Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

1965-ի ապրիլի 24-ի լույսը հասավ մինչև 1988-ի ղարաբաղյան շարժումը

1965-ի ապրիլի 24-ի լույսը հասավ մինչև 1988-ի ղարաբաղյան շարժումը
03.03.2015 | 12:05

1965 թվական, ապրիլի 24: Գարունը տաք էր Երևանում: Օրը կարծես սովորական էր: Աղմկոտ քաղաքի փողոցներում աշխատում էին տրամվայներն ու տրոլեյբուսները, ավտոբուսներն ու տաքսիները: Բոլորը գործի էին գնում: Այդ օրվա թերթերը, ի տարբերություն նախորդ օրերի, ոչինչ չէին գրել ուղիղ հիսուն տարի առաջ Արևմտյան Հայաստանում կատարված մեծ սպանդի մասին: Ասենք դա այնքան էլ կարևոր չէր, որովհետև դեռևս 1964-ից հանրապետության բոլոր թերթերը, լրագրերն ու ամսագրերը կատարել էին իրենց գործը: Իսկ Հայաստանի ճարտարապետների տանը ամիսներ շարունակ ցուցադրվող եղեռնի զոհերի հիշատակին կառուցվելիք հուշարձանի նախագծերին լայնորեն իրազեկվում էր ոչ միայն երևանցին: Երիտասարդությունը, հատկապես ուսանողությունը, գիտեր, թե ինչ էր կատարվել հիսուն տարի առաջ: Եվ այդ իրազեկման գործում իր մեծ ավանդն ուներ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յակով Զարոբյանը: Այդ մարդը հայերեն չգիտեր, երբ եկավ Հայաստան աշխատանքի: Ընդամենը վեց ամսում նա ոչ միայն փայլուն տիրապետեց հայերենին, այլև դարձավ իր ժողովրդին անմնացորդ ծառայած կուսակցական, պետական գործիչ: Նա էլ եղեռնից մազապուրծ ծնողների զավակ էր: Ցավոք, 1965-ի ապրիլի 24-ը էժան չնստեց նրա վրա: Այդ մեծ հայրենասերի անունն այսօր շատ քչերը գիտեն Հայաստանում: Նրա անունը չի անմահացել Հայաստանում: Զարոբյանի արած գործերից նշեմ միայն մեկը, և ընթերցողը կհասկանա, թե ով էր նա:
1961-ի գարնանը, երբ Խրուշչովը եկավ Հայաստան` մասնակցելու Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի տոնակատարություններին (1960-ի նոյեմբերի 29-ին նշվելիք տոնը տեղափոխվել էր 1961-ին), տարել էին Սևան, ման տվել «Միկոյան» նավով, մի լավ խմեցրել էին, և նա ստորագրել էր աշխարհում ամենաերկար Արփա-Սևան թունելի կառուցման թույլտվությունը, որի կառուցման համար անհրաժեշտ էին հարյուրավոր միլիոն ռուբլիներ (չմոռանամ նշել, որ մեկ դոլարը 62 կոպեկ էր):
1965-ի ապրիլի 24-ին երիտասարդությանը ոչ ոք չէր կազմակերպել Լենինի հրապարակ բերելու համար: Երիտասարդությունը զգայական ճանաչողությամբ եկավ հրապարակ: Ես ավարտել էի տեխնիկումը և աշխատում էի Մերգելյան հայտնի ինստիտուտի` կրկեսի մոտ գտնվող մասնաճյուղում: Համալսարանում սովորող եղբորս հետ վարձով ապրում էինք Կրիվոյ փողոցում: Ամեն օր առավոտյան ժամը 8.30-ին դուրս էինք գալիս տնից. ես` աշխատանքի, նա` դասի: Արդեն կլիներ ժամը ինը, բայց երկուսս էլ դեռ անկողնում էինք: «Ինչո՞ւ չես գնացել դասի», իմ հարցին նա պատասխանեց, թե կուրսի տղերքով պիտի հավաքվենք Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում, տեղ պիտի գնանք: Նույնքան անորոշ էր նաև իմ պատասխանը նրա տված հարցին, թե` ինչու չես գնացել գործի: Ասածով ցանկանում եմ նշել, որ բոլորս ենթագիտակցությամբ ցանկանում էինք նշել այդ օրը և, բնականաբար, այն պիտի նշվեր Լենինի հրապարակում:
Ժամը 10-ի մոտերքը ես գնացի Լենինի հրապարակ: Այնտեղ այդ պահին, հրապարակի տարբեր մասերում, հավաքված էր մոտավորապես մի քանի հազար մարդ` հիմնականում երիտասարդություն: Խմբերով կանգնած մարդիկ խոսում էին: Ոչ մի բարձրախոս, ոչ մի լոզունգ, ոչ մի կարգախոս չկար: Մարդիկ պարզապես հավաքվում էին և, չանցած մի ժամ, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Ժամը 11-ի մոտերքը Անտոն Քոչինյանը Սերո Խանզադյանի հետ բարձրացավ Լենինի արձանի ամբիոն (Լևոն խառնակիչը երկրի քանդումը սկսեց արվեստի այդ հոյակապ կառույցի ոչնչացումից): Խանզադյանը կոչ արեց հավաքվածներիս ցրվել, նշելով, որ երեկոյան օպերայում Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ է լինելու: Հավաքվածներս բնականաբար սուլեցինք և խնդրեցինք նրան հեռանալ հրապարակից: Հրապարակում մարդիկ առանց բարձրախոսի ձեռքերի վրա ելույթ էին ունենում: Ոչ մեկը չի մոտեցել նշված ամբիոնին և այնտեղից ելույթ չի ունեցել: Կես ժամ չտևեց, և հենց հրապարակում, կարմիր պաստառների վրա գրվում էին լոզունգներ` հողերը, Ղարաբաղն ու Նախիջևանը մերն են: Եվ այդ բառերը դարձան մեր հիմնական կարգախոսները: Այսինքն` դեռևս 50 տարի առաջ մենք ոչ թե կոչ էինք անում աշխարհին եղեռնի ճանաչմանը, այլ ուղղակի, այն էլ զանգվածորեն, այն էլ բարձրաձայն, այն էլ տոտալիտար ռեժիմի պայմաններում ուղղակի հայտարարում էինք, որ մենք պահանջատեր ենք մեզնից գողացված ունեցվածքի: Ավելին, մարդկային ձեռքերի վրա, ձեռքս տնկելով դեպի Լենինի արձանը, ասել եմ. «Բարոյական ո՞ր իրավունքով Ղարաբաղն ու Նախիջևանը տվեցիր Ադրբեջանին»: Ասված խոսքերով հրապարակով մեկ կասկածանքի տակ էինք դնում Թուրքիայի հետ խորհրդային Ռուսաստանի կնքած խայտառակ պայմանագրի լեգիտիմությունը, Լենին-Աթաթուրք քաղաքական գործիչների մտքի արգասիքի ապօրինությունը: Ճիշտ է, այդ պայմանագիրը ստորագրել է նաև Խորհրդային Հայաստանը, բայց կարելի է միանշանակ ասել, որ այն պարտադրվել է ցեղասպանության պատճառով ուժասպառ եղած հայ ժողովրդին: Հիշում եմ ոնց որ այսօր: Իմ ելույթից հետո ինձ մոտ կանգնած մեկը լկտի իրոնիայով ասաց.
-Ջահել, տաք-տաք էիր խոսում:
-Տաք-տաք չէի խոսում, ճիշտ էի խոսում,- պատասխանեցի ես:
Մինչ նա փորձեց էլի ինչ-որ բան ասել, նկատեցի, որ նրա հետևից մի անծանոթ ջահել տղա պարզապես չափալախեց վերջինիս, որը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության նախկին քարտուղար Սպարտակ Բաղդասարյանն էր։ Նա այդ ժամանակ էլ բարձր պաշտոնի էր: Երբ Սպարտակն իրեն հարվածողին հարցրեց` ինչո՞ւ խփեցիր, հարվածողը շատ հանգիստ, թե` ի՞նչ է, շա՞ռ ես, ո՞վ է քեզ խփել: Բաղդասարյանի կողքին կանգնած մի քանիսը, հավանաբար նրա մարդկանցից էին, փորձեցին գործել, ինչին Բաղդասարյանը հայացքով բացասական պատասխան տվեց, հասկանալով, որ բռնությունը տեղին չի լինի:
Այսօր, հիսուն տարի հետո հայ կառավարողի կողմից ուժասպառվող հայ ժողովուրդը դեռևս գնում է ոչ ճիշտ ճանապարհով: Ինչ է տալու մեզ թեկուզ ասենք բոլոր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումը: Բարոյական հաղթանակ: Պետությունը միանշանակ չպետք է առաջ քաշի հարցը, եղե՞լ է, թե՞ չի եղել ցեղասպանություն (այսինքն` հարցը չպիտի վիճարկելի դառնա ոչ մեկի կողմից, անգամ այդ ցեղասպանության մեջ իր մեծ ավանդը ներդրած Գերմանիայի, որի ներկա կառավարության արտաքին գործերի նախարար` Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցինիկորեն ասել է, թե կատարվածը ցեղասպանություն չէ)։ Եթե չի եղել, ապա որտե՞ղ է իր հողերում դարեր շարունակ ապրած էթնիկ ժողովուրդը, եթե եղել են երկկողմ կոտորածներ, ապա ինչպե՞ս պատահեց, որ մի կողմի կոտորվածից ոչ ոք չկա այդ հողի վրա, իսկ մյուս «կոտորվածը» բազմացել է ճագարների պես և հասել է ութսուն միլիոնի: Ո՞Ւմ մնացին մի կողմից կոտորվածի տունը, տեղը հողը, հարստությունը: Ո՞վ տիրացավ այդ ամենին, անշուշտ մարդասպան երկրի քաղաքացիները: ՈՒրեմն, պետք է առաջ քաշվի պահանջատիրության հարցը, հատուցման հարցը: Եվ այն բոլոր կարծիքները, թե Թուրքիայի հետ պետք է լեզու գտնել, ոչ այլ ինչ են, եթե ոչ դարերից եկած հիվանդություն: Միայն ուժեղ կամքը և խելացի համառությունը կտան իրենց պտուղները: Հարցի լուծման համար կա իրավական դաշտ: Վախվորած ապրելը և վախվորած գործելը որևէ արդյունքի չեն բերի: Մենք վախվորած դուրս չեկանք հրապարակ 1965-ի ապրիլի 24-ին, այլ պահանջատիրության իրավունքով: Եվ այդ իրավունքի հաստատումը այսօրվա մեր անկախ պետությունն է:
1965-ի ապրիլի 24-ը ցնցեց ամբողջ խորհրդային վերնախավը: Այդ օրը թանկ նստեց Յակով Զարոբյանի վրա, նրան հանեցին պաշտոնից:
Տարիներ են անցել, բայց չեմ կարող չհիշել մի կարևոր դեպք` կապված այն օրերի ցույցերի հետ: Կենտկոմի նիստում, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու առաջարկով հանդես է եկել կենտկոմի երկրորդ քարտուղար Հովհաննես Բաղդասարյանը, որին կտրուկ դեմ է դուրս եկել կենտկոմի բյուրոյի անդամ, Երևանի զինվորական կայազորի պետ, ազգությամբ հրեա Դրագունսկին, ասելով` ես չեմ կարող կրակել խաղաղ ցուցարարների վրա:
Հարցը փակվել է: Այդ նույն օրը երեկոյան, Երևանի օպերայի շենքի ապակիները խռալով ներքև էին թափվում: Պարզ էր, Հայաստանի Խթը-ն ինքն իրեն ազատ գործելու առիթ էր տվել: Բայց 1965-ի ապրիլի 24-ն իզուր չանցավ: Այդ օրվա լույսը հասավ մինչև 1988-ի ղարաբաղյան շարժումը և Ղարաբաղում տարած փայլուն հաղթանակները: Սովետահայ մարդու դաստիարակված ոգին տվեց իր հիանալի պտուղները: Ցավոք, այդ ոգին անկախության տարիներին շատ է մարել:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ