Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Ովքեր կարդացել են Կանտ և մնացել հոբս-մաքիավելիական, նրանց պետք է օրենքով արգելել քաղաքականությամբ զբաղվել

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. Ովքեր կարդացել են Կանտ և մնացել հոբս-մաքիավելիական, նրանց պետք է օրենքով արգելել քաղաքականությամբ զբաղվել
02.03.2015 | 14:08

Քաղաքականությամբ զբաղվողներին պետք է պարտադրել Կանտ կարդալ կամ նախապես գաղտնազերծված մտքեր . հասկացողը կհասկանա:
Օրինակ, Ազգային ժողովում , հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ (դե, որ չեն կարդա), կարելի է Կանտի գործերի պարտադիր լսումներ կազմակերպել: Որովհետև Հայաստանում բազմանում են Հոբսի ակամա հետևորդները: Բայց ոչ թե փիլիսոփայելու, այլ քաղաքական անբարոյականությունը կիրառելու իմաստով:
Քաղաքականության և բարոյականության՝ մարդկության չափ հին և գրեթե փիլիսոփայական հարցի պես հավերժական, հարաբերության հարցին հիմնականում երեք կերպ են պատասխանում: Առաջինները փոխբացառում են բարոյականությունը և քաղաքականությունը՝ դրանք համարելով միանգամայն տարբեր ոլորտներ: Հայտնի է որպես մաքիավելիականություն՝ չնայած տարածված է այդ տեսակետի ավելի քան պարզունակեցված և փոքր-ինչ աղճատված տարբերակը: Իրականում, սակայն, բարոյականության և քաղաքականության փոխբացառումը փիլիսոփայական խորությամբ Հոբսն է ներկայացրել իր «Լևիաթան»-ում:
Երկրորդ խմբի՝ մեսաիականության կրողները համարում են, որ բարոյականությունը պետք է ծառայեցվի քաղաքականությանը՝ հեղափոխությանը, ազգի փրկությանը և այլն:
Երրորդ տեսակետը Կանտն է լավագույնս ձևակերպել՝ քաղաքականությունը պետք է ենթարկվի բարոյականությանը:
Բարոյահոգեբանական համազգային ճգնաժամից դուրս գալու միջոցներից մեկը, առանց կատակի, Կանտ կամ Սոլովյով կարդալն է: Չէ՞ որ, ինչ էլ ասենք, քաղաքական գործիչների հայացքները հազար ու մի ճանապարհով առողջացնում կամ հիվանդացնում են հասարակությանը:
Ի դեպ, ովքեր կարդացել են Կանտ և մնացել հոբս-մաքիավելիական, նրանց պետք է օրենքով արգելել քաղաքականությամբ զբաղվել, ընդհանրապես հանրային գործունեություն ծավալել: Բացի այն դեպքերից, երբ բժշկական ցուցում կա. այդ մասին ՝ այլ առիթով: Սա արդեն ոչ թե բարոյականության և քաղաքականության , այլ հոգեվերլուծության հետ է կապված:

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ