Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պետության մեջ պետության գոյությունը պատժվում է

Պետության մեջ պետության գոյությունը պատժվում է
26.02.2015 | 13:50

Որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահի ելույթը երկսայր սուր էր, բոլորը միանգամից արձանագրեցին, նաև ՀՀԿ-ականները: Ի տարբերություն մյուսների՝ լուռ, ի՞նչ իմաստ ուներ ասել՝ ինչ ուրիշները ասել ու ասում են միշտ: ԲՀԿ-ն եղել ու մնում է համակարգի մաս, չեն կարող տարբերվել նույն համակարգի մասերն իրարից: Նույնքան ու ավելի շատ մականունավորներ կան ՀՀԿ-ում, նույնքան օլիգարխներ, որոնք քաղաքականության մեջ են, կան ՀՀԿ-ում: ՈՒ՝ ի՞նչ: Գրիգորիչին մնում է հանձնարարել օրինագիծ նախապատրաստել, որ ՀՀ-ում հետայսու մականուններն օրենքով արգելվա՞ծ են ու հայտարարվում են անվավե՞ր, բայց մականունը իրավական ուժ չունի, տրվում է մեկընդմիշտ ու դառնում է անվան մաս՝ չգրված օրենքով: Օրինագի՞ծ նախապատրաստել, որ ՀՀԿ-ի օլիգարխները գործող օրենքներից դուրս են այն հիմնավորումով, որ նրանք իշխանափոխություն չեն պահանջում ու շատ մեծ քաղաքականության չե՞ն խառնվում՝ քաղաքականությունը օգտագործելով բիզնեսում պաշտպանության համար: Իսկ ո՞ւր մնաց ՀՀԿ-ի պահպանողական կուսակցություն լինելը՝ այդքան հեղափոխական առաջընթացի դեպքում:

ՀՀԿ-ի խնդիրները ՀՀԿ-ն շատ լավ կարող է լուծել՝ ինչպես մտադրվել ու հայտարարել էր փետրվարի 12-ին, առավել ևս, որ փետրվարի 13-ին ԲՀԿ-ն տվեց բոլոր հիմքերը, իսկ փետրվարի 17-ին՝ հնարավորությունները, անձամբ Գագիկ Ծառուկյանի ձեռքով: Ոչ մի նշանակություն չունեն հեքիաթները, թե ԲՀԿ նախագահը վստահել է, իսկ նրա բարձր վստահությունը կուսակիցները չարաշահել են: Չարաշահե՞լ են, ինչո՞ւ կուսակցությունից չեն հեռացվում: Չե՞ն ուզում խոստովանել, որ եղել են «խառնակիչներ», բայց դա խոստովանություն չէ, բացատրություն է: Մինչև մարտի 5-ը այն ժամանակն է, որ ԲՀԿ-ից շատ ՀՀԿ-ն ունի խնդիրներ: Քաղաքական ասպարեզից Գագիկ Ծառուկյանի հեռացումը, պարադոքս է, բայց այլևս պետք չէ ՀՀԿ-ին, որովհետև վակուումը լցնելիս ավելի մեծ խնդիրներ են առաջ գալիս: ԲՀԿ-ն իբրև ռուսամետ քաղաքական ուժ քաղաքական ասպարեզում կորցնելով վճռական գործոնի դերը, ասպարեզը դատարկ է թողնում, իսկ Հայաստանում ռուսները չեն բավարարվում միայն իշխանությանը գործընկեր ունենալով: Իշխանությունը՝ իշխանություն, բայց պետք է հակակշիռ, որ այդ իշխանությունը անգամ չփորձի որևէ մտադրություն ձևավորել ռուսական շահի շրջանակներից դուրս՝ մշտապես աչքի առաջ ունենալով Մայդանի հեռանկարը, որ կկազմակերպեն ռուսները ու կվերագրեն Արևմուտքին, որ այդ գործի մասնագետն է: ՀԱԿ-ը հուսալի չէ, որովհետև ավելին է ցանկանալու, քան ԲՀԿ-ն, չունենալով ֆինանսական ու քաղաքական կապիտալ, այդ հարցով «Ժառանգությանը» մեջտեղ բերելն անիմաստ է: Մոսկվայից հաղթանակ բերելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հաշիվ չէ այս դեպքում: «Ժառանգությունը» խորհրդարանական միակ ուժն է, որ ԵԱՏՄ-ին դեմ է: ՕԵԿ-ն ավելի վատ վիճակում է՝ այդ առումով: ՀՅԴ-ն չափազանց փորձառու է, որ համաձայնի առերևույթ փորձադաշտ դառնալ: Խնդիրը ԲՀԿ խմբակցությունը չէ, այլ կուսակցությունը, երկրորդ քաղաքական ուժը, որի մասնատումը պիտի իմաստ ունենա ու նպատակ:
Խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան ֆինանսական՝ Գագիկ Ծառուկյանը կդառնա՞ շարքային ընդդիմադիր, թե՞ կմնա օլիգարխ, որին մտրակով էլ չես քշի քաղաքականություն: ՀՀԿ-ին պետք է առաջին տարբերակը, որովհետև շարքային ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանին իրոք մտրակով էլ չես քշի քաղաքականություն, իսկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը ցանկացած պահի կարող է որոշում փոխել՝ «խառնակիչները» թե ներսում են, թե դրսում: ՈՒ դա այս ամբողջ պատմությունը դարձնում է անիմաստ ու անհետևանք:
Փորձաքար դարձնել սահմանադրական բարեփոխումնե՞րը ու պահանջել նվազագույնը չեզոքություն, առավելագույնը՝ համաձայնությո՞ւն: Գուցե, բայց դա ավելի շատ հարցեր կառաջացնի հետագայում, քան պատասխաններ կտա հիմա: Իսկ մարտի 5-ը այնքան էլ հեռու չէ, ու ամենայն հավանականությամբ որևէ հարցի վերջնական պատասխան չի տալու: Առավելագույնը՝ կպարզվի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը և կուսակցության խորհրդարանական խմբակցությունը գլխավորել- չգլխավորելու հարցը և կհայտարարվի, որ ԲՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական դաշտում ու շարունակելու է համաժողովրդական պայքարը նոր ստեղծված պայմաններում՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու ծրագրերին, «Մեր խոսքը գործ է» սկզբունքով: Իսկ հիմնական «գործը» կսկսվի ապրիլից հետո, ավելի հանդարտ, որոշակի կանոններով ու երաշխիքներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ փորձում ես պետություն ստեղծել պետության մեջ, հաջողության համար գործող պետական կառույցներից պետք է ավելի ուժեղ լինես, եթե բոլորը գիտեն քո աքիլլեսյան գարշապարը, տեխնիկայի հարց է պետական պատժիչ մեքենան գործարկելը ու կայսրությանդ փլուզումը, իսկ սեփական ճակատագիրդ տնօրինում են քեզնից ուժեղները: Հայերը չեն հնարել՝ մի քանի հազար տարվա պատմություն է ու հաստատ՝ հայերը չեն, որ կարող են պատմության անիվը հակառակ ուղղությամբ շրջել:

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ