Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում

Կամ շահն է մորթում,  կամ շահին են մորթում
20.02.2015 | 00:57

Քաղաքական լարվածությունը Հայաստանում փետրվարի սկզբներին հասել էր կուլմինացիոն կետին ու, ոմանց կարծիքով (ինչո՞ւ ո՛չ, նաև ակնկալիքով), պիտի պարպվեր փետրվարի 20-ին:
Հաճախ հնչող հարցին, թե՝ փետրվարի 20-ին իսկակա՞ն հեղափոխություն է լինելու, հանգիստ, նույնիսկ քմծիծաղով պատասխանում էի.
-Կատվի վազքը մինչև մարագն է:
Թող ոմանց չթվա, թե հետին թվով փորձում եմ մարգարեանալ: Այդպես մտածողներին խորհուրդ կտայի կարդալ «Իրատես de facto»-ում Գագիկ Ծառուկյանի թեմայով իմ հոդվածները, որտեղ մեկ անգամ չէ, որ տվել էի նրա՝ որպես «քաղաքական» գործչի գնահատականը, և պարզ ասել, որ նա ոչ միայն իր անցյալով, այլև ներկայով այնքան է թաղված կրիմինալի մեջ, որ իշխանությունները ցանկացած պահի կարող են ոլորել ձեռքերը և... ուղարկել համապատասխան «հաստատություն»:
ՀՀԿ նիստում հանրապետության նախագահի ունեցած ելույթը թող ոմանք գնահատեն ոչ կոռեկտ, անգամ վիրավորական, ոմանք համարեն ահաբեկում, ոմանք էլ որակեն ամեն տեսակի հարկի և անհարկի ածականներով, ես կասեի` նախագահը սրի հուժկու հարվածով կտրեց հանրապետության քաղաքական դաշտում առաջացած թարախապալարը, որի հնարավոր պայթումը երկիրը կկանգնեցներ բարդ իրավիճակի առաջ: Գաղտնիք չէ, որ ծանր է ժողովրդի սոցիալական վիճակը: Մի կողմում՝ օր օրի է՛լ ավելի աղքատացող ժողովուրդ, մյուս կողմում՝ լկտիացող, թալանող օլիգարխ, պետական պաշտոնյա: Ասել, թե այդ վիճակը միայն մեր երկրում է, կնշանակի՝ ոչինչ չասել: Հավանաբար, կապիտալի կուտակման նախնական փուլը հետխորհրդային երկրներում դեռ երկար է ձգվելու, որովհետև անկախացած երկրների ընչաքաղց տերերը դժոխքի գայլի պես որքան ուտում, այնքան սովից ոռնում են:
Հետխորհրդային երկրների մեծագույն դժբախտություններից է այն, որ բացառապես գողությամբ հարստացած օլիգարխը, մոռանալով իր ով լինելը, քիթը խոթում է նաև քաղաքականության մեջ, որի հետևանքները երկրի համար կամա թե ակամա ծանր են լինում: Ինչո՞ւ: Որովհետև հարուստ մարդն իրեն վստահ և անպատիժ է զգում, իսկ եթե հարուստը նաև տգետ է, քաղաքականապես չզարգացած, ապա սպասվելիք բացասական երևույթների հետևանքները ողբերգական կարող են լինել, որովհետև սոված, տկլոր ժողովուրդը նրա ցանկացած խոսք, անգամ ասած ապուշությունը, ընդունում է որպես մարգարեություն: Այդպես մարգարեական էին ընդունում Գագիկ Ծառուկյանի արտասանած անկապ մտքերը նրան լսողները: ՈՒնկնդիրները հավատացած էին, թե բարգավաճող օլիգարխը նաև իրենց համար է ստեղծելու բարգավաճ կյանք:
Գագիկ Ծառուկյանն ունի մեծ հարստություն, բայց չունի անհրաժեշտ գիտելիքներ: ՈՒրիշներն ունեին խելք, կարդացած էին, բայց չունեին անհրաժեշտ միջոցներ իրենց ստոր նպատակներին հասնելու համար: Ասում եմ ստոր, որովհետև այդ կարգի քաղաքական գործիչների նպատակը ոչ թե երկիրը առկա վիճակից հանելն էր, այլ իշխանության հասնելը, ինչը բացառապես պիտի ծառայի իրենց կենսական ստոր շահերին:
Չեմ ցանկանում նշել բոլոր նրանց անունները, ովքեր շրջապատել էին Ծառուկյանին, և ասել, թե այդ «ազգասերներն» ինչպես էին արտահայտվում նրա մասին ոգևորության պահերին։ Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր հրապարակավ հայտարարություն արեցին, թե անդամագրվում են նրա կուսակցությանը։ Իսկ փետրվարի 12-ից հետո ականատեսն էինք, թե ինչպես դրսևորեցին իրենց «հերոսները», երբ հանրապետության նախագահը պարզապես բարձր փռշտաց:
Ժողովրդական խոսքը, թե՝ խելքը հացի հետ կերել է, կարելի է փոքր-ինչ ձևափոխված ասել՝ Գագիկ Ծառուկյանի չեղած խելքը նրա հարստությունը կերել էր: Եթե Գագիկ Ծառուկյանը շատ չէ, գոնե օրվա մամուլը կարդար, ապա մեծ խառնակիչ Լևոն Տեր-Պետրոսյանին չէր թողնի անգամ իր կողքին կանգնել: Պատկերացնում եմ, թե ինչպես է նա կերել նյութապես հարուստ, բայց քաղաքականապես անհասուն Ծառուկյանի խելքը: Համոզված եմ՝ մտքում Տեր-Պետրոսյանը հեգնելով կրկնել է. «Թող ոչ մի զոհ չպահանջվի, դոդից բացի»:
Եթե ամեն ինչ զարգանար այնպես, ինչպես ծրագրել էր իր մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը, արյան սովոր այդ մարդը նորից հանգիստ կքներ իր տանը և գուցե այս անգամ հարյուրավոր զոհերի արյունը նրան քաղաքական հետագա գործունեության մեծ դաշտ կապահովեր: Ես, որ հավատացել էի Գագիկ Ծառուկյանի «Դոդ» մականվան առաջացման պատմությանը, որը հասարակությանը հրամցրել էր հենց ինքը` Գագիկ Ծառուկյանը, չեմ կարող չհարցնել՝ ինչպե՞ս թույլ տվեցիր քեզ (չհասկացա՞ր) ու Տեր-Պետրոսյանի քաղաքական կուտը կերար մեծ դոդով:
Եվ «ռեալ պոլիտիկը», ավելի ճիշտ՝ հայկական քաղաքական դաշտի մնացած ներկայացուցիչների նկատմամբ բացառիկ մեծամտությամբ օժտված անձը, արհամարհելով Սերժ Սարգսյանի քաղաքական ճգնաժամային պահերին ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունները, երբ տեսավ ստեղծված ռեալ վիճակը, փորձեց փրկել իր հետագա դեմքը, մոռանալով, որ հասարակության մեջ լուրջ մարդիկ դեռևս 2008 թվականին նրա տան մոտ կազմակերպված ցույցի ժամանակ որպես քաղաքական գործչի հոգեհանգիստ են կազմակերպել: Եվ Ծառուկյանի տապալումից հետո, ՀՀ նախագահին մեծ խառնակչի գրած նամակը հերթական փորձն է «ռեալ պոլիտիկի» կերպարն ինչ-որ կերպ պահպանելու համար:
Իր ծրագրային ելույթից և Գագիկ Ծառուկյանի առանց երգի նահանջից հետո նախագահը կկատարի՞ իր տված խոստումը, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Բայց հաստատապես կարող եմ ասել` որպես քաղաքական գործիչ չկայացած Գագիկ Ծառուկյանը մեկընդմիշտ ոչնչացված է նաև որպես անհատ: Նրան 80 % վարկանիշ վերագրողները որքան էլ լռեն, չեն կարող գոնե իրենց մեջ չխոստովանել, որ այսօր նրա վարկանիշի սլաքը 0-ից դեպի ձախ է խփում:
Նաև չեմ կարող չարձագանքել. եթե նախագահը բավարարվի միայն նրանով, որ Ծառուկյանին որպես քաղաքական գործչի սպանել է և մարդասիրությունից ելնելով աչք փակի իր թվարկած երևույթների վրա, այսինքն՝ Ծառուկյանի արարքներին չտրվեն իրավական գնահատականներ, կնշանակի կասկածի տակ դնել սեփական անձը: Քաղաքական հարցերը չեն լուծում կիսատ-պռատ: Վերջին հաշվով՝ կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում:
Ժողովուրդը սպասում է՝ ո՞վ ո՞ւմ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Ելնելով «Գութ հանուն ընկածների» պուշկինյան հայտնի մտքից, չցանկացա խիստ խոսքեր ասել ընկածի հասցեին: Թեպետ համոզված եմ, որ Պուշկինի խոսքերը վերաբերում են ազնիվ պայքարում ընկածներին: Մինչդեռ Ծառուկյանը ժողովրդի հետ իշխանության դեմ պայքարում ժողովրդի հետ անազնիվ էր: Դրա համար ո՛չ էլ ցավում եմ Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրի համար: Միայն հավելեմ, որ իր կուտակած ահռելի հարստության մեջ նա այսօր ՀՀ ամենաողորմելի վիճակում գտնվող քաղաքացին է:

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ