Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նախապայմաններով պետք է խոսենք մենք, ոչ թե թուրքերը»

«Նախապայմաններով պետք է խոսենք մենք, ոչ թե թուրքերը»
24.02.2015 | 12:03

Նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ կանչեց 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Սպասելի՞ էր արդյոք այդ քայլը, և ի՞նչ շահեցինք՝ արձանագրություններն օրակարգ մտցնելով։
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նկատում է, որ 2009-ից թ. սկսած՝ այն գործընթացները, որ տեղի ունեցան արձանագրությունների շուրջ (ՀՀ քաղաքական ուժերի, սփյուռքի արձագանքները, Թուրքիայի կողմից արձանագրությունները շահարկման առարկա դարձնելը), տրամաբանական էին, ուստի վաղուց հասունացել էր արձանագրությունները հետ կանչելու պահը։ «Կարծում եմ՝ Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շարունակվելու դեպքում Հայաստանի հաջորդ քայլը կլինի արձանագրություններից ստորագրությունը հետ վերցնելը»,- նշում է Գևորգ Մելքոնյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին շատ ակտիվորեն փորձեց արձանագրություններն օգտագործել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու, այլև արցախյան խնդրում մեզ վրա ճնշում գործադրելու համար. «Թուրքիան անընդհատ շահարկում էր արձանագրությունները` Արցախի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ ստանալու նպատակով։ Սա շատ վտանգավոր քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց է։ Վերջերս բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը տեսակետ հնչեցրեց, որ եթե Հայաստանը (ուշադիր եղեք՝ ոչ թե ԼՂՀ-ն) անգամ մեկ շրջան զիջի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Սա բացահայտ ճնշում է Հայաստանի իշխանությունների վրա՝ զիջել մեր պատմական հայրենիքի տարածքները, ինչն անընդունելի է։ Ես նախագահի կողմից արձանագրությունների հետկանչը համարում եմ տրամաբանական, որովհետև արձանագրությունները Հայաստանի համար դարձել էին դամոկլյան սուր, որ սպառնում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին»։
Ըստ Գևորգ Մելքոնյանի՝ արձանագրություններն օրակարգ մտցնելը ՀՀ կողմից դիվանագիտական քայլ էր և նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների գնալու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Իսկ նախապայմաններով պետք է խոսենք մենք, ոչ թե թուրքերը։
Ըստ պատմաբանի՝ արձանագրությունների առնչությամբ այլ էր սփյուռքի արձագանքը, և որոշ ուժեր փորձ արեցին սեպ խրել Հայաստան-սփյուռք հարաբերություններում։ Բացի այդ, պարզ դարձավ, որ միջազգային կազմակերպությունները, որոնք շահագրգռված էին դրանց ստորագրման ու օրակարգ մտցնելու հարցերով, ի վիճակի չեղան գործընթացը տանելու մինչև վերջ։ Ակներև էր, որ Թուրքիան տանում էր ադրբեջանամետ քաղաքականություն, և ամբողջ գործընթացը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություններով։
Խոսվում է այն մասին, որ վերջին շրջանում հնարավոր է թուրք-ռուսական հարաբերությունների ջերմացում Հայաստանի հաշվին, ինչպես 1921 թվականին։ Գևորգ Մելքոնյանը նշեց, որ վերջին շրջանում, այո՛, ականատես ենք լինում թուրք-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի ակտիվացման, սակայն մենք չպետք է դրանից վախենանք։ Ավելին, այն տեսակետները, թե 1921 թ. իրադարձությունները կրկնվում են, և ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի հաշվին, արհեստածին են, իրականությունից հեռու, քանի որ Ռուսաստանը բազմիցս բարձրագույն մակարդակով հայտարարել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը խորացնելու մասին, և այդ գործընկերությունը չի կարող զոհաբերվել ժամանակավոր տնտեսական շահերին։ Գոյություն ունի ևս մեկ ծանրակշիռ փաստ, որը մենք չենք կարող անտեսել. 1921 թ. բոլշևիկյան Ռուսաստանը, որն անգամ չուներ միջազգային ճանաչում և բավականին խոցելի էր թե՛ տնտեսապես և թե՛ ռազմական առումով, այլ պետություն էր, իսկ այսօրվա Ռուսաստանը բոլորովին այլ միջազգային կարգավիճակ, ռազմական ու տնտեսական հնարավորություններ ունեցող պետություն է:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ