Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Deutsche Welle. Արձանագրությունները վախճանվել էին, այժմ՝ հուղարկավորվեցին

Deutsche Welle. Արձանագրությունները վախճանվել էին, այժմ՝ հուղարկավորվեցին
20.02.2015 | 12:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև 6 տարի առաջ ստորագրված Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ կանչելը ևս մեկ անգամ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման ջանքերը սառեցրին, գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը: Մասնագետները նշում են, որ հարևան երկրների հարաբերությունների կարգավորումը մոտ ժամանակներս հնարավոր չէ: Ամենամեծ խոչընդոտը Հայաստանի՝ ՌԴ-ի, իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններն են: Անկարայի և Երևանի միջև հարաբերություններն այժմ ևս մեկ անգամ ամբողջությամբ կանգ են առել:
Երկու երկրների միջև խնդիրների վերացման և հարաբերությունների կարգավորման նպատակով 2007-ին Շվեյցարիայի միջնորդությամբ սկսված ժամանակահատվածը նոր հանգրվանի էր հասել 2009-ի հոկտեմբերին ստորագրված արձանագրություններով:
Հայոց ցեղասպանության շուրջ վեճերը շարունակվում են, իսկ Ցեղասպանության հարյուրամյակին երկու երկրների հարաբերություններն ավելի կոշտ են դարձել: Թուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին Չանաքքալեի ճակատամարտի միջոցառումներին մասնակցելու համար հրավիրել էր Հայաստանի նախագահին, սակայն Սերժ Սարգսյանի պատասխանը բացասական էր:
Հայաստանի կողմից Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումից հետո երկու երկրների միջև լուծման հույսը ևս մեկ անգամ դարակում հայտնվեց:
Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Բահչեշեհիրի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը նշել է, որ Արձանագրություններն այլևս Հայաստանի և Թուրքիայի համար նշանակություն չունեն: «Արձանագրությունները վաղուց մեռած էին, այժմ նաև հուղարկավորվեցին»,- ասել է նա: Աքթարը նշել է, որ Հայաստանի վրա այժմ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների առումով որևէ քայլ չի ձեռնարկում: Փորձագետի խոսքով՝ Էրդողանի ապրիլքսանչորսյան հրավերը Հայաստանը վիրավորական համարեց, իսկ Թուրքիայում նախընտրական շրջան է, և Հայաստանի հանդեպ ավելի մեղմ քայլեր չեն ակնկալվում: «Մյուս կողմից էլ` Ադրբեջանի կոշտ կեցվածքը կա, որը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն խոչընդոտող գործոն է: Առաջիկա տասը տարիներին եթե արմատական փոփոխություններ չլինեն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց չի գրանցվելու»,- կանխատեսում է նա:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ