տեղի են ունենում վարպետության դասեր։ Օրինակ, Գերմանիայից եկել էին և՛ ուսուցիչներ, և՛ իրենց սաները։ Հյուրերի հետ կատարել ենք բավական մեծ ծրագիր. Բեթհովենի 5-րդ կոնցերտը (լարայինների համար փոխադրած՝ Ֆրանց Լախների տարբերակը), նվագել ենք Հայդնի թավջութակի կոնցերտները, նվագակցել ենք Ֆիլիպի արիան՝ Վերդիի «Դոն Կառլոս» օպերայից, որը հրաշալի է կատարում Բարսեղ Թումանյանը։ Ներկայացրել ենք նաև Սեն-Սանսի, Վենյավսկու, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց գործերը։ Իսկ Երևանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ կատարել ենք Մոցարտի, Սիբելիուսի գործերի բնօրինակները։ Սակայն նման ճոխությունը բավական ծախսատար է։ Ճիշտ է, նշված գործերը սիմֆոնիկ նվագախումբ են պահանջում, սակայն լավ է, որ գոյություն ունեն փոխադրություններ։ Գործերի մի մասն էլ ես եմ փոխադրում, ինձ աջակցում է նաև մեր դաշնակահար Սիմոն Սարգսյանը, որը սինթեզատորով փոխարինում է պակասող գործիքները։ Ինչ էլ լինի, մեր յուրաքանչյուր համերգ առանց հայկական երաժշտության չի լինում։
-Այնուամենայնիվ, նվագախումբն ընդլայնելու հեռանկարներ կա՞ն։
-Նախ, մինչ օրս ցուցաբերած հովանավորության համար շնորհակալ եմ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ի դեմս Լուիզ Սիմոն-Մանուկյանի և Պերճ Սեդրակյանի), որը հովանավորել էր նաև Երևանի սիմֆոնիկ նվագախումբը, և ոչ միայն։ Բացի այդ, չեմ թաքցնում, որ ապագայում Արցախը կունենա իր սիմֆոնիկ նվագախումբը, նույնիսկ... օպերային թատրոնը։ Երևի որոշ թերահավատներ տարակուսեն, բայց հիշեցնեմ, որ նրանք ժամանակին չէին հավատում, որ Ղարաբաղը կունենա իր կամերային նվագախումբը։ Այսօր ես երջանիկ եմ, որ մեր գործունեությունը մեծապես աշխուժացրել է Արցախի մշակութային կյանքը, երաժշտության ուսուցման գործընթացը։ Շատ ուրախալի է, երբ Ստեփանակերտում տեսնում ես փոքրիկ ջութակներով երեխաների, այսինքն՝ մեր ապագան։
-Հարգելի մաեստրո, թույլ տվեք մեր ապագայի հանդեպ ժպիտով ու հավատով ավարտել մեր զրույցը, շնորհակալություն։
-Շնորհակալ եմ։

Զրուցեց
Դանիել ԵՐԱԺԻՇՏԸ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ