Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Իմ սանը, հաղթելով մրցակիցներին, եզրափակչում հանդիպեց թուրքի հետ և նոկաուտ արեց նրան»

«Իմ սանը, հաղթելով մրցակիցներին, եզրափակչում հանդիպեց թուրքի հետ և նոկաուտ արեց նրան»
27.02.2015 | 03:58

«Իրատես de facto»-ի հյուրը բռնցքամարտի հանրահայտ մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ է: Մանկավարժ-մարզչի գործունեությունն սկսել է 18 տարեկանից, միաժամանակ մասնակցել մրցումների: 25 տարեկանում արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչման: Նրա սաները Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնության ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են, միջազգային կարգի սպորտի վարպետներ, օլիմպիական խաղերի մասնակիցներ: Նրանցից ամենահանրաճանաչը` Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, աշխարհի բացարձակ չեմպիոն է, ինչը եզակի ցուցանիշ է հայ սպորտի պատմության մեջ:
Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան Վազգեն Բադալյանին պարգևատրել է ոսկե մեդալով, ԱՄՆ-ի սպորտի դեպարտամենտն արժանացրել է եզակի պարգևի՝ «Ոսկե գոտու»` անվանական մակագրությամբ, Վանաձորի պատվավոր քաղաքացի է, ավելի քան 20 տարի աշխատել է ոստիկանության համակարգում, վարել է պատասխանատու պաշտոններ, պարգևների է արժանացել նաև այս ոլորտում:
Վազգեն Բադալյանը հայտնի է նաև իր նկարչական աշխատանքներով: Մարդիկ, իրավիճակները, ուշագրավ ու առօրեական թվացող պատմությունները ներկայացնում է միայն իրեն հատուկ գծերով ու գույներով: Վրձնին կարող է փոխարինել երկաթի կտորը, գունաներկին` կենցաղային լաքը, երկարատև աշխատանքին` «հանկարծահաս» կտավը, որ կարող է սկսվել ու վերջանալ մեկ գծով: Շարունակությունը կարող ես տեսնել մեկ այլ կտավում, հետո մյուսում` արդեն բազմաձև, վերացական ու գունաշատ:

-Ընդունված կարծիք կա, որ մարզաշխարհի մարդկանց առանձնապես չեն գրավում արվեստը, մշակույթը, ընթերցանությունը: Դուք, կարծես, այս «օրինաչափությունից» դուրս եք, նաև նկարչությամբ եք զբաղվում:
-Դա աստվածատուր է: Ի վերուստ տրված շնորհը մարդն ինչ-որ կերպ պետք է արտահայտի: Մեկը գրում է, մյուսը` նկարում: Պետք չէ տարանջատել մարզաշխարհի մարդկանց: Ասեմ, թե բռնցքամարտիկների մեջ ինչ անհատականություններ են եղել` Ջորջ Բայրոն, Պուշկին, Մայակովսկի, Կոբզոն...
-Ավարտել եք Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ուսանել եք նաև ՀՀ ոստիկանության ակադեմիայում: Նկարչական կրթության համար ժամանակ չե՞ք ունեցել:


-Նկարչական կրթություն չունեմ, նույնիսկ որևէ խմբակ չեմ հաճախել: Հանրակրթական դպրոցի նկարչության ուսուցիչս ժորա Սարգսյանն էր, ով նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի թառահարն էր: Արվեստի, նկարչական աշխարհի հանդեպ սերը նա արթնացրեց իմ մեջ: Մանկուց զբաղվել եմ մարմնամարզությամբ, բայց շփվում էի նկարիչների, քանդակագործների հետ, ինչքան նկարիչ կար Վանաձորում, իրենց արվեստանոցներում լինում էի: Չեմ ափսոսում, որ նկարչական կրթություն չեմ ստացել, ոչ բոլոր ուսուցիչներն են թույլ տալիս ազատ աշխատել: Կան ուսուցիչներ, որ սաներին սովորեցնում են իրենց նման նկարել, գուցե այդպիսի մեկի մոտ հայտնվեի: Դա տաղանդի վերացում է: Ինչքան ազատ ու ազնիվ ես նկարում, այնքան լավն է նկարը: Երբ փորձում ես այնպես նկարել, որ ուրիշներին դուր գա, անբնական է լինում ու չի գնահատվում:
-Ե՞րբ սկսեցիք նկարել:
-Նկարել սկսել եմ հասուն տարիքում: Աշխատանքներս կամ դեն էի նետում, կամ նվիրում էի: Ընկերներս հանդիմանում էին, որ անփույթ եմ, ասում էին՝ հետագայում պետք են գալու դրանք: Հիշում եմ, «Կայծ» թերթի խմբագիր, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի հետ զրուցելիս` գծանկարներ էի անում, ավարտելուց հետո նետում էի աղբամանը: Որոշ ժամանակ անց, մեր ընկերներից մեկի տանը պատերին փակցված նկարներ տեսա: Ասում եմ` ծանոթ գործեր են, լավն են, ո՞վ է հեղինակը: Ասացին` մի շատ հայտնի նկարիչ է: Մոտենում եմ, տեսնում` իմ գծերն են, իմ գործերը:
-Երբ որոշեցիք հանրության դատին ներկայացնել Ձեր նկարները:


-2000-ին Վանաձորում բացվեց իմ առաջին անհատական ցուցահանդեսը, ներկայացված էր տուշով, մատիտով արված շուրջ 60 գծանկար: Առաջին քննությունն էր, շատ լավ անցավ: Գնահատականները ոգևորող էին, իսկ ես տարբերում եմ մասնագիտական խոսքը հաճոյախոսությունից: Այնուհետև աշխատանքներս ցուցադրվեցին Ստեփանավանում, Ալավերդիում, 2013-ին, Լևոն Իգիթյանի նախաձեռնությամբ, Երևանում` Գեղագիտության ազգային կենտրոնում: Գծանկարներին ավելացան նաև վերջին տարիների աշխատանքներս` արված յուղաներկով և կենցաղային լաքով: Սիրում եմ խառը նյութերով աշխատել: Ցուցահանդեսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց` ի՞նչ նյութ է սա: Քանի որ շագանակագույն երանգ ուներ, կատակեցի, ասացի` շոկոլադ է: Հաջորդ օրը թերթում հայտնվեց հոդվածը` «Վիկ Դարչինյանի մարզչի շոկոլադային նոկաուտը» վերնագրով, բայց դա կենցաղային լաք էր, ի դեպ, շատ արագ է չորանում, պետք է նկարես 3-5 րոպեում: Այս աշխատաոճն էլ, հավանաբար, սպորտից է փոխանցվել:
-2012-ից նկարիչների միության անդամ եք: Ձեր մուտքն ինչպե՞ս ընդունեցին նկարիչները:
-Միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ լիարժեք գործեր եմ ստեղծել, և դրանք թույլ են տալիս ինձ միության շարքերը համալրել: Անախորժ միջադեպից էլ չխուսափեցի: Առաջին անգամ, երբ հանձնաժողովին դիմեցի միության անդամ դառնալու համար, չնայեցին աշխատանքներս, ասացին` կրթություն չունես: ՀՆՄ անդամը պետք է մասնագիտական կրթություն ունենա, բայց կանոնադրության այդ կետի հետ շատերը համաձայն չեն: Համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներից շատերը կրթություն չեն ունեցել, նկարել են բնատուր տաղանդով կամ ուսանել են որևէ նկարչի արվեստանոցում: Ես վիրավորված էի, ո՛չ այն պատճառով, որ չընդունեցին, այլ որ չնայեցին աշխատանքներս: Էական էլ չէ: Ինձ լավ եմ զգում, որ այդ ընտանիքի անդամ եմ: Շփվում եմ հանրապետությունում ճանաչված, վաստակաշատ նկարիչների հետ: Մասնակցում եմ հանրապետական ցուցահանդեսների: Աշխատանքներս ներկայացվել են Բելառուսում կայացած միջազգային ցուցահանդեսին, Նյու Յորքից են գնել գործերս, մի քանիսն ընդգրկված են մասնավոր հավաքածուներում, որոշ գործեր տպագրվել են բանաստեղծական գրքերում, բայց ինձ համարում եմ մի մարդ, որ սիրում է նկարել:
-Ընթերցողին կհետաքրքրեն նաև մարզաշխարհի վերաբերյալ Ձեր դիտարկումները: Ինչպիսի՞ն պետք է լինի մարզիչը:
-Մարզիչը պետք է մասնագիտական կրթություն ունենա, մանկավարժի ունակություն, մարզումային ծանրաբեռնվածությամբ չվտանգի երեխայի առողջությունը: Պիտի կարողանաս ճիշտ ժամանակին ասել` վերջ, լինի պարապմունքի ընթացքում, մենամարտի, թե մրցման:
Ես միշտ ասում եմ մարզիչներին` քո երեխային թույլ կտա՞ս այդ ծանրաբեռնվածությունը: Ի՞նչ տարբերություն` քո տղան է, թե ոչ, քեզ են վստահել ծնողները:
-Մի առիթով ասել եք, որ Վախթանգի նմանը դժվար թե ծնվի, թեև ունեցել եք փայլուն բռնցքամարտիկներ` Սուրեն Օհանյան, Բաբկեն Սահրադյան, Լեռնիկ Պապյան և այլք: Ինչո՞վ է առանձնանում Վիկը:
-Նրանում խտացված են մարզիկին անհրաժեշտ բոլոր հատկանիշները` բացառիկ աշխատասիրություն, նպատակասլացություն, ռեժիմի պահպանում, անվախություն (դեռ մի բան էլ ավելի) և Աստծո տված ֆիզիկական ուժ: Ես աշխատում եմ որպես մարզիչ, բայց պետք է հիմք լինի, որ ողնաշարի հզորության վրա մարմինը` «պլաստիլինը», քանդակեմ և իր ունակությունները ներկայացնեմ:
-Երիտասարդների մեջ այսօր կա՞ն հեռանկարային բռնցքամարտիկներ:
-Առայժմ չեմ տեսնում, բայց վստահ եմ, որ կլինեն, որովհետև մեր ազգը տաղանդավոր է: Աշխարհի չեմպիոն դառնալու համար անասելի դժվար ճանապարհ պիտի անցնես: Դեռ հետնաբեմում էլ դժվարություններ կան, կարող են մարտ չտալ, ձգձգել, ազդել հոգեբանության վրա: Հաշվի են առնում նաև, որ երկիրն ես ներկայացնում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտ Հայաստանում չկա, դա էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում:
-Ասել էիք. «Եկավ մի պահ, որ ընտրության առաջ կանգնեցի: Որոշում պիտի կայացնեի. կամ իմ կարիերան, կամ սաներիս հաջողությունը: Թողնելով բոլորը` գնացի նրանց հետ: 25 տարեկանից նվիրվեցի սաներիս»: Երբ հետ եք նայում` չե՞ք զղջում որոշման համար:
-Այո, ասել եմ նման բան: Ես մրցումներ ունեի, իսկ իմ տղաներն աշխարհի առաջնության պիտի գնային: Խորհրդակցեցի բոլոր ժամանակների լավագույն հայ մարզչի` Էդվարդ Արիստակեսյանի հետ: Հարցրեց` դու որտեղի՞ց ես շատ բան սպասում, ասացի` իմ աշակերտներից, ավելի, քան ինքս ինձից: Ասաց` գնա նրանց հետևից: Ես սխալ չեմ արել, որովհետև իմ սաները բարձր ցուցանիշներ ունեցան, Խորհրդային Միության հավաքականում միանգամից երեք սան ունեի: Չլսված ցուցանիշ է:
-Եթե փորձեիք համեմատել արվեստն ու սպորտը, տվյալ դեպքում` բռնցքամարտը:
-Արվեստին մոտ է այնքանով, որ դիտարժան են մենամարտում: Հանդիսատեսը տարբեր է. ոմանք սիրում են, երբ շատ է մենամարտը, մյուսները, որ գեղեցիկ են շարժվում, այդ դեպքում ասում են` «հանդիսատեսի համար է մենամարտում»: Բայց բռնցքամարտի րոպեներն այնքան են խտացրել, այնքան դինամիկ է, որ ժամանակը ոչ թե տեխնիկային, այլ մարտին են հատկացնում, այսպես ասած` ավելի բիրտ կռվի մեջ են:
-Ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու առումով ի՞նչ կարող են անել մեր մարզիկները:
-Պիտի առաջին հերթին երկրի անունը բարձր պահեն իրենց ցուցանիշներով: 83 թե 84 թվականն էր: Բաբկեն Սահրադյանը Խորհրդային Միության հավաքականի կազմում գնաց Թուրքիա` մրցումների: Սպորտային այդ միջոցառումը նվիրված էր Աթաթուրքի ծննդյան 100-ամյակին: Իմ սանը, հաղթելով մրցակիցներին, եզրափակչում հանդիպեց թուրքի հետ և նոկաուտ արեց նրան: Հայրենասիրություն չէ՞:
-Որքան գիտեմ, Վիկ Դարչինյանն էլ իր մենամարտերից մեկը նվիրել է Ցեղասպանության տարելիցին:
-Վիկը Լոս Անջելեսում ապրիլի 24-ին ռինգ է դուրս եկել գոտու վրա «1915» գրությամբ: Մենամարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ մակագրություն է դա, թերթերը գրեցին այդ մասին:
-Ի՞նչ կասեք Ձեր հիմնադրած բռնցքամարտի ակումբի մասին, որտեղ տասնյակ մարզիկներ են մարզվում:
-Մեծ ճանապարհ է անցել դպրոցը, այստեղ են սովորել Վիկ Դարչինյանը, Լեռնիկ Պապյանը ու շատ այլ տաղանդավոր մարզիկներ: Անձնական միջոցներով եմ պահում: Բայց արդեն ֆինանսական խնդիրների առաջ ենք կանգնած: Պետական աջակցություն է անհրաժեշտ:

Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ