Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճգնաժամի ճգնաժամը

Ճգնաժամի ճգնաժամը
25.02.2015 | 12:04

Կա՞, թե՞ չկա ճգնաժամ երկրում: Երեկ խորհրդարանում բոլորն ասացին՝ կա: ՀԱԿ-ը գտել է իշխանության մեջ, ՀՀԿ-ն՝ ոչիշխանության, ԲՀԿ-ն ինքն է կորել: Ամեն ինչ հանդարտ էր, հարց էր՝ քննարկում էին, բայց ԱԺ փոխնախագահ ու ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը մոտեցավ ամբիոնին ու քննարկմանը վերադարձրեց բանավեճի կարգավիճակը՝ կետ առ կետ հակադարձելով Լևոն Զուրաբյանի ճգնաժամային վիճակի փաստարկները ու եզրակացնելով, որ ճիշտ է քննարկվող հայտարարության նախագծի համահեղինակը՝ սթափվել է պետք, այլևս սթափության կոչելու ու ոչինչ չանելու ժամանակները սպառվում են: Երկու-երեք տարի է մնացել համապետական ընտրություններին, սեփական ճգնաժամը իշխանության վզին փաթաթելը, աշխարհում ամեն ինչի մեջ իշխանությանը մեղադրելը սովոր ճանապարհ է, բայց պետք է նոր բան մտածել: Ռուբիկ Հակոբյանը շատ զայրացավ ու հիշեց ԲՀԿ-ի բացակայությունը, որ հետևանք է բռնությունների, ճնշումների ու համակարգային ճգնաժամի: «Ո՞Ւմ եք խաբում։ Սա՞ է քաղաքականությունը, որ դասեր եք տալիս, ասում եք՝ հիվանդ եք... Տո հիվանդը դուք եք, որ չեք պատկերացնում, որ ժողովուրդը լավ հասկանում է՝ դուք ինչով եք զբաղված»,- ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավարը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հակադարձեց՝ եռյակ գոյություն չունի, և չի կարելի նախագիծը եռյակի անունից ներկայացնել։ ՈՒ շատ զարմացավ, որ Լևոն Զուրաբյանը խոսում է ժողովրդի անունից։ «Դուք իրավունք չունեք ձեր խմբակցության անունից խոսելու։ Ձեր խմբակցության ելույթներին ուշադիր հետևում էի։ Յոթից հինգի ելույթները հակասում էին մեկը մյուսին։ Դուք մի խմբակցություն չեք կարողանում ղեկավարել, դուք ո՞նց պիտի ժողովուրդ ղեկավարեք։ Խելքի աշեցեք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը փորձեցին արբիտր լինել, բայց կողմնակալ: Արծվիկ Մինասյանը քիչ համարեց վիճակը ներկայացնելը, ելքեր առաջարկելու պահանջը դրեց, Հեղինե Բիշարյանը չար չլինելու և միմյանց լսելու կոչ արեց, որովհետև երբ «Մի ողջ քաղաքական թիմի եք վախեցնում, ժողովրդին եք վախեցնում, հավատի, վստահության, մարդկային տեսակի և որակի ճգնաժամ է։ Կառավարությունը քիչ է, հարգելի գործընկեր, ամեն ինչի ճգնաժամ է»: Արամ Մանուկյանն էլ առաջարկեց ըստ էության խոսել ու ցուցանիշներ ներկայացրեց՝ արտագաղթ, գործազրկություն, բայց ոչինչ՝ վիճակը փոխելու համար չասաց: «Վիճակը վատ է և առավել ևս վատ է այն առումով, որ չեք ուզում համակերպվել, որ վիճակը վատ է»,- սա էր Արամ Մանուկյանի ռեզյումեն: Լևոն Զուրաբյանին էր մնում պատասխանի բեռը, ու նա փոխեց գրոհի ուղղությունը՝ ասպարեզը տալով Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին: Ասաց` ընդդիմության դեմ դաշինք է ձևավորվել ու այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միավորվել են Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը և Էդմոն Մարուքյանը։ Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը չարձագանքեցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերը և գործիչները ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են և ես սրանից ավելի ոչինչ ունեմ», Էդմոն Մարուքյանը հավելեց. «Ոչ մի կերպ չեք տարբերվում գործող իշխանությունից այն բաներով, որի համար քննադատում եք, և ավելի վատն եք։ Ես դրանում կրկին համոզվեցի»: Էդուարդ Շարմազանովն ավելի առաջ գնաց ու Լևոն Զուրաբյանին մեղադրեց Հրանտ Մաթևոսյան չսիրելու մեջ, որ արդեն անձնական մեղադրանք էր՝ փեսան աներոջը չսիրի՞: Մեջբերեց իր սիրած գրողին՝ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ…», ու հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի «Կոմսոմոլսկայա պրավդայում» հրապարակումը, վերջում էլ եզրակացրեց՝ ընդդիմությունն իր կարապի երգը երգեց: Բայց մինչ այդ Հերմինե Նաղդալյանն էր տեղում գամել Լևոն Զուրաբյանին՝ առ ԵԽԽՎ-ում իբրև պատվիրակության անդամ օրընթաց հաղթանակ ու ընդհանրության մեջ պարտություն բերող առաջարկները մերժելը պատվիրակության սխալ քաղաքականություն ներկայացնելը: «Ի տարբերություն ձեզ, ես զինվորի նման մնում եմ ճակատում ու կռվում եմ, չեմ փախչում թուլամորթի նման»՝ չասաց, կրակեց ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը:
Իսկ հետո ԱԺ-ն խաղաղ անցավ օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը՝ մինչև հայտարարությունների ժամը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամբողջ երկու օր ճգնաժամի ինչն ու ինչպեսը քննարկելով՝ ո՞վ ինչի՞ հասավ: Գործնականում վերահաստատվեցին քաղաքական դաշտի անկայունության, միմյանց նկատմամբ անհանդուրժողականության, քաղաքական բանավեճում քաղաքականությունը մի կողմ դրած՝ միջկուսակցական հարցեր պարզելու ավանդույթը: ՈՒ դա արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ՝ ճգնաժամի ճգնաժամ: Չկասկածեք, որ քվեարկության ժամանակ Նաիրա Զոհրաբյանի ու Լևոն Զուրաբյանի առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծը մերժվելու է: Կգտնվի՞ որևէ պատգամավոր, որ նախագիծ ներկայացնի առ ճգնաժամի ճգնաժամն ընդունելու և պետության ու ժողովրդի մասին մտածելու անհրաժեշտությունը՝ մեկդի թողած միջկուսակցական ու միջանձնային հարաբերությունները՝ ոչ քաղաքական ու հենց քաղաքական հիմքով:

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ