Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱԿ-ը հայտարարել է ՀՀԿ-ի որոնում

ՀԱԿ-ը հայտարարել է ՀՀԿ-ի որոնում
24.02.2015 | 12:33

Երեկ ԲՀԿ-ն սլացիկ հեռացավ խորհրդարանի դահլիճից՝ հայտարարելով, որ չի մասնակցի քառօրյային և բոլոր բացատրությունները կտրվեն առաջիկայում: ԱԺ նիստերի բոյկոտ չհայտարարվեց՝ նրանք գնացին ներկուսակցական հարցերը պարզաբանելու: Բնական էր անցած շաբաթվա բուռն իրադարձություններից հետո:

ԲՀԿ-ն արալեզների անհրաժեշտություն ունի և դա կարող է երկար ժամանակ պահանջել: ՈՒ ստացվեց, որ ասպարեզը մնաց ՀԱԿ-ին: Առավել ևս, որ օրակարգում էր 2014-ի հոկտեմբերի 10-ին շրջանառության մեջ դրված ԱԺ հայտարարության նախագիծը երկրում կառավարման ճգնաժամի մասին, որ անցյալ տարի ներկայացրել էին Նաիրա Զոհրաբյանը և Լևոն Զուրաբյանը՝ իբրև ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության դրսևորում: Նկատի առեք, որ հոկտեմբերին «Ժառանգությանը» կամ չէր առաջարկվել, կամ «Ժառանգությունը» չէր ընդունել օրինագծի համահեղինակ դառնալու առաջարկը: Բայց նախքան այդ հարցը՝ ԱԺ-ն քննարկեց և մերժեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ ՀՀ նախագահի իմպիչմենտի հարցը, որին չմիացան ոչ ԲՀԿ-ն (գուցե դա դահլիճը լքելու պատճառներից մեկն էր), ոչ ՀԱԿ-ը, ոչ «Ժառանգությունը» (Զարուհի Փոստանջյանի` նախագահին գաղութ ուղարկելու երազանքը չհաշված): ՈՒ՝ ի՞նչ: Եթե ՀԱԿ-ը հարց է բարձրացնում, որ երկրում կառավարման ճգնաժամ կա և մեղավորը իշխանությունն է, որ առանց բացառության բոլոր ոլորտներում ձախողել է կառավարման իր գործընթացը, ո՞րն է տրամաբանական եզրակացությունը: Իշխանությունը պիտի հեռանա: Եթե իշխանությունը պիտի հեռանա, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի պաշտպանում նախագահի հրաժարական պահանջող օրենսդրական նախաձեռնությունը: Որովհետև Նիկոլ Փաշինյանը, որ ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակով եկավ խորհրդարան ու ՀԱԿ խմբակցության անդամ է, այլևս համամիտ չէ՞ ՀԱԿ-ի տեսակետներին ու սկսել է ինքնուրույն քաղաքացիական նախաձեռնությո՞ւն: Որովհետև Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ը այլևս պատերազմական վիճակո՞ւմ են անձնային հարաբերությունների մակարդակում: Ո՞Ւր մնաց պետության շահը, ո՞ւր մնաց գաղափարական դաշինքը, վերջապես՝ պրագմատիզմը, որ թելադրում է խնդրի լուծման համար, իսկ խնդիրը իշխանափոխությունն է, համատեղել շահերը: Մնաց այն հարթության մեջ, որտեղ ՀԱԿ-ը հայտարարել է ՀՀԿ-ի որոնում և կամուրջներ է կառուցում դեպի իշխանություն, որպեսզի նոր ստեղծված իրավիճակում մարմնավորի երկրորդ քաղաքական ուժի կերպարը: ՀԱԿ-ին շատ է պետք ԲՀԿ-ի թափուր տեղը, երբ իշխանությունները նախագծում են երկու հիմնական կուսակցությունների գործառնության մոդելը քաղաքական դաշտի համար: Առաջին դեմքերի մակարդակով հրապարակավ երկխոսությունը չստացվեց, բայց կա «խորհրդապահական խողովակը», որի հնարավորությունները սահմանափակումներ չունեն: ՀԱԿ-ը երեկ ու այսօր խորհրդարանում երկու հարց է լուծում. առաջինը համոզել իշխանությանը, որ ինքը «չարիք» չէ, ունակ է համապատասխան «քաղաքագիտական վերլուծությամբ» տրանսֆորմացիայի և ունի ընդդիմադիրի կայուն իմիջ՝ դա արդեն երկրորդ խնդիրն է՝ վերականգնել հասարակության մեջ ընդդիմադիրի կերպարը, որին այլևս ոչ ոք չի հավատում: ՀԱԿ-ը շարունակում է ապավինել միայն քննադատությամբ ընդդիմադիր հարթության մեջ հարմար տեղավորվելու քաղաքականության արդարացվածությանը, բայց ժամանակները փոխվել են վաղուց՝ բոլորն անգիր գիտեն այդ «քննադատության» բովանդակությունը, ընդդիմադիր լինելու համար արդեն պետք է իրավիճակ փոխելու ռեալ առաջրկ անել՝ մեխանիզմներով ամրագրված: Հասկացանք՝ ընտրությունները կեղծիքներով են կատարվում, ու՝ ի՞նչ: Հասկացանք` կոռուպցիա կա, ու՝ ի՞նչ: Հասկացանք՝ ռազմավարական կոնցեպտուալ կառավարում չկա, ու՝ ի՞նչ: ՀԱԿ-ը առաջարկո՞ւմ է ռազմավարական կոնցեպտուալ կառավարման իր տարբերակը, կոռուպցիան նվազեցնելու իր տարբերակը, ընտրությունները չկեղծելու իր տարբերակը: Ինչո՞ւ պիտի որևէ ընտրող ՀԱԿ-ին հավատա, եթե բոլոր հարցերին պատասխանվում է մեկ տարբերակով՝ դուք գնացեք, մենք գանք: Առավել ևս, որ իրականում ՀԱԿ-ը լիովին համաձայն է, որ իշխանությունը չգնա (այլապես կմիանա նախագահի իմպիչմենտի նախագծին, որ քննարկվում է արդեն երկրորդ անգամ), բայց ուզում է տեղավորվել իշխանության կողքին: Հարմար տեղավորվել, իր ամբիցիաներին համապատասխան ու իր գնահատականով՝ միանգամայն արժանավորապես: Ստացվում է՝ ՀԱԿ-ը այլևս իշխանական համակարգի մաս է ու չի կարող համակարգի կազմաքանդման հայտարարված խնդիրը լուծել հենց այդ պատճառով: ՈՒ՝ ի՞նչ: Քանի դեռ ԲՀԿ-ն բանակցում է ՀՀԿ-ի հետ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական մանդատի պահպանության (ու հաջողություն ունի այդ հարցում), կուսակցության նոր ղեկավարի, նոր ֆինանսավորողի, սահմանադրական բարեփոխումներին «կողմ», «դեմ», թե «ձեռնպահ» լինելու ու այդ որոշման՝ կուսակցության ճակատագրի վրա ունեցած ազդեցության հարցերի շուրջ, ՀԱԿ-ը փորձում է բանակցել իշխանության հետ ՀՀ երկրորդ քաղաքական ուժ դառնալու համար: ՈՒ ինչպե՞ս Րաֆֆի Հովհաննիսյանը չասեր, որ եռյակ այլևս չկա: Ասաց, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը դա կարող էր ասել, երբ ՀՀ նախագահը անցյալ տարի վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին ու միանգամից լուծեց ոչիշխանական ձևաչափի՝ իբրև քաղաքական միավորի, դերի զրոյացման հարցը, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե պայծառատես է, այլ՝ ընդամենը հետադարձ ուժով փաստ արձանագրող:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՀՀԿ-ի որոնում հայտարարած ՀԱԿ-ը վերստին գնում է քաղաքական գործընթացներից ժողովրդին դուրս թողնելու իր ավանդական դարձած ճանապարհով: Այո, հանրահավաքներ կլինեն, գուցե մի քանիսը, բայց դա ընդամենը «համաժողովրդականության» ֆիկցիա է, իրականում ժողովուրդն է այն «գործիքը», որով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է մնալ քաղաքական դաշտում, երբ արդեն «օգտագործել է» ԲՀԿ-ին ու այլևս մնացել է մենակ: Ժողովուրդը նրան պետք է այնքան, որքան ՀՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական նախաձեռնությանը» և բոլոր նրանց, ովքեր համակարգի մաս լինելով՝ համակարգի դեմ պայքարի իմիտացիա են ստեղծում: Սա պիես է բազում արարներով, որտեղ ժողովրդին վերապահված է միայն հանդիսատեսի դերը, իսկ իրական գործողությունները կատարվում են վարագույրի հետևում, վարագույրը բացելուց հետո ներկայացվում է բեմադրություն, որի տոմսերը վաճառել է իշխանությունը: Ճիշտ կռահեցիք՝ վճարողը միշտ էլ հանդիսատեսն է: ՈՒ վճարելու է, քանի դեռ համաձայն է այդ պիեսի հանդիսատեսը լինել:

Դիտվել է՝ 1147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ