Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տեսիլք երրորդ

Տեսիլք երրորդ
27.02.2015 | 03:53

1. Երբ ես շրջում էի Կում տանող ճանապարհով, մոտավորապես նույն ժամանակին, ինչպես անցյալ տարի, զբոսանքի ժամանակ հիշեցի նախորդ տեսիլքի մասին, և Հոգին ինձ կրկին հափշտակեց ու տարավ այն նույն տեղը, ուր և անցյալ անգամ։ Հասնելով այնտեղ, ես ծունր իջա և սկսեցի աղոթել առ Աստված ու փառաբանել անունը Նրա, որ Նա ինձ արժանի արեց ու իմացրեց ինձ իմ առաջվա մեղքերը։ Եվ երբ ես վեր ելա աղոթքից, տեսա իմ առաջ այն տարեց միանձնուհուն, որին հանդիպել էի անցյալ անգամ։ Նա զբոսնում էր ու կարդում ինչ-որ գիրք։ Եվ նա ասում է ինձ. «Կարո՞ղ ես հայտնել Աստծո ընտրյալներին»։ Ես պատասխանեցի. «Տիրուհի, այդքան շատ բան ես անկարող եմ հիշել, սակայն տուր ինձ գիրքը, ու ես կարտագրեմ»։ «Վերցրո՛ւ,- ասաց նա,- և վերադարձրու այն ինձ»։ Վերցնելով այն, ես հովտում մի տեղ առանձնացա ու արտագրեցի տառ առ տառ, քանի որ չէի կարողանում միտքը պարզել։ Եվ երբ ավարտեցի գրքի արտագրությունը, հանկարծ այն իմ ձեռքից վերցվեց, բայց ում կողմից՝ ես չտեսա։
2. Տասնհինգ օր անց, որի ժամանակ ես պահեցողությունով շատ աղոթում էի Աստծուն, ինձ հայտնվեց գրվածքի իմաստը։ Գրված էր հետևյալը. «Հերմա՛ս, քո զավակները մեղանչել են Տիրոջ առաջ, անարգել Նրան և մեծագույն անզգուշությամբ դավաճանել են իրենց ծնողներին ու ծնողների դավաճանի համբավ ձեռք բերել։ Դավաճանելով նրանց, նրանք չեն ուղղվել, այլ իրենց մեղքերին բարդել են անառակություն ու անհոգ պղծություններ, և այդպիսով լրացրել իրենց անօրենությունների չափը։ Սակայն հաղորդիր այս խոսքերը բոլոր զավակներիդ ու կնոջդ, որը քեզ համար պիտի քույր դառնա, քանզի նա ևս չի զսպում իր լեզուն, որով մեղանչում է, բայց լսելով այս խոսքերը, նա կսանձի այն ու ներում կգտնի այն բանից հետո, երբ հաղորդես նրան այս խոսքերը, որ Տերը պատվիրել է բացել քեզ։ Այնժամ թողություն կլինի թե՛ նրանց մեղքերին, որ նրանք գործել են առաջներում, և թե՛ մինչ օրս մեղք գործած բոլոր սրբերի մեղքերին, եթե ամբողջ սրտով ապաշխարեն ու իրենց սրտերից հեռացնեն կասկածները։ Քանի որ Տերն իր փառքով երդվել է իր ընտրյալների համար, որ եթե նրանցից մեկը այս կանխորոշված օրը ևս շարունակի մեղք գործել, փրկություն չի ստանա, որովհետև արդարների քավությունը վերջ ունի և բոլոր սրբերի համար որոշված են ապաշխարության օրերը, իսկ հեթանոսների համար ապաշխարություն կա մինչև վերջին օրը։ ՈՒստի, հայտնիր եկեղեցու առաջնորդներին, որ արդարությամբ ընթանան իրենց ուղիով, որպեսզի կարողանան մեծամեծ փառքով լիովին ստանալ խոստացվածները։ Եվ դուք, որ արդարություն եք գործում, կայո՛ւն եղեք, երկմիտ մի՛ եղեք, որպեսզի ձեր փոխադրումը լինի սուրբ հրեշտակների հետ։ Երանելի եք դուք, որ կհամբերեք, որովհետև պիտի կրեք գալիք մեծ հալածանքները ու պիտի չուրանաք ձեր կյանքը, քանզի Տերը Իր Որդիով երդվել է, որ Տիրոջն ուրացողները կորստյան են մատնում իրենց կյանքը։ Այս հատկապես վերաբերում է նրանց, ովքեր պիտի ուրանան առաջիկա օրերում, իսկ նրանց նկատմամբ, որ ուրացել են առաջներում, Նա իր մեծագույն գթասրտությամբ ողորմած է եղել»։
3. «Իսկ դու, Հերմաս, հիշաչար մի՛ եղիր քո զավակների անարդարությունների հանդեպ, և մի՛ լքիր քո քրոջը, այլ հոգ տար, որ նրանք մաքրվեն նախկին մեղքերից։ Նրանք խելքի կգան ճշմարիտ խոսքից, եթե դու նրանց հանդեպ ոխ չպահես, քանզի ոխակալությունը մահ է բերում, իսկ ներումը՝ հավիտենական կյանք։ Իսկ դու, Հերմա՛ս, այս աշխարհի շատ նեղություններ կրել ես քո ընտանիքի պատճառով, որովհետև դու ուշադրություն չես դարձրել, կարծես թե ամենևին քեզ չեն վերաբերել, և ընկղմվել ես քո սխալ ձեռնարկների մեջ։ Բայց որ դու չես ուրացել կենդանի Աստծուն, և քո պարզությունն ու մեծ ժուժկալությունը քեզ կփրկեն, եթե հարատևես դրանցում, և այս կփրկի բոլոր նրանց, ովքեր այս կերպ են գործում։ Անմեղության ու պարզության մեջ ընթացողները ի զորու կլինեն ամեն չարի դեմ և կպահպանվեն հավիտենական կյանքի համար։ Երանելի են արդարություն գործողները. նրանք հավետ չեն կորչի։ Սակայն կասես՝ ահա վրա են հասնում մեծ հալածանքները։ Եթե քեզ այդպես է թվում, ապա իմացի՛ր. Տերը մոտ է Իրեն դիմողներին, ինչպես գրված է Ելդադի և Մովդադի գրքում, որոնք մարգարեություն էին անում անապատում»։
4. Քնած ժամանակ, եղբայրնե՛ր, մի գեղեցիկ պատանի երևաց ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես կարծում, ո՞վ էր այն տարեց միանձնուհին, ումից ստացար գիրքը»։ Ես ասացի. «Սիբիլլան է»։ «Սխալվում ես,- ասում է,- նա Սիբիլլան չէ»։ «Տե՛ր, ապա ո՞վ է նա»։ Եվ նա ինձ ասաց. «Աստծո Եկեղեցին է Նա»։ Ես հարցրի նրան. «Բայց ինչո՞ւ է նա ծեր»։ Նա ասաց. «Որովհետև նա արարված է ամեն բանից առաջ և երկիրն էլ ստեղծվել է նրա համար»։ Այնուհետև ես մի տեսիլք տեսա իմ տանը։ Եկավ այն ծեր միանձնուհին և հարցրեց ինձ, թե ես արդեն տվե՞լ եմ գիրքը Եկեղեցու առաջնորդին։ Ես պատասխանեցի. «Դեռ ո՛չ»։ Եվ նա ասաց. «Լավ ես արել, որովհետև ես մի քանի խոսք ունեմ ավելացնելու։ Երբ ես կավարտեմ իմ բոլոր խոսքերը, այն ժամանակ քո միջոցով կհաղորդվեն բոլոր ընտրյալներին։ Դրա համար դու կգրես երկու գիրք, և մեկը կուղարկես Կղեմասին, իսկ մյուսը՝ Գրափթային։ Կղեմասը կուղարկի արտաքին քաղաքները, քանի որ այդ նրան է ընձեռված, իսկ Գրափթան կհորդորի այրիներին ու որբերին։ Իսկ դու այն կկարդաս այս քաղաքում՝ երեցների և Եկեղեցու առաջնորդի հետ»։


Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ