Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ժպտացի աշխարհին տխուր ու թողեցի աշխարհին մենակ

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ժպտացի աշխարհին տխուր ու թողեցի աշխարհին մենակ
04.03.2015 | 22:52

Հենց այն օրերին, երբ հիշողությունս ծեծում էր ամեն բան, քիթը ցեխի մեջ խրված բերանն էր լցվում, թաքցնելով աշխարհի կործանման ամվերջությունը, ուր վերջ չկա... չկա ազատություն: Հաճախ, ես իմ մտքի պատմությունն անելով, պետք է հոգնեցնեմ բնությանը, կրկնեմ, որ կորցնում եմ... վերսկսելու կենսունակությունս: Ես մտովի փախչում եմ աշխարհից, ահագնացող անհատի շինծու քայքայումից, որն արդեն ծածկել է ներսս արտասովոր բանականության զգացումով: Իմ հիշողության մեջ ես հայ եմ, դու էլ... փողոց մաքրող այն կինն էլ ու այն շքեղ մեքենայի միջից քրտնախաշ գլուխը դուրս գցած մեկը, որ նայում ու ծաղրում է իրենից մի քիչ ավել, մի քիչ պակաս հայի վրա: Հավատա` խաբելու բան չկա... թեպետ հանգրվանելու համար մնում եմ նույն տիրույթում, որտեղ մարդու խստաշունչ հայացքը սատկելու չափ սառն է, անհաղորդ: Իմ խոսքն ու բողոքը մարդու ու Աստծո միջև անհանգիստ հոգու համար տեղ չունի գնալու... փնտրտուքի պահին կգտնի մարդուն, ով չի ծաղրի, չի արհամարհի... կհասկանա մարդուն: Իմ հիշողության մեջ ես միշտ միայնակ եմ, որտեղ ամենից շատ որևէ անկյունում մնալու, աշխարհի ու մարդու հետ հարաբերվելու կարող բանականության հարցը կբռնի աներևույթ ազնվությանը, կկանգնի, կմնա կողք կողքի ու իր ստեղծած զորություն չունեցող մտքերի վրա մի լավ կծիծաղի... անզորությունից թղթի վրա հոր ու մոր, եղբայրների ու քույրերի նկարները կսղագրի, կփչացնի թուղթը, որովհետև պատկերացում չունի` ովքեր են նրանք... ինչ գույնի, տեսակի...

Պառկել էի լեզուն կորցրած մահճակալին, որն ամբողջ գիշեր մոռացել էր ձայն հանել, աչքերս փակել ու մտովի հետևել էի մարդու լռությանը: Բառերն ու երևույթները, իրերն ու շնչավորները խառնվել էին սատանայի թողած հիվանդ ամոթխածության բացատրության մեջ, միօրինակ ճակատագրի անսաստ ընդվզումի հայտնության մեջ` բացառապես Աստծո ուշադրության: ՈՒ այդքանից հետո ապավինություն փնտրող հոգու համար մնում է խղճմտանքի, մոլորության, մի վկայություն, կորցնել աշխարհը, չտեսնելով խավարը, քարշ տալով տանել ի վերուստ անհատակ որբությունը:
Հերթական օրն էլ անցավ... չտեսա խավարի մեջ արևը: Կանգնեցի հարթակին, որը մարդկության հարթակից մի փոքր ցածր էր, մյուս երեխաների նման կախ գցեցի գլուխս ու սպասեցի: Ամեն անգամ ընտրություններում հաղթողը ես էի: Ով նայում էր ինձ մատնացույց էր անում, թե այն կապուտաչյա փոքրիկը մերն է լինելու: Հետաքրքիր էր, մարդիկ իմ մեջ լույս տվող հոգի էին տեսնում, իսկ ես այդ լուսեղեն հոգուց խռոված էի: Նրանց անխոս, տխուր
աչքերը գնում գալիս, կանգնում էին իմ լույս փնտրող աչքերին ու անհայտության ճանապարհ ընկածների կողքին, նոր անհաշտ պայքար վերսկսելու հույսով` գտնողի կամ կորցնողի սպասումով: Ինձ հանձնելու թույլատվություն չկար: Ես հայտնվել էի մեղմագին կարճաժամկետ անվանումով: Պետք է մնայի` հազիվ նշմարվող հույսը չկորցնելու որոշումով, սպասեի կյանքի վերջնաժամկետ ազատմանը: Այդպես էլ, շատ արագ կորցրեցի պայմանական աշխարհի գաղտնիքները... ու էլ չտեսա աշխարհը, մարդուն, բնությունը... մեկ էլ ինձ:
Ես շատ արագ մեծացա, որտեղ իմ աշխարհն ուրիշ էր, անընդհատ գտնողի ու սպասողի հոգեկեցույց զգացում, թերևս պետք չէ հասկանալ միայնության ու ինձանից գողացած մանկության չափը: Ժամանակը` թանաքագույն ավետաբերը, բերանն էր առել, սպասում էր: Առավոտն էլ թևերն էր ծալել, դրել էր գլխի տակ, արև էր ներկում, ամբողջին մեկ-մեկ հերթագրելով` եկել հասել էր ինձ: Ես աննկատ հաստատվել էի մահճակալին, որտեղ գլուխս արգելակում էր, լեզուս հիշողությունների արխիվն էր փորփրում ու այլևս չկար հաճոյանալու չափ սաստկություն: Ժամացույցը, որը պատի վրա կանգնած հետևում էր ինձ, ոսկեղենիկ հայերենով հայրենիքիս հիմն էր կարդում: Իմ հասակակից բոլոր տղաները, բանակից զորացրվելուց հետո, երբ արդեն ոչինչ չունեին անելու,ամուսնանում էին, երեխաներ ունենում: Ես չէի ուզում, ես անելու բան ունեի... չգիտեի ինչ բան է ծնողական սիրո և ուշադրության զգացումը: Վախենում էի, որ հետ կգա իմ անցած կյանքը ու հայելու վրա կտեսնեմ մեղքը. ու թափ կտա գլխիս, թեպետ այս ճկվող աշխարհում` լայնարձակ ստով հիմնված, պետք չէ ստեղծել նոր բան, որը կփչացնի, կոչնչացնի ծնունդը: Մահը միջոց չէ և ոչ էլ փրկում է ազատումից: Մահը չի փրկում մարդուն ինքն իրենից, չի հեռացնում մեղքը, չի մաքառում, շարունակում է կեղտոտել, փչացնել, չի հիշեցնում սրտի տեղը, շարունակում է այլասերել, ստրկացնել մարդուն: Աչքերս իսկույն բացվեց: Ժամն էի ուզում տեսնել: Սլաքները աչքերիս սառած` կյանք էին ներկում հայելու վրա: Ձեռքս տարածել `հասցրել էի բռնել պատուհանից ներս ընկած արևը. այժմ հանգիստ մարդու ներսն էր շոյում ` աչքերով հեռացնելով խավարը: Գլուխս դուրս հանեցի պատուհանից` ձյուն էր ու մեկ էլ գիժ ամիսը: Հետո հանգիստ հետ եկա, փակեցի իմ վրա երկաթյա ծանր դուռը, աշխարհին ժպտացի տխուր ու թողեցի աշխարհին մենակ: Այժմ, իմ համրացած գոյությունը արդարացնելու պատճառով, հանդարտացրել էի ինձ ու անձնավորել լռությանը, թողել զազրելի, խորունկ բնությանը անհաղորդ. այժմ թևերս բացել ` աշխարհ եմ ներկում ու աշխարհի կենտրոնում ` ինձ, որ մեկ հայտնվում է ու մեկ էլ լղոզվում ուղեծրին: Ժամանակը`կյանքի անաղմուկ մաղձի մեջ, ձայն հանեց: Իմ գնալուց հետո ծիծաղեց վրաս, արցունք թափեց գետնին, մինչդեռ ժամանակը ներքևից դանդաղ ցած էր իջնում, որտեղ երևում էր երկրի ու երկնքի ոգևորությունը, որ լույս էր գցել խոնավ, գետնին ու սպասում էր ցնծության: Լուսինը հանդիպել էր երկրին, պտտվում էր գլխիկոր, մի օր երկրի գլուխն ուտելու էր: ՈՒ այդքանից հետո, ինչու չէ, կարելի է հիշել ինձ` մթի մեջ, ժամանակի հաջվին, հեռվում անթեղվող կրակների մեջ...
Սա է իմ ներսում մնացած բնությունը, որտեղ հատել են ծառերը, չորացրել կանաչը, եղանակը` սև է ու մռայլ, անձրևը` դեղին է, իսկ մարդիկ` անգույն: Ես, պակասում եմ քիչ-քիչ ու խորթանում, խռովում` գտնում մարդուն, ով ամենահիշարժանն է, այս մի կտոր հողի վրա... կորցնում`իմ մեջ սատկող բնությանը: Սա էլ ես էի, որ քունքերիս առած մեղքը` տանում եմ թաղելու... ոչ մեկին, ոչինչ չեմ ասում:
Այժմ վերադարձրեք ինձ ձեր հին մտքերը, տեղավորեք իմ նոր մտքերի անկյուններում ու մի լավ ծիծաղեք աշխարհի ու մարդու վրա, որովհետև հասկացել ես աշխարհը, մարդուն ու գիտես, որ կյանքն ընդամենը փորձություն է, իսկ հիմարների համար ` մոլորություն: ՈՒ մի օր կգնաս հանգիստ, կժպտաս տխուր ու կհամարի, կհայտարարի աշխարհը, որ ոչ եկել ես, ոչ էլ գնացել: Փողոցում մարդ չէր մնացել... Անձրև էր ու մեկ էլ գիժ ամիսը:

Դիտվել է՝ 155486

Մեկնաբանություններ