Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ կմտներ, եթե հաղթական խաղի երաշխիքներ ունենար»

«Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ կմտներ, եթե հաղթական խաղի երաշխիքներ ունենար»
27.02.2015 | 00:27

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո, երբ երկու քաղաքական ուժեր միմյանց անվանեցին չարիք:
-Կարծում եմ` պարզապես եկել է ժամանակը, որ իշխանությունը փորձի Սահմանադրության փոփոխությամբ իր ապագայի հարցերը լուծել: Հավանաբար Գագիկ Ծառուկյանին դեռ մի քանի ամիս առաջ կոնկրետ խնդիր էր առաջադրվել՝ կողմնորոշվել` ի՞նչ է ուզում ապագայի համար և ի՞նչ է անում: Իսկ Գագիկ Ծառուկյանը փորձում էր հնարավորինս երկարաձգել նույն մարտավարությունը՝ այլընտրանքի: Հետխորհրդային բոլոր երկրներում ավանդաբար իշխանությունը և ընդդիմությունը տարբեր քաղաքական, տնտեսական և նույնիսկ փաստացի իրավական կարգավիճակներ են, և դրանից բխում է, թե բիզնեսում ինչ ռեժիմով ես աշխատում: Եթե իշխանության մեջ ես, դու մի ռեժիմով ես աշխատում՝ ֆինանսական, հարկային, իրավական, տարբեր է քո կարգավիճակը, երբ դու ընդդիմության մեջ ես: Գագիկ Ծառուկյանը ներկայանում էր որպես այլընտրանք՝ որևէ պատասխանատվություն չկրելով իշխանական համակարգում, բայց աշխատելով իշխանական ռեժիմով բիզնեսում: Նա շարունակում էր բիզնեսը զարգացնել, ասենք, երկու տարին մեկ շքեղ հյուրանոցներ կառուցելով, որոնց բացմանը ներկա էին լինում պետության ղեկավարներն առաջին դեմքով և այլն: Դա նշանակում էր՝ բիզնեսում հարստանալ, փաստացի օլիգարխի կարգավիճակ պահպանել և քաղաքական կարիերան կառուցել այդ փողերով:
-Ի՞նչն էր այդ դեպքում նրան դրդում իշխանափոխություն պահանջել:
-Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ ԲՀԿ նախագահը շարունակում է ժամանակ ձգել և փորձում է իր իրական ծրագրերը բարձրաձայնել այն պահին, երբ իշխանությունը չի հասցնի որևէ էֆեկտիվ քայլ ձեռնարկել նրա քաղաքական հավակնությունների ու բիզնեսի դեմ: Սերժ Սարգսյանը քայլ առաջ արեց՝ կանխելու նրան: Մանավանդ փետրվարի 5-ի ելույթում արդեն հստակ նոտաներ հնչեցին, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կարմիր գիծն անցնել և երկրի ներսում եղած փակ պայմանավորվածությունները խախտել նաև երկրից դուրս: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի սեղանին հայտնվեցին կարմիր գիծը հատելու անհերքելի ապացույցներ: Նախագահին մտահոգում էր ոչ այնքան ԲՀԿ նախագահի հրապարակային գործունեությունը, որքան՝ ոչ հրապարակային՝ և երկրից դուրս, և երկրի ներսում: Սերժ Սարգսյանին առավել նյարդայնացրեց, որ Գագիկ Ծառուկյանը սկսեց պատճենել ուժային կառույցները:
-Երդվյալ երկրապահների՞ն նկատի ունեք և զինաթափված թիկնազո՞րը:
-Նրանց, նաև այլ կառույցներ, որոնց մասին չի հրապարակվում: Նույնիսկ հրապարակվածից երևաց, որ կային լուրջ վտանգներ, որոնք շատ էին մտահոգում Սերժ Սարգսյանին: ՈՒժային կառույցներն իշխանության ամենահուսալի հենարանն են, և չէր կարող ներվել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ինչ-որ չափով պատճենում էր ուժային կառույցները, այլև փորձում վարկաբեկել եղած պետական կառույցները՝ ոստիկանությունը մասնավորապես: Պարբերաբար ինչ-որ գործողություններ էին լինում, որոնց թիրախը, ասենք, ոստիկանապետն ու ոստիկաններն էին:
-Իսկ հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ միջազգային ասպարեզ ու գնաց Մոսկվա, որը նույնպես չներվե՞ց:
-Չեմ բացառում, որ դա վերջին կաթիլն էր համբերության բաժակում: Թերևս այս այցը, ի տարբերություն նախորդների, համաձայնեցված չէր Սերժ Սարգսյանի հետ:
-Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը որոշեց միջկուսակցական համագործակցություն ամրապնդել հենց հիմա, ի՞նչ էր ուզում:
-Ակներևաբար՝ ուզում էր ասել, որ ինքն արդեն որոշումը կայացրել է, նաև իր շրջապատն էր իրեն համոզել, որ հասարակության որոշակի տոկոս ունի իր պահանջարկը որպես առաջնորդի և ապագա նախագահի: ՈՒ նա Մոսկվա էր գնացել այդ հարցով: Բայց Մոսկվան տարողունակ հասկացություն է, և այսօրվա պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն 10-15 տարի առաջվա Մոսկվայի, աշխատում է ոչ միայն քաղաքական էլիտայի, այլև քաղաքական դաշտի հետ: Առավել ևս՝ ընդդիմության մի մեծ հատված ռուսամետ կողմնորոշում ունի:
-Հայաստանն աշխատո՞ւմ է ռուսական քաղաքական ուժերի հետ՝ իր շահերից ելնելով:
-Կարծում եմ` Հայաստանն աշխատում է ռուսական ինչ-ինչ քաղաքական շրջանակների հետ, ոմանք՝ անմիջականորեն նախագահի աշխատակազմի, ոմանք` այլ իշխանական խողովակների:
-Ի՞նչ հարցեր են լուծում այդ խողովակներով:
-Թերևս՝ բացի մեր երկրի համար իրոք կարևոր կենսական խնդիրներ լուծելուց, հիմնականում՝ իշխանության պահպանման խնդիրները, ոմանք ունեն ընդհանուր բիզնես շահեր:
-Ի՞նչ կապ ունի դա քաղաքականության հետ:
-Իրական քաղաքականությունը, անկախ մեր ցանկություններից, այսօր այդպես է կառուցվում, նույնը փորձում են անել Արևմուտքի հետ:
-Ինչո՞ւ Մոսկվան Մոդեստ Կոլերովի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանում որևէ օլիգարխ չի կարող իշխանության գալ:
-Տպավորությունս այնպիսին է, որ Մոսկվան ինչ-որ ժամանակ երկու կողմին էլ դրդում էր ակտիվ գործողությունների, իսկ երբ հասկացավ, որ համակարգին վտանգ է սպառնում, Հայաստան գործուղեց իշխանության և Գագիկ Ծառուկյանի համար ընդունելի մարդկանց որպես հաշտարար բանագնացներ: Սերժ Սարգսյանը գուցե ինքն էլ կասկածել է, որ Մոսկվան կրկնակի խաղ է խաղում և երաշխիքներ ուզեց, որ ԲՀԿ-ի ակտիվացման հետևում Մոսկվան չի եղել: Այդ օրերին, երբ Կարեն ու Սամվել Կարապետյանները այստեղ էին, Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող lenta. ru-ն հոդված հրապարակեց, թե Հայաստանում նարնջագույն հեղափոխություն է սպասվում, այսինքն՝ ակնարկն ուղղվում էր Արևմուտքին: Գուցե Դուք ճիշտ եք, նույնն արվեց և Կոլերովի միջոցով: Հայաստանում բոլոր իշխանությունները միշտ փորձել են մեկ կոնֆիգուրացիա ստեղծել՝ իշխանություն-ընդդիմություն: Եվ նրանք լինելով միշտ ռուսամետ՝ երբեք վտանգ չեն տեսել արևմտամետ ընդդիմության մեջ: Նույնիսկ շատ ցանկալի է եղել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ասվի՝ մեզ մոտ լուրջ արևմտամետ ընդդիմություն կա, և մենք պայքարում ենք նրանց դեմ, ժամանակ առ ժամանակ վարկեր ստանալով այդ շրջագծում՝ «Մեզ չօգնեք, իրենք են գալու իշխանության» հիմնավորումով: Այդ պատճառով էլ ամենամեծ հարվածը Հայաստանում միշտ ստացել է ռուսամետ ընդդիմությունը: Սա և քաղաքականություն է, և, եթե ուզում եք, քաղաքական տեխնոլոգիա:
-Իրենք սնում էին, իրենք վախենո՞ւմ էին:
-Իրենք սնում էին մինչև այն պահը, երբ այդ ընդդիմությունը անվտանգ էր: Հենց սկսում էր վտանգավոր դառնալ, ամենադաժան հարվածներն էր ստանում: Արևմտամետ ընդդիմությունը իշխանության համար երբեք վտանգավոր չի եղել, միշտ փորձել են ռուսամետ այլընտրանքը Հայաստանից վերացնել` «Ձեր ինչի՞ն է պետք ուրիշ ուժ, մեզնից ավելի լավ ուրիշ ուժ չի ծառայի» սկզբունքով:
-Ինչո՞ւ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց իր քաղաքագիտական վերլուծությունը, ինչո՞ւ հիմա որոշեց Համահայկական հռչակագիրը քննադատել, որին հաջորդեց բաց նամակը նախագահին, հետո էլ սրտի պարտքը առ ԲՀԿ ու ԲՀԿ-ում խառնակիչների բացահայտումը: Առաջին նախագահը պոկե՞ց իշխանությունից ԲՀԿ-ին, և դրանով չլուծե՞ց իշխանության խնդիրը՝ դաշտից դուրս մղելով երկրորդ քաղաքական ուժին:
-Կոնսպիրոլոգիայի մեջ մտնել չեմ սիրում, բայց տպավորությունս այնպիսին է, որ երեք նախագահները մի ընդհանուր համակարգի արգասիք են և երեքն էլ մի համակարգի կայունության երաշխիքներն են: Եթե նկատեցիք՝ երեքն էլ Գագիկ Ծառուկյանի հետ վարվեցին նույն կերպ:
-Համակարգը օտարե՞ց Գագիկ Ծառուկյանին:
-Այո, որովհետև նա փորձեց այլ խաղեր խաղալ, որոնք վտանգավոր էին բոլորի համար: Ստեղծվում էր անկառավարելի իրավիճակ: Ավելի լավ, քան ասաց Ռոբերտ Քոչարյանը, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ և բանավոր ասվածից հետո պետք է կանգ առնել, այլապես պարտվում ենք բոլորս, ոչ ոք չասաց: Պատահական չէ, որ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ լքեց Գագիկ Ծառուկյանին: Երեք նախագահներն էլ տարբեր կերպ և տոնայնությամբ ասացին իրենց խոսքը, արդյունքում համակարգը մնաց առանց Գագիկ Ծառուկյանի:
-Ո՞րն է լինելու համակարգի հաջորդ քայլը, ԲՀԿ-ն կազմաքանդվելո՞ւ է, թե՞ նախագահներից յուրաքանչյուրը փորձելու է իր բաժնեմասն ունենալ բիզնես-նախագծից:
-Կարծում եմ՝ երեքն էլ փորձելու են իրենց մասն ունենալ: Երեքն էլ համակարգի երաշխավոր են, և երեքն էլ փորձում են վերարտադրել իրենց իշխանությունը: Յուրաքանչյուր նախագահ նախորդի համար երաշխավոր է եղել՝ անվտանգության, բարեկեցության, յուրաքանչյուրն ունի նաև արտաքին պարտավորություններ համակարգը պահպանելու համար:
-Գագիկ Ծառուկյանին ժամանակից շուտ չե՞նք հրաժեշտ տալիս:
-Եթե հաշվի առնենք, որ հասարակության հիշողությունը բավականին կարճ է, գուցե և այո…
-… Հասարակությունը սիրում է զոհերին:
-Սիրում է, բայց, նաև փաստ է, որ հատկապես հետխորհրդային երկրներում, պարտված քաղաքական գործիչներին, հազվադեպ բացառությամբ, չեն ներում: Երբ քաղաքական գործիչն իր շանսը չի օգտագործում, անկում է ապրում՝ 1996` Վազգեն Մանուկյան, 2003՝ Ստեփան Դեմիրճյան: Հասարակությունը խաղադրույքը անգամ դնում է շատ ավելի թույլ ֆիգուրների վրա, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես իր շանսը չօգտագործեց, ու կարծում եմ, նրա գնացքն էլ առանց իրեն գնաց:
-Մենք ունենք նաև հակառակը՝ Կարեն Դեմիրճյանի վերադարձը 1998-1999-ին, Լևոն Տեր-Պետրոսյանինը՝ 2008-ին, երրորդը կարո՞ղ է լինել Գագիկ Ծառուկյանը:
-Իհարկե, լինում են հազվադեպ բացառություններ: Այդ շարքում կարող է լինել և Ռոբերտ Քոչարյանը՝ մեր հասարակությունը ունի կարճ հիշողություն: Այնուհանդերձ, համաձայնեք, որ քաղաքական հմտության, քաղաքական այլ ռեսուրսների առումով Գագիկ Ծառուկյանը համեմատելի չէ Կարեն Դեմիրճյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
-Գագիկ Ծառուկյանը կպահպանի՞ ֆինանսները:
-Հիմա հենց ունեցած ֆինանսներից ազատելու գործընթացն է՝ անկախ՝ կմնա քաղաքականության մեջ, թե ոչ, կարծում եմ` ապագայում նա աշխատելու է այլ բիզնես ռեժիմում՝ իբրև շարքային կամ դրան մոտ:
-Մինչև մարտի 5-ի համագումարը հստակություն չի՞ լինի:
-Թերևս խնդիրը երկրորդ պլան մղվի մինչև ապրիլի վերջ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո ավելի որոշակի կդառնա Գագիկ Ծառուկյանի իրական կարգավիճակը՝ որպես քաղաքական գործիչ և բիզնեսմեն: Առայժմ սառեցված վիճակ է, թեև նախագահի հանձնարարականը կատարվում է, ստուգումներ են իրականացվում Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Իշխանությունը սահմանափակելու է նրա արտոնությունները և ֆինանսական ռեսուրսները:
-Միայն ֆինանսակա՞ն: Իսկ տեղեկատվակա՞նը՝ կայքերը, թերթերը, հեռուստաընկերությունը, որ նպաստում էին նրա ֆինանսական հզորացմանը:
-Անկախ ֆինանսական ռեսուրսներ կունենա, թե ոչ, եթե առկախում է իր քաղաքական գործունեությունը, անիմաստ է դառնում տեղեկատվական ռեսուրսները պահելը: Այդ ռեսուրսներն արդեն իսկ պրոբլեմ են դառնում փոխհարաբերություններում և, կարծում եմ, նա կձերբազատվի իր որոշ տեղեկատվական ռեսուրսներից: Գագիկ Ծառուկյանին կայքերն արդեն պետք չեն, հեռուստատեսության հարցը թերևս իր ցանկությամբ չի լուծվի: Եթե քաղաքական որոշում լինի, նա չի պահպանի նաև այդ ռեսուրսը:
-Չե՞ք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ հեշտ հանձնեց ԲՀԿ նախագահին, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությո՞ւնը դեր խաղաց:
-Դեր խաղաց համակարգում պարիտետ պահելու անհրաժեշտությունը: Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ կմտներ, եթե հաղթական խաղի երաշխիքներ ունենար: Իսկ այդ երաշխիքը նրան կարող են տալ միայն դրսից: lenta. ru-ի հոդվածն արտատպված էր ՌԴ-ի Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքում, այսինքն՝ դա էր ՌԴ պաշտոնական դիրքորոշումը: Հավարտ ստացվեց է՛լ ավելի վարկաբեկված իշխանություն և փլուզված պատրանքներ ոչիշխանությունից:
-Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ասաց նաև, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է, հասարակական լայն աջակցություն կա բարեփոխումների իրականացման համար և իրեն ոչինչ չի խանգարում՝ բարեփոխումներն ընթացքի մեջ դնելու: Կդնի՞:
-Կարծում եմ՝ այո: Դաշտն այլևս ամայի է, չկան ռեսուրսներ ունեցող ընդդիմություն, նույնիսկ ոչիշխանական ուժեր: Դաշտը նաև այդ նպատակով է ազատվել:
-Ո՞ր դեպքում Սերժ Սարգսյանը կհրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, այս ընթացքում պարզվե՞ց Ռուսաստանի վերաբերմունքը:
-Եթե նախագահն արդեն հստակ ասում է, որ իրեն ոչինչ չի խանգարում, ուրեմն, ենթադրում եմ՝ պայմանավորվել է: Սահմանադրության փոփոխությունը նշանակում է վերարտադրել սեփական իշխանությունը, խնդիրը զուտ քաղաքական ուժի իշխանության վերարտադրումը չէ: Չբարեփոխված սահմանադրությամբ էլ ՀՀԿ-ն 2017-ին նորից մեծամասնություն կլիներ, գուցե ավելի բարձր տոկոսներով, նախագահ կդառնար ՀՀԿ-ից ինչ-որ մեկը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը որոշել է մնալ քաղաքական դաշտի կարևոր դերակատար իշխանական կարգավիճակով:
-Չի՞ ուզում երիտասարդ թոշակառու դառնալ:
-Չի ուզում ու ձեռնարկում է քայլեր: Դա չի նշանակում, որ ապագայում Ռոբերտ Քոչարյանի հետ ընդհանուր հայտարարի չեն գա:
-Հետխորհրդային տարածքում ի՞նչ տրանսֆորմացիաներ են կատարվում: Ղազախստանում Նազարբաևն արտահերթ նշանակում է ինքն իր ընտրությունը, Բելառուսում Լուկաշենկոն փորձում է Արևմուտքի համար լեգիտիմ նախագահ դառնալ՝ իշխանությունը փորձում է լեգիտիմանա՞լ, փորձում է ավելի՞ շատ լծակներ ստանալ: Ռուսաստանի տնտեսությունը չի ձգում քաղաքական հավակնությունների բավարարմանը, իսկ հավակնությունները շատանում են, հնարավո՞ր է փլուզում, որին պատրաստվում են շղթայի մյուս օղակները ու դա պաշտպանական ռեակցիա է:
-Իհարկե, բոլորն ուզում են իրենց երաշխիքներն ունենալ, այդ թվում` հնարավորինս լեգիտիմացնելով իրենց իշխանությունը, որպեսզի ապագայում կարողանան նաև Արևմուտքի հետ հարաբերվել: Այսօր Եվրոպայի կողմից սեղանին նորից է դրվում ընդհանուր Եվրոպայի խնդիրը Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն, ինչ իր կարիերայի սկզբում ասում էր ՌԴ նախագահը:
-Ի՞նչ բովանդակություն է Անգելա Մերկելը տալիս Պուտինի առաջարկին:
-ՈՒկրաինայի դեպքերից հետո Ռուսաստանի դիվանագիտական և ռազմական դիմադրությունը ցույց տվեց, որ ստանդարտ սխեմաներով՝ պատժամիջոցներով ու սպառնալիքներով, Ռուսաստանի ճանապարհը չես փակի: Գլխավոր պատճառը՝ Ռուսաստանի հասարակությունը չի կոտրվում, հակառակը՝ նախագահի վարկանիշն աճում է: Պրագմատիկ Արևմուտքը նոր ճանապարհ պիտի գտնի:
-Վարկանիշը կմնա՞ բարձր, երբ տնտեսական լուրջ պրոբլեմներ սկսվեն:
-Գուցե իջնի, բայց կա ռուսական մենթալիտետը՝ երբ նրանց ճնշում ես, դիմադրողականությունը մեծանում է: Արևմուտքը հասկանում է, որ մեթոդները պետք է փոխվեն, ու պատահական չէ, որ Մերկելը նորից ընդհանուր Եվրոպայի մասին է խոսում՝ Ռուսաստանի հետ միասին: Ռուսաստանում դա պատկերացնում են Եվրամիության ու Եվրասիական միության համագործակցություն: Կարծում եմ՝ Եվրոպայում էլ աստիճանաբար հաշտվում են այդ մտքի հետ ու փորձում են նոր իրավիճակին ընտելանալ: Ղազախստանում էլ, Բելառուսում էլ դա հասկանում են և ուզում են լեգիտիմացնել իրենց իշխանությունը, որպեսզի հարաբերվեն Արևմուտքի հետ:
-Իշխանության լեգիտիմացման որոնումներում Հայաստանում իշխանությունը կարո՞ղ է գնալ «Միասնություն» դաշինքի կրկնմանը, եթե այո, ո՞ւմ է ընտրելու իբրև ընդդիմադիր ուժ, որը նախ կհամաձայնի իշխանության հետ համագործակցել, երկրորդ՝ ժողովրդական աջակցություն ունի:
-Հիմա վաղ է այդ մասին խոսել, որովհետև հայտնի չէ՝ ԲՀԿ-ն ինչ տրանսֆորմացիայի կենթարկվի: Եթե 2016-ին Սահմանադրությունը դրվի հանրաքվեի ու անցնի, խորհրդարանական ընտրություններից հետո ոչինչ չի խանգարում, որ Սերժ Սարգսյանը նորից վերցնի իշխանությունը բավականին բարձր լեգիտիմության աստիճանով: Բայց համոզված եղեք, որ, ինչպես ասում են, «հաճախորդների» պակաս չի լինելու: Բայց ամեն դեպքում Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ լինի արևմտամետ ընդդիմություն և նկատելի է, որ այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանքներ են ընթանում և անգամ որոշ իշխանավորների շուրթերից անուններ են հնչեցվում:
-Իսկ Մոսկվան թույլ կտա՞:
-Կարծում եմ` Մոսկվան միշտ էլ թույլ է տվել մինչև որոշակի աստիճանի՝ ո՞ւմ է խանգարում «Ժառանգության» նման մի խմբակցությունը խորհրդարանում:
-Բացառվո՞ւմ է, որ հերթական ընտրություններում Արևմուտքը լուրջ մտնի խաղի մեջ, ինչ չի արել մինչև հիմա, և փորձի Հայաստանում արևմտյան մոդելի իշխանություն ձևավորել, որ Մոսկվան կորակի Մայդան:
-Լինելով շատ ավելի պրագմատիկ, քան մենք պատկերացնում ենք, և պատկերացնում են Հայաստանում արևմտյան արժեքներ կրող ուժերն ու անհատները, Արևմուտքը չի փորձի ժամանակից շուտ իր ռեսուրսները վառել: Նրանք փորձեր կանեն, որոշ դեսպանատներ իշխանությունների հետ կպայմանավորվեն, որ խորհրդարանում լինեն իրենց տեսակետները կրող ուժեր, բայց ոչ ավելին:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ