«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տեսիլք առաջին

Տեսիլք առաջին
24.02.2015 | 11:13

Մեծ պահքի շաբաթների ընթացքում «Իրատես de facto»-ն կհրապարակի «Հերմասի հովիվը» վերտառությամբ մի շարք, որը ներկայացնում է դեռևս քրիստոնեության արշալույսին մեծ արձագանք գտած տեսիլային վավերագրեր։ Այս նյութը, որն ասպարեզում էր միայն գրաբարով ու անծանոթ էր ընթերցող-հավատացյալ լայն շրջանակներին, քանզի միայն արխիվային պահուստներում էր գտնվում, թարգմանեցինք (իհարկե, համեմատության համար օգտվեցինք նաև ռուսական տարբերակից) ու հանձնում ենք մեր ընթերցողների դատին։

1. Ինձ դաստիարակողը Հռոմում մի աղջկա վաճառեց։ Շատ տարիներ անց ես կրկին հանդիպեցի նրան, ճանաչեցի և սիրեցի որպես քրոջ։ Որոշ ժամանակ անց ես նրան տեսա Տիբեր գետում լողանալիս և ձեռքս տվեցի նրան ու հանեցի գետից։ Տեսնելով նրա գեղեցկությունը, մտածեցի սրտումս. «Երջանիկ կլինեի, եթե այդպիսի դեմքով ու բարքով կին ունենայի»։ Սրանից ավելի ես ոչինչ չմտածեցի։ Որոշ ժամանակ անց ես ճանապարհվում էի Կում և փառաբանում էի Աստծո արարչությունը, թե ինչպես վեհ ու սքանչելի է։ Զբոսնելիս ննջեցի, և Հոգին ինձ հափշտակեց ու տարավ մի տեղ, որտեղով մարդ չէր կարող անցնել. վայրն այդ ժայռոտ էր, զառիվեր և ջրերի պատճառով անանցանելի։ Շրջանցելով այն, ես հասա մի հովիտ և ծնրադրելով՝ սկսեցի աղոթել առ Աստված ու խոստովանեցի մեղքերս։ Եվ այն պահին, երբ աղոթքի մեջ էի, երկինքը բացվեց և տեսա այն կնոջը, ում ցանկացել էի։ Նա երկնքից ողջունում էր ինձ և ասում՝ «Ողջո՜ւյն, Հերմաս»։ Նայելով նրան՝ ասացի. «Տիրուհի՛, ի՞նչ ես անում դու այդտեղ»։ Նա պատասխանում է ինձ. «Ես բերվել եմ այստեղ, որպեսզի Աստծո առաջ մերկացնեմ քո մեղքերը»։ «Տիրուհի՛,¬ ասում եմ ես,¬ մի՞թե դու ինձ պիտի մեղադրես»։ «Ո՛չ,¬ ասում է նա,¬ բայց ունկնդրիր այն խոսքերը, որ պիտի ասեմ քեզ։ Աստված, որ բնակվում է երկնքում, ոչնչից է արարել բոլոր արարածներին ու բազմացրել հանուն Իր սուրբ եկեղեցու. բարկանում է քեզ վրա, որ մեղանչել ես իմ հանդեպ»։
Ես, պատասխանելով նրան՝ ասում եմ. «Տիրուհի, եթե ես մեղանչել եմ քո հանդեպ, ապա ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ եմ քեզ որևէ վատ խոսք ասել։ Մի՞թե միշտ քեզ չեմ մեծարել որպես տիրուհու, արդյո՞ք միշտ քեզ չեմ հարգել որպես քրոջ։ Ինչպե՞ս ես զրպարտում ինձ»։
Այն ժամանակ նա ժպտալով ասաց ինձ. «Քո սրտում անմաքուր ցանկություն է ծագել։ Մի՞թե չես մտածում, որ արդար մարդու համար արատավոր է նաև այն, որ նրա սրտում անմաքուր ցանկություն է ծնվում։ Այդ մեղք է նրա համար, և այն էլ՝ ծանր, քանի որ արդար մարդը արդարություն է խորհում։ Եվ երբ նրա բոլոր խորհուրդները արդար են, նա անխոտոր դրան է ձգտում և երկնքում ունի Աստծո հաճությունը իր բոլոր գործերում։ Իսկ նրանք, ովքեր արատավորն են խորհում իրենց սրտերում, իրենք իրենց վրա մահ ու գերություն են բերում, հատկապես նրանք, ովքեր սիրում են այս աշխարհը, շվայտանում են իրենց հարստության մեջ ու չեն սպասում գալիք բարիքներին. նրանց հոգիները մեռնում են։ Այդ անում են կասկածամիտները, որոնք Աստծո վրա հույս չունեն և խորտակում են իրենք իրենց ու իրենց կյանքի համար հոգ չանելով։ Բայց դու աղոթիր առ Աստված, ու Նա կբժշկի քո մեղքերը և քո տան անդամներին»։
2. Այս խոսքերն ասելիս երկինքները փակվեցին։ Եվ ես վշտի ու համակ սարսափի մեջ էի, և ասում էի ինքս ինձ. «Եթե ինձ համար սա մեղք է համարվում, ապա ինչպե՞ս կարող եմ փրկվել, կամ թողություն խնդրել Աստծուց իմ անթիվ մեղքերի համար։ Ի՞նչ խոսքերով աղերսել Աստծուն, որ իմ հանդեպ ողորմած լինի»։ Այն պահին, երբ ես մտորում ու դատողություն էի անում, քննարկում դա իմ սրտում, իմ առջև տեսա ձյան նման ճերմակ բրդից մի մեծ ամբիոն։ Եվ եկավ մի տարեց կին՝ շողափայլ հանդերձներով, ձեռքում մի գիրք, նստեց և ողջունեց ինձ. «Ողջո՛ւյն, Հերմաս»։ Եվ ես վշտով, արցունքով պատասխանեցի. «Ողջույն, Տիրուհի»։
Նա ասաց. «Ինչո՞ւ ես վշտացած, Հերմաս, դո՛ւ, որ համբերող ես, հանդարտ ու միշտ զվարթ»։ Ես ի պատասխան ասում եմ նրան. «Տիրուհի՛, մի հիասքանչ կին հանդիմանեց ինձ, իբրև թե ես մեղանչել եմ իր դեմ»։ Եվ նա ասաց ինձ. «Նման արարքը պիտի խորթ լինի Աստծո ծառային։ Բայց չէ՞ որ քո սրտում ցանկություն է ծագել նրա նկատմամբ։ Աստծո ծառաների համար լոկ այդպիսի մտածումն իսկ մեղք է, քանի որ նման չար խորհուրդ չպիտի լինի Աստծո ծառայի մեջ, և մաքուր սիրտը չպիտի ձգտի վատ գործի, մանավանդ դու, Հերմա՛ս, որ միշտ հեռացել ես ամեն հանցավոր ցանկություններից, լցված պարզությամբ ու անոխակալությամբ»։

3. «Սակայն քո պատճառով չէ հատկապես, որ բարկանում է Տերը, այլ քո տան համար, որն ընկել է աղտեղության մեջ Աստծո և իրենց ծնողների հանդեպ։ Եվ դու, սիրելով քո զավակներին, չես հանդիմանել քո ընտանիքին և նրանց թույլ ես տվել, որ չափազանց անառականան։ Հենց դրա համար էլ քեզ վրա բարկանում է Տերը։ Բայց Նա կբժշկի քո ընտանիքում գործած բոլոր նախկին անօրենությունները։ Նրանց մեղքերի ու անօրենությունների պատճառով է, որ դու ճնշված ես այս աշխարհի գործերով։ Սակայն Աստծո ողորմությունը գթացել է քեզ ու քո ընտանիքին և պիտի պահպանի քեզ փառքի մեջ։ Դու մի՛ տատանվիր, այլ արիացի՛ր և հաստատի՛ր քո ընտանիքը։ Ինչպես դարբինը մուրճով աշխատելով հաղթահարում է գործը, ինչպես որ ուզում է, այդպես էլ ամեն օր ներշնչվող ուղիղ խոսքը կհաղթի ամեն չարի։ ՈՒստի մի՛ դադարիր քո զավակներին կրթելուց, քանի որ Աստված գիտի, որ նրանք ամբողջ սրտով կզղջան և կգրվեն կենաց գրքում»։ Ավարտելով այս խոսքը՝ նա ասաց. «ՈՒզո՞ւմ ես լսել այն, որ պիտի կարդամ»: Ես ասացի նրան. «ՈՒզում եմ, Տիրուհի»։
«Եվ այսպես, լսի՛ր»։ ՈՒ բացելով գիրքը, նա կարդում էր վեհությամբ ինչ-որ հրաշալի բան, որը ես չկարողացա պահել հիշողությանս մեջ, քանի որ խոսքերը զարհուրելի էին, և մարդը չէր կարող տանել դրանք։ Սակայն ամենավերջին խոսքերը ես հիշեցի, որովհետև քիչ էին և ուրախարար մեզ համար. «Ահա զորաց Աստվածը, որն իր աներևույթ զորությամբ ու մեծագույն իմաստությամբ արարեց աշխարհը և արարածներին, վայելչություններով օժտեց Իր մեծափառ խորհրդով և Իր ամենազոր խոսքով հաստատեց երկինքը, ու ջրերի վրա հիմնեց երկիրը և Իր ամենակարող զորությամբ հիմնեց Իր Սուրբ եկեղեցին, որը և օրհնեց։ Նա կփոխի երկինքներն ու լեռները, բլուրներն ու ծովերը, և ամեն ինչ կհարթվի իր ընտրյալների համար, որպեսզի կատարվի խոստումը, որը Նա տվել է Իր մեծ փառքով և հանդիսավորությամբ. եթե նրանք պահեն Աստծո պատվիրանները, որ ստացել են հավատքով»։
4. Երբ Նա ավարտեց ընթերցումը, վեր ելավ ամբիոնից, և եկան չորս պատանիներ ու ամբիոնը տարան դեպի արևելք։ Իսկ նա ինձ կանչեց իր մոտ և դիպչելով կրծքիս, ասաց. «Քեզ դո՞ւր եկավ իմ ընթերցածը»։ Ես ասացի նրան. «Տիրուհի՛, ամենավերջին խոսքերն ինձ դուր եկան, իսկ առաջինները սոսկալի էին ու ծանր»։ Եվ նա ասում է ինձ. «Այս վերջին խոսքերը վերաբերում են արդարներին, իսկ առաջինները՝ ուրացողներին ու հեթանոսներին»։
Այն ժամանակ, երբ նա խոսում էր ինձ հետ, հայտնվեցին ինչ-որ մարդիկ, նրան առան իրենց ուսերին ու տարան այնտեղ, ուր տարվել էր ամբիոնը՝ դեպի արևելք։ Նա ուրախ հեռացավ, և հրաժեշտից առաջ ինձ ասաց. «Քաջալերվի՛ր, Հերմա՛ս...»։
(շարունակությունը՝ հաջորդիվ)

Հրապարակման պատրաստեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ