Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մեռելներուս իբրև խաչ ես այս ծառը տնկեցի...»

«Մեռելներուս իբրև խաչ  ես այս ծառը տնկեցի...»
27.02.2015 | 03:50

Տէր, օրհնէ՛ ծառն այս մատղաշ։ Ես կը տնկեմ զայն ահա
Փխրուն եւ սեւ հողին մէջ ուր պապերս կը պառկին,
Ես՝ անոնց թոռը հսկայ, այս հողին տէրն եմ կրկին,
ՈՒ արևուն տակ կ’աճիմ՝ անունն իրենց շուրթիս վրայ...

Այս տողերը ծնվել են անսահման ցավից՝ յաթաղանված ծնողների հիշատակին ի խնկարկում։ Այն ժամանակ որբացած տրապիզոնցի տղան ընդամենը 10 տարեկան էր, և 7-8 տարի անց եղեռնի մահասարսուռ պատկերները, Աստծո պարգևած շնորհով, «սեւ հողին մէջ» տնկված-վերընձյուղված ծառի տեսլապատկերով ճերմակ թղթին հանձնվեցին, ու մի քանի տարի անց՝ 1924-ին Փարիզում լույս աշխարհ եկան «Լոյս զուարթ» ժողովածուի տեսքով։ Զվարթը պատանու հանգուցյալ մոր անունն էր, և ապա՝ հայ եկեղեցու վաղորդյան շարականը հենց այդպես է կոչվում։ Պատանի բանաստեղծի «քերթուածները» նրա հոգեմուխ ցավերի ու խոհերի ծնունդ էին, որ Թեքեյանը համեմատել է արշալույսի առաջին ճաճանչների հետ ղողանջող «Լույս զուարթ»-ի հետ։ Ժողովածուի առաջաբան խոսքի հեղինակը հենց ինքն էր՝ արդեն հանրահայտ սփյուռքահայ գրող, երիտասարդ հեղինակին ողջ կյանքում ապավեն և անկրկնելի բարեկամ դարձած Վահան Թեքեյանը։ «...Այս գրքույկը կազմող քսանեակ մը ոտանաւորներուն, որոնք 16-էն 18 տարեկանին գրուած են, իրենք իրենց համար կը վկայեն արդէն ու պէտք չկայ, որ անոնց խորքին ու ձեւին գեղեցկութիւնը հոս շեշտեմ։ Անոնք գործն են արդէն իսկ իր ինքնութիւնը ունեցող բանաստեղծ-արուեստագէտի մը՝ որուն ապրիլ եւ մեծնալ կը մնայ, իր քնարին վրայ ուրիշ լարեր աւելցնելու եւ այդ լարերէն աւելի խոր ձայներ խլելու համար»։
«Լոյս զուարթը» ապագա սփյուռքահայ մեծանուն գրող, գրականագետ, հրապարակագիր, թարգմանիչ Լևոն¬Զավեն Սյուրմելյանի հայերեն առաջին և միակ բանաստեղծական ժողովածուն էր։
ՈՒ հիմա, «Լոյս...»-ի առաջին ծննդից (նրա երկրորդ ծնունդը տեղի ունեցավ 1950-ին, երրորդը՝ 1972¬ին՝ Բեյրութի Թեքեյան մշակութային միության Կալիֆոռնիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ) տասնամյակներ անց, իմ գրասեղանին հայտնվել է երկու գիրք, երկուսն էլ կապված Սյուրմելյանի անվան հետ։ Դրանք ինձ նվիրել է արձակագիր, կինոգետ, այդ գրքերի խմբագիր Սերգեյ Գալստյանը։ Առաջին գիրքը «Լոյս զուարթն» է. նրա չորրորդ ծննդյան «մեղավորը» Վերա Հարությունյանն է, որ հեղինակն է նաև երկրորդ՝ «Լևոն-Զավեն Սյուրմելյան» գրքի, եզակի մի աշխատություն, որ նվիրված է ամերիկահայ անվանի գրողի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը և իբրև այդպիսին՝ առաջինն է մեր գրականագիտության մեջ։ «Առաջին» արտահայտությունն էլ իր բացատրությունն ունի։ Ճիշտ է, վերջին տասնամյակներին Սյուրմելյանին նվիրված առանձին հոդվածներ հրատարակվել են, բայց Վերա Հարությունյանի այս գիրքը լույս աշխարհ է եկել քառասուն տարի ուշացումով։ 1975¬ին այն ներկայացվել է որպես ատենախոսություն՝ Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու ակնկալիքով։ Անգամ անվանի գիտնականների դրական կարծիքները չեն օգնել ատենախոսության պաշտպանության համար։ Ժամանակի մեղքո՞վ, թե՞ սփյուռքի ու նրա գրականության, գուցե և Լևոն-Զավեն Սյուրմելյան գրողի անձի հանդեպ ոչ բարեհաճ վերաբերմունքի պատճառով պաշտպանությունը չի կայացել։ Վերա Հարությունյանը չի հուսահատվել, և Սյուրմելյանին նվիրված նրա բազմաթիվ հոդվածներն ու ատենախոսության առանձին հատվածները պարբերաբար հրապարակվել են սփյուռքի և հայաստանյան տարբեր պարբերականներում, որոնք արժանացել են գրողի բարձր գնահատանքին։ Այդ ուսումնասիրությունների ծննդյան ընթացքում, այո, նրան զորավիգ է եղել նաև սիրելի գրողի գործնական աջակցությունը՝ ուղարկած նյութերով, խրախուսական նամակներով. «Մի՞թե արժանի եմ այդպիսի ուշադրության։ Համենայն դեպս, շնորհակալ եմ և պատրաստ եմ Ձեզի աջակցել որևէ կերպով, որ հարմար կտեսնեք»։
Վերա Հարությունյանի աշխատությունը բացվում է Սյուրմելյանի կենսագրական-ստեղծագործական ճանապարհին նվիրված համառոտ ակնարկով. Տրապիզոնում ծնված գրողի մանկության ու պատանեկության ողբերգական դրվագներ, Պոլսի որբանոցում, ապա և տեղի Կեդրոնական վարժարանում Հակոբ Օշական մեծանուն գրողի և մայրենիի ուսուցչի հովանավորություն, Վահան Թեքեյանի կողմից նրա բանաստեղծական առաջին քայլերը դրվատելու փաստերից մինչև... 1929¬ին Լոս-Անջելեսում և գրական ասպարեզում վերջնականապես հաստատվելը, արդեն անգլերենով հրատարակված «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ինքնակենսագրական վեպից (որը մեծ հռչակ բերեց նրան և թարգմանվեց ու հրատարակվեց եվրոպական մի շարք լեզուներով) մինչև հաջորդ՝ ամերիկահայ կյանքի լույսն ու ստվերը ներկայացնող «98.60» վեպը, մինչև «Սասնա ծռեր» էպոսի վերապատում-թարգմանությունը, հայ ժողովրդական հեքիաթների «Անմահական խնձորներ» ժողովածու, գրական-գիտական-հրապարակագրական ուսումնասիրությունների, հասարակական-մանկավարժական գործունեության դրվագների անդրադարձներ, 1964-ին և 1970-ին «պաշտելի Հայաստան» այցելելու խանդավառ տպավորություններ, մինչև իր մահկանացուն կնքելը՝ 3 հոկտեմբերի 1995 թվական։
Այս համառոտ ակնարկին հաջորդում են մյուս գլուխները, որոնցում Վերա Հարությունյանը բավարար խորագիտակությամբ բացում է անգլիագիր հայ ականավոր գրողի, մեծ հայրենասերի տարաժանր ստեղծագործության ծալքերը, ընդգծելով, որ «Սյուրմելյանի նախընտրած գրական նյութի գերակշռող մասը հայ ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությունն է, որը նա կարողանում է այնքան վարպետորեն և մատչելի ձևով ներկայացնել օտար ընթերցողին։ Այս է պատճառը, որ նրա լույս ընծայած յուրաքանչյուր գիրք ցնծությամբ է ընդունվում ամերիկյան հասարակության կողմից և զբաղեցնում է հատուկ տեղ աշխարհի շատ ժողովուրդների գրականության մեջ»։
Ցավի ու թախծի, կարոտի ու անսահման սիրո ինչպիսի՜ ներհուն զգացումներով է «Ձեզ եմ դիմում...» վեպի գլուխներում գրողը նկարագրում ծննդավայր Տրապիզոնի բնությունը, Սև ծովը, ազգային վարժարանը, ուսուցիչներին ու հարազատներին, դեղագործ հոր դեղատունը, Նոր տարվա գիշերը և թանկ ու նվիրական այլ դիպվածներ, որոնք եղեռնված ժողովրդի մի հատվածի դառնամուխ պատմությունն են։ Եվ հերոսներ, որ հեղինակի հարազատներն են՝ Զվարթ և Կարապետ ծնողները, Օննիկ եղբայրը, Նվարդ և Եվգենյա քույրերը, հորեղբայրներ Հարությունն ու Լևոնը (վերջինիս հանդեպ երախտագիտության զգացումով Զավեն անվանը նա հավելել է Լևոն անունը), մտերիմները, դասընկերները, ուսուցիչները, իսկ կենտրոնում՝ իր կերպարն է՝ ներկայացված կենսագրական տպավորիչ գույներով։ Վերա Հարությունյանը այս վեպը իրավացիորեն համարում է հայկական եղերապատումի ճշմարտացի վավերագիր, գեղարվեստական մի ինքնատիպ պատում՝ ընդհանրապես հայ արձակում։
Նույն՝ 1945¬ին միանգամից հինգ հրատարակությամբ լույս աշխարհ եկած վեպի առաջաբանում Վիլյամ Սարոյանը անթաքույց հիացմունքով գրել է. «Լևոն-Զավեն Սյուրմելյանը աղետի տարիների այն անհամար երեխաներից է, որ թշնամուն խաբեցին ու չմեռան։ Նրանց թշնամին նենգություն էր, չարիքի ոգին... Ամբողջ գիրքը գրեթե քնարական մի պոեմ է։ Սյուրմելյանի ոճը պարզ է ու ինքնատիպ, ջերմ ու սուր, միաժամանակ լեցուն նուրբ տխրությամբ... Կյանքիս մեջ կարդացած ամենից գեղեցիկ և հետաքրքրական պատմվածքներից մեկն է...»։
Վերա Հարությունյանը աշխատությունում հետաքրքիր դիտարկումներով ներկայացնում է «Լոյս զուարթ»-ի ստեղծագործական պատմությունը, Սյուրմելյանի արձակի բովանդակային-ոճական յուրահատկությունները, ապա անդրադառնում է գրողի թարգմանություններին, գրականագիտական, հրապարակագիտական գործունեությանը՝ հանգամանալից վերլուծելով հասարակական-ընթերցողական լայն զանգվածների կողմից ջերմ ընդունելության արժանացած բոլոր ստեղծագործությունները. վեպեր, «Վիպագրական տեխնիկա...» գրականագիտական, «Կախարդական գորգեր», «Հայաստան», «Գրողը և մշակութային կապը Հայաստանի հետ», «Սուգը բանական չէ» հրապարակագրական և տասնյակ այլ ուսումնասիրություններ ու տարաբնույթ հոդվածներ։
«Մեռելներուս իբրև խաչ ես այս ծառը տնկեցի...». այս տողերը՝ գրված ստեղծագործական ճանապարհի սկզբին, հայախոս ու հայրենախոս տարերքով, կարելի է խորհրդանշական համարել նրա ամբողջ ստեղծագործության համար։ Այդ «ծառը», այո՛, նաև խորհրդանշում է իր՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի գրական հարուստ ժառանգությունը՝ ի խնկարկումն եղեռնված նախնիների, ի հավատ իր մայր ժողովրդի հավերժության՝ «Լոյս զուարթ»-ի անլռելի ղողանջներով.
Ծառ մըն եմ ես
Արևուն տակ Հայաստանի՝
Կանաչագեղ ու լայն բացուած.
ՈՒ թեւերըս բաց հովերուն՝
Ես Յիսուսին պէս կը կանգնիմ
Լերան վրայ...
Լևոն-Զավեն Սյուրմելյան ականավոր գրողն իր ստեղծած մնայուն արժեքներով եղել է, կա և միշտ կանգուն կմնա հայ գրականության «լերան վրայ»։ Վերա Հարությունյանի՝ մեծանուն գրողի ծննդյան 110-ամյակին և Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գիրքը նույնպես հաստատագրում է այս ճշմարտությունը։


Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 2443

Մեկնաբանություններ