Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կհամակերպվի՞ Գյումրին

Կհամակերպվի՞ Գյումրին
22.02.2015 | 18:54

Երեկ լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 40 օրը: Ամփոփելով անցած ժամանակը՝ որևէ պարզություն ոճրագործության կատարող/ներ/ի ու պատվիրատուների մասով չունենք: Չգիտենք պատճառը: Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ քննարկվում են ամենաանհավանական վարկածներն էլ, կատարվում են դատաձգաբանական փորձաքննություններ, վերծանվում են Ավետիսյանների տնից վերցված բջջային հեռախոսներով կատարված մուտքի ու ելքի զանգերը, հարցաքննվում են հեռախոսազանգերի հասցեատերերը: Քրեական գործ է հարուցված սպանությունների գործով: ՈՒ՝ վերջ, կամ համարյա վերջ, որովհետև հետաքննության գաղտնիության բերումով՝ ամեն ինչ չէ, որ հրապարակվում է: Հայտնի է, որ առայսօր քրեական գործ հարուցված չէ ՀՀ սահմանը հատելու փորձի համար, բայց դա Հայաստանի սահմանն է ու հայ իրավապահների իրավունքն է քրեական գործ հարուցելը: Առայսօր չկա ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի պատասխանը՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու համար: Ավելին՝ միջնորդագրի առկայությունն է հրապարակավ կասկածի տակ դրվել: Անթափանց լռության համապատկերում միայն գյումրեցիների բողոքը ճնշելու ոստիկանական միջոցառումներ են ձեռնարկվել ու նույնիսկ, կանխարգելիչ նկատառումներով, քրեական գործ է հարուցվել: Հայտնի չէ՝ ինչպե՞ս է կատարվել, կամ՝ կատարվե՞լ է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ռազմաբազայում դասալքության պատճառների ուսումնասիրության և մեղավորներին պատժելու հրամանը: Հրաժարականների մասին տեղեկություններ չկան: Առավելագույնը, որ հայտնի է ռուսական լրատվամիջոցներից, փորձ է արվում Պերմյակովին անմեղսունակ համարել:
Ավետիսյանների քառասունքին հավաքված գյումրեցիները բարձրացրել են հարցեր, որոնց պատասխանները չգիտեն, թե ումից են ստանալու: Նրանք ուզում են իմանալ՝ ո՞վ է կանգնած սպանությունների հետևում, նրանք չեն հավատում, որ մի զինվոր կմտածեր և կիրագործեր նման ոճիր՝ դա հեքիաթ է: Նրանք ուզում են իրենց կողքին տեսնել իրենց երկրի իշխանություններին: Հակառակ պարագայում պատրաստ են նստացույցի ու հացադուլի, ցույցերի ու պայքարի՝ բոլոր մեթոդներով: Բայց նրանց ասելիք ոչ իշխանությունները, ոչ իրավապահները չունեն: ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ եղել է Ռուսաստանում և հանդիպել Պետդումայի պատգամավորների հետ, ասել է, որ ռուսական կողմը մտադրություն չունի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու: «Պատասխանը, ցավոք, բացասական է եղել, պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողությունները, դատավարությունը Հայաստանում իրականացնելու, իսկ թե պատիժը կոնկրետ որտեղ է կրելու, հստակ պատասխան չտրվեց»,- ասել է Մարտուն Գրիգորյանը: Իհարկե, ժողովրդական դիվանագիտությունը կարևոր միջոց է միջպետական հարաբերություններում, բայց խորհրդարանական պատվիրակությունը չէ, որ պիտի հարցը միայնակ բարձրացնի: Նրանց ձայնը տեղ հասնելու համար քաղաքական որոշում է պետք: Նաև՝ ՌԴ գլխավոր դատախազից պատասխան ստանալու համար: Քաղաքական որոշում է պետք թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Իսկ եթե այդ քաղաքական որոշումը կայացվել է, ու դա այն ամենն է, ինչ փոխանցել է Մարտուն Գրիգորյանը, որքանո՞վ է այդ որոշումը իրավական և համապատասխան սպանությունների բացահայտման պահանջին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն՝ Հայաստանը չի պաշտպանում ոչ իր հանգուցյալ քաղաքացիների ապրելու սահմանադրական իրավունքը, ոչ նրանց հարազատների՝ ճշմարտությունը բացահայտված տեսնելու և մեղավորներին պատժելու պահանջը: Կհամակերպվի՞ Գյումրին: Ակնհայտորեն՝ ոչ: Միջպետական հարաբերությունների բարդություններն ու նրբությունները չվտանգելու խնդիրը նահանջում է մեղավորներին պատժելու նրանց արդարացի պահանջի առաջ: Նրանք տեսել են վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի աչքերը ու նրանք իրենց տանն են, ուր լուսադեմին մարդասպան է մտել: Իսկ Երևա՞նը: Կհամակերպվի՞ պաշտոնական Երևանը:

Դիտվել է՝ 583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ