Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր քաղաքական օրացույցի ընդհանրական 13-ը

Մեր քաղաքական օրացույցի ընդհանրական 13-ը
27.02.2015 | 17:44

Ես չգիտեմ՝ հին հայկական ավանդո՞ւյթ է քերթել չբռնած արջի մորթին, թե՞ բոլոր ժողովուրդներն են շտապում ու սիրում են գուշակություններ անել, երբ խոսքը վերաբերում է հրապարակային գործիչներին, առավել ևս՝ քաղաքական: ՈՒզում եմ հավատալ, որ մենք ինքնատիպ չենք, մենակ չենք ու այդքան վատը չենք:

Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է ու նրա մասին չէ: Գագիկ Ծառուկյանի մասին է, որովհետև փետրվարի 12-ից ու հատկապես 13-ից հետո միայն մտավոր հետամնացը ինչ-որ տեղ չի քննարկել նրա ճակատագիրը, իսկ փետրվարի 17-ից հետո նա արդեն անեկդոտների հերոս է: Կա՞րճ, թե՞ երկար է ընդհանրական հիշողությունը՝ պատվանդան կառուցելու, կուռք կերտելու ու մի վայրկյանում կռապաշտությունից հրաժարված՝ կուռքին գետնով տալու համար: Գագիկ Ծառուկյանը նույն Գագիկ Ծառուկյանն է՝ ոչ այնքան լուսավոր անցյալով, բայց նրան ասպարեզ են բերել՝ ոչինչ հաշվի չառնելով ու տասնամյակների միջով նրանից կերտել են օլիգարխ, ու նա չի դիմադրել: Չի դիմադրել, երբ նրան են «սեփականաշնորհել» ուրիշների սեփականությունը, չի դիմադրել, երբ նրան որոշել են քաղաքական գործիչ դարձնել, չի դիմադրել Մարտի մեկին, չի դիմադրել կոալիցիա մտնելուն, չի դիմադրել ոչ մեկին, չդիմադրեց, երբ քաղաքական գործչին որոշեցին ընդդիմադիր դարձնել: ՈՒ նա «չդիմադրության» ճանապարհի միակ ուղևորը չէ: Նրան գնահատում էին հենց դիմադրության անընդունակության համար: ՈՒ երբ փորձեց դիմադրել՝ երես թեքեցին բոլորը: Ինչո՞ւ: Ռոբերտ Քոչարյանը չներեց Լևոն Տեր-Պետրոսյանի համար, Լևոն Տեր-Պետրոսյանը համարեց, որ առաջինը իրեն են դավաճանել, Սերժ Սարգսյանը չներեց ստատուս քվոն խախտելու համար, Հովիկ Աբրահամյանը չներեց՝ սև ցուցակում իրեն առաջ քաշելու համար, կուսակիցները չներեցին իրենց «մոլորեցնելու» համար ու ի պատասխան անդամ առ անդամ սկսեցին հեռանալ: Ի՞նչ էր արել Գագիկ Ծառուկյանը, հայտարարել էր, որ իշխանափոխությո՞ւն է պետք: Իսկ ո՞ւր մնացին նրանք, որ ոգեշնչում էին «թագավորին», հպատակության երդումներ էին տալիս, թե նա է միակը, փրկիչը, հույսը, ապավենը, ամենազորը: Ո՞Ւր մնացին անվերջ հիացումի մեջ նրա առաջ ծալծլվողները, նրա խոսքին սպասողները, ինչո՞ւ նետվեցին նոր տիրոջ որոնումների: Նոր տերը նույնքան դյուրահավատ է լինելու, որ ընդունելու է դավաճաններին իբրև յուրայի՞ն՝ մինչև նոր դավաճանությո՞ւն: Թե՞ բոլորը բոլորին դավաճանում են, բոլորը բոլորին օգտագործում են ու օգտագործվում են ու դա կոչվում է մեծ քաղաքականությո՞ւն: Չկա այդտեղ որևէ քաղաքականություն, կա շահ ու կա փող, որ պտտվելով՝ շատանում է՝ հավակնությունների ու կապիտալի տեսքով: Դա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ հանցագործություն: Եվ վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին: Վերաբերում է բոլորիս: Բոլոր նրանց, ովքեր հանուն շահի ու ինչ-որ հավակնությունների պատրաստ են ներել բոլորին ու ամեն ինչ: Մոռացավ չէ՞ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի մեկը ու իր մեղադրանքները Գագիկ Ծառուկյանին: Մոռացավ ու նրա մեջ դաշնակից տեսավ: ՈՒ նրա հետ մոռացան շատերը, իսկ ովքեր չմոռացան, հայտարարվեցին իշխանության կցորդ, հիմա ո՞ւմ կցորդն է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ փառահեղ լուծեց իշխանության խնդիրը՝ խաղից դուրս բերել Գագիկ Ծառուկյանին: Ո՞վ և ո՞ւմ օգտագործեց: Ո՞վ և ո՞ւմ են օգտագործում նրանք, ովքեր փորձում են Գագիկ Ծառուկյանին պահել քաղաքական դաշտում՝ հարմար պահին վերադարձ բեմադրելու համար: Ո՞վ և ո՞ւմ են օգտագործում նրանք, որ փորձում են պահպանել Գագիկ Ծառուկյանի կապիտալը՝ պահպանելով քաղաքական գործչի ռեինկարնացիայի հնարավորությունը: Իսկ նրա՞նք, որ արդեն երկու-երեք-չորս մասի են բաժանել ԲՀԿ-ն ու ամեն մասից մի կուսակցություն են ստեղծել՝ իրենց ցանկալի, իրենց շահերին հարմար նախագահով: Կամ էլ՝ ընդհանրապես դաշտը մաքրել բարգավաճության հիշողություններից՝ տեղ բացելու նոր հիշողությունների առաջ: Չկա այստեղ քաղաքական ոչինչ, կա պարզ, պարզության մեջ բացահայտ ցինիկ ու անընդունելի խաղ, որի մեջ այսպես բուռն, ինքնամոռաց ու համարյա թե հաճույքով ընդգրկվել ենք բոլորս՝ մոռանալով՝ ինչ է նշանակում կուսակցություն, գաղափար, քաղաքականություն ու մարդ: Այն մարդուն, ում համար իբրև ծառայում են կուսակցությունները, գաղափարները, ում շահերն է պաշտպանում քաղաքականությունը: ՈՒ այս ամենը չի սկսվել ոչ փետրվարի 5-ից, ոչ 12-ից, ոչ 13-ից, ոչ 17-ից, ոչ էլ ավարտվելու է մարտի 5-ին: Այս ամենը ընդհանրական 13 -ն է մեր քաղաքական օրացույցի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քերթել չբռնած արջի մորթին կարող են բոլորը, բռնած արջի մորթին երբեմն որսորդն իսկ չի կարողանում քերթել:

Դիտվել է՝ 1372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ