Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կշարունակի՞ Թուրքիան աջակցել իր «արյունակից ու դավանակից եղբայրներին», թե՞ երես կթեքի իսլամիստ ույղուրներից

Կշարունակի՞ Թուրքիան աջակցել իր  «արյունակից ու դավանակից եղբայրներին»,  թե՞ երես կթեքի իսլամիստ ույղուրներից
17.02.2015 | 00:17

Հունվարի վերջին աշխարհի լրատվամիջոցները տարածեցին մի հաղորդագրություն, որն առայժմ առանձնակի արձագանք չի գտել, թերևս այն պատճառով, որ ՉԺՀ-ի իշխանությունները հակված չեն շրջանառելու ույղուրների հետ կապված խնդիրները, հատկապես երբ դրանք անցնում են միջազգային հարթություն (գուցե և ներկա արյունալի իրադարձությունների պայմաններում տեղեկությունը փոքր-ինչ մասնավոր բնույթ էր կրում)։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Շանհայում ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի տասը քաղաքացիների, որոնք, մամուլի տեղեկությունների համաձայն, թուրքական կեղծ անձնագրեր էին բաժանում ահաբեկիչների հետ կապված ույղուրներին։ Առայժմ հայտնի չէ՝ այդ գործն ունի՞, արդյոք, քրեական կամ քաղաքական աստառ, թ՞ե ոչ, սակայն տեղեկություններ կան, որ հենց այդ կերպ է կազմակերպվել ույղուր իսլամականներին Չինաստանից Թուրքիա, ապա նաև Սիրիա և Իրաք տեղափոխելու գործը։ Կեղծ փաստաթղթերի գինը փոքր չէ՝ 60 հազար յուան (մոտ 8,5 հազար դոլար), բայց, այդուամենայնիվ, դրանք մշտապես մեծ պահանջարկ են ունեցել։ Թուրքական անձնագրերի պահանջարկի և թուրք հանցագործների կողմից նման «ծառայությունների» մատուցման վկայություններից մեկը եղավ այն փաստը, որ անցած տարվա հոկտեմբերին Մալայզիայի իշխանությունները ձերբակալեցին 155 ույղուրի, որոնք երկիր էին թափանցել թուրքական այդպիսի անձնագրերով։ Թուրքիայի նորաթուխ քաղաքացիների հետ կապված միջադեպեր տեղի են ունենում նաև Թաիլանդում, որը նույնպես դարձել է տարանցիկ միջանցք ույղուր իսլամականներին Պակիստան, Սիրիա և Աֆղանստան ուղարկելու համար։ Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, հենց այդ հանգամանքն էր պատճառը վերջերս Անկարայի ու Պեկինի միջև ռեպլիկների սուր փոխանակության։ Այն ժամանակ Չինաստանը Թաիլանդից պահանջեց վերադարձնել այդ «փախստականներին», և, ի պատասխան թուրքական արտգործնախարարության կողմից նրանց պաշտպանության, հայտարարեց, որ Անկարան իրավունք չունի միջամտելու չինական գործերին։ Այնպես որ, անկախ Պեկինի ցանկությունից ու զգուշությունից, ույղուրյան թեմայի նոր ալիքը միջազգային արձագանք է գտնում, հետևաբար սկսում է մաս կազմել գլոբալ հարցերի։
Թեև անձնագրերի վաճառքին թուրքական իշխանությունների մասնակցության մասին առայժմ ոչ ոք չի խոսում, ույղուրյան հարցն ամենացավագին խնդիրն է եղել ՉԺՀ-ի ու Թուրքիայի հարաբերություններում։ Հիմա էլ, ինչպես նշում են փորձագետները, Անկարան, չնայած հայտարարված, իբր, հաշվեկշռված քաղաքականության, սկսել է օգնություն ցուցաբերել Չինաստանի ու Կենտրոնական Ասիայի իսլամականներին։ Իհարկե, միաժամանակ պետք չէ մոռանալ նաև «թուրքական միասնության» գաղափարները, այդ թվում՝ բուն Թուրքիայում թուրքական ռևանշիզմի անսքող գաղափարներ դավանող լայն հասարակական խավի առկայությունը, որը պաշտպանում է Էրդողանի կառավարությանը։ Այս պարագայում ույղուրյան հարցը կարող է լիովին խաղարկվել թե՛ պանթուրանականության դաշտում, թե՛ իսլամականության, իբրև հետագա արմատականացման նպատակով միասնացման գործոն։ Ընդ որում՝ ոչ միայն Չինաստանում, Թուրքիայում, այլև Կենտրոնական Ասիայում։ Երևի տեղին կլիներ հիշել Դուշանբեում երեք թուրքահպատակ ույղուրների ձերբակալության հետ կապված միջադեպը։ Այն ժամանակ Թուրքիայում որոշեցին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ճնշմամբ՝ հետագայում նրանց ՉԺՀ-ին արտահանձնելու համար, և Անկարայում Տաջիկստանի դեսպանատան մոտ հանրահավաքներ տեղի ունեցան։ Թուրք դիվանագետները ևս ներգրավվել էին այդ գործում։ Թեև նրանց չհաջողվեց շոշափելի արդյունքների հասնել, սակայն կենտրոնասիական տարածաշրջանի բազմաթիվ ույղուրների համար, որոնք պատմականորեն առճակատման մեջ են տեղի բնակչության հետ, Թուրքիան այժմ միակ պաշտպանն ու ապաստանն է դարձել (փախած ույղուրները ամենից հաճախ հենց այնտեղ էլ պաշտպանություն են գտնում)։ Այսպես, անցած տարվա գարնանը Թուրքիան հերթական անգամ, չնայած Չինաստանի դժգոհությանը, ապաստան տվեց ույղուրների 35 մարդուց բաղկացած մի խմբի։ Հարկ է նկատել նաև, որ թեև Էրդողանը սիրում է ասել, թե «ույղուրները կամրջի դեր են խաղում Թուրքիայի և Չինաստանի միջև», իսկ ՉԺՀ-ի Սինցզյան-ՈՒյղուրական Ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ամեն կերպ բարեհաճություն էր ցուցադրում Պեկինի նկատմամբ և «կառուցողական երկխոսության» էր կոչում, պետք չէ մոռանալ, որ նա համաշխարհային առաջնորդներից միակն էր, ով ՈՒրումչիի անկախությունից հետո հայտարարեց «ցեղասպանության» մասին և պահանջեց «վերջ տալ ույղուրների էթնիկ զտմանը»։ Այնպես որ, ընդհանուր առմամբ միանգամայն հիմնավոր է թվում համաշխարհային ույղուրական կոնգրեսի նախագահ Ռաբի Քադիրի հայտարարությունն այն մասին, թե «ույղուր ժողովուրդը գոհ է թուրքական կառավարության և Թուրքիայի ժողովրդի աջակցությունից», թե իրենք վստահ են, որ Անկարան այսուհետև ևս ույղուր անջատողականներին համակողմանի աջակցություն կցուցաբերի, և որ իրենք այդ օգնությունն «աննշան չեն համարում»։
Սակայն հարկ է նկատել, որ մինչև վերջերս պաշտոնական Թուրքիան ընդգծված ձևով քննադատում էր Չինաստանի ույղուրների շրջանում իսլամական ծայրահեղականության ահագնացումը։ Ի՞նչ է հիմա նա անելու, երբ անջատական ույղուրները ծրագրում են ճանաչում ստանալ միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից, ուղիներ գտնել շփումների համար և «իրական մարտական փորձ» ձեռք բերել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լրատվամիջոցներում շատ հետաքրքրական լուրեր են երևացել այն մասին, որ Հորդանանի ընդհանուր հետախուզության վարչությունն այժմ ստիպված է մշտական կապեր ու շփումներ հաստատել չինական պետանվտանգության հետ, մասնավորապես նրա այն բաժանմունքի, որն զբաղվում է Արևելյան Թուրքեստանի ազատագրման շարժման հարցերով։ Իսկ համացանցում պնդումներ են հայտնվել, որ արաբական երկրներում իր իրականացրած գործողություններում չինական հետախուզությունը կոորդինացնում է ջանքերը և հենվում իսրայելական «Մոսադ» և իրանական ՄԻՏ հետախուզական ծառայությունների աջակցության վրա։ Ավելին, ապացույցներ են ի հայտ եկել, որ Չինաստանի քաղաքացիներ են մասնակցել մարտական գործողություններին սուննիական մուսուլմանների մարտական խմբավորումների կազմում, իսկ «Իսլամական պետության» պարագլուխները հայտարարում են, թե «Չինաստանում, Հնդկաստանում և Պաղեստինում մուսուլմանների իրավունքները կոպտորեն ոտնահարվում են», և նրանց կոչ են անում անցնել ԻՊ-ի կողմը։ Եղած տվյալների համաձայն, արդեն հարյուրավոր ույղուրներ են մեկնել ռազմական պատրաստություն ստանալու իսլամականների վարժական ճամբարներում։ Ի լրումն այդ պատկերի, չինացի փորձագետները հաղորդում են, որ Սինցզյանի արմատականները սովորաբար մերձավորարևելյան ծայրահեղականներին միանում են Թուրքիայի, Ինդոնեզիայի ու Ղրղզստանի իսլամական կազմակերպությունների բաժանմունքների միջոցով։
Սակայն, մինչ Արևմտյան ընկերակցությունը ՉԺՀ-ին համառորեն կոչ է արել և կոչ է անում միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով ստեղծված միջազգային կոալիցիային, Պեկինը մինչ օրս ձեռնպահ է մնում որևէ ակտիվ գործողությունից, ընդգծելով, որ կոալիցիային համեստ ու համաչափ մասնակցությունն իմաստ ունի, և որ իրենք կգործեն Իրաքի կառավարության համաձայնությամբ՝ սեփական քայլերը լիովին կոորդինացնելով նրա հետ։ Ահա և թուրքական անձնագրերի ու Թուրքիայի քաղաքացիների ձերբակալության հետ կապված պատմություն և «ահաբեկչական ինտերնացիոնալի» կողմից Չինաստանին նետված նոր մարտահրավեր։ Ինչպե՞ս կարձագանքի Չինաստանը, ի դեպ՝ նաև Թուրքիան։ Դուրս կգա՞, արդյոք, այս մարտահրավերը դիվանագիտության ընդունված շրջանակներից։ Կշարունակի՞ Թուրքիան այսուհետ ևս աջակցել իր «արյունակից ու դավանակից եղբայրներին», թե՞ երես կթեքի իսլամիստ ույղուրներից։ Եվ ամենակարևորը՝ ույղուրների օրինակով կմիավորի՞ պանթյուրքիզմի և իսլամական միասնության գաղափարները։ Առայժմ հաստատական և միարժեք պատասխան չկա։ Մեկ բան ակնհայտ է՝ Պեկինում հիանալի են հասկանում, որ թուրքական անձնագիր ստացած և հեռու երկրներ մեկնած իրենց շատ քաղաքացիներ, այնուամենայնիվ, վերադառնալու են Չինաստան, որտեղ կցանկանան «գործնական կիրառություն տալ» ստացած գիտելիքներին և օգտագործել օտարերկրացի «գործընկերների» աջակցությունը։ Իսկ մինչ այդ այն ժամանակը, երբ Չինաստանը բավական անտարբեր հետևում էր աշխարհում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին, սպառվում է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 12482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ