Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒմ մերը տղա կբերի

ՈՒմ մերը տղա կբերի
27.02.2015 | 04:06

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղերի վերջին զույգերի հանդիպումները: «Մանչեստր Սիթին» ընդունեց «Բարսելոնին», «Յուվենտուսը»` Դորտմունդի «Բորուսիային», «Արսենալը»` «Մոնակոյին», «Բայերը»` «Աթլետիկոյին»: Դրանցից յուրաքանչյուրը հետաքրքրիր էր յուրովի, ու ամեն մեկն ուներ իր բաժին «աղը»:

«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»
Մրցակցի համեմատությամբ մանչեստրցիների նախախաղային տրամադրությունը անհամեմատ բարձր էր, ու դա առաջին հերթին ի հաշիվ ներքին առաջնությունում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակի, որտեղ, անկեղծ լինենք, ով չալարեց` գոլ խփեց: Համենայն դեպս հանդիպման 5:0 հաշիվը մեզ թույլ է տալիս այդպես ասել: Սրա փոխարեն այլ էր «Բարսելոնի» պարագայում, որն այդ նույն ներքին առաջնությունում, այս անգամ արդեն իսպանական, չկարողացավ «Մալագայից» վրեժխնդիր լինել ոչ միայն առաջին շրջանում ունեցած գոլազուրկ ոչ-ոքիի, ասել է թե նաև կորցրած միավորների համար, այլև պարտվեց` այդպես էլ անկարող լինելով գտնել հյուրերի դարպասը բացող բանալին: Եթե կարճ կապելու ազնիվ տրամաբանությամբ փոքր-ինչ երկարած այս նախաբանի «վիզը ոլորենք», ասելիքը հետևյալն է` մանչեստրցիների նշանառությունը օպտիմալ վիճակի էր բերված, մինչդեռ բարսելոնցիները հստակեցումների կարիք ունեին:
Խաղը սկսվեց, ու առաջին իսկ վայրկյաններից պարզ դարձավ, որ «Սիթին» անկարող է եղել հաղթահարելու կատալոնցիներից ունեցած իր բնազդական վախը: Համենայն դեպս, խաղադաշտում ծավալվող իրադարձությունները ոչ մի կերպ տպավորություն չէին թողնում, թե մանչեստրցիներն են տանտերերը: «Բարսելոնը» գործում էր անկաշկանդ, վիրտուոզ, արտիստիկ, նախաձեռնողաբար` խաղադաշտի յուրաքանչյուր քառակուսի մետրում անելով սրտի ուզածը, ու ոչինչ տարօրինակ չկար նրանում, որ խաղի արդեն իսկ առաջին կեսին հաշվի մեջ առաջ էր երկու անպատասխան գնդակի տարբերությամբ:
Իհարկե ճիշտ է, որ երկրորդ խաղակեսում մանչեստրցիները փորձեցին իրավիճակ շտկել ու անգամ գոլի հեղինակ դարձան, բայց դա քիչ էր, շատ քիչ: ՈՒ ոչինչ չկա տարօրինակ նրանում, որ խաղավարտից հետո ավելի մեծ քննության առիթ դարձավ ոչ թե հանդիպման հաշիվը, այլ Մեսիի չիրացրած տասնմեկմետրանոցը: Պետով ու ծետով մանչեստրցիները կառչեցին Լեոյի այդ վրիպումից ու կարծիք են հայտնում պատասխան խաղում իրավիճակ շտկելու մասին` մոռանալով, որ այդ նույն պատասխանում սեփական անձի նկատմամբ ունեցած ողջ չարությունն արգենտինացին կրակի ու հեղեղի պես թափելու է իրենց գլխին: Չգիտեմ դուք ինչ եք կարծում, բայց որ, դիրիժորությունը փոքր-ինչ հետ մղած, Մեսին մենահամերգ է տալու վառ ընդգծված մենակատարմամբ, ես ավելի քան համոզված եմ: Խոնարհաբար թույլ տվեք ասել, որ պատասխան խաղում «Սիթիի» համար հաստատ քաղցր չի լինելու, ու հաստատ նրան ոչնչով չեն օգնելու Ջո Հարտի փայլուն սեյվերը:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-«ԲՈՐՈՒՍԻԱ»
Այս խաղում էլ արձանագրվեց նույն 2:1 հաշիվը: Միակ տարբերությունն այն էր, որ այս անգամ հաղթանակը տոնողը տանտերերն էին: Ասացինք` «միակ տարբերությունը» ու փոքր-ինչ սխալվեցինք: Բանն այն է, որ Մասիմիլիանո Ալեգրին խաղից հետո կարևորել է հանդիպման հաշիվը, մինչդեռ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ իրենց համար թիվ մեկ խնդիր է եղել հաղթանակը, իսկ խաղի հաշիվն ի սկզբանե չի էլ հետաքրքրել: Իհարկե, կարող եք ասել, որ դրանով կատալոնցիների գլխավորը փորձել է կարևորություն չտալ Մեսիի վրիպումին, ու հարկավ ճշմարտությանը մոտ կլինեք, սակայն մոտ լինելը դեռևս չի նշանակում ճշմարիտ լինել: Սրանք երկու մեծ տարբերություններ են, որոնց անսխալ ընկալումն ունենալու դեպքում կիմանայիք, թե «ինչպես է լինում, որ խիարը թարս է բուսնում»: Ճիշտ է, իր նախնական հղացման մեջ սույն արտահայտությունն այնքան էլ ղարաբաղյան ծագումնաբանություն չունի, սակայն ստիպված եք հաշվի նստել այն բանի հետ, որ դրա հասարակական հնչողությամբ վերջին կիրառումը բաժին է հասնում մարդկության ղարաբաղյան թևին: Ինչևէ:
«Ծեր սինյորայի» հետ դիմակայությունում այնուամենայնիվ եկեք պատշաճը մատուցենք դորտմունդցիներին, ովքեր մի պահ նույնիսկ հաշվի հավասարության հասան, սակայն մի պահը, գիտեք, մի պահ է ու ոչ ավելին:
Պատասխան խաղում երկուսի համար էլ հավասարապես դժվար է լինելու: Սակայն չգիտես ինչու առանձնակի դժվարի հարցում ես առավել հակված եմ առ իտալացիները: Վերջին խաղերում «Բորուսիան» խաղային ձեռագիրը վերագտնելու փնտրտուքներում ոնց որ թե հաջողություններ է արձանագրում: Ներքին առաջնությունում խոշոր առումով նրանք անելու ոնց որ թե լուրջ բան չունեն, մինչդեռ Չեմպիոնների լիգայում հաջող մասնակցությունը շատ բաների վրա աչք կփակի: Այնպես որ` Իտալիայում արձանագրված 2:1 հաշիվը կարող է դառնալ լուրջ գործոն, եթե մեր Մխիթարյանն էլ իրեն մի քիչ թափ տա: Համենայն դեպս Հենրիխին կարելի է հուշել վերընթերցել «Սասնա ծռերը»` մասնավորապես սևեռվելով Մսրա Մելիքի հետ պայքարում հորում Դավթի եղած հատվածի վրա: Հաշվեք թե այդ Ձենով Օհանն էլ մենք եղանք:

«ԱՐՍԵՆԱԼ»-«ՄՈՆԱԿՈ»
Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդում «Արսենալի» բախտը մշտապես չէր բերում: Կատակ բան չէ` Արսեն Վենգերի սաների ճանապարհին մեկ հայտնվում էր «Բավարիան», մեկ` «Բարսելոնը», ու դրանով ամեն ինչ ավարտվում էր: Սակայն այս անգամ լոնդոնցիների բախտն իսկապես բերել էր: Մրցակիցը «Մոնակոն» էր` Չեմպիոնների լիգայի չափանիշներով բավական համեստ թիմ` մանավանդ եթե նկատի ունենանք, որ այն առանձնակի բարդություններ ուներ դաշտ հանելիք կազմի կտրվածքով` տարբեր պատճառներով վեց հիմնական խաղացող փոխարինված էին պահեստայիններով: Թվում է` ոչինչ չէր խանգարում լոնդոնցիներին վերջապես անցնելու անիծված մեկ ութերորդի փուլը: Թվում էր… Մինչդեռ եղավ այն, ինչ եղավ: «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց 1։3 հաշվով, ու հավատալ, որ Մոնակոյում նրան կհաջողվի պատասխան ցավեցնող հարվածը հասցնել, դժվար հավատալու բաների շարքից է: Չէ, հասկանալի է, որ չի բացառվում ոչինչ, բայց լույսի շողն է անասելի քիչ: Այս չեմպիոնականում «Մոնակոն», եթե հիշում եք, խմբայինն ավարտեց վեց խաղում սեփական դարպասն ընդամենը մեկ գոլ ընդունելով, ինչը խոսում է նրանց պաշտպանական ռեդուտների բացառիկ ամրության մասին: Պատասխան խաղում Վենգերի տղաները, լավ, թող խփեն իրենց հերթապահ մեկ գոլը, լավ, թող խփեն և երկրորդը, սակայն կխփե՞ն պահանջվող երրորդն առանց սեփականը գոլ ընդունելու: Մի խոսքով` բարդ է, չափազանց բարդ: Ասենք լոկ, որ հաշվետու խաղում լոնդոնցիները լրիվ վարձահատույց եղան իրենց չափից դուրս կանոնիկ խաղի համար, որտեղ, մեր կարծիքն է, մեծ էր մեծամտության տարրը, իսկ այս աշխարհում, գիտեք, ամեն բան իր գինն ունի:

«ԲԱՅԵՐ»-«ԱԹԼԵՏԻԿՈ»
Առանձին վերցրած մեկ խաղի կտրվածքով բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է, ուստի զարմանալ պետք չէ հանդիպման 1:0 հաշվի կապակցությամբ: Գերմանացիները հաղթեցին իսպանացիներին ու պատասխան խաղից առաջ բարձր տրամադրություն ապահովեցին, և, ինչու չէ, նաև ամրության պաշար: Սակայն այս առավելությունը բավական խարխլուն է, մանավանդ եթե նկատի ունենանք «Աթլետիկոյի» գավաթային բնավորություն ունենալու համբավը: Իհարկե, Սիմեոնեն կուզենար Լևերկուզենից հեռանալ եթե ոչ հաղթած, գոնե ոչ-ոքի արդյունքով` մնացածը թողնելով պատասխան խաղին: Չստացվեց ու առաջին հերթին չստացվեց լևերկուզենցիների պատճառով, ովքեր իսկապես բարձր որակի խաղ ցուցադրեցին` ասես իրենց պասիվում չէր ներքին առաջնությունում վերջին վեց հանդիպումների ոչ հաճելի հաշվեկշիռը:
Ինչևէ, միանշանակ է, որ Մադրիդում «Բայերի» համար դժվար կլինի: Ի վերջո մրցակիցը վերջին տարիների իսպանական երրորդ թիմն է, որը համարձակորեն մտել է համաշխարհային ֆուտբոլի գրանդների շարք, Չեմպիոնների լիգայի անցած տարվա ֆինալիստն է: Մադրիդցիները կռիվ կտան, ու այդ կռվում հաղթելու համար լևերկուզենցիներից հսկայական ջանքեր կպահանջվեն սեփական դարպասն անառիկ պահելու համար:
Ամփոփենք: Չեմպիոնների լիգայի այս քառյակն էլ մարզասերին ֆուտբոլային մեծ տոնի զգացողության մեջ պահեց, սակայն պահելով հանդերձ թողեց շարունակվելիքի քաղցր զգացողությունը, իսկ սա նշանակում է, որ օրերի գորշությունը լցնող բաներ այնուամենայնիվ կան մանր ժամանակների մեր այս մեծ օրերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ