Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել»

«Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել»
24.02.2015 | 00:24

«Իրատես de facto-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո:
-Բոլոր գործընթացները մինչև փետրվարի 12-ը, անկախ իրենց կոշտության, փոխադարձ մեղադրանքների մակարդակից, լրիվ ՀՀ Սահմանադրության և օրենքների համատեքստում էին: Հատկապես փետրվարի 5-ի համաժողովը, որի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ, առաջարկներ, բայց վերջնական փաստաթուղթը բավականին հավասարակշռված էր, ու արձանագրում էր՝ եթե իշխանությունները գնան սահմանադրական փոփոխությունների, իրենք բոլոր օրինական միջոցներով պայքարելու են, որ սահմանադրական փոփոխությունները տեղի չունենան:
-Ինչո՞ւ քաղաքական դաշտում առանձնացվեց հենց այս խնդիրը:
-Որովհետև այս փուլում գնալ սահմանադրական փոփոխությունների՝ առանց մեծ քաղաքական կոնսոլիդացիայի, նշանակում է՝ իշխանությունները հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ ապահովել իրենց իշխանության երկարաձգումը: Իհարկե, եղել են խորհրդաժողովում նաև կոշտ ելույթներ, բայց չեմ կարծում, թե դա կարող էր առիթ տալ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի նման ելույթի:
-Ձեզ չի՞ թվում, որ քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյան ասելիս՝ հաճախ է ընկալվում Ռոբերտ Քոչարյան, և այս գործընթացներում Գագիկ Ծառուկյանը նոմինալ ֆիգուր էր, իրական պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ էր:
-Ես ափսոսում եմ, որ բոլորը ցանկացած երևույթի հետևում ուզում են այլ մարդու տեսնել:
-Եթե բոլորն են ուզում, ուրեմն պատճառ կա:
-Ես պատճառ չեմ տեսնում: Ասեկոսեների, փողոցային խոսակցությունների մակարդակով որևէ մեկն իրավունք չունի առաջնորդվել: 12-ին, ցավոք, ՀՀ նախագահը իր կուսակցական ժողովում հանձնարարականներ տվեց և բարձրաձայնեց մտքեր, որոնք օրենքներից ու սահմանադրական դաշտից դուրս դրեցին ամեն ինչ: Փողոցային ասեկոսեների հիման վրա ԱԽ նիստ հրավիրելը և այդ խոսակցությունները քննարկման առարկա դարձնելը չեն բխում ոչ որևէ օրենքից, ոչ Սահմանադրությունից, ոչ էլ նախագահի լիազորություններից: Եթե ինքն ուզում էր ԱԽ նիստ հրավիրել նույն նպատակով, կարելի էր փակ նիստ անել, ոչ թե դարձնել հանրության սեփականություն: Գործադիր իշխանությանը հստակ ցուցումով հանձնարարականները նույնպես Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների մեջ չեն: Որտե՞ղ է իշխանությունների տարանջատման սկզբունքը, երբ հանձնարարականներ են տրվում օրենսդիր մարմնին: Վերջապես՝ նախագահին վայել չէ անվանարկել մարդուն՝ ով էլ ուզում է լինի: Շարքային քաղաքացին և նախագահը իրարից ինչո՞վ են տարբերվում: Աշխարհում դեռ նախադեպ չէր եղել, որ որևէ երկրի նախագահ որոշի՝ ո՞վ է համապատասխանում քաղաքական գործչի չափանիշներին, ո՞վ՝ ոչ: Դա որոշում է ժողովուրդը ընտրությունների միջոցով: ՀՀԿ-ի ԳՄ նիստում ՀՀ իշխանությունները իրենց դուրս դրեցին Հայաստանի քաղաքական դաշտից: Ավելին՝ փետրվարի 20-ի հանրահավաքը քաղաքապետարանը մերժեց՝ օրենքի խախտումով:
-Ո՞ր օրենքն էր խախտվել՝ որքանո՞վ էր հանրահավաքը շտապ:
-Շտապ հանրահավաք հրավիրելը քաղաքական կուսակցության իրավունքն է, ի՞նչ հիմքով է քաղաքապետարանը որոշել՝ շտապ է, շտապ չէ: Երկիրը խառնված է իրար ու շտապ չէ՞: Օրենքը հարցը կարգավորում է:
-Խորհրդաժողովին մասնակցել եք ու գիտեք ավելին, քան ՀՀ շարքային քաղաքացիները, ասենք՝ հանրահավաքը լինում էր՝ ի՞նչ էր ասվելու, որ արգելվեր:
-Այս պայմաններում, երբ իշխանություններն իրենց օրենքից դուրս դրեցին, իսկ սպասվում էր առնվազն 200-300 հազար մարդու ներկայություն, ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հասկանալով, որ եթե հանրահավաքն արգելված է, հնարավոր է ցանկացած սադրանք, շատ ճիշտ արեցին՝ չեղյալ հայտարարելով հանրահավաքը:
-Ինչո՞ւ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» չմիացան ԲՀԿ-ին և հայտարարությունը եռյակի անունից չէր:
-Եռյակ չի նշանակում, որ ցանկացած հարցի նկատմամբ երեքն էլ պիտի նույն դիրքորոշումն ունենան:
-Դա ցանկացա՞ծ հարց էր:
-Կա պատասխանատվության աստիճան: Ես կողմնակից էի հանրահավաքն անելուն, բայց իմ և ԲՀԿ նախագահի պատասխանատվության աստիճանը նույնը չէ: Ինքն էր հիմնական նախաձեռնողը, ինքն էլ չեղյալ հայտարարեց: ՀԱԿ-ը ըմբռնումով մոտեցավ, «Ժառանգությունը» գնաց հանդիպման:
-Փետրվարի 12-ին ունեինք մեկ իրավիճակ, 13-ին՝ բոլորովին այլ: Կարծո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանի պատասխանն ադեկվատ էր, ինչո՞ւ նա արեց հայտարարություններ, որ սթափ դատողության պարագայում, իմանալով հետևանքները, չէր անի:
-Եղել է հարցադրում, որը պետք է արձագանք ստանար: Դու դեռ այդ պահին մտածում ես, որ իշխանությունները ինչ արել են, արել են հույզերի ազդեցության տակ և հետագա գործողություններում օրենքի դաշտից դուրս չեն աշխատի: Բայց երբ դիմում ես հանրահավաք անելու ու պարզաբանելու նպատակներդ, իշխանությունները նորից իրենց օրենքից դուրս են դնում:
-Երբ Գագիկ Ծառուկյանը իշխանափոխության կոչ է անում, իշխանություննե՞րն են իրենց օրենքից դուրս դնում:
-Սահմանադրության ո՞ր կետով է արգելված իշխանափոխության կոչ անելը:
-Իշխանափոխությունը կատարվում է ընտրությունների միջոցով, և Սահմանադրությունը արգելքների ժողովածու չի կարող լինել:
-Բազմաթիվ հրաժարականներ գիտենք մեր նորագույն պատմության մեջ, աշխարհը միլիոնավոր օրինակներ ունի, երբ նախագահն իր ծրագրային խնդիրները չի կատարում, բոլոր քաղաքակիրթ երկրներում հրաժարական է տալիս:
-Մենք հրաժարականի մեկ օրինակ ունենք, երբ դուք հրաժարական եք պահանջում, իշխանությունն էլ իրավունք ունի իրեն պաշտպանել:
-Թող պաշտպանի օրինական ճանապարհով, այսօր խորհրդարանում նախագահի իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում, ո՞վ է ասում, որ իրավունքը չունեն, օրենքը կարգավորում է այդ հարցերը, ոչ թե իշխանությունը պետք է իր լծակներն օգտագործի իր շահից ելնելով: Որտե՞ղ է գրած, որ նախագահն իր անձնական խնդիրների համար կարող է օգտագործել ԱԽ, հարկայինի, ոստիկանության լծակները:
-Ինչո՞վ է դա նախագահի անձնական խնդիրը:
-Երբ առաջադրում է քաղաքական գործչի չափորոշիչ, երբ հանձնարարականներ է տալիս ստուգումների, մարդկանց անվանարկում է, ի՞նչ է:
-Ո՞ր օրենքով է թույլատրված, որ ԱԺ պատգամավորը չմասնակցի ԱԺ նիստերին ու քվեարկություններին:
-Դրանք բոլորը հարգելի բացականեր են, դա պետք է հարցնել ԱԺ նախագահին, դա նախագահի գործը չէ: ԱԺ նախագահը պարտավոր է տեղյակ պահել, որ պատգամավորների բացակայությունը հասել է անթույլատրելի սահմանի, որևէ մեկը տեղյակ պահե՞լ է:
-Իրականությունը մնում է իրականություն, Գագիկ Ծառուկյանը ոչ նախորդ, ոչ ներկա գումարման նիստերին չի մասնակցել, դա հարգելի է, թե անհարգելի է, ԱԺ կանոնակարգի խնդիրն է: Եթե մինչև հիմա նրա բացակայությունները համարվել են հարգելի, սխալ է եղել:
-Դո՞ւք եք որոշում այդ հարցը:
-Այո՝ իմանալով կանոնակարգը:
-Ես բերում եմ փաստաթուղթ, որ երկար ժամանակ չեմ կարող փակ տարածքում գտնվել, դա օրինական փաստաթուղթ է, որ տվել է բժիշկը:
-Կլաուստրաֆոբիայի բժշկի տված փաստաթուղթը չի արդարացնում քվեարկություններին ներկա չլինելը, դրանք ժամեր չեն տևում, և Դուք հիանալի գիտեք:
-Ես հանդիպում եմ իմ ընտրողների հետ, ես իբրև ԱԺ պատգամավոր գործուղման մեջ եմ, եթե ներկայացված է փաստաթուղթ, որը համարվում է հարգելի, ոչ ոք իրավունք չունի այլևս մեկնաբանել: Այդպես չէ՞, դատարան դիմեք: Թող Սահմանադրական դատարանը պարզաբանում տա: Ես եղել եմ 1990-1995 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ պատգամավոր է եղել նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ մի նիստի չի մասնակցել: Ինչո՞ւ հիմա անձնավորված նկատեցին Գագիկ Ծառուկյանի բացակայությունը, երբ ԱԺ նիստերին չեն մասնակցել բազմաթիվ պատգամավորներ: Երբ նա կոալիցիայի անդամ էր, չէին նկատում, եթե համաձայներ, որ սահմանադրական փոփոխությունները պետք են, չէին նկատի, ինչո՞ւ:
-Եվ ինչո՞ւ:
-Որովհետև հիմա զուտ կուսակցական շահը պահանջում է ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժին քաղաքական ասպարեզից հանել: Մեզ նման պետությունում, որը պատերազմական իրավիճակում է, որտեղ այսքան խնդիրներ կան, հանդուրժողականության հիմնական կրողը պետք է լինի նախագահը:
Գագիկ Ծառուկյանը մանդատը չի դնելու և քաղաքականության մեջ մնալու է: Եթե մի հանրահավաք հետաձգվել է, ինչ խոսակցություններ են տարածվում՝ վախեցավ, դավաճանեց, մանդատը կդնի, քաղաքականությունից դուրս կգա…
-Այդ խոսակցությունները փակելու ճանապարհ կա. Գագիկ Ծառուկյանը հրավիրում է մամլո ասուլիս կամ «Կենտրոնի» եթերից անձամբ ելույթ է ունենում և ասում է՝ ինչ է ինքն ուզում և ինչ է ինքն անելու: Բայց չի անում, ինչո՞ւ:
-Ես կարծում եմ՝ ժամանակ է տրված իշխանություններին, որ գիտակցեն: Վստահ եմ՝ նախագահը հետևում է հնչող տեսակետներին: Ես կոչով դիմում եմ իմ նախկին, ներկա ու ապագա ընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում տեղի ունենա: Երբ իշխանություններն էլ գիտակցեն, որ պետք է օրենքի դաշտ վերադառնան, ամեն ինչ կկարգավորվի:
-Դուք չեք պատասխանում իմ հարցին՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, երբ պիտի խոսի Գագիկ Ծառուկյանը:
-Նա բոլոր այդ հարցերի պատասխանը կտա, բայց քանի որ հիմա թեժ վիճակ է, ժամանակ է պետք, որ բոլորը մի քիչ հանգստանան:
-Դուք գնում եք հակառակ ճանապարհով: Հենց հանգստանալու համար Գագիկ Ծառուկյանի խոսքն է պետք, ինչո՞ւ եք ուզում, որ իրավիճակն այնքան սրվի, որ ձնագնդի էֆեկտով արդեն Գագիկ Ծառուկյանը ստիպված լինի հրդեհը հանգցնել, երբ կարող էր կրակը մարել:
-Կրքերն արդեն հանգստանում են: Իսկ ինչպե՞ս եք բացատրում, որ հեռուստաբանավեճում ՀՀԿ խորհրդի անդամն ասում է՝ մենք հասցրինք կանխարգելիչ հարված, որ ուրիշ զարգացումներ տեղի չունենան: Կանխարգելիչ հարված թշնամուն են հասցնում, երբ պատերազմում են: Հայաստանում պատերա՞զմ է: Ես դեմ եմ, որ որևէ մեկը հակաօրինական գործունեություն ծավալի: Պարոն Ծառուկյանը պարզաբանել է, թե ինչու փետրվարի 12-ը եղավ, նորի՞ց պարզաբանի:
-Մի շրջեք ասածս՝ կանխելու համար բոլոր շահարկումները, նա կարող է հստակ ասել՝ ի՞նչ է ինքն անելու, եթե գիտի:
-Խոսում է, ասում եք՝ ինչո՞ւ խոսեց, չի խոսում, ասում եք՝ ինչո՞ւ չխոսեց: Չի կարելի ամեն ինչի մեջ թաքուն իմաստ տեսնել:
-Չե՞ք կարծում, որ ամեն ինչ բոլորովին այլ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը ասեր՝ հեռանո՞ւմ է քաղաքականությունից, թե՞ նախագահական հայտ է ներկայացնելու հերթական ընտրություններում:
-ՈՒմ ինչ գործն է, ի՞նչ կապ ունի դա երկրում ընթացող գործընթացների հետ:
-Իմ գործն է, ՀՀ ընտրողի գործն է, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի նախագահել է և այն մարդը չէ, ում լռությունը կամ խոսքը ոչ մի կապ չունեն երկրում կատարվողի հետ: Քաղաքական դաշտում այս պահին կատարվողը կամ իր համար է, կամ իր դեմ է, երբ որոշվում է հաջորդ տասնամյակի լիդերը:
-Դուք ասում եք՝ Քոչարյանն այլևս իրավունք չունի քաղաքականություն վերադառնա՞լ:
-Մի շրջեք նորից՝ ես ասում եմ՝ Քոչարյանը չի ասում՝ ինչ է ուզում:
-Որևէ մեկի առաջ Ռոբերտ Քոչարյանը նման պարտավորվածություն չունի, որևէ օրենք չի պահանջում, թե ՀՀ որևէ քաղաքացի պետք է նման հայտարարություն անի: Եթե Դուք ուզում եք ամեն ինչի հետևում ինչ-որ ուժեր տեսնել, Ձեր խնդիրն է: Ի՞նչ տրամաբանություն է, ամեն ինչ կխաղաղվի, եթե Քոչարյանը ասի, ինչ է ուզում: Այդպես մտածողները հոգեկան հիվանդներ են, որ տվայտանքների մեջ են ընկնում, որ իր տանը նստած մարդը ոչ մի բանի չի խառնվում:
-Ձեզ հետ Ռոբերտ Քոչարյանն էլ չէր համաձայնի, որ պարբերաբար հարցազրույցներում իր տեսակետներն է հայտնում՝ դա բնական է, այդպես էլ պիտի լիներ: Վերջին իրադարձությունների վերաբերյալ էլ իր խոսքն ասաց, դա նշանակում է` ոչ մի բանի չի՞ խառնվում:
-Նա միշտ էլ հայտարարել է, որ ցանկացած ներքաղաքական ու քաղաքական կարևորագույն հարցի վերաբերյալ իր տեսակետն ասելու է: Եթե չասեր, ես իրեն կմեղադրեի: Այդ իրավունքն ունեն և ՀՀ առաջին նախագահը, և երկրորդը, և գործողը, և ցանկացած մարդ, ով մտածում է այս պետության մասին: Լռությունը կլիներ դավաճանություն:
-Չի՞ ստացվում, որ և՛ Գագիկ Ծառուկյանն է դավաճանում, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Դուք եք դավաճանում:
- Հանրահավաք հետաձգելը դավաճանությո՞ւն է, երբ իշխանությունները թույլ չեն տալիս:
-Եթե որոշեցիք Գագիկ Ծառուկյանի փոխարեն պատասխանել, այո, որովհետև երբ քեզ հավատացել են, քո հետևից գալիս են, քո խոսքին սպասում են, պարտավոր ես նրանց բացատրել քո որոշումները: Ասել, որ ամեն մարդու կյանքը քեզ համար թանկ է, բացատրություն չէ, որովհետև դու կոալիցիոն փորձով գիտես՝ ինչ հետևանքներ կարող են քո հայտարարություններն ունենալ:
-Երբ իշխանությունն իրեն օրենքի դաշտից դուրս է դրել, ի՞նչ կարող ես դու անել, հանրահավաք գումարվի, սադրիչներ ուղարկվեն, մարդիկ զոհվեն, հետո՞…
-Ձեր տրամաբանությամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ից բացի որևէ ուժ չպիտի լինի:
-Դա իմ տրամաբանությունը չէ, ցավոք, ՀՀԿ-ն ուզուրպացրել է իշխանությունը և օգտագործում է բացառապես նեղկուսակցական շահերով: Այս իրավիճակը պետք է փոխել: Հանրահավաքների, ցույցերի, երթերի, անհնազանդության միջոցով պարտադրել իշխանությանը, որ վերադառնա իր իրավասություններին:
-Դուք իմ բոլոր հարցերին նույն պատասխանն եք տալիս, ինչո՞ւ: 2013-ին Գագիկ Ծառուկյանը ոչինչ չգիտե՞ր, համագումարի ելույթում ինքն էր ասում, որ 2010-ից է բարձրացրել խնդիրները, ինչո՞ւ էր թողնում, որ երկիրը «վարի գնա», լայն ժողովրդական աջակցություն ուներ, ծրագիր ուներ, ինչո՞ւ չառաջադրվեց:
-Լավ արեց՝ չդրեց, ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքը, դա ոչ Ձեր որոշելիքն է, ոչ ՀՀ նախագահի, ոչ ՀՀԿ-ի: Ես վստահ եմ, որ եթե 20-ին դեպքեր լինեին, ասելու էին՝ հանրահավաքն արգելված էր, հակաօրինական քայլի գնացին, իրենք են մեղավոր: Մարդիկ հարգում են օրենքը, ո՞րն է վախը, ո՞րն է հույսի խափանումը, այլ մեկնաբանություն տալը ո՞րն է: Ի՞նչ գիտեք՝ ո՞րն է նրա ծրագիրը, գուցե այլ ծրագիր ուներ՝ ուրիշ ժամանակ առաջադրել իր թեկնածությունը ու իր ծրագիրը կատարել: Իր սահմանադրական իրավունքն է՝ երբ կդնի կամ չի դնի: Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ժամանակ հրապարակավ խնդրեց, որ թույլ տան՝ ինքը դնի, որովհետև դրանից հետո այլևս չի դնելու, գուցե նրան են ընդառաջել:
-Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից:
-Ես կոչ եմ անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ժամանակն է, որ իշխանությունները և ՀՀԿ-ն վերադառնան օրենքների սահմանադրական դաշտ: Ես այդ կոչերը բազմիցս եմ արել, որպեսզի մնացած գործընթացները տեղի ունենան օրենքի դաշտում: Ամեն մեկը պետք է լավ մտածի ցանկացած գործողությունից առաջ, առաջին հերթին դա վերաբերում է ՀՀ նախագահին:
-Իսկ մյուսներին չի՞ վերաբերում, Դուք Ձեզ մեղավոր չե՞ք համարում:
-Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, երբ ես ամենաթունդ ընդդիմադիրն էի, եղած ձախողումների համար ես համարում եմ, որ մեղավոր էի: Եղել եմ Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, եթե սխալներ, ձախողումներ եղել են, համարում եմ, որ մեղավոր եմ: Եղել եմ Սերժ Սարգսյանի խորհրդականը, հետո ԱԺ-ում նրա ներկայացուցիչը, եթե սխալներ, թերություններ կան, համարում եմ, որ ես մեղավոր եմ: Թեպետ միշտ եմ փորձել պարկեշտ լինել ու առանց մտավախության, որ նախագահը կարող է ասածիցս նեղվել՝ իմ զեկույցները արել եմ: Գրավոր եմ արել:
-Լավ հիշեցրիք՝ ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը նախագահին՝ սեպարատ բանակցությունների կամո՞ւրջ էր Գագիկ Ծառուկյանի թիկունքում, ինչպես մամուլում որակվեց:
-Ես չեմ պատրաստվում Լևոն Տեր-Պետրոսյանի կամ որևէ մեկի հոգու խորքերը քրքրել: Գրել է՝ գրել է, խնդիր է բարձրացրել՝ բարձրացրել է, թող միմյանց հետ քննարկեն: Կհամաձայնե՞ն, չե՞ն համաձայնի՝ իրենց խնդիրն է։
-Իրենց խնդիրը իրենց անձնական հարաբերություններն են, ոչ հասարակությանը վերաբերող խնդիրները:
-Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է մտածում՝ իր իրավունքն է, կհանդիպեն՝ կպարզաբանեն, կամ չեն հանդիպի՝ իրենց իրավունքն է:
-«Սրտի պարտքն» ո՞ւմ խնդիրն է, ԲՀԿ-ի ներսում «խառնակիչներ» կա՞ն:
-Ես համաձայն չեմ, որ ԲՀԿ-ի ներսում խառնակիչների խմբակ է եղել կամ կա: Ես չեմ համարում, որ որևէ կուսակցության մեջ խմբակներ կան, մարդիկ աշխատում են, գործ են անում, ինչ խմբակներ: Ես առնչվում եմ տարբեր կուսակցությունների հետ՝ հանրապետականների հետ էլ, ջերմ ու լավ հարաբերություններ ունեմ շատերի հետ, նույնը՝ ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի մեջ համարում եմ, որ բոլորն իմ շատ լավ ընկերներն են: Բոլորի հետ էլ հանդիպում եմ, բայց շատ հարցերում իրենց հետ համաձայն չեմ, դա չի նշանակում, որ իրենք այդ հարցերի մասին խոսելու իրավունք չունեն: Ես հանրահավաքները շարունակելու մասին էլ եմ խոսել՝ ես այն կարծիքին էի, որ պետք է որոշակի ժամանակ տալ, որ շտաբներ ձևավորվեն, մարդկանց նախապատրաստեն: Ես ԲՀԿ-ում բոլորի հետ շփվում եմ և երբեք չեմ տեսել, որ խմբակային շահեր առաջ տանեն: Կա առաջնորդ, որ բոլորին հրավիրում է քննարկումներին, և բոլորն էլ ազատ իրենց տեսակետներն են հայտնում: Ես չեմ տառապում մութ սենյակում սև կատու փնտրելու սինդրոմով ու չեմ ընդունում դավադրությունների տեսությունը: Եթե ես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ունեցել եմ ամենաընդդիմադիր կեցվածք, այս փուլում, երբ եռյակն աշխատում էր, իմ կողմից անցյալի որևէ հիշատակում չի եղել: Գիտեմ, որ ՀԱԿ-ի ներսում իմ նկատմամբ բավականին բացասական վերաբերմունք կա, դա իրենց գործն է, ես ազնիվ եմ եղել:
-Այսինքն՝ Դուք դավաճա՞ն եք:
-Ես ամբողջ կյանքում ոչ մեկին չեմ դավաճանել, ոչ էլ որևէ մեկի մեջ դավաճան եմ որոնում: Բայց դա իրենց տեսակետն է, դա ինձ չի խանգարում աջակցել իրենց շարժմանը, հանդիպել, զրուցել, եթե հաց կիսելու առաջարկ էլ արվի, հաց էլ կիսել: Ես որևէ հայի մեջ թշնամի չեմ տեսնում: Խմբակներ կազմելու ունակություն էլ չունեմ ու չեմ ընդունում: Մարդու ճակատին ասա ասելիքդ, ասեկոսեները չեմ ընդունում: Ես չեմ կարող դավաճանել իմ ընկերներին, որոնց հետ 88-ից սկսած ճանապարհ եմ անցել:
-Եթե Ձեր ընկերները միմյանց դեմ դուրս գան, ի՞նչ կանեք Դուք:
-Ես ամեն ինչ կանեմ, որ դա տեղի չունենա, ընկերների մեջ լավ ու վատ չկա, բոլորին եմ համարում իմ ընկերը:
-Իսկ նրա՞նք Ձեզ:
-Դա իրենց իրավունքն է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ