ՈՒկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ մեզ համար հաջողությամբ կավարտվի, և՛ Ռուսաստանը, որը վտանգ չի ներկայացնում Եվրոպայում, և՛ Եվրոպան, որը, ակնկալում ենք, վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, դեռ պետք է պայմանավորվեն, թե ինչպես ենք ապրելու»,-շեշտել է Պեսկովը:                
 

Պետք չէ վախենալ Բաբելոնից

Պետք չէ վախենալ Բաբելոնից
01.03.2015 | 19:38

Մարտի 1-ի հանրահավաքը կայացավ, Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց՝ հոկտեմբերից հետո առաջին անգամ հրապարակային, համարյա կես տարի հետո նա ասաց, որ ոչինչ չունի ասելու: Բառացի: Նրա բառապաշար նորից վերադարձավ «ավազակապետությունը», այս անգամ՝ «ավազակապետական իշխանությունները» ձևակերպմամբ և բացատրությամբ՝ «բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, և թե նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ ընդունած բանաձևերի ու հայտարարությունների վրա»։ Այսքանով օրվա արարողակարգային մասը չավարտվեց, նա առաջարկեց «հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»:

Գիտնականը նորից արթնացել էր նրա մեջ, այս անգամ նաև հուշեր գրող գիտնականը՝ այդպես Լևոն Տեր-Պետրոսյանը եզրափակեց ելույթի առաջին մասը՝ համարյա առանց բարոյախոսության: Երկրորդ մասում անդրադարձավ «տվյալ պահի ամենակարևոր» թեմաներից մեկին՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հարուցած մտահոգությանը: Հաստատելու համար, որ «1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ և բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն», նա ապավինեց Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին ու հիշեցրեց քոչարյանական վարչախմբի արտաքին քաղաքականության ավելի կոպիտ ձախողում՝ մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, և արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի։
Զգուշացրեց, որ պահանջատիրությունը լուրջ խնդիրներ կառաջացնի արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններում` խոչընդոտներ հարուցելով հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներում։ Եվ քանի որ երկու նախագահներին անդրադարձել էր, իրեն էլ անդրադարձավ՝ հերքելով, որ կոսմոպոլիտ, պարտվողական, հրեա-մասոն, ազգի դավաճան, թուրքամետ, թուրքասեր, նույնիսկ թուրք չէ: Հերքել՝ հերքել էր, հերքեր նաև, որ ռուսամետ չէ: Վերջում էլ խոստովանեց, որ Ավարայրի ճակատամարտը ինքը չի տանուլ տվել՝ 451 թվականին անգամ ծնված էլ չէր: Արդեն մարդկանց տուն ուղարկելու ժամանակն էր, բայց պետք էր հիմնավորում, ու առաջին նախագահը, որ զերծ մնաց ընթացիկ իրադարձությունների գնահատականից, քանի որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում, ընդունեց, որ միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար, և հերթական քաղաքական արձակուրդը վերցրեց մինչև ապրիլի 24-ը: Արդեն-արդեն մարդիկ մի ոտքը դուրս էին դրել Ազատության հրապարակից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձրեց նրանց՝ ասելու, որ ՀԱԿ-ը առայժմ չի հասել իր գլխավոր նպատակներին՝ իշխանափոխությանը և ավազակապետության կազմաքանդմանը։ Եվ վերջապես ասաց այն, ինչի համար կարճ ու երկար հուշեր-հիմնավորումներ-պատմություն, Վազգեն-Անդրանիկ-Նժդեհ, Ավարայր-Շուշի, քրիստոնեություն-հեթանոսություն, մոտորոլեր, պահանջատիրություն ու էլի մարդկանց ու դեպքեր իրար խառնելով պիտի արդարանար: Լևոն Տեր-Պետրոսյանը «խարդախությամբ» չի սեփականաշնորհել իրեն ընդդիմության դաշտը և ավելի քան յոթ տարվա անարդյունք պայքար է մղել, բայց դեմ է ընդդիմափոխությանը, որը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունը։ Մնացածն արդեն վիրավորված ինքնասիրության պոռթկում է, որ ոտքի տակ է տալիս գիտնականին, հուշագրին ու քաղաքական գործչին՝ ձեր առաջ առաջին նախագահն է՝ բայց ընդմիշտ նախկին: ՈՒ ինքը ևս դա գիտի: Մեղադրանքների տարափը նույնիսկ հասցե չունի՝ ո՞վ է բարձրացել հարթակ, ո՞վ է «թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով գիշեր-ցերեկ հայհոյել, վարկաբեկել, զրպարտել հիմնական ընդդիմությանը», ո՞ւմ դեմ է Զևսի կերպարանքն առած շանթարձակում Լևոն Տեր-Պետրոսյանը: Պարույրի Հայրիկյանի՞, ՀՀՇ-ի՞, «Ազատ դեմոկրատների՞», «Ժառանգությա՞ն», ԲՀԿ-ի՞: Ի՞նչ բռնություններ է վարչախումբը կիրառել «հիմնական ընդդիմության» դեմ, եթե այդ ընդդիմությունը ՀԱԿ-ն է, եթե ԲՀԿ-ն այդպես էլ արդեն երբեք իրեն չի անվանի ընդդիմություն: Ո՞վ է բարձրացել հարթակ ու ժողովրդին տարել իր հետևից, որ այդքան վախեցած է առաջին նախագահը: Րաֆֆի Հովհաննիսյանի՞ց է այդ սարսափը, որ մեկ-մեկ հարթակում ասուլիս է տալիս: Ոչ, նա գաղտնազերծում է «նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը»: ՈՒ հենց այս կետից նրա խոսքը դառնում է ինքնախոստովանական ցուցմունք՝ ինչ չի անի ինքը երբեք և ինչից է այդքան վախենում, բայց նրա մեջբերած ստրատեգիական պլանը մեթոդաբանական սխալների հավաքածու է, եթե ապակոդավորենք: Նա համատեղում է անհամատեղելին ու ներկայացնում իբրև սպառնալիք: Նա խառնում է անգամ՝ ում հետագիծը ուր է տանում, ով ինչ է ուզում և ում ձեռքին է իրական ցախավելը: Եվ իզուր է այդքան սարսափահար, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ժիրայր Սէֆիլյանը Պուտինի հրաժարական չեն պահանջի, ոչ էլ Բաղրամյան 26 կգնան, ոչ էլ «100-ամյակն առանց ռեժիմի» կանցնի: Հասկացողը իսկապես հասկացել է, իսկ չհասկացողը չի էլ հասկանա՝ որ ավելն ինչ է ավլում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ բաբելոնյան աշտարակի շինարարության պատճառով աշխարհում տարբերվեցին լեզուները, մարդիկ սկսեցին տարբերվել իբրև ազգություններ, ու դա ժամանակակից աշխարհի սկիզբն էր: Պետք չէ վախենալ Բաբելոնից, Հայաստանը պետք չէ փրկել, Հայաստանը պետք է սիրել:

Դիտվել է՝ 1996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ