«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պարտքի եվ պատվի ասպետը (Ոուբեն Սեվակի ծննդյան 130-ամյակի եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով)

Պարտքի եվ պատվի ասպետը (Ոուբեն Սեվակի ծննդյան 130-ամյակի եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով)
20.02.2015 | 12:09

Նա համոզված էր, որ կայզերական Գերմանիան օսմանյան Թուրքիայի հետ հավասարապես պատասխանատու է միլիոնավոր հայերի նահատակության համար

1945 թ. Նյուրնբերգյան դատավարության մեղադրյալների մեջ էր նաև Մորավիայի և Բոհեմիայի գաուլեյտեր, չեխոսլովակյան Լիդիցե գյուղի բնաջնջման հիմնական մեղավոր, բարոն Կոնստանտին ֆոն Նոյրաթը:
Ատյանում ընթերցված մեղադրանքների ցուցակը միայն սրանով չէր ավարտվում, այնտեղ բազմաթիվ ուրիշ ոճիրներ էին թվարկվում: Այնուհանդերձ ցուցակը լրիվ չէր, այնտեղ չկային Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գործված նրա հանցանքները և հատկապես դրանցից մեկը, որն ուղղակիորեն առնչվում էր Ռուբեն Սևակի ճակատագրին:
Կապույտ արյուն ունեցող այս ոճրագործը Հիտլերի մտերիմ և հավատարիմ համախոհներից մեկն էր: 1915-ին, երբ կայզերական Գերմանիայի հյուպատոսն էր Կոստանդնուպոլսում, բանաստեղծի ճակատագիրը բառացիորեն նրա ձեռքին էր, և կարող էր նրան փրկել ստույգ մահից, բայց գիտակցված և հանցավոր քաշքշուկներով ուշացրեց իր միջնորդությունը իրենց խամաճիկների՝ թուրք իշխանությունների առջև:
Կայզերական վարչապետին հասցեագրված իր զեկուցագրում ֆոն Նոյրաթը գրում էր. «Ռուբեն Սևակը համարվում է այն մտավորականներից մեկը, որը զանգվածների վրա մեծ ազդեցություն ունի, և դա վախեցնում է իշխանություններին»:


Ազնվական դիվանագետը գրեթե բառացիորեն կրկնում էր թուրք շովինիստ մտավորական Հալիդե Էդիպի խոսքերը՝ ասված տիկին Յաննի Սևակին. «Դոկտոր Սևակը մեծ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա. իր խոսքերով, իր գրություններով կարող է հայ ժողովրդին ոտքի հանել: Սա է նրա հանցանքը»:
Այս առումով երիտթուրքերի կառավարությունն իսկապես լուրջ երկյուղներ կարող էր ունենալ երեսուն տարին նոր բոլորած բանաստեղծ Ռուբեն Սևակից կամ դոկտոր Ռուբեն Չիլինկիրյանից, որն ընդամենը մեկ տարի էր, ինչ Լոզանից ժամանել էր Կ. Պոլիս և կարճ ժամանակում դարձել այն մտավորականներից մեկը, որի հանդեպ մեծ հավատ էր տածում ժողովուրդը: Դրա գաղտնիքը, թերևս, նրա ստեղծագործության և մարդկային նկարագրի զարմանալի միասնության մեջ է, երբ բանաստեղծը, իր իսկ խոսքերով ասած, «կ’ապրի մեռնելով, կմեռնի անմահ»: Ժամանակակիցներից շատերի վկայություններն են պահպանվել նրա՝ մտավորականի և մարդու հազվագյուտ հմայքների մասին: Նշանավոր Թեոդիկը, «Ամենուն Տարեցույց»-ի հռչակավոր խմբագիրը, այսպես է բնորոշել Ռ. Սևակին. «Աթենա իմաստության շիթը դրած է անոր ուղեղին մեջ, Էսկյուլապ բժշկության խորհուրդը, Հերմես ալ կայծը պերճախոսության»:
Սևակի կյանքը և ստեղծագործությունը բարոյականի և գեղեցիկի բացառիկ համերաշխության օրինակ են: Նա մաքսիմալիստ էր ամեն ինչում: Մանրամասն ծանոթանալով նրա կենսագրությանը, զարմանում ես, թե ինչպես է կարողացել դժվարին ժամանակներում կատարելապես մաքուր պահել և՛ իր խիղճը, և՛ իր գրիչը որևէ կոմպրոմիսից:
Փայլուն ավարտելով նշանավոր Պերպերյան վարժարանը, 1905 թ., քսան տարեկանում, մեկնում է Լոզան՝ տեղի համալսարանում բժշկություն ուսանելու: Իր ուշիմությամբ, ջանասիրությամբ և ակնառու ձիրքերով անմիջապես գրավում է դասախոսների ուշադրությունը: Մի քանի տարի շարունակ համարվում է համալսարանի առաջին ուսանողը, նրան մեծ ապագա են խոստանում բժշկության ասպարեզում: Սակայն զուգահեռ ուրիշ տաղանդներ են զարգանում և բացահայտվում:
Եվրոպայի սրտում, քսաներորդ դարասկզբի անկումային գեղագիտության համատարած և իշխող մթնոլորտում ծնվում և հաստատվում է արվեստագետ, միաժամանակ քաղաքագետ բանաստեղծը: Նրբին քնարականությամբ համակված տողերի կողքին կարդում ենք քաղաքացիական հզոր շնչով հագեցած բանաստեղծություններ, որոնք ոչ միայն վկայում են հանձնառու, ժամանակի հրատապ խնդիրներով մտահոգ բանաստեղծի տաղանդը, այլև քաղաքագետ մտավորականի հեռատեսությունը:
Իր եղերական մահից մոտ վեց ամիս առաջ, կյանքի չորրորդ տասնամյակը նոր-նոր ոտք դրած, հայկական, թե համաեվրոպական առումով գրական բարձր արժեքներ ստեղծած գրողն այսպիսի տողեր էր շարադրում իր օրագրում. «Վաղվընե սկսյալ պիտի ջանամ ըլլալ այն, ինչ որ եմ. որովհետև այն, ինչ որ եմ ինձ կթվի, թե ավելի բարձր է, քան այն, ինչ որ կþերևամ»:
Սա միայն կատարելության անդադար ձգտման, շինիչ խստապահանջության արտահայտությունը չէ, որ պարտադիր կերպով պետք է բնորոշ լինի ամեն մի իսկական տաղանդին: Մեջբերված տողերն այս ամենով հանդերձ, Ռ. Սևակի պարագայում, նաև ուրիշ խորհուրդ են պարունակում, որը ճիշտ մեկնելով, գուցե բանալին գտնենք` առավել խորությամբ հասկանալու բանաստեղծի բացառիկ ճակատագիրը և ստեղծագործությունը:
ՈՒշադրություն դարձնենք նրա կենսագրության մի հետաքրքիր առանձնահատկությանը. նրա կյանքի առաջին տասնամյակը կարելի է բնորոշել ընդամենը մեկ բառով. թրքախոս: Չիլինկիրյանների ընտանիքում գործածական է եղել միայն թուրքերենը: Հայրը` Հովհաննես աղան, անգիր իմացել է ամբողջ «Ժամագիրքը», «Նոր կտակարանը», հայատառ թուրքերենով նամակներ է գրել որդուն, բայց հայերեն չի խոսել: Ինչպես փոքրիկ Սողոմոնի, այնպես էլ Ռուբենի համար հայերենը պիտի դառնար հայտնագործված, ձեռք բերված, վերադարձվա՛ծ լեզու, և գուցե պատահական չէր, որ հետագայում նրանք այնքան մտերմացան, որ Կոմիտասը դարձավ Ռ. Սևակի դստեր` Շամիրամի կնքահայրը:
Երկրորդ տասնամյակն ամբողջությամբ նվիրված է եղել հայերենի վերանվաճմանը: ՈՒսումնական երեք հաստատություններ անընդմեջ հաջորդել են իրար, որոնցից ամենակարևորը և վճռորոշն է եղել նշանավոր Պերպերյան վարժարանը: Ռ. Սևակն այստեղ, մի շարք առարկաների յուրացման հետ միաժամանակ, կարողացավ հայագիտական բարձրակարգ կրթություն ստանալ: Ավելին, իր ուշիմությամբ, իր մտավոր արտակարգ կարողություններով, դարձավ նշանավոր մանկավարժ Ռեթեոս Պերպերյանի սիրելի աշակերտներից մեկը: Եվ, վերջապես, նրա խորհրդով, 1905 թ. հոկտեմբերին, ապագա բանաստեղծը մեկնեց Շվեյցարիա` բժիշկ դառնալու:
Այս տասնամյակը ոչ միայն բնորոշվում է որպես վերադարձ ակունքներին, այլև, կարծում ենք, որ ազգային ինքնության վճռական, արագացված վերականգնումի ընթացքում, ապագա բանաստեղծի նկարագրում հիմնավորապես հաստատվել է ազգային արժանապատվության առավել քան սրացված գիտակցումը, հայ լինելու հպարտությունը և պատասխանատվությունը: Այս տասնամյակը նաև յուրատեսակ մրցում է եղել ժամանակի հետ, քանի որ մեկ տարին դառնում էր երկու: Միայն այս կերպ կարող էր ոչ միայն վերադարձնել թրքախոսության կորուսյալ տարիները, այլև առաջ անցնել ժամանակից: Եվ որպեսզի ճիշտ խմբագրեր անցյալը, նա պիտի ճիշտ հասկանար ներկան և կռահեր ապագան: Այս մրցումը ժամանակի հետ, ի վերջո, պիտի հանգեցներ ժամանակից առաջ անցնելուն, ինչը դարձավ նրա կարճատև կյանքի երրորդ տասնամյակի ամենաբնորոշ գիծը:
Ռ. Սևակը միակն էր ոչ միայն գրողների, այլև գուցե հայ քաղաքական գործիչների մեջ, որ 1909 թ. կիլիկյան աղետից հետո հստակ կանխատեսեց դեպքերի հետագա զարգացումը: Եվ զգայուն արվեստագետի նրա տագնապները վերաբերում էին ոչ միայն հայ, այլև եվրոպական իրականությանը: Նրա բանաստեղծություններում, հոդվածներում և նամակներում կարող ենք գտնել բազմաթիվ տողեր, որոնք վկայում են, որ մարգարեացած բանաստեղծը կանխատեսել է ոչ միայն Հայոց մեծ եղեռնը, այլև աշխարհակործան պատերազմը:
Այս կանխատեսումներին զուգահեռ, նրա տողերում հաճախակի հայտնվող մահվան ուրվականը միայն տուրք չէր իր ժամանակի գեղագիտությանը, այլև մարդկության, իր ժողովրդի, վերջապես իր գլխին կախված անխուսափելի մի սպառնալիք:


Հարց է ծագում` Ռ. Սևակն ինչո՞ւ թողեց պատերազմի արհավիրքներից հեռու չեզոք Շվեյցարիան և վերադարձավ ծննդավայր, երբ այդպիսի հստակությամբ տեսնում էր «Պոլսո մղձավանջը… Սոդոմի մուխն ու Գոմորի բոցը»,- ինչպես գրում էր իր նամակներից մեկում դեռևս 1911 թ.:
Հստակ կանխատեսելով այս ամենը, Սևակն շտապեց վերադառնալ, քանի որ նրա տեսակի մարդը, մտավորականը, նրա նման ազնվական բանաստեղծը չէր կարող չվերադառնալ, իր ժողովրդի հետ չկիսել իր իսկ կանխատեսած արհավիրքները: Նա ստեղծագործողի այն հազվագյուտ տեսակից էր, ովքեր ոչ միայն խոսքով, այլև գործով են ապացուցում բանաստեղծի և ժողովրդի ճակատագրերի միասնությունը:
Ռ. Սևակը դեռևս 1914 թ. նոյեմբերին կանչված էր օսմանյան բանակ, որպես զինվորական բժիշկ՝ կապիտանի աստիճանով: Ապրիլի 24-ի ձերբակալվածների մեջ նա չկար, նրան աքսորեցին ավելի ուշ: Ասում են՝ այս հանգամանքը չափազանց ծանր է տարել: Ժամանակակիցներից մեկը պատմում է, որ մայիսի սկզբներին հանդիպել է Սևակին, և նա ասել է. «Մեզի ամոթ չէ՞, որ հոս ենք»:
Նրան աքսորեցին ավելի ուշ, նույն տարվա հունիսի վերջին: Աքսորավայրն էր Անկարայից հյուսիս ընկած Չանղըրի կոչված գյուղաքաղաքը, որտեղ Դանիել Վարուժանի և ուրիշ հայ մտավորականների հետ երկու ամիս պիտի անցկացներ մինչև իր ողբերգական մահը:
…Պատմում են, որ Սևակը, ի թիվս այլ հիվանդների, բուժում և փաստորեն մահվան ճիրաններից փրկում է տեղի երևելիներից մեկի տասնութամյա աղջկան: Հաջողությամբ ապաքինված հիվանդը սիրահարվում է իր գեղեցկադեմ փրկարարին: Հայրը յուրովի փորձում է շնորհակալություն հայտնել: «Դոկտոր,- ասում է նա,- դուք բոլորդ դատապարտված եք, բոլորդ պիտի մեռնեք: Բայց եթե ուզես, քեզ կարող եմ փրկել: Եթե համաձայն ես մահմեդականություն ընդունել և աղջկաս հետ ամուսնանալ, ապա կազատեմ քեզ, եթե ոչ՝ փրկություն չունես»:
Սևակի ընկերները փորձում են համոզել, որ համաձայնի, հիշեցնում են նույնիսկ Վարդանանց առերես ուրացումը: Սակայն նա անդրդվելի է մնում: 1915 թ. օգոստոսի 26-ին Ռուբեն Սևակը և Դանիել Վարուժանը գազանաբար մորթվում են չեթեների ձեռքով: Մարդասպանների մեջ էր նաև հայրն այն աղջկա, որին Սևակը փրկեց մահից:
Ռ. Սևակի դիմանկարը թերի կլինի, եթե չխոսենք գերմանացի գնդապետի դուստր Յաննի Ապելի մասին, որը հետագայում պիտի դառնար Յաննի Չիլինկիրյան-Սևակ: Էրֆուրտցի այդ գեղեցիկ աղջիկը միայն սեր, միայն կին և միայն կյանքի ընկեր չէր նրա համար: Նա այդ բոլորն էր և դրանցից էլ վեր մի բան:
Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ Սևակ բանաստեղծի և մարդու ճակատագիրն առանց Յաննիի: Սերը նրանց այնպես էր միացրել, որ բանաստեղծն իր նամակներից մեկում գրում էր. «ՈՒրեմն, ես դուն եմ»: Մոտավորապես նույն միտքը Տերյանը պիտի արտահայտեր այսպես. «Ես էլ դու եմ, ես չկամ»:
Ամուսնու ձերբակալությունից անմիջապես հետո Յաննին շտապում է Պոլսի ոստիկանապետ Բեդրի բեյի մոտ: Բայց տեսնելով, որ այստեղից ոչ մի սպասելիք չկա, դիմում է ուղղակի գերմանական դեսպանատուն: Սակայն օգնության փոխարեն այսպիսի բառեր պիտի լսեր դեսպան ֆոն Վանգենհայմից. «Դու, թշվառական գերմանուհի, լքեցիր ազգդ, ամուսնացար այդ հայի հետ և հիմա եկել խնդրում ես, որ ազատե՞մ նրան: Նա հետ չի դառնալու, նրանք գնացել են մեռնելու»:
Ի պատասխան, Յաննին, արժանապատիվ վրդովմունքով, դեսպանի երեսին է շպրտում իր գերմանական անձնագիրը:
Տիկին Սևակը հետագայում իսկապես հրաժարվեց գերմանական հպատակությունից և իր զավակների՝ Լևոնի և Շամիրամի հետ հաստատվեց Ֆրանսիայում: Նա մինչև կյանքի վերջը Գերմանիա չգնաց, անգամ իր ծննդավայրը: Մինչև կյանքի վերջը չխոսեց գերմաներեն, իսկ զավակներին արգելեց գերմաներեն սովորել: Նա համոզված էր, որ կայզերական Գերմանիան օսմանյան Թուրքիայի հետ հավասարապես պատասխանատու է միլիոնավոր հայերի նահատակության համար:
Պահպանվել են նրանց ընդարձակ նամակագրությունը, մոտ երեք հարյուր նամակներ ու բացիկներ: Հայ գրողներից ոչ մեկը սիրո այսպիսի հարուստ և վսեմ վկայություններ չի թողել:
Ռուբեն Սևակի նման ազգային հերոսը պատիվ կբերեր աշխարհի ուզած քաղաքակիրթ ազգին, և ամեն ինչ կանեին, որպեսզի նրան մեծարելով մեծարեն իրենց: Նա դարձավ մեր ոչ միայն պոետական, այլև, հատկապե՛ս, բարոյական հանճարի լավագույն արտահայտությունը: Եվ այսօր, երբ նայում ենք հետադարձ հայացքով, ապա ոչ միայն մեր, այլև XX դարի համաշխարհային գրականության մեջ նրա նման հերոս անձնավորություն գտնում ենք ընդամենը մեկին՝ ծագումով հրեա, լեհ գրող Յանուշ Կորչակին (Հենրիկ Գոլդշմիտ): Դեռևս 1911 թ. Վարշավայում նա որբանոց էր հիմնել հրեա որբերի համար: «Մյուս բոլոր որբանոցները պատրաստում են հանցագործներ, իսկ մենք դաստիարակում ենք կոմունիստներ»,- գրում էր նա: Որբանոցը գործեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և անգամ գերմանացիների կողմից գրավված Վարշավայում: 1942 թ. օգոստոսի 6-ին, գերմանական իշխանությունների կարգադրությամբ, որբանոցը, տեղին է ասել՝ ուկրաինացի պոլիցայների ձեռքով, բռնի ուղարկվում էր Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար: Գործողությունը ղեկավարող էսէսական սպան հայտնում է Կորչակին, որ կարող է մնալ Վարշավայում, սակայն գրողը, մանկաբույժը (ինչպիսի՜ զուգադիպություն), հումանիստը, հրաժարվում է այդ առաջարկից և իր սաների հետ գնում մահվանն ընդառաջ: 1989 թ. լեհ մեծ կինոբեմադրիչ Անջեյ Վայդան Գերմանիայում նկարահանեց «Կորչակ» ֆիլմը՝ աշխարհին արժանապատվորեն ներկայացնելով մարդկային հանճարի բացառիկ դրսևորումներից մեկը:
Ռուբեն Սևակի կյանքի պատմությունը ծայրեծայր վիպական է՝ բառի բոլոր իմաստներով, ինչը փորձել ենք ապացուցել «Եվ անգամ մահից հետո» վերնագրված մեր վեպում, որը շատ շատերի կարծիքով կարող է հրաշալի նյութ դառնալ բազմասերիանոց ֆիլմի համար (սակայն բնավ ո՛չ սերիալների՝ արդի կայունացած, հակագեղագիտական հասկացությամբ): Լեհերը քառասունյոթ տարի սպասեցին՝ կինոլեզվով պատմելու համար այդ հերոսական արարքի մասին, իսկ մենք, այս մեկին հաջորդող հարյուրամյակում գոնե կհասկանա՞նք, որ թուրքերը չէ, որ պիտի աշխարհին ներկայացնեն մեր ցեղասպանությունը (անկախ գեղարվեստական որակից) և մանավանդ կասկածելի ճաշակով շինված ու պատրաստված սիրողական ժապավենները: Աստված մեզ վատթարից ազատի… Իսկապես իրավացի էինք, երբ մի երկու ամիս առաջ ասում էինք, թե ճիշտ կլինի, որ Հայաստանում, 100-ամյակին ընդառաջ, ոչինչ չնկարվի:
Յաննի Սևակը, Կ. Պոլսից վերջնականորեն հեռանալիս, իր հետ Եվրոպա տարավ ամուսնու ձեռագրերի, լուսանկարների և այլ նյութերի մի մասը: Պակասող մասը հետագայում, հսկայական ջանքեր ու միջոցներ գործադրելով, լրացրեց բանաստեղծի եղբորորդին՝ Հովհաննես Չիլինկիրյանը: Նիցցայից ոչ հեռու գտնվող Կանյ-սյուր-մեր քաղաքում նա ստեղծեց «Ռուբեն Սևակի հիշատակի տունը»: Եզակի մի երևույթ ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության համար. դա փաստորեն բանաստեղծի տուն-թանգարանն էր՝ հիմնված հայրենիքից դուրս: Թանգարանին կից Հովհ. Չիլինկիրյանն ստեղծեց հայ ծովանկարիչների՝ աշխարհում միակ պատկերասրահը, որտեղ հավաքված են Այվազովսկու, Ջիվանյանի, Մախոխյանի, Ալխազյանի, Գառզուի և այլ հայ կերպարվեստագետների աշխատանքները: Այս ամբողջ հարստությունը, Ռուբեն Սևակի արխիվային նյութերի հետ, մի քանի տարի առաջ նվիրվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Եվ, վերջապես, այսօր Նիցցայում է ապրում բանաստեղծի դուստրը՝ Շամիրամ Սևակը, որի 100-ամյակը կլրանա այս տարվա հուլիսին:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 154102

Մեկնաբանություններ