«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մի հատ էլ «գործիք»

Մի հատ էլ «գործիք»
17.02.2015 | 00:48

Ժողովուրդը մի լավ խոսք ունի, որ եթե փոքր-ինչ ձևափոխենք, կհնչի այսպես. «Մեկին որ անընդհատ ասես առյուծ, հա՛մ մռնչալ կսովորի, հա՛մ էլ անտառի արքա կզգա իրեն»: Հիմա Ծառուկյանինն է: Կողքիններն այնքան ականջը լցրին «մեր առյուծ ախպեր», «մեր ազիզ թագավոր» գովաբանական ճչանիկներով (քո ականջն էլ էնտեղ կանչի, Վինի Թուխ), որ մարդու գլուխը պտտվեց, ոտքերը գետնից կտրվեցին ու աչքին հանրապետության նախագահի ոսկեզօծ գահավորակ երևաց: Իսկ որտեղ՝ գահավորակ, այնտեղ՝ նազիր-վեզիրներ, որ միշտ էլ արջի ծառայություն են մատուցում իրենց հորինած «առյուծներին», ընդ որում, ոչ միայն հեքիաթներում: Վկան՝ հանրապետության նախագահի հայտնի ելույթին հաջորդած Ծառուկյանի ելույթը, որը նույնքան էր հեռու Ծառուկյանինը լինելուց, որքան խոզը՝ տուռնիկից: Էստեղ դժվար է զսպել գայթակղությունն ու մեկ այլ մուլտֆիլմի օգնությանը չդիմել. հիշո՞ւմ եք «Մաուգլիի» այն դրվագը, երբ Բաղիրան ու Բալուն «թասիբի են գցում» Կաային՝ բանդերլոգների «վարիյոխը» տալու համար: Իհարկե, հիշում եք: Ճիշտ նույն ձևով էլ «առյուծ ախպորն» են «թասիբի գցել» նրա «ոսկեզօծ գահավորակին» մոտ կանգնածները՝ «բեղերի» ցաված ծայրերը դիտավորյալ քաշքշելով: «ՈՒրեմն, ինձ Դոդ ա ասել, է՛լի»,- մռլտացել է «առյուծը»: «Հա՛, հա՜, Դո՛դ, հետն էլ՝ ցիրկի կատու, որ իրեն առյուծի տեղ է դրել»,- վրա են տվել նազիրները: «Հետո էլ՝ անգրագետ, վերջում էլ՝ չարիք»,- պակասը լրացրել են վեզիրները: «ՈՒ հիմա դու էդ անպատվությունը կուլ ես տալո՞ւ»,- ձեն ձենի են տվել նազիր-վեզիրները: «Հըլա մի կողմ քաշվեք, գյադե՛ք»,- քաջնազարացել է մեր «առյուծ ախպերն» ու հանձնարարել «առյուծի սիրտ կերած» մի պատասխան գրել «էդ մարդուն»:
Շարունակությունը գիտեք: Գրեցին, ինքն էլ հաջորդ օրը «կանյաչնիում» կարդաց. «Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն, նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է: Դա՛ է նրա ծրագիրը: Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ»:
Դե հիմա արի ու մի հարցրու էս մարդուն՝ էդ ո՞ւմ հաշվին ես գնալու «մինչև հաղթանակ», ուրիշի զավակնե՞րի, որոնցից տասի արյունը նաև քո՛ «մատյան գնդի» վրա է: «Պատրաստվեք պայքարի,- ասում ես:- Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի»: 2008-ին դուրս էր եկել, խանգարողներից մեկը դու չէի՞ր, թե՞ կարծում ես` էս ժողովուրդն էն ժողովուրդը չի, յոթ տարվա մեջ հասցրեց համատարած ամնեզիայով վարակվել: Կամ, որ ասում ես՝ պատրաստվեք պայքարի, հույսդ նույն ժողովրդից քերթած կարողությո՞ւնդ է, որից մի շանթուլափայ կցփնես «Ազատության» հրապարակում, ու մի նոր վրանային պայքար կսկսվի: Չէ, դու ոչ միայն «դասական իմաստով քաղաքական գործիչ չես», ինչպես ինքդ ես խոստովանում, այլև ընդհանրապես գործիչ չես, ընդամենը գործիք ես, ինչպես Տեր-Պետրոսյանը՝ 2007-ի հոկտեմբերից մինչև 2008-ի մարտի մեկ, երբ հայտարարում էր՝ ժողովո՛ւրդ, ես գործիք եմ, օգտագործեք ինձ: Ով ում օգտագործեց՝ տեսանք: Կամ, որ ասում ես՝ «իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը», գոնե կարո՞ղ ես առանց թղթի ու առանց հուշարարի հրապարակի հարթակից երկու հոդաբաշխ նախադասություն կապել իրար, մոտավորապես այս բովանդակությամբ. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»: Տեր-Պետրոսյանի մոտ դա շատ լավ էր ստացվում, հետո՞ ինչ, որ զոհի ու կախաղանի տեղերը խառնել էր իրար:
Հա, ի դեպ, դու գիտե՞ս, թե ով է նշածս տողերի հեղինակը:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ